Ի՞նչ չափանիշներով են կառուցված աշխարհի լավագույն դպրոցները

Նախորդ հատվածը

Հիշեք ֆիզիկական  ակտիվության մասին

Հեղինակ՝ Թիմոթի Ուոքեր

– Ներեցե՜ք, Ձեզ կարելի է մեկ րոպեով:

Դեպքը տեղի է ունեցել դեռևս մեր Մասաչուսեթսի դպրոցում։ Երկար ընդմիջման ժամանակ իմ զգոն խորհրդատուն ինձ մի կողմ տարավ, որպեսզի առանձին խոսեր։ Սակայն սովորականի պես ժպիտը դեմքին չէր, որն ինձ զարմացրեց։
 — Թի՜մ, խնդրում եմ, չվիրավորվես  այն ամենից, ինչ այժմ լսելու ես, — այդպես սկսեց նա իր խոսքը,- պարզապես ես նկատել եմ, որ դու, առաջին դասարանցիների հետ  մշտապես գորգի վրա նստած,  ինչ-որ բան ես խոսում:
 Նրա խոսքերն ինձ ցավ պատճառեցին, բայց ոչ այն պատճառով, որ  անարդար էր, այլ հակառակը: Փաստորեն առաջին դասարանցիների հետ իմ աշխատելաոճը՝  կես ժամ շարունակ փափուկ գորգին նրանց նստեցնելն ու նոր նյութը բացատրելը, ակնհայտորեն անօգուտ էր: Իսկ այն ժամանակ, երբ նրանց թույլ էի տալիս ինքնուրույն աշխատելու, նրանք այլևս տրամադրություն չէին ունենում որևէ բան անելու, իսկ ոմանց էլ բառացիորեն պետք էր պոկել հատակից։ Որոշեցի տասնհինգրոպեանոց ընդմիջումներ անել։ Արդյունքները ոգևորող էին. կարճ դասերի, ինչպես նաև գրասեղանների մոտ տեղափոխվելու արդյունքում երեխաներն ավելի արագ ներգրավվեցին ուսումնական գործընթացի մեջ և ավելի արդյունավետ սկսեցին աշխատել։ Բայց շուտով ևս մեկ խնդիր բացահայտեցի. իմ սովորողներն ուսման ժամանակի գրեթե հարյուր տոկոսն անցկացնում էին նստած։ Ներքուստ զգում էի, որ այդ հանգամանքը կարող է նոր խնդիրներ առաջ բերել, բայց թե ինչպիսի, միայն հետագայում հասկացա։
Երկար մտածելուց հետո պարզեցի, որ այս երևույթը նկատել եմ իմ այցելած յուրաքանչյուր ամերիկյան դպրոցում։ ԱՄՆ-ում սովորողներն ստիպված էին իրենց դասաժամի մեծ մասը նստած  անցկացնել: Դրանից բացի նրանք այնքան էլ ակտիվ չէին ամբողջ ուսումնական օրվա ընթացքում: Եվ այս ամենը կարող էր հանգեցնել միայն մեկ բանի. միլիոնավոր երեխաներ բաց էին թողնում առողջության համար հսկայական օգուտներ քաղելու հնարավորությունը:
Քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը կանխում է ճարպակալումը, նվազեցնում է սրտի անբավարարության ռիսկը, բարելավում է ճանաչողական ֆունկցիաները (օրինակ՝ հիշողությունը և ուշադրությունը), դրական ազդեցություն է թողնում հոգեկան առողջության վրա: Չգիտես ինչու, ես միշտ կարծել եմ, որ դպրոցում ֆիզիկական անգործությունը զուտ ամերիկյան խնդիր է՝ ուսումնական երկար օրերի և սահմանափակ ընդմիջումների հետևանք: Տպավորությունն այլ դարձավ, երբ սկսեցի դասավանդել Ֆինլանդիայում․ նույնը Հելսինկիի «Ռեսու» հանրային դպրոցում էր։ Սկզբում ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես էր դա հնարավոր, քանի որ Ֆինլանդիայի դպրոցական օրերն ավելի կարճ էին՝ ներառյալ տասնհինգրոպեանոց ընդմիջումները: Թեպետ ընդմիջումները թույլ էին տալիս երեխաներին ավելի լավ կենտրոնանալու դասարանում, սակայն չէին երաշխավորում, որ դրանով ֆիզիկական ակտիվությունը կավելանա։ Տեսա նաև, որ ֆինն շատ դպրոցականներ իրենց ընդմիջումները լիովին պասիվ էին անցկացնում խաղադաշտում, և ամենևին էլ կարևոր չէր, թե ինչ եղանակ է դրսում։ Ոմանք բացարձակապես չէին կտրվում իրենց սմարթֆոններից, ընկղմվում էին համակարգչային վերջին խաղերի մեջ, իսկ մյուսներն էլ հավաքվում էին խմբերով՝ պարզապես զրուցելով ժամանակ անցկացնելու համար։ Իրականում կային սովորողներ էլ, ովքեր, իրոք, բակում ֆուտբոլ  կամ թեգ էին խաղում։ Բայց ակնհայտորեն պասիվ երեխաներն ավելի շատ էին, քան ակտիվները: Ընդմիջումների ժամանակ միջանցքներում հաճախ կարելի էր հանդիպել տարիքով ավելի մեծ աշակերտների, ովքեր, մի ոտքին թեքված, հենվում էին պատին կամ նույնիսկ հատակին նստած՝ սպասում էին հաջորդ դասի սկզբին։  Ֆինն հետազոտողները հաստատեցին իմ դիտարկումների տեղին ու ճիշտ լինելը։ 2014թ.-ին Ֆինլանդիայի երեխաների և դեռահասների համար նախատեսված ազգային ֆիզիկական դաստիարակության զեկույցում ֆիզիկական ակտիվության ընդհանուր մակարդակը տրվում էր D5 վարկանիշով: Իսկ 2013 թվականին կատարված հետազոտությունը ցույց էր տվել, որ դրան մասնակցած տարրական դասարանների աշակերտների միայն մի մասն է համապատասխանում ֆիզիկական կրթությանը՝ օրական առնվազն մեկ ժամ հատկացնելու առաջարկին «չափավորից մինչև ինտենսիվ մակարդակ»:
 Միջին դպրոցի աշակերտների շրջանում այս թիվը նույնիսկ ավելի ցածր էր՝ ընդամենը 17%: Պարզվեց, որ Ֆինլանդիան միակ երկիրը չէր, որը  ֆիզիկական կրթության ոլորտում, այսպես ասած, «վատ էր հասցնում»: 2014թ-ից ԱՄՆ-ում երեխաների և դեռահասների ֆիզիկական դաստիարակության ազգային հաշվետվության մեջ ավելացել էր նաև D գնահատականը, ըստ որի պետք է որոշել երեխաների ֆիզիկական ակտիվությունն ու պատրաստվածությունը:
 Ըստ վիճակագրության՝ վեցից տասնհինգ  տարեկան ամերիկացի երեխաների միայն 25%-ն է շաբաթական առնվազն հինգ անգամ մեկ ժամով մարզվում:
Թեև այսօր և՛ Ֆինլանդիայում, և՛ ԱՄՆ-ում երեխաները տառապում են ֆիզիկական անգործությունից, սակայն կա մեկ հիմնարար տարբերություն. հյուսիսային փոքր երկրում վերջերս փորձարկում իրականացվեց, ըստ որի ընդունվեց «Ֆիննական դպրոցները շարժման մեջ» պետական նոր ծրագիրը, որի նպատակն էր օգնել երեխաներին ակտիվ ապրելակերպ վարելու ամբողջ ուսումնական օրվա ընթացքում: Այս փորձը ցույց է տալիս, որ այս խնդիրը կարելի է լուծել պետական մակարդակով:
2010-2012 ուստարում ծրագիրը փորձարկվել է 45 ֆիննական դպրոցներում: Արդյունքները ոգևորող էին. փորձը ցույց տվեց, որ ուսուցիչները կարող են մեծացնել երեխաների ֆիզիկական ակտիվությունը, եթե նրանք իսկապես դա ուզում են և ջանք են գործադրում: Ուսումնասիրության համաձայն՝ տարրական դասարանների աշակերտների մի մասը և միջին դպրոցի աշակերտների մեկ երրորդը հայտնել են իրենց ավելի ակտիվ  դառնալու մասին։ Արդյո՞ք արդյունքներն ապշեցուցիչ են․․․ ամենևին էլ ոչ։ «Ժամանակ է պետք, որ ձեռնարկված միջոցները նկատելի ու արդյունավետ դառնան, ամբողջ ուսումնական օրվա ընթացքում երեխաների ֆիզիկական ակտիվությունը զարգացնելու համար պահանջվում է երկար և համակարգված աշխատանք»,-ասվում է մասնագետների զեկույցում: Սակայն որքան էլ համեստ թվար այս ծրագրի արդյունքը, այնուամենայնիվ կարելի էր համարել ճիշտ քայլ դեպի նպատակը։ Հատկանշական  է այն, որ «LIKES» հիմնադրամի հետազոտությունների գծով տնօրեն Թուիջա Թամմելինը, ուսումնասիրելով փորձի արդյունքները, պատմել է, որ տպավորված է, թե ինչ արագ են ֆիննական այս ծրագրերը արմատավորվում կրթական հաստատություններում: Այսպես, ուրեմն ծրագրի շրջանակում ընդամենը մի քանի տարվա ընթացքում մասնակից միջնակարգ դպրոցների թիվը 45-ից հասել է գրեթե 800-ի: 2014թ. աշնանը այս նախաձեռնությանը միացավ նաև մեր Հելսինկիի «Ռեսու» դպրոցը, այնպես որ ես էլ հնարավորություն ունեցա հետևելու այդ ամենին:

 * * *

  Մի անգամ, դեկտեմբեր ամիսն էր, կեսօրից անմիջապես հետո սովորականի նման տասնհինգրոպեանոց ընդմիջման ժամանակ դուրս եկա։ Այդ ժամանակ արդեն երկրորդ տարին էր, ինչ աշխատում էի «Ռեսու» դպրոցում և 6-րդ դասարան էի տեղափոխվում աշակերտներիս հետ՝ մնալով նրանց ուսուցիչը: Մենք վերջերս էինք միացել «ֆիննական դպրոցները շարժման մեջ» ծրագրին։ Մտածում էի՝ արդյոք ինչ-որ բան փոխվել է նրանց վարքագծում։ Գուցե իրականում ավելի քիչ են պասիվ ընդմիջում անցկացնող երեխաները, քան կարծում ենք։
Խաղադաշտում իմ 6-րդ դասարանցիներից Էմմին եւ Մարիանեն էին՝ նեոնային դեղին բաճկոններով, հայտնի խաղն էին ղեկավարում։ Նրանց շուրջը մեկ տասնյակից ավելի փոքր երեխաներ վազում էին այս ու այն կողմ։
Էմմին և Մարիանեն «ընդմիջումներն ակտիվացնողներ» էին, սա նշանակում է, որ նրանք հատուկ մարզում էին անցել և պետք է շաբաթը մեկ անգամ աշխատեին իրենց կրտսեր ընկերների՝ հիմնականում առաջին և երկրորդ դասարանցիների հետ։ Իմ՝ այնտեղ լինելուց մի քանի րոպե առաջ աղջիկներն իրենց շուրջն էին հավաքել յոթ և ութ տարեկաններին, որպեսզի որոշեն, թե ինչ են պատրաստվում խաղալու այդ օրը:
Մինչ երեխաներն ուրախ վազվզում էին մեր շուրջը զիգզագաձև, մոտեցա էմիին ու հետաքրքրվեցի.
-Արդյո՞ք կրտսեր սովորողներն ավել ակտիվ են դարձել այն պահից, երբ ընդմիջումների ժամանակ սկսել եք խաղալ այս խաղերը:
Էմմին, ունքերը վեր բարձրացրած ու գլուխը թափահարելով, ինձ նայեց այնպես, ինչպես սովորաբար փոքրերն են նայում մեծահասակներին, երբ հետաքրքրվում են ակնհայտ երևույթներով։ Դա նշան էր այն բանի, որ ես պիտի արագ հեռանամ ճանապարհից։
Շուտով պարզ դարձավ, որ Էմմիի ու Մարիանեի այդ տեսարանը, որին ես հետևում էի այդ օրը, լիովին սովորական էր։ Ամեն օր կեսօրին մի քանի «ընդմիջման ակտիվատորներ» հավաքվում էին խաղադաշտում և նմանատիպ միջոցառումներ էին անցկացնում՝ ակտիվ խաղերին ներառելով նաև փոքր երեխաներին։
Հետո այցելեցի Ֆիննական Սալո քաղաքի դպրոցներից մեկը, որը գտնվում է Հելսինկիից 100 կմ հեռավորության վրա, և տեսա, որ 6-րդ դասարանցիներն այնտեղ այդ գործընթացն այլ կերպ են կազմակերպում: Երբ դասը նոր էր ավարտվել, տեսա, թե ինչպես են տասնյակ երեխաներ հավաքվում ընդունարանում, թողնում իրենց արտահագուստն ու կոշիկները։ Բայց դասից անմիջապես հետո դուրս գալու փոխարեն, ինչպես լինում է սովորաբար, երեխաները մնացին դպրոցում և հերթով կանգնեցին մուտքի մոտ դրված սեղանի մոտ։ Յուրաքանչյուր երեխա իր մոտ ուներ թղթի մի կտոր, որը  աշխատանքային քարտի չափ էր: Ինչպես պարզվեց, սրանք «անձնագրեր» էին, որոնք երեխաներին իրավունք էին տալիս ընդմիջումների ժամանակ մարզական սարքավորումներ վարձակալել:
Շուտով երկու ավագ աշակերտներ նստեցին սեղանի շուրջ, սեղանի ներքևի դարակը բացեցին, որի բանալին վերցրել էին ուսուցչի սենյակից և կանչեցին առաջին երեխային՝ մի շիկահեր տղայի:
— Դե, ի՞նչ կարող եմ քեզ տալ,- ավագ աշակերտը բարձրաձայն հարցրեց՝ վերցնելով նրա «անձնագիրը»:
 Տղան ընտրեց բասկետբոլի գնդակը և ուրախությամբ վազեց փողոց: Նրան հետևեց կլոր դեմքով, սևահեր աղջիկը՝ խնդրելով ցատկապարանը: Եվ այսպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչև նվազեց ակտիվ երեխաների հերթը:
 Ինձ հետաքրքրեց՝ արդյոք կառավարության փորձնական այս ծրագիրն այստեղ այնքան հաջողված է, որքան մեր Հելսինկիի դպրոցում: Ուստի մոտեցա և հարցրի ավագ աշակերտներին, թե նրանք նկատել են, որ իրենց դպրոցի երեխաներն այժմ ավելի ակտիվ են ընդմիջումների ժամանակ։ Բնականաբար, նրանք դրական պատասխան տվեցին։
Բայց նույնիսկ այդ հանգամանքը ինձ չհամոզեց՝ ծրագրի լայնամասշտաբ արդյունավետության հետ կապված: Այո՛, ես ինքս էլ տեսնում էի, որ տարրական դասարանների աշակերտներն այժմ ակտիվ են ընդմիջումների ժամանակ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեծերի մասին: Չէ՞ որ փորձարկումները ցույց են տվել, որ պասիվ ապրելակերպի հանդեպ հակվածությունը տարիքի հետ անընդհատ աճում է:
Բացի դա, համաձայն վերջին ուսումնասիրությունների, յոթից իններորդ դասարանների սովորողների միայն մեկ երրորդն է ֆիզիկապես ավելի ակտիվ դարձել՝ ծրագրին մասնակցելով հանդերձ։ Որոշեցի զրուցել ֆիզիկական կրթության ուսուցչի հետ, որ համակարգել էր այդ ծրագիրը մեր դպրոցում: Թեև նրան դուր էր եկել այսպես ասած նման «ակտիվացնողների» աշխատանքը՝ հանձինս Էմմիի և Մարիանեի, այնուամենայնիվ զգում էր, որ անհրաժեշտ է ինչ-որ կերպ ազդել նաև մեծ սովորողների վրա, և նա պատրաստի  ծրագիր ուներ: Որոշվեց, որ դպրոցը կանցնի նոր գրաֆիկի, որպեսզի սովորողներին հնարավորություն ընձեռվի զբաղվելու իրենց համար առավել գրավիչ ֆիզիկական վարժություններով: Կարճ ընդմիջումների փոխարեն երեխաներին ամեն օր առաջարկում էին առնվազն կեսժամանոց ընդմիջումներ, որը հատկապես օգտակար էր յոթից իններորդ դասարանցիների համար, նրանք արդեն մեծ էին մանկական խաղերի համար և անհրաժեշտ ֆիզիկական ակտիվություն ձեռք բերելու համար նրանց տարիքին համապատասխան բան էր պետք:
Շնորհիվ այս նոր մոդելի՝ մեծ սովորողները հնարավորություն ունեն օրվա ընթացքում իրենց համար հարմար տարբերակներ գտնելու, օրինակ՝ յոգա, պիլատես, ֆլորբոլ կամ մարմնամարզություն: Այժմ երեխաները կարող էին իրականություն դարձնել իրենց երազանքները։ Հետաքրքիր է, որ ֆիննական դպրոցներում դասապրոցեսները համակարգվում ու իրականացվում են հենց սովորողների կողմից, և դա արվում է նպատակային: Այս երկրում փաստորեն երեխաներին խրախուսում են, որ պատասխանատվություն վերցնեն իրենց վրա, ապա հնարավորություն է տրվում նոր մտքեր արտահայտելու, ու նաև տեղ ու ժամանակ են տրամադրում, որպեսզի նրանք անեն այն, ինչ իրենց իսկապես հետաքրքրում է։
Սակայն այս մոդելը ոչ միայն ընդգծում է աշակերտներին ընտրության ազատություն տալու կարևորությունը, այլ նաև ցույց է տալիս, որ ֆիզիկական ակտիվությունը անհրաժեշտ է ոչ միայն ընդմիջումների և ֆիզիկական կրթության դասերի ժամանակ, այլ նաև, ինչպես պարզվեց, դասարանում:
Երբ Ռեսուն միացավ «Ֆիննական դպրոցները շարժման մեջ» ծրագրին, ծրագրի կոորդինատորները առաջարկեցին տարբեր ռազմավարություններ, որոնք թույլ կտային աշակերտներին ավելի ակտիվ լինել դասերի ժամանակ. «լիցքավորիչների» ներմուծումը (կարճ ընդմիջումները, երբ երեխաները կարող են վեր կենալ իրենց տեղերից հենց դասի կեսին ու շարժվել), ոտքի վրա կատարել առաջադրանքները, և սովորական աթոռները փոխարինել ֆիթբոլի աթոռներով, որ սովորեն ու միաժամանակ կարողանան մարզվել։
Այս աշնանից ես սկսեցի փնտրել նոր ճանապարհներ՝ դասերի ընթացքում սովորողների ակտիվությունը մեծացնելու համար։ Օրինակ՝ փորձարկեցի մի ռազմավարություն, որն առաջ էի քաշել դեռևս Ամերիկայում․ այն անվանել եմ «Ակտիվ զբոսանք պատկերասրահում»: Այս մեթոդի շնորհիվ երեխաները  դասերի ընթացքում շարժվում են, սակայն չեն շեղվում ու մնում են ուշադիր և կենտրոնացած:
Ես երախտապարտ եմ այս հայտնագործությանը, որը մերժում է ուսուցման չափազանց ավանդական մեթոդները։ Ինչպես նկատել եմ և ընդունված է, սովորողներն իրենց աշխատանքները ներկայացնելիս բավականին պասիվ են լինում․ նրանք դասարանի առջև կանգնում են պաստառով և պարզապես վերարտադրում են այն նյութը, որը սովորել են: Իմ կարծիքով սա ոչ միայն ժամանակատար է, այլև անարդյունավետ: Պարզապես նստել ու շատ ելույթներ լսելը, կարծում եմ, երբեմն կարող է ձանձրալի լինել, այդ թվում նաև ուսուցչի համար։ Կարևոր չէ, թե սովորողները տվյալ դեպքում որքան հմտորեն են ներկայացնում իրենց աշխատանքը։ Ահա,թե ինչպիսին է «Ակտիվ զբոսանք պատկերասրահում» մեթոդը. սովորողներն իրենց աշխատանքները (պաստառները) փակցնում են դասարանի կամ միջանցքի պատերին այնպես, կարծես թե ներկայացնում են իրենց աշխատանքները արվեստի ցուցահանդեսում։ Յուրաքանչյուր աշխատանք համարակալված է լինում, և երեխաները հերթականությամբ շրջում են մի «էսքիզից» մյուսը՝ ուշադիր ուսումնասիրելով յուրաքանչյուր նկարը մեկ-երկու րոպե: Որպեսզի գործընթացն ավելի իմաստալից լինի, նրանք անպայման յուրաքանչյուր աշխատանքի վերաբերյալ թողնում են գրավոր մեկնաբանություն: Դասի մեկնարկից առաջ երեխաներին տալիս եմ երկու գույների կպչուն պիտակներ. մեկը հեղինակին ուղղված հարցերի համար է, իսկ երկրորդը, որ աշակերտներն իրենց մեկնաբանությունները գրեն: Այնուհետև երեխաները պատերից արագ հանում են աշխատանքները և վերադառնում իրենց գրասեղանների մոտ, որտեղ մեծ ուշադրությամբ ուսումնասիրում են դասընկերների թողած մեկնաբանությունները։ Իհարկե, ես նրանց ժամանակ եմ տալիս դրա համար։ Ինձ հիացնում է այն փաստը, որ  հեղինակները միշտ փորձում են վերանայել ու ավելի լավը դարձնել իրենց աշխատանքները՝ առանց իմ միջամտության:

* * *

 Ֆինլանդացի աշակերտներիս հետ այսպիսի «ակտիվ զբոսանքներ պատկերասրահում»-ից մեկի ժամանակ, երբ նայեցի ժամացույցիս, զարմացա, թե որքան արագ է ժամանակը թռչում: Թվում էր, թե նոր-նոր էինք սկսել, բայց արդեն անցել էր 20 րոպե: Երբ ես բացականչեցի.
-Այո՜․․․
 Էմմին շրջվեց դեպի ինձ և հարցրեց, թե ինչն է ինձ այդքան զարմացրել։ եվ երբ ցույց տվեցի աղջկան ժամացույցը, նա առավել զարմացավ, քան ես։ Մենք եկանք այն եզրակացության, որ դպրոցում էլ դասապրոցեսը հենց այդպես պետք է ընթանա։
Մեկ ուրիշ սովորող՝ Յուկան, մոտեցավ «պատկերասրահում շրջայց»-ից հետո, ողջույնի նման խփեց ափիս և շնորհակալություն հայտնեց դասի համար։ Հասկացա, որ սա երախտապարտ լինելու ժեստ էր, կարծես թե նրան ու դասընկերներին անսպասելի նվեր էի մատուցել՝ նման դաս կազմակերպելով։ Ուսուցչի պարտականությունն է ակտիվ ուսուցանելը և հետաքրքիր դասեր անցկացնելը, քանի որ բոլոր աշակերտներն են արժանի դրան:
«Ֆիննական դպրոցները շարժման մեջ» ծրագիրն օգնեց ինձ հասկանալու, որ ինչպես Ամերիկայի, այնպես էլ ամբողջ աշխարհի դպրոցներում կարելի է բարձրացնել  երեխաների ֆիզիկական ակտիվությունը՝ հնարավորություն տալով սովորողներին դրսևորելու իրենց և խրախուսելով ուսուցիչներին ստեղծագործական մտածելակերպ ունենալու և միջոցներ գտնելու համար, որպեսզի դասերի ընթացքում տղաներն ու աղջիկները շարժի մեջ լինեն:
Նման բան կարելի է կազմակերպել ցանկացած տարիքի դպրոցականների համար։ Ահա մի քանի մտքեր, որոնք կխրախուսեն երեխաներին ավելի ակտիվ դառնալու ֆիզիկապես և ավելի քիչ ժամանակ անցկացնելու նստած: Ես դրանք մասամբ վերցրել եմ «Ֆիննական դպրոցները շարժման մեջ» պետական ծրագրի կայքից:

• Փնտրե՛ք բնական տարբերակներ՝ երեխաներին դասերի ժամանակ ակտիվ պահելու համար: Եթե դուք տարրական դպրոցի ուսուցիչ եք և բարձրաձայն որևէ գիրք եք  կարդում, կարող եք խնդրել սովորողներին ոտքի կանգնել և տեքստից մի հատված էլ իրենք կարդան։ Օրինակ, երբ Հելսինկիում դասավանդման երկրորդ տարում կարդում էին «Չարլին եւ շոկոլադի գործարանը», երեխաները սկսեցին պարել «Oompa Loompa»–ի երգի ներքո։ Երեխաներին դա շատ դուր եկավ, քանի որ նրանք հնարավորություն ունեցան շարժվելու և ձգվելու: Ավելի մեծ սովորողների համար կարող եք կազմակերպել այլ բան, ասենք՝ «հռետորի անկյուն». աթոռներն ու սեղանները տեղափոխել պատերին մոտ և դասասենյակի մեջտեղում կանգնած բանավեճ անցկացնել, ակտիվորեն քննարկել այն թեման, որն այդ պահին ուսումնասիրում եք:

 •Նկատած կլինեք, որ սովորողները, չնայած ձեր մեծ ջանքերին, երկար ժամանակ նստած դասը  լսելուց հետո դառնում են քնկոտ: Նման դեպքերում ակնհայտ է, որ նրանց ակտիվացնելու կարիք կա։ Կարելի է հայտարարել մարմնամարզական ընդմիջում. 20 անգամ ցատկ՝ «ոտքերը իրարից հեռու» ծափ տալով կամ 20 վայրկյան վազք տեղում։

 • Նախադպրոցական տարիքի ուսուցիչները կարող են օգնություն խնդրել մեծ երեխաներից և իրենց դասարանին նշանակել «ընդմիջումն ակտիվացնողներ», ովքեր հերթով կհերթապահեն խաղադաշտում, ինչպես իմ ֆինն ուսանողներ Էմմին և Մարիանեն: Թերևս ոմանք թերահավատորեն կմոտենան այս գաղափարիս, սակայն Հելսինկիում աշխատելուս ընթացքում ես սեփական փորձից հասկացա, որ եթե երեխաներին ամեն օր հետաքրքիր բացօթյա խաղերի հնարավորություն տանք, ապա նրանք շատ ավելի ակտիվ կլինեն խաղադաշտում: Սակայն հիշեք, որ նախ պետք է պատրաստել «ակտիվացնողներին», այնուհետև կազմե՜ք խաղերի ցուցակ, որոնք ավագ ակտիվիստները կսովորեցնեն ու կաշխատեն փոքրերի հետ: Առաջին փուլում, մինչև «ակտիվատորները» հարմարվեն իրենց նոր դերին, դուք պետք է վերահսկեք նրանց և տրամադրեք ամեն տեսակի օգնություն:

• Հիշում եմ` երբ Մասաչուսեթսում դասավանդում էի առաջին և երկրորդ դասարաններում, ունեի մի աշակերտ՝ կարճ, նիհար տղա, ով պարզապես չէր կարողանում հանգիստ նստել: Թվում էր՝ ամեն անգամ, երբ նա պետք է նստի իր գրասեղանի մոտ և ինքնուրույն աշխատանք կատարի, ցանկություն է ունենում ոտքի կանգնելու: Ի վերջո, ես թույլ տվեցի կանգնած աշխատել, և դրանից նրա գիտելիքն ու աշխատելու որակը չվնասվեցին։ Այո՜, իհարկե, շատ կարևոր է, որ հատկապես տարրական դասարաններում սովորողները ձեռք բերեն լավ ձեռագիր և ճիշտ կեցվածք: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պակաս արժեքավոր չէ նրանց ազատություն տալը, ազատ շարժվելը դասարանով մեկ։ Ես լսել եմ, որ այժմ որոշ դպրոցներ գնում են հատուկ գրասեղաններ, որոնց շուրջ դուք կարող եք կանգնած էլ աշխատել: Ինձ թվում է՝ սա խնդրի լավագույն լուծումն է: Բայց էլ անհրաժեշտ չէ շատ գումար ծախսել թանկարժեք սարքավորումների գնման վրա. դուք կարող եք պարզապես թույլ տալ նրանց որոշ ժամանակ կանգնած կարդալ գրքեր կամ տալ երեխաներին թղթապանակներ և պլանշետներ, որպեսզի նրանք կարողանան կատարել առաջադրանքները՝ լինելով դասարանի տարբեր մասերում:

Թարգմանիչ՝ Արևիկ Մուրադյան

One thought on “Ֆիննական կրթական համակարգը․ գլուխ 1”
  1. Ֆիզիկական ակտիվությունը ֆիննական կրթական համակարգի կարևոր տարր է, և Թիմոթի Ուոքերը մանրամասնորեն լուսաբանում է թեման իր “Դասավանդիր, ինչպես Ֆինլանդիան”գրքում: Նա նշում է, որ կանոնավոր և մտածված ֆիզիկական գործունեությունը առանցքային դեր է խաղում ֆիննական սովորողների բարեկեցության և ակադեմիական հաջողության մեջ:
    Ֆինլանդիայի դպրոցականները դասերի միջև կանոնավոր բացօթյա ընդմիջումներ ունեն: Յուրաքանչյուր 45 րոպե դասերին հաջորդում են 15 րոպեանոց ընդմիջումներ, որոնց ընթացքում երեխաները կարող են դուրս գալ , մաքուր օդ շնչել և խաղալ:
    Այս ընդմիջումները օգնում են վերականգնել կենտրոնացումը և բարձրացնել արտադրողականությունը դասարանում: Աշակերտները սպորտով զբաղվում են ոչ միայն ֆիզկուլտուրայի դասերին, այլև ամբողջ ուսումնական օրվա ընթացքում ։
    Արտադպրոցական մարզական միջոցառումները և խմբակները նույնպես կարևոր դեր են խաղում դպրոցականների առօրյա կյանքում:
    Ուսուցիչները ակտիվորեն ներդնում են շարժումը ուսումնական գործընթացում: Օրինակ ՝ դասերին կարող են խաղալ բացօթյա խաղեր, կատարել վարժություններ կամ առաջադրանքներ, որոնք պահանջում են ֆիզիկական ակտիվություն:
    Այն օգնում է պահպանել սովորողների հետաքրքրությունն ու ուշադրությունը ՝ ուսուցումը դարձնելով ավելի դինամիկ և զվարճալի:
    Ֆիննական դպրոցներն ակտիվորեն քարոզում են առողջ ապրելակերպ ։ Աշակերտներին պատմում են ֆիզիկական ակտիվության, ճիշտ սնվելու և իրենց առողջության մասին հոգ տանելու կարևորության մասին:
    Դպրոցի ուսուցիչներն ու աշխատակիցները օրինակ են ծառայում ՝ մասնակցելով սպորտային միջոցառումներին և ցուցադրելով ակտիվ ապրելակերպ:
    Թիմոթի Ուոքերը իր գրքում բերում է բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է ֆիզիկական ակտիվությունը դրականորեն ազդում ֆինն աշակերտների վրա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով