Ի՞նչ չափանիշներով են կառուցված աշխարհի լավագույն դպրոցները

Հեղինակ՝ Թիմոթի Ուոքեր

Նախաբան
Ներածություն 

Մասաչուսեթս նահանգի Արլինգթոնում ուսուցչություն անելու առաջին տարում ես մասնագիտական սպառման եզրին էի: Աշխատանքային օրերին այնտեղ էի լինում առավոտյան յոթ անց կեսից և այնտեղից դուրս էի գալիս միայն  երեկոյան՝ սովորաբար մանկավարժության մասին գրքերով լի ուսապարկով։ Դպրոցից դուրս փորձում էի հանգստանալ և չմտածել աշխատանքի մասին, բայց ոչինչ չէր ստացվում։ Նախաճաշին արագ, նյարդային ու լարված  ուսումնասիրում էի ուսումնական պլանները, իսկ երեկոյան, երբ պառկում էի անկողնում, փորձում էի մտաբերել, թե ինչն այն չեմ արել դասերի ընթացքում։ Գիշերվա ընթացքում սովորաբար արթնանում էի չորս կամ հինգ անգամ, որի արդյունքում առավոտյան այնքան նյարդայնացած էի լինում, որ շտապում էի զուգարան փսխելու (կներեք այսպիսի տհաճ մանրամասների համար)։  

 Առաջին ուսումնական տարվա մեկնարկից առաջ ես ոգևորված էի և կասկած անգամ չունեի աշխատանքս սիրելու հարցում։ Սակայն հոկտեմբեր ամսին ստիպված էի խոստովանել, որ ատում եմ այն։ Ավա՜ղ, ես ոչ մի ուրախություն չէի զգում, այլ ՝ հակառակը։ Կինս՝ Յոհաննան, ով ֆինն է ազգությամբ, շատ էր անհանգստանում ինձ համար։ Նա վախենում էր, որ եթե ես չդադարեցնեմ աշխատանքիս նման ընթացքը, ապա այն կավարտվի իմ հիվանդության արձակուրդով: Սակայն ես հայտարարում էի, որ դա բացառվում է։ Յոհաննան չէր կարողանում հասկանալ, թե ինչու եմ աշխատում առանց  ընդմիջումների և չեմ պատրաստվում որևէ բան փոխել այդ առումով։ Կինս պատմում էր, որ իր ֆինն ընկերուհին, որ Հելսինկիում ուսուցչուհի է, աշխատում է օրական վեց ժամից ոչ ավել՝  դասերին նախապատրաստվելուն տրամադրելով  ընդամենը մեկից երկու ժամ։ 
Ավելին՝ նա ժամը երկուսին  դուրս է գալիս դպրոցից ու մոռանում է աշխատանքի մասին և ամբողջովին կտրվում աշխատանքից։ Մտածում էի, որ կա՛մ Յոհաննան է ինչ-որ բան  խառնում, կա՛մ նրա ընկերուհին այդքան էլ լավ ուսուցիչ չէ։ Ու այդպես էլ ասացի կնոջս, որ լավ ուսուցիչները երբեք ճաշից  անմիջապես հետո տուն չեն գնում, այլ քրտնաջան աշխատում են՝ փորձելով հասնել առավելագույն արդյունքի։  
«Միայն ո՜չ Ֆինլանդիայում», — առարկեց Յոհաննան:  Կինս ավարտել է  Ֆինլանդիայի միջնակարգ դպրոցը, այնուհետև մի քանի ամիս Հելսինկիում աշխատել որպես ազատ ուսուցիչ, այնպես որ հնարավորություն է ունեցել կուլիսներում ծանոթանալու ֆիննական կրթությանը: Կարելի է ասել, որ նա իր սեփական փորձով գիտեր, թե ինչպես են աշխատում տեղի ուսուցիչները: 
Դպրոցում յուրաքանչյուր դասաժամից հետո (45 րոպե) նրանց տրվում է 15 րոպե ընդմիջում և, ըստ Յոհաննայի, ուսուցիչների մեծ մասը հանգստանում է՝ ընդմիջումների ժամանակ սուրճ խմելով, զրուցելով գործընկերների հետ և  նկարազարդ ամսագրեր թերթելով: Հաշվի առնելով ամերիկյան փորձը՝ այս ամենն ինձ ուղղակի անհավանական էր թվում, քանի որ Մասաչուսեթսի իմ դպրոցում ես հաճախ էի  աշխատում նաև  ուսումնական օրվա ընթացքում տրվող միակ ընդմիջման ժամանակ: Հաճախ կեղևահանված բանանը ձեռքիս ուտելով քայլում էի դասարանում՝ պատրաստվելով հաջորդ դասերին: 
Իմ դասավանդման առաջին տարվա ընթացքում կինս ամեն կերպ փորձում էր ինձ համոզել, որ հնարավոր է նաև այլ կերպ աշխատել և հաջողության հասնել, ինչպես Ֆինլանդիայի ուսուցիչները: Ես նրան չէի հավատում: Փաստացի, իմ և ամերիկացի ուսուցիչների պատկերացումներն այլ էին և բոլորովին չէին համապատասխանում ֆիննականի հետ։ Չէ՞ որ ուսումնական ողջ օրվա ընթացքում ես ամեն դասից հետո նույնիսկ 15 րոպե ընդմիջում չէի ունենում։ Եվ եթե Յոհաննայի ընկերուհին դպրոցից դուրս էր գալիս ժամը 14:00-ին, ապա իմ վերջին դասն այդ ժամին դեռ շարունակվում էր։  Ժամը 15:00-ին հրաժեշտ էի տալիս իմ առաջին դասարանցիներին, սակայն դրանից հետո ինձ պետք էր լինում պատրաստվել հաջորդ օրվա դասերին ու անելիքներին։ 
Իմ ուսումնական առաջին տարում սովորաբար օրական 12 ժամ էի անցկացնում դպրոցում ու դրանով պայմանավորված՝ ինձ ավելի լավ մասնագետ էի համարում, քան Յոհաննայի ընկերուհուն: Բայց աստիճանաբար հասկացա, որ զիջում եմ նրան։ Աշխատանքն ինձ ամբողջությամբ սպառել էր, անձնական կյանքս հետին պլան էր մղվել , ինչի պատճառով էլ նյարդային էի և անընդհատ ծայրահեղ լարվածության մեջ։ Այնուամենայնիվ, ամենավատն այն էր, որ ուսուցումն այլևս ինձ չէր ուրախացնում, և դա կարծես արտացոլվում էր նաև երեխաների տրամադրության վրա: Իմ փոքրիկ սովորողները նույնպես հաճախ էին դժգոհ  երևում։
Ես հիշում եմ այդ ուսումնական տարին, մի շատ փորձառու գործընկեր ինձ ասաց, որ ամերիկացի ուսուցիչների 50%-ը թողնում է մասնագիտությունը դասավանդման առաջին հինգ տարիների ընթացքում: Անկեղծ ասած՝ կարծում էի, որ նույնն ինձ է սպասվում։ Փետրվարի վերջին մշտական ​​անհանգստությունն ու քնի պակասը այլևս չէին թողնում պատշաճ կերպով պատրաստվել դասերին: Հիշում եմ, որ երկար ժամանակ  նստում էի սեղանի մոտ և ուղղակի սառած հայացքով նայում էի օրագրին։ Մի օր էլ երեկոյան՝ հերթական ամենօրյա աշխատանքից հետո, երբ տուն վերադարձա, այնքան ուժասպառ էի, որ  պարզապես ընկա խոհանոցի հատակին։ 
Ես լուռ պառկել էի հատակին, իսկ կինս ինձ աղաչում էր արձակուրդ վերցնել։ Ի վերջո, բազում  անքուն շաբաթներից հետո ես համակերպվեցի արձակուրդի մտքին․ զանգահարեցի մեր տնօրենին և խնդրեցի, որ ինձ արձակուրդ տրամադրի։ Ես պատրաստվում էի փոխել մասնագիտությունս և մոռանալ դպրոցի աշխատանքի մասին՝ որպես մղձավանջի։ Այնուամենայնիվ, մի հարց ինձ հանգիստ չէր տալիս. Իսկ եթե կինս ճիշտ է: Մի՞ թե հնարավոր է աշխատել ուսուցիչ և լինել առողջ ու երջանիկ:  

Երեք տարի անց ես ու Յոհաննան որոշեցինք տեղափոխվել Ֆինլանդիա։ Ո՜չ, ամերիկյան կրթական համակարգից փախչելու համար չէր, ընդհակառակը, անձամբ ես չէի ուզում հեռանալ։ 
Ես դեռ աշխատում էի նույն դպրոցում և ուրախ էի, որ կարողացել էի հաղթահարել առաջին տարվա դժվարությունները, որի համար այժմ նույնիսկ անհարմար էի զգում։ Մեկ ամիս հանգստանալուց հետո ես աջակցություն ստացա իմ գործընկերներից, աստիճանաբար արժեքավոր փորձ ձեռք բերեցի և ժամանակի ընթացքում սկսեցի զգալ դասավանդման բերկրանքը, չնայած որ ամեն երեկո դասերից հետո թե՛ ֆիզիկապես, թե՛ էմոցիոնալ առումով կրկին ուժասպառ էի: Հելսինկի տեղափոխվելուց առաջ ես լրիվ դրույքով էի ուսուցիչ աշխատում,  աշխատում էի նաև մի քանի այլ վայրերում։ 
Արդյունքում, ես այնքան ժամանակ չէի անցկացնում տանը, որքան կցանկանայի և, անկեղծ ասած, նորից մասնագիտական սպառման եզրին էի: Այդ իսկ պատճառով ես ու կինս որոշեցինք տեղափոխվել Ֆինլանդիա այդ ամենին վերջ տալու համար, քանի որ  մեր տղան դեռ փոքր էր (այժմ ունեինք երկու երեխա, երկուսն էլ հինգ տարեկանից ցածր): Երբ դպրոցի տնօրենին ասացի Հելսինկիում հաստատվելու մեր ծրագրերի մասին, նա նշեց, որ այդ տեղափոխությունն օգուտ կբերի իմ մասնագիտական աճին: Հիշում եմ, որ այն ժամանակ ծիծաղեցի այս արտահայտության վրա, քանի որ այդ պահին անհեթեթ թվաց։ 
Ես պատրաստ էի նույնիսկ հրաժարվել դասավանդումից՝ հանուն ավելի հանգիստ և կանոնավորված կյանքի։ Ինչևէ, միակողմանի տոմսեր գնեցինք դեպի Հելսինկի՝ չիմանալով, թե արդյո՞ք այնտեղ աշխատանք կգտնեմ իմ մասնագիտությամբ։ 2013 թվականի հունիսի վերջին, այսինքն՝ արտասահման տեղափոխվելուց մեկ ամիս առաջ, ես դեռ Ֆինլանդիայում դպրոցի ուսուցչի պաշտոն չէի գտել։ Բայց մի առավոտ հետաքրքիր նամակ ստացա Հելսինկյան դպրոցներից մեկի տնօրենից։ Անկեղծ ասած՝ այդ ժամանակ արդեն հույսս կտրել էի, քանի որ մարտին ուղարկված բոլոր ինքնակենսագրականներս մնացել էին անպատասխան։ Եվ այսպես, հնարավորություն ստեղծվեց աշխատելու Հելսինկիի հանրակրթական դպրոցում և դասավանդելու  անգլիախոս  հինգերորդցիներին։ Ես ապշած էի։ Նույն շաբաթ տեսազանգով հարցազրույց ունեցա, և արդյունքում ֆիննական դպրոցի տնօրենն ինձ աշխատանքի ընդունեց։ Ես հիացած էի և երախտագիտությամբ ընդունեցի առաջարկը: Բայց հետո սկսեցի կրկին  նյարդայնանալ․  ի՞նչ է ինձ սպասվում: Ինչպես շատ ամերիկացիներ, ես էլ եմ լսել, որ Ֆինլանդիան հիանալի կրթական համակարգ ունի: Սակայն պատկերացում չունեի, թե գործնականում ինչպիսին կլինի: Ճիշտ է, Յոհաննան ինձ պատմել էր Ֆինլանդիայի դպրոցների մասին. որ այնտեղ դպրոցական օրը կարճ է, և ամեն դասաժամից հետո 15 րոպե ընդմիջում է լինում։
Նաև  վավերագրական  մի ֆիլմ էի տեսել, որտեղ  ասվում էր, որ 15-ամյա ֆինն դպրոցականները ամենաբարձր միավորներն են հավաքել PISA թեստից, որը գնահատում է ընթերցանության տեխնիկան և տեքստի ըմբռնումը, ինչպես նաև մաթեմատիկայի և բնագիտության գիտելիքների մակարդակը: Այսինքն, երբ ես համաձայնեցի դասավանդել ֆինն հինգերորդ դասարանցիներին, շատ քիչ բան գիտեի այդ երկրում դասավանդման պրոցեսի մասին: Այնուամենայնիվ, որոշեցի երկամյա ճանապարհորդություն սկսել՝ տեսնելու և  ուսումնասիրելու  Ֆինլանդիայի կրթական համակարգը ներսից: Փաստացի ես բավականին աղոտ պատկերացում ունեի և սպասում էի , որ Հելսինկիում հաստատվելը դժվար է լինելու: Առաջ անցնելով ասեմ, որ երբեմն  իրոք դժվարանում էի, չնայած ամեն ինչ ստացվում էր,  սակայն ոչ այնպես, ինչպես  սպասում էի՝  հաշվի առնելով իմ ամերիկյան փորձը: Սովորաբար մի երկրից մյուսը տեղափոխվող մարդը մշակութային շոկ է ապրում, այսինքն՝  անծանոթ միջավայրում մոլորված է զգում։ Բայց քանի որ կինս ազգությամբ ֆինն է, և ես նախկինում արդեն տասն անգամ եղել էի նրա հայրենիքում, գրեթե միշտ խուսափում էի մշակութային շոկից, բացի մասնագիտականից։  Հելսինկիի դպրոցը նման էր չբացահայտված տարածքի. ես չգիտեի՝ ինչ սպասեի և բախվեցի նոր մարտահրավերների: Եվ բոլորովին այլ համատեքստում  սկսեցի վերհիշել ամերիկյան դպրոցներում սովորած «լավագույն փորձս»: Հելսինկիում իմ երկու տարիների ընթացքում ես բազում հնարավորություններ ունեցա մոտիկից ուսումնասիրելու ֆիննական դասավանդման մեթոդները: 
Ավելի քան 100 ժամ ես հետևեցի, թե ինչպես է այնտեղ անցկացվում ուսուցումը, և  դասավանդման պրակտիկա անցա երկու փորձառու գործընկերների հսկողությամբ, որպեսզի տարրական կրթության ոլորտում ԱՄՆ մագիստրոսի կոչմանն արժանանայի: Այս գրքի համար նյութեր հավաքելու նպատակով ես ուզում էի տեսնել, թե արդյոք մյուս ֆինն ուսուցիչները օգտագործում են այն մեթոդները, որոնք ես նկատել էի Հելսինկիում։ Այդ նպատակով այցելեցի մի քանի դպրոցներ երկրի տարբեր մասերում: Բացի այդ,  զրուցեցի ֆինն ուսուցիչների հետ, ովքեր աշխատում են կրթության բոլոր մակարդակներում՝ նախապատրաստական, տարրական և միջնակարգ: Այս ամենի շնորհիվ պարզեցի, որ ինձ հետաքրքրող մեթոդների մեծ մասը հաջողությամբ են կիրառվում ողջ Ֆինլանդիայում: Այն ռազմավարությունների շարքում, որոնց մասին ես ուզում եմ պատմել, չկան գաղափարներ, որոնք  անվերպահորեն ճիշտ են կամ տեղին  (օրինակ՝ «Եկեք յուրաքանչյուր երեխայի տրամադրենք iPad»):  Եվ միանշանակ  չեն էլ կարող համարվել որպես իդեալիստական գաղափարներ  ​​(ինչպես՝ «Պարզապես վստահեք ձեր ուսանողներին, և ամեն ինչ ձեզ մոտ կստացվի» կոչը): Ուղղակի պարզ և արդյունավետ տեխնիկաներ են, որոնք կարող են օգտակար լինել ցանկացած դասարանում: 
Եվ երբ սկսեցի օգտագործել դրանք, մի հրաշալի բացահայտում արեցի. պարզվում է, որ դրանք ուրախություն են հաղորդում դպրոցական կյանքին։ Այո՜, հնարավոր է, որ ֆինն ուսուցիչների մեթոդները պետք է հարմարեցվեն այլ երկրի ուսումնական բնագավառում աշխատելու համար՝ ասենք ԱՄՆ-ում։ Բայց ոչ մի դեպքում չի կարելի ասել, որ այս ամենը հարմար է բացառապես Ֆինլանդիայի համար։ Օրինակ՝  իմ գրքում առաջարկում եմ մի  կարևոր ռազմավարություն․ կանոնավոր կարճ ընդմիջումներ անել դպրոցական օրվա ընթացքում: Իհարկե, դպրոցներում այն իրականացնելու համար անհրաժեշտ է պետական ​​մակարդակով կազմակերպում ու  կարգավորում։ Բայց, մյուս կողմից, ոչինչ չի խանգարում ամերիկացի ուսուցիչներին, հետևելով իրենց ֆինն գործընկերների փորձին, սովորողներին կարճատև ընդմիջումներ տան․ թող խաղան, շփվեն, հետո աշխույժ վերադառնան դասերին։ Ինձ շատ է հետաքրքրում, թե այսօր ի՞նչ կարող են անել ամերիկացի ուսուցիչներն այս գիրքը կարդալուց հետո՝ ֆիննական կրթական մոտեցումից ոգեշնչված: Վստահ եմ, որ դրական փոփոխություններ հնարավոր են՝ չնայած մեր կրթական համակարգերի ակնհայտ տարբերություններին, որոնք Պասի Զալբերգը նկարագրել է նախաբանում։
Երբ 2001 թվականին հրապարակվեցին PISA-ի առաջին թեստի արդյունքները, Ֆինլանդիան զարմացավ՝ իմանալով, որ իր կրթական համակարգը լավագույնն է աշխարհում: Նրա՝ բավականին անփույթ մոտեցումը՝ կարճ դպրոցական օրեր, քիչ տնային առաջադրանքները և նվազագույն մակարդակի  թեստերը, թուլացրել էին գերազանց ակադեմիական արդյունքների հասնելու ավանդական գաղափարները: 
 Հյուսիսային այս փոքրիկ երկիրը ցույց տվեց Ամերիկային և աշխարհին, որ կա դպրոցականներին կրթելու մեկ այլ տարբերակ՝ ավելի հանգիստ և ոչ սթրեսային՝ առանց դպրոցական  ուսումնական ծրագիրը վնասելու։ Միաժամանակ մեթոդների տարբերությունները տեսանելի են ինչպես պետական ​​կրթական քաղաքականության մակարդակով, այնպես էլ փոքր մասշտաբով՝ սովորական դասասենյակի մակարդակով։ 
Ֆինն ուսուցիչները կարող է չկարողանան տպավորել իրենց ամերիկացի գործընկերներին իրենց լավագույն փորձով, քանի որ Ֆինլանդիայի մանկավարժական նորարարություններից շատերը փոխառվել են Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։ Այնուամենայնիվ, ելնելով իմ անձնական փորձից, կասեմ, որ մենք պետք է ավելի ուշադիր նայենք, թե ինչի վրա են ֆինն ուսուցիչները շեշտը դնում: Այս երկրում ամեն ինչ արվում է, որպեսզի և՛ երեխաները, և՛ ուսուցիչները հաճույք ստանան ուսումնական գործընթացից։ Այն  համարվում է ամենաարժեքավորը Ֆինլանդիայում, իսկ մնացած ձեռքբերումներն այստեղ միայն երկրորդական են։ Ինչպես ցույց են տվել PISA-ի բազմաթիվ թեստերը, ֆինն ուսանողները, այնուամենայնիվ, զարմանալի արդյունքների են հասնում: 
Ինչպես շատ ամերիկացի մանկավարժներ, ես ևս կարդացի Դագ Լեմովի «Ուսուցչի արհեստը» գիրքը, որտեղ գտա ուսուցման բազմաթիվ օգտակար ռազմավարություններ, որոնք կարելի է օգտագործել: Ռազմավարություններից մեկն ինձ համար առեղծված էր․ այն կոչվում է «Ուրախության գործոն»: Դասարանի ուրախ միջավայրը, Լեմովի կարծիքով, հատուկ տեխնիկա է, որն ուսուցիչը կարող է օգտագործել կրթական նվաճումներ ունենալու համար։ «Իհարկե, ուրախության գործոնն ինքնանպատակ չէ:  Ճիշտ կիրառելու դեպքում այն ​​պետք է կատարի օժանդակ գործառույթ, այսինքն՝ նպաստի կոնկրետ օրվա համար սահմանված նպատակին: Բացի այդ, դուք պետք է կարողանաք այն (այսպես ասած)արագ միացնել և անջատել»:
Թեև Լեմովն ակնհայտորեն ուրախությունը դիտում է որպես ռազմավարություն, տեխնիկա․ ես, ոգեշնչված ֆիննական կրթության այդ մոտեցմամբ, առաջարկում եմ, որ այն լինի առաջնահերթություն և բարձրագույն նպատակ, որին մենք ցանկանում ենք հասնել մեր դասարաններում: Այսպիսով, երջանկությունը կարելի է համարել «դրական հույզերի ուժեղ փորձ»։ Այն կարող է նպաստել ուսուցմանն ու սովորելուն, բարելավել արտադրողականությունը, զարգացնել սոցիալական և հուզական ինտելեկտը: Ես հասկանում եմ, որ երջանկությունը դասարանում առաջնահերթություն դարձնելու գաղափարը կարող է չափազանց վերացական թվալ: Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տեսանկյունից ենք նայում դրան: Օրինակ՝ եթե մենք ուզում ենք ավելի լավ քնել, ապա դրա համար մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկում. ասենք, քնելուց առաջ վազում ենք կամ անջատում հեռախոսը։ Նույն կերպ, դուք կարող եք օգտագործել տարբեր մեթոդներ, որպեսզի համոզվեք, որ ուրախությունը ձեր դասարանում առաջին տեղում է: Ֆինլանդիայում ապրելու և աշխատելու տարիների ընթացքում ես այնպիսի քայլեր եմ բացահայտել, որոնք կարող են  ուրախություն հաղորդել ուսուցման գործընթացին։ Ռաջ Ռագունաթան՝ Օսթինի Տեխասի համալսարանի ՄակՔոմբ բիզնեսի դպրոցի պրոֆեսոր և «Եթե այդքան խելացի ես, ինչու՞ ես դժբախտ» գրքի հեղինակ, առանձնացնում է երջանկության չորս բաղադրիչ (պայմանով, որ մարդու սննդի և ուղեղի հիմնական կարիքները բավարարված են)՝ պատկանելիություն, անկախություն, վարպետություն և աշխարհայացք։ Այս ցանկին կավելացնեի ևս մեկ բաղադրիչ, որը հիմք կհանդիսանա մնացածի համար՝ լավ ինքնազգացողություն։  Իմ գրքում ես խմբավորել եմ երեսուներեք պարզ ռազմավարություններ երջանկության հինգ բաղադրիչների շուրջ և ներկայացրել, թե ինչպես են դրանք աշխատում դպրոցում։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով