Ի՞նչ չափանիշներով են կառուցված աշխարհի լավագույն դպրոցները
Լավ ինքնազգացողություն
Հեղինակ՝ Թիմոթի Ուոքեր
Հուլիսի վերջին մենք տեղափոխվեցինք Հելսինկի և նախքան ուսումնական տարվա սկսվելը (Ֆինլանդիայում այն սկսվում է օգոստոսի կեսերին)` մի քանի երեկո անցկացրինք այդ քաղաքում, ուր այսուհետ պատրաստվում էինք ապրել։ Հիշում եմ, որ ցանկացած զբոսայգում նկատում էի նույն՝ ինձ համար անսովոր պատկերը. տեղացիները պարզապես նստում էին ադեալների վրա, գինի էին խմում և զրուցում։
Տպավորություն էր, որ նրանք չեն շտապում որևէ տեղ և դրա կարիքը չունեն։ Պարզապես վայելում էին արևոտ, ջերմ երեկոները ընկերների հետ։ Կարծես Ֆինլանդիայում կյանքը շատ ավելի դանդաղ էր ընթանում, քան Ամերիկայում: Խոստովանում եմ, որ Բոստոնի կյանքի կատաղի ռիթմից հետո Հելսինկիում տիրող անկաշկանդ մթնոլորտն ինձ հաճելի էր։ Սակայն, այդ ամենով հանդերձ, կյանքի նկատմամբ նման մոտեցումն ինձ մոտ թերահավատություն էր առաջացնում։
«Եվ, ի վերջո, ի՞նչ նպատակ ունեն և ի՞նչ արդյունքի են հասնում այս մարդիկ,- մտածում էի ես,-ժամերով անցկացնելով այգիներում՝ սառը ադեալների վրա»:
Թեև ամերիկյան դպրոցում աշխատելու առաջին տարում ես մասնագիտորեն սպառվել էի, այնուամենայնիվ տարիներ անց, երբ հայտնվեցի Հելսինկիում, նորից կառչեցի այն մտքին, որ ուսուցչի մասնագիտական որակը որոշվում է նրա անտրտունջ աշխատանքով։ Հիշում եմ, թե Բոստոնում ինչպես էր իմ ընկեր մենթորը հաճախ հիշեցնում ինձ. «Թի՛մ, ախր դու ռոբոտ չես, այլ կենդանի արարած: Դու ծնվել ես ոչ միայն աշխատելու, այլև նաև ապրելու համար»։ Ֆինլանդիայում մեկ անգամ չէ, որ հիշեցի նրա այս խոսքերը։ Կարծում եմ, որ հյուսիսային այս փոքրիկ երկրում կյանքի հանգիստ ռիթմը սկսել էր ազդել ինձ վրա: Հելսինկիի դպրոցում աշխատելու առաջին շաբաթների ընթացքում սկսեցի գիտակցաբար այնպես անել, որ դասերից հետո ավելի քիչ աշխատեմ: Երբ ուշ կեսօրին տուն էի վերադառնում, դպրոցական նյութերս մտածված թողնում էի ուսապարկումս (ինչը սկզբում տարօրինակ էր) և ժամանակ էի հատկացնում մեկամյա տղայիս հետ խաղալուն կամ կնոջս հետ զրուցելուն: Փաստորեն Հելսինկիում ես սկսեցի ավելի շատ ապրել անձնական կյանքով, բայց դպրոցում ամեն ինչ այլ էր: Սկզբնական շրջանում ես պատրաստ չէի փոխել աշխատանքիս հանդեպ մոտեցումը, ինչը նկատեցին նաև ֆինն գործընկերները։ Ինչպես և կինս պատմել էր, այստեղ դասապրոցեսների ընթացքում ընդմիջումներ էին լինում մի քանի անգամ, որոնցից յուրաքանչյուրը տևում էր 15 րոպե, և ուսուցիչները սովորաբար հանգստանում էին ուսուցչական սենյակում: Մի քանի ուսուցիչ հերթով հսկում էին կրտսեր աշակերտներին բակում, իսկ մեծերին՝ ներսում: Բայց ուսումնական տարվա առաջին երեք շաբաթների ընթացքում ես նույնիսկ երկու ազատ րոպե չկարողացա անցկացնել ուսուցիչների համար նախատեսված այդ հանգստյան սենյակում գործընկերներիս հետ: Միայն առավոտյան էի ես այնտեղ մտնում՝ արագ վերցնելու ուսումնական փաթեթս, և անմիջապես վազում էի դասարան: Մեկ անգամ, երբ հերթական ընդմիջման ժամանակ կարճ ժամանակով մտա ուսուցիչների սենյակ, իմ առջև բացվեց այն տեսարանը, որը շատ նման էր Հելսինկիի այգիներում տեսածիս: Ուսուցիչները սուրճ էին խմում, թերթում թերթերը և հանգիստ զրուցում: Հաճախ նույնիսկ, երբ դուռը բացում էի, բարձր ծիծաղի ձայներ էի լսում։ Այս ամենն ինձ ստիպում էր մտածել, որ ֆինն ուսուցիչները պարզապես ծույլ են։ Այսպիսով, սեպտեմբերյան մի օր իմ երեք գործընկերները նույն շաբաթվա ընթացքում ասացին գրեթե նույն բանը, որ անհանգստանում են ինձ համար, որ ես մոտենում եմ մասնագիտական սպառման, քանի որ դասերի ընթացքում չեմ հանգստանում: Ես խոստովանեցի, որ իրականում տասնհինգրոպեանոց ընդմիջումներն անցկացնում եմ դասասենյակում՝ դպրոցական աշխատանքներ կատարելով: Նրանք երեքն էլ ինձ խորհուրդ տվեցին հրաժարվել այդ սովորությունից։ Սկզբում, իհարկե, ծիծաղեցի նրանց մեկնաբանությունների ու դիտարկումների վրա՝ ասելով, որ շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ սպառումը, և որ ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Այնուամենայնիվ նրանք պնդում էին ՝ ասելով, որ շատ կարևոր են կարճ ընդմիջումները ողջ օրվա ընթացքում: Գործընկերներիցս մեկն էլ ասաց, որ իրեն պարզապես անհրաժեշտ է ամեն օր մի քանի րոպեով հանգստանալ ուսուցիչների համար նախատեսված սենյակում: Նա պնդում էր, որ դա օգնում է իրեն իր աշխատանքում։ Այս ամենն ինձ տարօրինակ թվաց։ Փաստորեն իմ ալտրուիստական ձգտումը՝աշխատելու առանց ընդմիջումների`հաճախ զոհաբերելով սեփական բարեկեցությունն ու հանգիստը, չաջակցվեց ֆինն գործընկերներիս կողմից։
Ես մշտապես կարծել եմ, որ լավագույն ուսուցիչները նրանք են, ովքեր անտրտունջ աշխատում են, նույնիսկ եթե դա արվում է սեփական քնի, ճաշի և գործընկերների հետ շփվելու հաշվին: ԱՄՆ-ի գործընկերներիցս շատերը, որոնցով ես հիանում էի, նման կերպ էին աշխատում, չնայած նրանք գրեթե միշտ մասնագիտական սպառման եզրին էին: Նույնը չեմ կարող ասել Հելսինկիի ֆինն գործընկերներիս մասին, ովքեր երբեք չէին աշխատում ընդմիջումների ժամանակ: Տպավորություն էր, որ, համեմատած ամերիկացի ուսուցիչների, նրանք դասապրոցեսի հետ կապված գրեթե չեն անհանգստանում ու սթրես չեն ապրում։ Եվ ընդհանուր առմամբ, այս ամենը տրամաբանական էր, քանի որ նույնը կարելի էր ասել նրանց սովորողների մասին։ ֆիննական կրթական մոդելի քննադատներն ասում էին, որ այդ մոտեցումը Միացյալ Նահանգների համար լավ օրինակ չի կարող լինել այն հիմնական պատճառով, որ այս երկրները տարբեր մշակույթներ ունեն: Բայց կարծում եմ նաև, որ հենց սկզբունքային այս տարբեր մոտեցումներն են ամենաարժեքավորը, որ ամերիկացի ուսուցիչները կարող են փոխառել ֆիննականներից: Մեր մշակույթում հաջողության ձգտումը (կամ «լավագույնը լինելու ցանկությունը») համարվում է կյանքում գլխավոր նախապայման, և դա չափազանց բացասաբար է անդրադառնում ոչ միայն մեծահասակների, այլև երեխաների՝ ֆիզիկական և հոգեբանական բարեկեցության վրա։ Կարելի է ասել, որ ԱՄՆ-ում երեխաներին հաջողության են պատրաստում գրեթե մանկուց։ Այն հատկապես նկատելի է հարուստ ընտանիքներում։ Ծնողներն իրենց երեխաների համար գնում էին ուսումնական նյութեր և ուսուցողական խաղեր, փնտրում լավագույն մանկապարտեզները ( այդ մանկապարտեզների վարձը երբեմն գերազանցում է տարեկան 30.000 դոլարը), որպեսզի իրենց սերունդը մանուկ հասակից ստանա կրթական առավելություններ։ Շատ ամերիկացիներ իրենց երեխաներին նույնիսկ մեկ տարի շուտ էին ուղարկում նախադպրոցական խմբերի, որպեսզի կրթական մակարդակով առաջ լինեին հասակակից դասընկերներից, հաճախ կարելի էր տեսնել ծնողների, ովքեր մեքենաների վրա կպչուն պիտակով փակցնում էին հետևյալ հայտարարությունը․«Աշակերտի հպարտ ծնող»։ Նույնիսկ ավագ դպրոցի սովորողներին խորհուրդ էր տրվում, անգամ խրախուսվում էր ակտիվորեն կազմելու լավ ինքնակենսագրականներ՝ լավագույն բուհեր ընդունվելու համար։
Եվ նրանք ամեն ինչ անում էին բարձր գնահատականներ ստանալու համար՝ նույնիսկ ծանրաբեռնվելով արտադասարանային աշխատանքով։ Խորությամբ ուսումնասիրում էին առանձին առարկաներ և սովորում կրկնուսույցների մոտ՝ պետական քննությունները լավ հանձնելու համար: Իհարկե, երկրի ոչ բոլոր շրջաններում են սովորողները միանման ճնշման ենթարկվում, սակայն որոշ վայրերում, օրինակ՝ Պալո Ալտոյոում և Կալիֆորնիայում ավագ դպրոցի աշակերտների ինքնասպանությունների թիվը ցնցող բարձր էր: Սթենֆորդի համալսարանի գիտաշխատող և «Երջանկության ուղի» (The Happiness Track) գրքի հեղինակ Էմմա Սեպալեն հիշում էր, որ պատանի ժամանակ պրակտիկա է անցել փարիզյան խոշոր թերթերից մեկում և հիշում էր, թե ինչպես էր վաղ առավոտյան շրջում շենքով մեկ՝ պաշտոնական գրառումներ անելով։ Նա հետևում էր ամերիկացի լրագրողներին, ովքեր գրասենյակի երրորդ հարկում էին աշխատում և ֆրանսիացի տպագրիչներին, ովքեր աշխատում էին նկուղում գտնվող տպագրական գործարանում։ «Երրորդ հարկում հանգիստ էր․ միայն բանալիի կտտոցն էր ու տպիչների բզզոցը: Խմբագիրները հիմնականում ավելորդ քաշ ունեցող մարդիկ էին՝ աչքերի տակ մուգ շրջանակներով, ովքեր անընդհատ կռացած նայում էին իրենց համակարգչի էկրանին: Ընդմիջումներ չէին անում, պիցցան ուտում էին հենց իրենց գրասեղանի մոտ և առհասարակ չէին շփվում գործընկերների հետ։ Իսկ այ նկուղում ընդմիջման ժամանակ տոնական մթնոլորտ էր։ Հսկայական սեղանին ֆրանսիական գինին էր, պանիրն ու հացը…Շուտով հասկացա, որ ես ցանկանում էի ավելի հաճախ լինել այս համընդհանուր ուրախության մթնոլորտում։
Աշխատակիցների այս երկու խմբերը նույն թիմի մաս էին կազմում (խմբագիրներ, լրագրողներ և տպագրիչներ), ովքեր ամբողջ գիշեր աշխատում էին՝ թերթի հաջորդ համարը պատրաստելու ու մինչև արևածագ վաճառքի հանելու համար։ Այո՛, երկու խմբերի ներկայացուցիչներն էլ կատարում էին տարբեր առաջադրանքներ և պատկանում էին տարբեր մշակույթների, բայց երկուսն էլ շտապում էին աշխատանքն ավարտել նույն սահմանված սահմանափակ ժամկետում…Գիշերուզօր աշխատելով, չնայած բոլոր դժվարություններին երկու խմբերն էլ հաջողությամբ ավարտում էին իրենց առաջադրանքները։ Սակայն աշխատանքի նկատմամբ նրանց մոտեցումները սկզբունքորեն տարբեր էին. ոմանք, անընդհատ աշխատանքով անհանգստացած, կարծես սպառվել էին ու
արտաքնապես այնքան էլ լավ վիճակում չէին, մինչդեռ մյուսները լի էին էներգիայով, հիանալի ինքնազգացողություն ունեին ու գոհ էին կյանքից»։
Երբ առաջին անգամ կարդացի այս հատվածը, անմիջապես մտածեցի, որ խմբագրության երրորդ հարկի միջավայրն ամբողջությամբ արտացոլում է ամերիկյան դպրոցներում դասավանդելու իմ սեփական փորձը, իսկ տպարանի նկարագրությունը համապատասխանում էր ֆիննական դպրոցներում աշխատելու փորձիս հետ։ Ինչպես ամերիկացի լրագրողներն ու ֆրանսիացի տպագրողները, ԱՄՆ-ում և Ֆինլանդիայում ուսուցիչները նույն աշխատանքն էին կատարում և ունեին նույն աշխատանքային գրաֆիկը. ուսումնական տարվա ընթացքում երեխաներն անտրտունջ սովորում էին և գիտելիքներ ձեռք բերում:
Բայց քանի որ ես դրանում համոզվել էի սեփական փորձի հիման վրա, այդ արդյունքին հասնելու ընթացքը բոլորովին այլ թվաց. իմ համախոհներն ավելի դժվար ու խիստ մեթոդներ էին կիրառում ձեռքբերումներ գրանցելու համար, մինչդեռ ֆինն գործընկերներս միտված էին դանդաղ, մեղմ և դրական գործելաոճին: «Տասնամյակների հետազոտությունները ցույց էին տվել, որ երջանկությունը ոչ թե հաջողության արդյունք է, այլ դրա նախապայմանը», — գրում է Սեպալեն: «Եթե ցանկանում եք հաջողության հասնել, ձգտեք նմանվել ֆրանսիացի տպագրիչներին»: Դժվար թե հնարավոր լինի խոսել երջանկության մասին, եթե մարդու կարևոր կարիքները բավարարված չեն, հետևաբար քունը, սնունդը, ջուրը, հագուստը և բնակարանը անխոս պետք է անհրաժեշտ քանակությամբ հասանելի լինեն ինչպես ուսուցիչներին, այնպես էլ նրանց սովորողներին: Ընդունված փաստ է, որ ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի նման զարգացած երկրներում ուսուցիչները նման խնդիրներ չունեն։ Այնուամենայնիվ, այսօր ավելի քան 16 միլիոն ամերիկացի երեխա (այսինքն՝ ընդհանուրի մոտ 22%-ը) ապրում է աղքատության շեմից ցածր պայմանում, և ես պետք է ցավով խոստովանեմ, որ ամերիկացի դպրոցականների բավականին մեծ մասն անապահով է, նույնիսկ՝ անօթևան։ Այդուհանդերձ, եթե երեխաները դպրոց են գալիս տարրական կարիքները չբավարարած, ապա առանձնահատուկ դժվարություններ է ստեղծվում ուսուցիչների համար, և նման իրավիճակում ես իրավունք չեմ վերապահում ինձ որևէ առաջարկությամբ հանդես գալ: Այնուամենայնիվ, կարող եմ առաջարկել որոշ ռազմավարություններ Ֆինլանդիայի դպրոցների փորձից, որոնք նպաստում են ուսուցիչների և սովորողների ֆիզիկական և մտավոր առողջությանը: Սրանք պարզ քայլեր են, սակայն բարելավում են ուսուցումը և ուրախություն են բերում դասարանին:
Պլանավորեք ընդմիջումներ
Մի անգամ իմ հինգերորդ դասարանցիներից մի տղա՝ Սամին, մոտեցավ ինձ և շշնջաց. «Կարծես ուղեղս հիմա կպայթի: Ես սովոր չեմ այս գրաֆիկին»: Եվ ես հավատացի նրան, որովհետև խեղճ տղայի ճակատին վառ կարմիր ցան էր հայտնվել։ «Այ քեզ բան,- մտածեցի ես,-«հիանալի» սկիզբ է Ֆինլանդիայում առաջին ուսումնական տարվա համար: Այսօր դասերի ընդամենը երրորդ օրն է, և ես արդեն սովորողիս գրեթե հասցրել եմ նյարդային վիճակի»։ Ես անմիջապես տղային մի կողմ տարա ու փորձեցի պարզել, թե ինչն է նրան այդքան վրդովեցրել։ Դպրոցական առաջին շաբաթվա ընթացքում ես ինձ իրավունք վերապահեցի որոշ ազատություններ տալու հինգերորդցիներիս: Եթե հիշում եք, ֆինն դպրոցականներին յուրաքանչյուր 45 րոպեից հետո իրավունք է տրվում 15 րոպե ընդմիջում, որը երեխաները սովորաբար անցկացնում էին դրսում՝ խաղալով ու ընկերների հետ զրուցելով։ Իրականում ես իմաստ չէի տեսնում նման հաճախակի ընդմիջումների մեջ, քանի որ որպես Միացյալ Նահանգների ուսուցիչ՝ ես սովորաբար դասարանում մի քանի ժամ անընդմեջ անցկացնում էի սովորողների հետ: Եվ ես փորձեցի վերստեղծել այս մոդելը Հելսինկիում, քանի որ Ֆիննական մոտեցումն ինձ չափազանց մեղմ էր թվում. ես համոզված էի, որ երեխաներն ավելի լավ կսովորեն, եթե նյութը բացատրելու համար ավելի երկար ժամանակ լինի: Ուստի որոշեցի երկու դասաժամ առանց ընդմիջման դաս անցկացնել հինգերորդ դասարանցիների հետ, դրա փոխարեն 30 րոպե տևողությամբ ընդմիջում անել։ Ինչևէ, ես հասկացա սխալս միայն այն ժամանակ, երբ խեղճ Սամիի մարմինն ամբողջությամբ ցանով պատվեց: Այսուհանդերձ, չի կարելի վստահորեն ասել, որ ամերիկյան մոտեցումը հաջողված է։ Դասերից 45 րոպե հետո ԱՄՆ-ում սովորող ուսանողներս սկսում էին ավելի դանդաղ ու դժվար մտածել: Այնուամենայնիվ, չէին էլ փորձում ըմբոստանալ, ինչպես դասապրոցեսի երրորդ օրը վարվեց այս ֆինն հինգերորդցին։ Ես հասկացա, որ սխալվել եմ և որոշեցի որդեգրել դպրոցական օրվա ֆիննական մոդելը, որը ներառում է կանոնավոր ընդմիջումներ։ Երբ վերսկսեցի կարճ ընդմիջումների գրաֆիկը, դասասենյակում այլևս չտեսա զոմբիանման երեխաների, որոնք հազիվ են կարողանում շարժվել: Ուսումնական տարվա ընթացքում իմ հինգերորդ դասարանցիները ընդմիջումներից միշտ թռչկոտելով էին վերադառնում և ավելի ուշադիր ու կենտրոնացած էին դառնում դասերի ժամանակ։
Սկզբում ես համոզված էի, որ դարաշրջանային բացահայտում եմ արել. հաճախակի ընդմիջումներն օգնում են երեխաներին աշխույժ լինել ողջ օրվա ընթացքում։ Բայց հետո վերհիշեցի, որ ֆինները նման օրակարգ դասապրոցես մտցրել են դեռևս 1960-ականներին: Փորձելով արժանվույն գնահատել այս պրակտիկան՝ ես հանդիպեցի կրթական ոլորտի հոգեբան Էնթոնի Պելեգրինիին, որ Մինեսոտայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր էր և Recess. Its Role in Education and Development գրքի հեղինակ․ վերջինս այս մոտեցման առավելությունները նկարագրել էր ավելի քան տասը տարի: Արևելյան Ասիայում, որտեղ շատ տարրական դպրոցներ 40 րոպե դասավանդելուց հետո 10 րոպե ընդմիջում են անում, Պելեգրինին նկատել էր նույն երևույթը, ինչը ես տեսա Ֆինլանդիայում: Իսկապես կարճ ընդմիջումներից հետո երեխաներն ավելի կենտրոնացած են աշխատում դասերի ընթացքում: Պելեգրինին չբավարարվեց առանձին օրինակներով և ցանկացավ պարզել, թե ինչպես են կանոնավոր ընդմիջումներն ազդում դասարանում աշակերտի գործունեության վրա։ Նա և իր գործընկերները մի շարք փորձեր կատարեցին Միացյալ Նահանգների հանրային տարրական դպրոցներում: Բոլոր փորձերը հաստատեցին, որ երեխաները դադարից հետո զգալիորեն առավել ուշադիր են դառնում, ավելին՝ ավելի քիչ են կենտրոնանում, եթե ընդմիջումը հետաձգվում է, այլ կերպ ասած՝ եթե դասը ձգձգվում է։
Ֆինլանդիայում տարրական դասարանների ուսուցիչները կարծես ինտուիտիվ են հասկանում այդ ամենը: Նրանք, անձրևոտ կամ արևոտ եղանակից կախված, երեխաներին դուրս են ուղարկում, և իրենք են որոշում՝ ինչպես լավագույնս անցկացնել ընդմիջումը: Թեև ինձ դուր է գալիս ֆիննական մոդելը, այնումանենայնիվ հասկանում եմ, որ ԱՄՆ-ի դպրոցների ադմինիստրատորների մեծ մասը դժվար թե նման արմատական փոփոխություն մտցնի առօրյայում՝ հաշվի առնելով, որ հինգերորդ դասարանցիներին ամեն ժամ խաղահրապարակ ուղարկելը չափազանց շատ է: Ըստ Պելեգրինիի ընդմիջումներից օգուտ քաղելու համար պարտադիր չէ, որ փողոցում անցկացնեն: Փորձարկումներից մեկը, որ պրոֆեսորն իրականացրել է հանրակրթական տարրական դպրոցում, երեխաները մնացել են շենքում, բայց արդյունքներն ավելի վատ չեն եղել, քան դրսում հանգստանալուց հետո. դասի ընթացքում աշակերտներն ավելի կենտրոնացած են աշխատել։ Ֆինլանդիայում հինգերորդ դասարանցու շնորհիվ, ում մոտ հոգնածությունից ցան էր առաջացել, հասկացա հետևյալը. թեև ճիշտ է, կանոնավոր ընդմիջումների հետևանքով նյութը բացատրելու համար ավելի քիչ ժամանակ է մնում, սակայն այն կարևոր է և պետք է դիտարկել որպես ռազմավարական գործիք։ Պելեգրինիի հետազոտության համաձայն՝ հաճախակի ընդմիջումները մեծացնում են սովորողների ուշադրությունը։ Նկատի ունենալով այս ամենը՝ մենք այլևս կարիք չունենք վախենալու, որ սովորողները չեն սովորի անհրաժեշտը, եթե մենք թույլ տանք նրանց դասապրոցեսից շեղվել ու հանգստանալ:
` երբ Շալթիրը հոդվածներ է գրում, փորձում է աշխատել մի քանի փուլով՝ մեկուկես ժամ տևողությամբ ժամանակաշրջաններ, որոնց ընթացքում նա չի օգտվում հեռախոսից կամ էլեկտրոնային փոստից՝ փոխարինելով հանգստի հետ: Ինչպե՞ս կարելի է ալիքների մեթոդը կիրառել դպրոցում: Կարծում եմ՝ ամեն ինչ շատ պարզ է. դասերի միջև պետք է կանոնավոր ընդմիջումներ պլանավորել: Կարծում եմ, որ ամենևին էլ պետք չէ թույլ տալ երեխաներին ընդմիջումների ժամանակ պարզապես խաղալ այն, ինչ ուզում են և ընդհանրապես ժամանակն անցկացնել իրենց հայեցողությամբ, ինչպես ընդունված է Ֆինլանդիայում: Կարծում եմ՝ ուսուցիչները կարող են առաջարկել սովորողներին ընդմիջումն անցկացնելու մի քանի տարբերակ, որոնցից նրանք կարող են ընտրել, օրինակ՝ 10 րոպե գրել, կարդալ կամ խաղալ մաթեմատիկական զվարճալի խաղ: Ինձ թվում է, որ այս ժամանակը պետք է նվիրել հաճելի և նոր գործունեության։ Ի վերջո, եթե ստիպեք բոլոր երեխաներին 10 րոպե ինքնուրույն կարդալ, ապա դժվար թե այն համարվի ընդմիջում, հատկապես, եթե սովորողները ամբողջ վերջին դասաժամը կարդալով են անցկացրել։ Բոլորովին այլ հարց է, եթե կարդալուց հետո դուք առաջարկում եք մի քանի այլ հետաքրքիր զբաղմունքների ընտրություն։
Ամերիկացի հետազոտող և կինեզիոլոգ Դեբի Ռիան Հելսինկի տեղափոխվելուց հետո ֆիննական դպրոցներին ծանոթացավ, շատ ոգեշնչվեց գործող տասնհինգրոպեանոց հաճախակի ընդմիջումներից: Վերադառնալով Միացյալ Նահանգներ՝ նա որոշեց նույնը փորձարկել այնտեղ և արդյունքը գնահատել: Այսօր Ռիայի հետազոտությունները շարունակվում են տարբեր նահանգների մի քանի ամերիկյան դպրոցներում, և արդեն իսկ ստացվել են առաջին արդյունքները, որոնք խոստումնալից են թվում։ Օրինակ Տեխաս նահանգի Ֆորտ Ուորթ քաղաքի Eagle Mountain տարրական դպրոցի ուսուցիչները զգալի փոփոխություններ են արձանագրել այն աշակերտների վարքագծում, որոնց ամեն օր տասնհինգրոպեանոց չորս ընդմիջում էին տալիս: Երեխաներն ավելի կենտրոնացած էին աշխատում և ավելի քիչ շեղվում խոսակցություններով: Մի ուսուցիչ նույնիսկ նշել էր, որ իր առաջին դասարանցիները ընդմիջումների արդյունքում այլևս մատիտ չեն ծամում: Ռիայի հետազոտությունը բավականին հետաքրքիր էր, և հնարավոր է, որ ժամանակի ընթացքում ամերիկյան կրթության ոլորտի պատասխանատուները որոշեն ընդօրինակել դպրոցական օրվա ֆիննական մոդելը՝ ավելացնելով ու երկարացնելով ընդմիջումները դպրոցներում։ Այնուամենայնիվ, ե՞րբ դա տեղի կունենա...Բարեբախտաբար, աշխարհի ցանկացած դպրոցի ուսուցիչ կարող է սեփական նախաձեռնությամբ օգտվել վերը նշված ռազմավարությունից: Սկզբում մտածում էի, որ ֆիննական ոճի փոփոխության իրական արժեքը ազատ խաղի մեջ է, բայց հետո իմ կարծիքը փոխվեց: Պարզեցի, որ կանոնավոր ընդմիջումների հիմնական առավելությունն այն է, որ դրանք առաջին հերթին ուղեղին հանգիստ են տալիս, ինչն էլ նպաստում է ավելի լավ կենտրոնանալուն: Կանադայի Մաքգիլ համալսարանի հոգեբանության, վարքային նյարդագիտության և երաժշտության պրոֆեսոր Դանիել Լևիտինը կարծում է, որ կանոնավոր ընդմիջումները թույլ են տալիս բարձրացնել աշխատանքի հետաքրքիր ընթացքն ու որակը.«Դուք պետք է ժամանակ տրամադրեք ուղեղին՝ սինթեզելու ամբողջ մուտքային տեղեկատվությունը,-ասել է Լևիտինը՝ MindShift կրթական բլոգին տված հարցազրույցում:–Բացի դպրոցական գրաֆիկով նախատեսված փոփոխություններից ուղեղն իր համար բնական փոփոխություններ է կազմակերպում խորասուզվելով երազների և վերացական մտքերի մեջ: Այն թարմացնում և ազատում է նյարդային շղթաները, որոնք ակտիվանում են, երբ կենտրոնանում ես: Մի ծանրաբեռնեք ձեր ուսումնական գրաֆիկը: Երեխաները պետք է ազատ ժամանակ ունենան ստեղծագործական մտածողությունը զարգացնելու համար»։
Ուղեղին մի փոքր ընդմիջում տալու տարբեր եղանակներ կան, որոնք ես նկարագրում եմ ստորև։ Սակայն պետք է հիշել, որ դրանք արդյունավետ կլինեն այն դեպքում, երբ կանոնավոր օգտագործվեն։ Տեղին կլինի դրանք դասավորել յուրաքանչյուր 45 րոպեից հետո, ինչպես Ֆինլանդիայում: Այնուամենայնիվ, այս ժամանակը հնարավոր է նաև բավարար չլինի ձեր սովորողների համար: Կարևոր է ուշադիր հետևելը նրանց վիճակին: Եթե նկատում եք, որ դասի 45 րոպեն լրանալուց հետո հոգնած են թվում, ապա լավագույն տարբերակը ընդմիջում անելն է: Overwhelmed-ում լրագրող Բրիջիթ Շալթին խորապես ուսումնասիրում է գերծանրաբեռնված լինելու խնդիրը և փորձում է ուղիներ գտնել աշխատանքային կյանքի առողջ հավասարակշռությունը պահպանելու համար: Նա առաջարկում է ինքնազգացողությունը բարելավելու տարբեր ռազմավարություններ և հատկապես առաջարկում է այսպես կոչված «պուլսացիոն» մեթոդը՝ աշխատանքից հանգստի անցնելը: Այստեղ տեսական նախադրյալը հետևյալն է՝ եթե մարդն իր ամբողջ ժամանակը ծախսում է բացառապես աշխատանքի վրա, ապա խախտվում է մարմնի` լավ զգալու համար անհրաժեշտ բնական ռիթմը։ Հետևաբար անհրաժեշտ է աշխատանքի ընթացքում պարբերաբար հանգստանալ: «Ripple»-ը տարբեր համատեքստերում տարբեր տեսք ունի: Շալթին բարձր է գնահատում աշխատանքային օրվա ընթացքում կանոնավոր ընդմիջումներ կատարելու կարևորությունը (ֆիննական դպրոցական ոճ): Հեղինակն իր օրինակով է ներկայացնում։ Օրինակ
Այս «ներկառուցված» ընդմիջումները հատկապես կարևոր են տարրական դպրոցներում, որտեղ սովորողները և ուսուցիչները սովորաբար բոլոր ժամերը միասին են անցկացնում: Միջին և ավագ դպրոցներում դրանք արդեն այնքան էլ անհրաժեշտ չեն, քանի որ մեկ ուսուցչի հետ դասաժամը տևում է 40-ից 50 րոպե, որից հետո երեխաները մի քանի րոպե ունենում են մինչև հաջորդ դասը սկսելը։ Յուրաքանչյուր դասի սկզբում կամ վերջում ուշադրության վարժությունը կարող է ավելի հարմար լինել միջին դպրոցի համար: Այս մասին կարող եք կարդալ «Պահպանեք հանգիստ միջավայր» բաժնում:
Ես պարզել եմ, որ որոշ ուսանողներ ավելի հաճախ ընդմիջումների կարիք ունեն, քան մյուսները: Նրանց միջավայրն առավել հարմարավետ ու հաճելի դարձնելու համար կարող եք դասարանում ստեղծել հատուկ տարածք, որտեղ հարմար կլինի ընդմիջել: Հետազոտող Ամանդա Մորենոն եզրակացրեց, որ չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր դասարան ունենա այսպես կոչված «հանգիստի տարածք»: Ուսուցիչները նշում են, որ այս տեխնիկայի շնորհիվ որոշ երեխաներ, ովքեր նախկինում օրվա ընթացքում առնվազն մի քանի ձախողում էին ունենում, այժմ կարողանում են լիովին խուսափել դրանից: Պետք է ոգևորել սովորողներին խրախուսական արտահայտություններով, ցույց տալ նրանց, որ ձեր նպատակն է օգնել նրանց ավելի լավ սովորելու՝ կանոնավոր ընդմիջումներ տալով դպրոցական օրվա ընթացքում, և նաև պարզել, թե նրանք ինչպես կցանկանան առավել օգտակար տնօրինել իրենց ժամանակը, այսինքն՝ պարզել, թե ինչ նոր և առավել հետաքրքիր գործունեությամբ կցանկանան զբաղվել: Նման քայլը ոչ միայն կօգնի երեխաներին ձեզ հետ կիսելու կրթական գործընթացի պատասխանատվությունը, այլ համոզված եմ, որ նրանք ձեզ նույնպես շատ հետաքրքիր գաղափարներ կտան։
- Գրքում նշված բոլոր սովորողների անունները փոխված են։
Թարգմանիչ՝ Արևիկ Մուրադյան
Էջի նկարը՝ Սմբատ Պետրոսյանի
Ֆիննական կրթական համակարգը. գլուխ 1
Posted on 22.06.2024 •Խմբագրել”Ֆիննական կրթական համակարգը. գլուխ 1″
Տարբեր երկրներում աշխատանքի և հանգստի ընդմիջումները իրականացվում են տարբեր գրաֆիկներով։ Ֆինլանդիայում մարդիկ անշտապ վայելում են իրենց հանգիստը և, ինչպես հեղինակն է զգում, կյանքը շատ ավելի դանդաղ է, ընթանում, քան Ամերիկայում,թերևս Հելսինկիում տիրող անկաշկանդ մթնոլորտը ավելի հաճելի է նրանք ժամերով հանգիստն անցկացնում են այգիներում սառն ադեալիների վրա։ Ամերիկայում դասավանդման ուսուցչի համար կպչուն է այն միտքը, որ ուսուցչի մասնագիտական որակը որոշվում է նրա անտրտունջ աշխատանքով։ Այո’, ուսուցիչը ռոբոտ չէ, այլ կենդանի արարած։ Ուսուցիչը (մարդը ընդհանրապես) ծնվել է ոչ միայն աշխատելու, այլ նաև ապրելու համար։ Ֆինլանդիայում որոշ փոփոխություն մտցվեց աշխատանքի գործընթացքին` առավելություն տալով անձնականին և ընտանիքի անդամների հետ անցկացնելուն։ Որպես ուսուցիչ` մնաց իր նախկին անտրտունջ աշխատանքի գրաֆիկին, որն հոգնածության, վատ զգացողության պատճառ էր դառնում և’ ուսուցչի, և’ սովորողի համար։
Ֆիլանդիայում 45 րոպե յուրաքանչյուր դասաժամից հետո տրվում է 15 րոպե դասամիջոց։ Ես էլ եմ կողմ, որ յուրաքանչյուր դասաժամից հետո պետք է տրվի դասամիջոց (15րոպե), որպեսզի սովորողը ի վիճակի լինի դիմակայել և ընկալել մնացած ժամերի դասերը։
Հանգստից հետո մարդու և’ ուղեղն է ճիշտ աշխատում, և’ զգացողությունն է լավանում։