Հերոսական սեր
Եթե այն դաժան քառասունական թվականներին որևէ մեկը հարցներ Վարվառա Վարդիաշվիլուն, թե նա ինչպես է սիրում երեխաներին, ես համոզված եմ՝ նա չէր պատասխանի՝ «Շատ եմ սիրում»։ Նա պարզապես կժպտար ու կթոթվեր ուսերը։ Բայց նա իր բոլոր աշակերտներին հերոսաբար էր սիրում։
Մի անգամ ևս պատմեմ այդ պատմությունը, որ ինքս էլ հասկանամ Ուսուցչի Հերոսական Սիրո էությունը։
Յոթերորդ դասարանի սեպտեմբերի մեկի օրը նա մեզ ասաց․
-Գուցե դա հեշտ չի լինի, բայց թող ձեզանից յուրաքանչյուրը ձեռք բերի Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը» պոեմը։ Ռուսթավելու գիրքը ձեռք բերելն այն ժամանակ իսկապես դժվար էր։ Ես այցելեցի մեր բոլոր հարևաններին, մայրիկը եղավ մեր բոլոր ծանոթների տներում, և երբ ես արդեն հուսահատվել էի, մեր տուն եկավ իմ համադասարանցին ու ասաց, որ ինքը երկու օրինակ գտել է ու կարող է մեկը ինձ տալ։ Ես անմիջապես սկսեցի թերթել գիրքը՝ կարդալով առանձին գլուխներ։ Հաջորդ դասին մեր ուսուցչուհին հետաքրքրությամբ լսեց յուրաքանչյուրիս, թե ինչ ձևով, որտեղ, ում մոտից ենք գտել, ձեռք բերել Ռուսթավելու պոեմը, որ թվականի հրատարակություն է այն, ում կողմից է հրատարակվել և այլն, իսկ հետո առաջարկեց գրել այդ մասին։
-Եկեք չմոռանանք, թե ձեզանից յուրաքնչյուրն ինչ դժվարությամբ ձեռք բերեց «Վագրենավորը»․․․ Իսկ հետո տեղի ունեցավ հետևյալը․ ամբողջ տարվա ընթացքում, իսկ դա 1946-1947 ուսումնական տարին էր, մենք ուսումնասիրում էինք պոեմը։ Կարդում էինք, վերընթերցում, մտորում, հետազոտում, բերանացի սովորում որոշ գլուխներ, գրում շարադրություններ, էսսե, հոդվածներ, դուրս գրում իմաստուն մտքերը, իմաստավորում հերոսների հոգևոր-բարոյական կերպարը, ջանում էինք հասկանալ Ռուսթավելու փիլիսոփայությունը։ Մի խոսքով՝ մեր դասարանը վերածվել էր ստեղծագործական լաբորատորիայի, և մեզանից յուրաքնչյուրը դարձել էր ռուսթավելիագետ։ Ռուսթավելուն նվիրված դասերը ոչ մի շտամպ չունեին, դրանք նման չէին ոչ մի ուրիշ դասի։ Մենք շտապում էինք այդ դասերին, և շատ բան անում էինք դասերից հետո։ Մենք ապրում էինք պոեմով, հանճարեղ պոետի մտքերով, նրա հերոսների կյանքով։ Մենք հպարտանում էինք, որ վրացիները «Վագրենավոր» ունեն։
Ինչո՞վ էր արտահայտվում Ուսուցչի Հերոսական Սերը մեր հանդեպ։
Ահա թե ինչով։ Յոթերորդ դասարանում, ինչպես հասկացա հետո՝ ասպիրանտ եղածս ժամանակ, մենք պետք է սովորեինք ստեղծագործություններ կուսակցության, առաջնորդների, սոցիալիստական ռեալիզմի մասին։ Այն ժամանակվա դպրոցական ծրագրերն ասես կուսակցական փաստաթղթեր լինեին, և ոչ մի ուսուցիչ իրավունք չուներ նրանցից շեղվելու։ Այդպիսի գործունեությունը մեծ վտանգների հետ էր կապված։ Եթե կուսակցական օրգաններում իմանային, թե ինչով էր զբաղված մեզ հետ մեր ուսուցչուհին, նա անմիջապես կհեռացվեր դպրոցից, նա պարզապես կանհետանար, և չէին փրկի ո՛չ Լենինի երկու շքանշանները, ո՛չ էլ վաստակավոր ուսուցչուհու կոչումը։ Կուսակցությունը կատակ չէր անում այդպիսի դրսևորումների հետ։
Ինչո՞ւ էր Վարվառա Վարդիաշվիլին դա անում։
Միայն տասնամյակներ անց ես բացահայտեցի այդ գաղտնիքն ինձ համար։ Դա մի քանի բաղադրիչ ունի։
Նախ՝ նա մեզ հերոսներ էր դաստիարակում, դրա համար անհրաժեշտ էր, որ ինքը հերոսական արարք կատարեր և այն թողներ մեր հիշողության մեջ։ Նա գիտեր, որ բարի հիշողությունը կենդանի դաստիարակ է մարդու համար։
Երկրորդ՝ «Վագրենավորը» կարելի է համարել Հինգերորդ Կտակարան վրացու համար։ Պոեմը կրում է ժողովրդի հոգևոր-բարոյական կյանքի կոդեքսը։ Նրանում միաձուլվում են հավատն Արարչի հանդեպ, վեհասքանչ Սիրո պաշտամունքը, Նվիրվածության պաշտամունքը, Ասպետականության պաշտամունքը, Ճշմարտության պաշտամունքը, Բարու պաշտամունքը։ Վրացին, որ դաստիարկված ու ներծծված է պոեմի գաղափարներով, պիտի ունենա Երկրից մինչև Երկինք ձգվող գիտակցություն, նա թույլ չի տա իր մեջ չարություն ու դավաճանություն, նրա վերաբերմունքը սրտահույզ կլինի կնոջ հանդեպ, նա իր մեջ կփնտրի մարդկայնության լավագույն որակները։
Երրորդ՝ նա կհասկանա, թե ինչպիսի վսեմ մշակույթի ժառանգորդ է ինքը, կպահպանի ու կբազմապատկի այդ մշակույթը, կտանի այն իբրև ընծա այլ ժողովուրդների։ Թող հպարտանա նա, որ իր Հայրենիքը Ռուսթավելու՝ համաշխարհային հանճարի Հայրենիքն է։
Չորրորդ՝ «Վագրենավորը» մարդու սիրտն ու գիտակցությունը լցնում է ազնվագույն իմաստնությամբ, նրան դարձնում է խելացի, հոգատար, ազնիվ, խիզախ, օգնում է նրան զարգացնելու իր մեջ վսեմ աշխարհայացքային հիմք։
Դա իր աշակերտների հանդեպ Ուսուցչի Մեծ, Հերոսական Սիրո բարձրագույն դրսևորում է։ Եվ երբ որևէ ժամանակակից ուսուցիչ ասում է․ «Երեխաներին սիրում եմ, բայց ծրագիր (իհարկե, եթե դա իսկապես պետք է փոխել) փոխել ինձ թույլ չեն տա», ես հիշում եմ իմ ուսուցչուհուն և տխրում։ Վախկոտ ուսուցիչը չի կարող սիրել երեխաներին, քանի որ ցանկացած վտանգի դեպքում կդավաճանի նրանց։ Նրա սերը կեղծիք կլինի, իսկ երեխաները զգում են սուտը, կեղծիքը իրենց ուսուցիչների գործունեության մեջ։ Նրանք այդպիսի ուսուցչի չեն սիրի։
Մաթեմատիկայի և բանաստեղծությունների տետր
Վարվառա Վարդիաշվիլու ազդեցությունը համադասարանցիներիս վրա շատ մեծ էր․ մենք ազնվացել էինք։ Բայց մեզ վրա ազդում էին նաև մյուս ուսուցիչները, որոնց մեծամասնությունը շարունակում էր մնալ ուժային մոտեցումների, հրամանների և բռնադատման հետևորդը։ Նրանից հետո, ինչ մենք մեզ համար բացահայտեցինք ուսուցչական սերն ու ոգեշնչող փոխհարաբերությունները, մյուս ուսուցիչների դասերը և մեզ հետ նրանց շփումը ավելի շատ էր գրգռում մեզ։ Դրա համար էլ տղաները հաճախ էին փախչում դասերից, խանգարում դրանք։ «Վագրենավորի» ազդեցության տակ ես անգամ մի ամբողջ պոեմ էի գրել «Գովք թռնումի» (թռնում-ը թռչել բառից է, այդ ժարգոնը նշանակում էր փախուստ դասերից)։ Համադասարանցիներս հոգացին ձեռագիր տարբերակը բազմացնելու համար, և պոեմն ամբողջ դպրոցով տարածվեց. այն կարդում էին յոթից մինչև տասնմեկերորդ դասարանցիները, ծիծաղում էին, զվարճանում։ Այն շատերին էր ոգևորում նույնպես դասերից փախչելու։ Ուսուցիչներն ինչ-որ բան գիտեին իմ գրածի մասին, բայց դա նրանց ոչ ոք ցույց չէր տվել, քանի որ վտանգավոր էր․ նրանում որոշ ուսուցիչներ ծաղրանքի էին ենթարկվել։
Մի անգամ Վարո մորաքույրը ինձ կանչեց իր մոտ ու հարցրեց․
-Դու ինչ-որ բա՞ն ես ինձնից թաքցնում։
Ես կարմրեցի։
-Ես վաղը ձեզ կտամ․․․- ասացի։
Այդ գիշեր ես ու ընկերներս շատ ջանացինք․ գրամեքենայով տպեցինք պոեմը (այն շատ երկար էր․ տասը պատմությունից էր բաղկացած) մի քանի նկարներ արեցինք, կարեցինք ինչպես գրքին է վայել, և հաջորդ առավոտ մեր խումբը (հեղինակ, խմբագիր, նկարիչ, սրբագրիչ) այն ներկայացրեց ուսուցչուհուն։
Նա պոեմը ուսուցիչներից ոչ մեկին ցույց չտվեց։ Բայց, որքան գիտեմ, մանկխորի ժամանակ քննարկվել էր, թե ինչպես կասեցնել աշակերտների՝ դասերից փախուստը։ Շատերը առաջարկել էին խստացնել կանոնները, պատժել կազմակերպիչներին, որևէ մեկին հեռացնել կոմերիտմիությունից (վախեցնել, համենայն դեպս, կազմակերպությունից հեռացնելու), ծնողական ժողովներ հրավիրել և պահանջել ծնողներից հետևել իրենց երեխաներին։
Իսկ ովքե՞ր էին ծնողները։
Հիմնականում մայրիկներ և տատիկներ, քանի որ հայրերը կաʹմ զոհվել էին ռազմաճակատում, կաʹմ դեռ չէին վերադարձել, կաʹմ էլ հաշմանդամ էին վերադարձել։
Մեզ լուրեր հասան, որ Վարվառա Վարդիաշվիլին և էլի երկու ուսուցիչ պաշտպանել են մեզ և խորհուրդ տվել գործընկերներին փոխել վերաբերմունքն իրենց աշակերտների հանդեպ, մտածել, թե ինչպես ցրել ձանձրույթը դասերից։ Բայց այն ժամանակ այդպիսի գաղափարները ոչմանկավարժական էին համարվում։
Յոթերորդ դասարանում իմ կյանքում ևս մի ուրախալի իրադարձություն տեղի ունեցավ։ Մեզ մոտ մաթեմատիկայի նոր ուսուցիչ եկավ։ Նա ծեր էր և վաղուց էր աշխատում դպրոցում, բայց եկավ մեր դասարան այն բանից հետո, երբ նախորդը մեզ հավաքել չկարողացավ և թողեց դպրոցը։ Նրան փոխարինեց հայտնի ուսուցչուհի Թամարա Ղազախաշվիլին։ Մեզ հայտնի էր, որ Վարվառա Վարդիաշվիլին և Թամարա Ղազախաշվիլին ընկերուհիներ են։ Դրա համար էլ Մորաքույր Վարոյի հանդեպ սերը տարածվեց նաև մաթեմատիկայի ուսուցչի վրա։ Իսկ իմ կյանքի իրադարձությունն այն էր, որ մաթեմատիկան հանկարծ դարձավ հասանելի ինձ, և ես անգամ զեկուցում գրեցի իռացիոնալ թվերի մասին։ Ես տետր առանձնացրի «մաթեմատիկայի և բանաստեղծությունների համար»։ Իսկ ուսուցչուհին գովեց ինձ։ «Ինչ հետաքրքիր է քո տետրն ուղղելը, — ասաց նա ինձ, — այդպես առաջին անգամն է իմ կյանքում»։ Ես սովորեցի լուծել առաջադրանքերը և օրինակները, ու հայտնվեցին մաթեմատիկայից առաջին հինգերը։ Մի տարի առաջ ես երազել անգամ չէի կարող դրա մասին։
Սիրիʹր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ
Սիրելի ուսուցչի դասերին մենք այնպիսի ստեղծագործություններ էինք քննարկում և այնպիսի մեթոդներով, որ փոխվում էր մեր վերաբերմունքը մեր և շրջապատի հանդեպ։ Բացի այդ ամեն ինչ կառուցվում էր «Ընձենավորի» գաղափարների հիման վրա․ այդ պոեմը մեր հոգևոր-բարոյական որոնումների հիմքն էր։ Եվ դասարանում էին փոփոխություններ տեղի ունենում․ դրանք դանդաղ էին լինում, բայց նկատելի էին․ ամենահուսահատները հանգստացել էին, հետ մնացողները՝ ձգվել, անտաշները փափկել էին։
Իններորդ, տասներորդ, տասնմեկերորդ դասարաններում մենք այն աստիճան էինք աճել, որ մեզ գովում էին և մեզանով զարմանում։ Ուսուցիչների հետ համերաշխություն էր հաստատվել։
Կարծում եմ՝ դրանում մեծ ազդեցություն էին ունեցել Մորաքույր Վարոյի վստահելի զրույցները։ Մի կողմից նա հավանաբար ուզում էր հասանելի դարձնել մեզ քրիստոնեական պատվիրանը՝ «Սիրիʹր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ»։ Մյուս կողմից, ասես խոսքի բերմամբ, նա պատմում էր մեր որոշ ուսուցիչների ճակատագրի մասին, որոնց հետ մենք մշտապես բախվում էինք, և որոնք չէին կարողանում մեզ հետ վարվել ավտորիտարիզմի ավանդաբար հաստատված սկզբունքներով։ Նա գիտեր, որ այդ ուսուցիչները չեն փոխվի, ուրեմն հարկավոր է փոխել մեր վերաբերմունքը նրանց նկատմամբ։
Նա մեզ հետ խոսք էր բացել տրամաբանության և հոգեբանության ուսուցչուհու մասին, ում մենք «Վհուկ» էինք ասում։ Վախենում էինք և չարացնում էինք նրան։ Երբեմն նա դասարանից իրեն կորցրած դուրս էր փախչում։ Մենք իմացանք, որ 30-ական թվականներին «Վհուկին» ամուսնու և որդու հետ բռնադատել էին, աքսորել նրանց տարբեր ճամբարներ։ Նա հինգ տարի շարունակ ոչինչ չէր իմացել ամուսնու և որդու մասին։ Ինքնասպանության եզրին էր հասել։ Պատերազմի նախօրեին նրան ազատել էին։ Երկար ժամանակ անգործ էր եղել։ Վերջապես նրան ընդունել էին մեր դպրոց որպես տրամաբանության և հոգեբանության ուսուցչուհի, իսկ մասնագիտությամբ նա աշխարհագրագետ էր։ Բայց կարողացել էր յուրացնել նոր գիտությունը և հրաշալի մասնագետ դառնալ։ Երկու տարի առաջ իմացել էր, որ ամուսնուն գնդակահարել են։ Իսկ որդու մասին դեռ ոչինչ հայտնի չէր։ Նա մենակ էր։ Նրա միակ սփոփանքը դպրոցն էր։ Նրա մեջ շատ սեր ու իմաստնություն կար, բայց չէր կարողանում դրսևորել․․․
Այդ պատմությունը հուզեց մեզ։ Մենք Մորաքույր Վարոյին շատ հարցեր տվեցինք, և նա խնդրեց մեզ․ խնայեք նրան ու օգնեք, հնարավորություն տվենք նրան՝ զգալու ձեր սերը։
Տրամաբանության և հոգեբանության ուսուցչուհու հանդեպ մեր վերաբերմունքը փոխվեց․ ուշադիր էինք լսում, ջանասիրաբար սովորում, հարցեր տալիս, կարեկցանքով և հարգանքով էինք վերաբերվում։ Ընդհանուր առմամբ՝ դրսևորում էինք նրա հանդեպ սեր և ուշադրություն։ Սկզբում նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում, շարունակում էր մնալ չարակամ ու անվստահ։ Բայց ժամանակի հետ նա պայծառացավ, ժպտաց։ Իսկ մի անգամ՝ հոգեբանության դասին հիշողության մասին պատմելիս նա հանկարծ կանգ առավ, նստեց աթոռին, ձեռքերով փակեց դեմքը և սկսեց լաց լինել։ Մենք լուռ շրջապատեցինք նրան, ինչ-որ մեկը գրկեց նրա ցնցվող, նիհար ուսերը և կարեկցանքով ասաց․ «Լաց միʹ եղեք, խնդրում եմ»․․․
Մի քանի րոպե անց նա իրեն հավաքեց, նայեց մեզ արցունքախառն աչքերով, և մենք տեսանք անօգնական մարդուն, որ իր մեջ մեծ ցավ էր կրում։ Գուցե մեզանից շատերը հենց այդ ժամանակ առաջին անգամ զգացին սեր ծնող մարդկային խիղճը։ Նա իր երկու ձեռքերով բռնեց իր ուսերը գրկողի ձեռքը և հպելով շուրթերին՝ համբուրեց ու ասաց․ «Նա՝ իմ որդին, ընդամենը տասնյոթ տարեկան էր․․․ Նա ոչնչով մեղավոր չէր, պարզապես տաղանդավոր էր, ինչպես դուք․․․ Ներեցեք»․․․ Եվ չսպասելով զանգին՝ դուրս եկավ դասարանից։
Մենք սիրեցինք նրան իր վշտով հանդերձ և արթնացրինք նրա մեջ պատասխան սեր ու վստահություն մեր հանդեպ։ Մենք նրա դասերին հոգեբանությունից ու տրամաբանությունից շատ բան սովորեցինք։
Մենք մեծարում ենք ֆիզիկայի ուսուցչին
Մի անգամ՝ գրականության ժամին, մենք խոսում էինք մի վեպի մասին, որ խորհուրդ էր տվել մեր ուսոցչուհին։ Վեպում խոսվում էր մի հերոսի մասին, որ անարդար ու դաժան էր։ «Ոնց որ մեր ֆիզիկոսը», — ասաց ինչ-որ մեկը։
Ֆիզիկոսը զայրույթ ու չարություն էր արթնացնում մեր մեջ։ Հնաոճ մի մարդ, որ իրեն հայտնի գիտնական էր երևակայում, պարզապես ծաղրում էր մեզ։ Մտածված ոչ մեկին գերազանց չէր դնում։ «Հինգը՝ ինձ, մնացած գնահատականները՝ ձեզ», — ասում էր նա։ Նա ափսոսում էր չորս էլ նշանակել։ Դրա համար էլ դասարանում շատ էին երեքներն ու երկուսները։ Մեզ զայրացնում էր նրա կոպտությունը, ծաղրանքը, սպառնալիքները։ Ուստի մի անգամ չէ, որ բոյկոտում էինք նրա դասերը, խանգարում դասերին, վիճում նրա հետ։ Իսկ նա, փոխանակ գլուխ հաներ, թե մենք ինչու էինք այդպես պահում մեզ, խստացնում էր միջոցները, պատժում երկուսներով, սպառնում, որ կփչացնի յուրաքանչյուրիս ատեստատը։
Ի՞նչ անես այսպիսի ուսուցչի հետ։
Մորաքույր Վարոն մեզ չէր սովորեցրել բողոքել և չէր վարժեցրել բողոքներ ու մատնություններ գրել։ Դա «Վագրենավորի» համատեքստում չէր տեղավորվում։ Նա ականջի կողքով անցկացրեց վեպի հերոսի համեմատությունը ֆիզիկայի ուսուցչի հետ և առաջարկեց այսպիսի ստեղծագործական աշխատանք․ գրողի փոխարեն վեպի մի գլուխ գրել և ցույց տալ, թե ինչպես չար ու անարդար հերոսը այնուամենայնիվ շրջապատին մի օգուտ է տալիս։ «Մտածեք՝ ինչ այդպիսի ուժ պետք է ազդի նրա վրա՝ բարեպաշտություն և ընկալունակություն դրսևորելու համար»։ Նա հանձնարարեց մեզ, որ եթե կա այդպիսի ուժ, ապա պետք է կիրառել այն ֆիզիկոսի հանդեպ։ Պարզվեց՝ վեպի գլուխների մեր տարբերակները բավական հետաքրքիր էին, և գրողը, պետք է ենթադրել, կարող էր ընտրել դրանցից մեկը՝ որպես ավարտ։
Բայց ավելի կարևոր էր այն, որ մենք արդեն հասկացանք, թե ինչպես վարվել ֆիզիկոսի հետ։ Թող որ նա լինի այնպիսին, ինչպիսին կա, իսկ մենք նրան կշրջապատենք բարեհոգությամբ, հարգանքով, ուշադրությամբ, ժպիտներով, այո՛, հետո կսովորենք ֆիզիկան մեր հնարավորությունների չափով՝ իրար օգնելով, ինչ-որ մեկը թող ավելի առաջ գնա՝ լրացուցիչ գրականություն կարդալով, հարցեր կտա նրան ֆիզիկայի խնդիրների մասին և կքննարկի դրանք․․․
Մենք մեր պայմանի տերը եղանք, և մի քանի ամիս հետո տեղի ունեցավ այն, ինչին սպասում էինք․ ֆիզիկոսը հանգստացավ, ընդունեց մեր գիտելիքները, գնահատեց մեր՝ իր հանդեպ վերաբերմունքը, դարձավ զուսպ։ Նա այդ բաների մասին չէր խոսում, պարզապես մեզ ընդառաջ էր գալիս, իսկ մենք պատրաստ էինք նրան մեծարանքով ընդունելու։
Մեզ դուր էր գալիս մեր փորձը, որով մենք ինքներս ազնվանում էինք։
Եվ ահա մի դեպք տեղի ունեցավ, որն ուսուցչին հնարավորություն տվեց մեզ հետ ընկերանալու։ Ֆիզիկայի մի խնդրի քննարկումից հետո (այն կապված էր ատոմային էներգիայի հետ) նա տեսավ, որ մեզանից ոմանք լավ պատրաստված են ֆիզիկայից։ «Կեցցե՛ք», — ասաց նա։
Այդ ժամանակ մեր ընկերներից մեկը վեր կացավ և նրան հետևյալը առաջարկեց․ «Հարգելի՛ ուսուցիչ, մենք ընդունում ենք Ձեր խորը գիտելիքները և գիտական հայտնագործությունները ֆիզիկայի բնագավառում։ Դրա համար էլ որոշել ենք սահմանել ևս երկու բարձր գնահատական՝ վեց և յոթ։ Յոթ գնահատականը մենք դնում ենք Նյուտոնին, վեցը, անկասկած, Ձեզ, իսկ մեզ թող հասնեն հինգերն ու չորսերը։ Մենք դեռ շատ բան պիտի սովորենք, որ հասնենք ձեզ»․․․
Դա ասվեց կատակի ձևով, մենք ծիծաղեցինք, ուսուցիչը՝ նույնպես։ «Լավ, — ասաց նա, — թող ձեր ասածով լինի»։
Այսպես միանգամից բարձրացան ֆիզիկայի մեր գնահատականները։
Իններորդ և տասներորդ դասարաններում ինձ չորսեր բաժին հասան, իսկ տասնմեկերորդ դասարանում՝ հինգեր։
Ուսուցչի չարությունից ինձ փրկում է ծածակաթերթիկը
Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհու հետ խնդիրը շարունակվում էր։ Ինչքան լավ բաներ կարող էր նա մեզ համար անել՝ հնարավորություն տար մեզ՝ ռուսերեն խոսելու, ողողեր մեզ ռուսական հարուստ պոեզիայով և արձակով։ Տիրապետելով վրաց գրականությանը՝ մենք կարող էինք անցկացնել ճանաչողական զուգահեռներ։ Բայց նա դա չէր անում։ Նա՝ մեր դասղեկը, մեզ չէր սիրում, չէր սիրում երեխաներին։
Իմ որոշ ընկերներ ընտանեկան պայմանների շնորհիվ տիրապետում էին ռուսերեն խոսքին, ազատ կարդում էին։ Մնացածները պիտի իրենք իրենց փրկեին, և մեզանից ամեն մեկը ելք էր փնտրում։
Ինձ համար այդ ուղին անգիր անելն ու արտագրությունն էր։ Ես դժվարությամբ էի առաջ գնում, բայց ինձ երկուսներ դնել արդեն հնարավոր չէր, երեքներ՝ այո։ Հազվադեպ ես չորսեր էի ստանում, և այդ ժամանակ դա ուղղակի տոն էր։
Այդպես ես հասա ավարտական քննություններին։
Ինչպե՞ս եմ ես գրավոր աշխատանք հանձնելու։
Նա դա գիտեր և սպառնում էր․ «Քո հինգերը լաց են լինելու իմ գնահատականի առաջ»։
Ես նրան ոչ մի վատ բան չէի արել։ Չէի չարացնում, չէի բախվում նրա հետ։ Դե, ամբողջ դասարանի հետ հավասար գնում էի։ Մի՞թե դա պատճառ էր, որ չար վարվեր որևէ աշակերտի հետ։ Ասել, թե նա վրեժ էր լուծում ինձնից, անազնիվ կլիներ․ ինչի՞ համար վրեժ լուծել, եթե պատճառ չկար։ Ստացվում է, որ նա պարզապես չար էր և բավականություն էր ստանում նրանից, որ ծանակում էր որևէ մեկին։ Հասկանալի է՝ ոչ միայն ինձ։
Քննության նախօրյակին, ոչ մի բանի վրա հույս չդնելով, գնացի ընկերոջս մոտ, որը շատ լավ տիրապետում էր ռուսերենին, որպեսզի որևէ բանով օգնի ինձ։ Նա իսկապես օգնեց։ «Ահա քեզ ծածկաթերթիկ, — ասաց նա, — վաղը՝ քննությանը, երիտգվարդիականների մասին թեման է լինելու։ Արագացրո՛ւ, և հինգ կստանաս»։
Որտեղի՞ց գիտեր նա նախարարության այդ գաղտնիքի մասին։ Քեռուց, որն աշխատում էր լուսավորության նախարարությունում։
Ամբողջ գիշեր ես անգիր արեցի ծածկաթերթիկը։ Մի քանի անգամ արտագրեցի։ Ջանասիրաբար հետևում էի ուղղագրությանը, կետադրությանը։ Առավոտյան ծածկաթերթիկի ամբողջ տեքստը գլխումս էր։ Եթե անգամ նախարարությունից քննության եկողները այդ թեման չհայտարարեին, ես, միևնույն է, գրելու էի այն, ինչ անգիր էի արել։
Բայց ա՛յ քեզ ուրախություն․ լուրջ արտաքինով աշխատակիցը բացում է կնիքով ամրացված փակ ծրարը, հանում թղթի կտորը, որի վրա քննության թեման է, և մեր ուսուցչուհին գրում է այն գրատախտակին։ Թեման բառ առ բառ հանընկնում է իմ ծածակաթերթիկի թեմային։ Հիմա ինձ միայն մի բան է հարկավոր․ հանգիստ գրի առնել, չսխալվել։ Եվ ես անցա այդ գործին։
Ուսուցչուհին պիտի որ ուրախանար, որ ես գրում եմ։ Բայց՝ ո՛չ։ Նա մոտենում է ինձ, գլխիս կանգնում և հետևում՝ ինչպես եմ գեղեցիկ շարում տառերն ու շարադրում բառերը։
-Ձեռքերդ ցո՛ւյց տուր, — ասում է նա։
Ցույց եմ տալիս։ Ձեռքերիս մեջ ոչինչ չկա։
-Կանգնի՛ր, դո՛ւրս արի նստարանից․․․
Նա նայում է նստարանի տակ, փնտրում ծածկաթերթիկը, չի գտնում, քանի որ այն իմ գլխում է։
-Նստի՛ր, շարունակի՛ր գրել․․․
Նստում եմ ու շարունակում գրի առնել գլխիցս։
Նա դժգոհ է։ Գնում է նախարարության ներկայացուցչի մոտ։
-Նա գրում է․․․ — ասում է։
Այսինքն՝ նա՝ վեց տարի մեզ դասավանդող ուսուցչուհին, այդ ամբողջ ընթացքում մեր դասղեկը, մատնում է ինձ իշխանության ներկայացուցչին՝ օտար մարդուն։ Ինչո՞ւ է նա դա անում։ Քննությունից հետո մենք իրար ամենայն հավանականությամբ հրաժեշտ կտանք։ Վատ է իհարկե արտագրելը, բայց եթե դա ինձ համար վերջին հնարավորությունն է, եթե արտագրելուց է կախված իմ բախտը, եթե դրանից ոչ մի վնաս չկա ոչ մեկին, և եթե ձևականությունը նույնպես պահպանված է, ապա մի՞թե ուսուցիչը չի ապրումակցում իր աշակերտին։ Դավաճանություն է այն, որ նա հիմա ինձ մատնում է։
Նախարարության տեսուչն ասում է․
-Նա ո՞վ է, — և նայում է իմ կողմը։ -Թող գրի։
-Բայց դա անհնար է․․․ Նա չգիտի․․․
-Բայց գրո՞ւմ է։
-Արտագրում է․․․
Այդ ժամանակ այդ օտար մարդը մոտենում է ինձ ու երկար հետևում, թե ինչպես եմ գրում։ Տեսնում է՝ ծածակաթերթիկ ոչ մի տեղ չկա։ Ժպտում է ինձ, գրի՛ր, ասում է և հեռանում։
Չնայած հետո ուսուցչուհիս երկար համոզում էր քննական հանձնաժողովի անդամներին, որ ես բառ անգամ չեմ կարող գրել առանց սխալի, բայց իմ աշխատանքում ոչ մի սխալ չի գտնվել, իսկ բովանդակությամբ շարադրությունը նույնպես լավն էր։ Դրա համար էլ հանձնաժողովը ստիպված էր ինձ գերազանց նշանակել։
Այդպես ես դպրոցը ոսկե մեդալով ավարտեցի։
Քսանվեց համադասարանցիներից ոսկե և արծաթե մեդալներ ստացան տասնութ շրջանավարտ։ Եվ թող ոչ ոք դրանում ուրիշ պատճառ չփնտրի, բացի երկուսից․ առաջին՝ մեր տաղանդը, երկրորդը՝ Մորաքույր Վարոի տաղանդը։ Հասունանալու համար պետք չէ պայծառատես լինել․ ինչ կպատահեր մեզ, եթե ժամանակին օգնության չհասներ Մեծ Ուսուցչական Սերը։
Իսկ ի՞նչ եղավ ոսկե մեդալս։
Արժե ասել, թե այն ինձ ինչում պետք եկավ։
Մեդալը իսկապես ոսկյա էր՝ 18,5 գրամ։ 1950 թվականին պետությունը ժլատություն չէր անում՝ գերազանց ավարտած աշակերտներին մաքուր ոսկու ձուլակտորից մեդալ շնորհելում։
1962 թվականին ես ընտրեցի իմ կյանքի ընկերոջը։ Հարսանիքին հարկավոր էր նրան նվեր անել։ Բայց մեր տանը ոչ մի թանկարժեք բան չկար, և փող էլ չկար՝ ոսկերչական խանութից ինչ-որ բան գնելու համար։ Այդ ժամանակ ես հիշեցի, որ ոսկե մեդալ ունեմ։ Մենք՝ ես ու մայրս, այն տարանք ոսկերչի մոտ և խնդրեցինք դրանից ապարանջան պատրաստել։ Սքանչելի զարդ ստացվեց։ Իմ ընտրյալը գոհ մնաց։ Միայն թե երկար տարիներ ես նրան չէի բացում գաղտնիքը, թե որտեղ է իմ դպրոցական ոսկե մեդալը։
Ես՝ արևելագիտության ֆակուլտետի ուսանող
Հարկավոր է լրջորեն հետազոտել, թե ինչու են երիտասարդ մարդիկ ընտրում մանկավարժական ֆակուլտետներ։ Բացատրությունները կարող են տարբեր լինել․ հեռանկարներ կան կարիերայի համար, ավանդական մանկավարժական ընտանիք, ունեցել է սիրելի ուսուցիչ, այլ տարբերակ չի եղել և այլն։
Բայց եթե երիտասարդ մարդն ասում է, որ սիրում է երեխաներին և դրա համար ընտրում է մանկավարժական մասնագիտությունը, պետք է ենթադրել, որ չգիտի, թե ինչի համար է պատասխանատու։ Երեխաներին սիրելը դեռ առիթ չէ մանակավարժի մասնագիտություն ընտրելու համար։ Երիտասարդ մարդը, ասենք, մանակավարժական համալսարանում ընտրում է ֆիզիկայի կամ պատմության ֆակուլտետը։ Ինչո՞ւ է դա անում։ Հենց ֆիզիկան կամ պատմությունը սիրելո՞ւ համար։ Թե՞ուզում է հենց ֆիզիկայի կամ քիմիայի ուսուցիչ դառնալ. դուր է գալիս «դասավանդման» գործընթացը։ Կամ էլ նրա համար, որ երեխաների հանդեպ սերը լավագույնս կարող է դրսևորվել այս կամ այն առարկայի «դասավանդմա՞ն» միջոցով։ Որևէ մեկը ներքուստ զգո՞ւմ է արդյոք մանկավարժ՝ ուսուցիչ, լինելու կոչումը։
Մանկավարժական մասնագիտություն ընտրել ես մտադիր չէի։ Անցնելով իմ ուսուցիչների ձեռքի տակով՝ ես ինչպե՞ս կարող էի ոգեշնչվել ու շտապել մանկավարժական համալսարան։ Դա հնարավոր չէր պատկերացնել անգամ մղձավանջային երազում։ Ես ուզում էի լրագրող դառնալ, գրել կարողանում էի, կարդացած էի, արդեն տպագրել էի բանաստեղծություններ և հոդվածներ մանկական ու պատանեկան հրատարակություններում։ Բոլորը՝ և՛ ընկերներս, և՛ մայրիկը, և՛ Մորաքույր Վարոն, իմ ընտրությունը ճիշտ ու լավ էին համարում։
Դպրոցում երկու օրով ուշացրին ատեստատների հանձնումը։ Հենց որ ստացա այն, շտապեցի Թբիլիսիի պետական համալսարան և գործերս հանձնեցի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։
Երջանիկ վերադարձա տուն․ ես ընդունված էի առանց քննությունների։ Բայց հաջորդ օրն իմ ուրախությունը մռայլվեց․ համալսարանի ընդունելության հանձնաժողովի կողմից եկան մեր տուն և հայտնեցին, որ իմ փաստաթղթերը սխալմամբ են ընդունվել, քանի որ մեդալակիրների համար հատկացված տեղերն արդեն լրացված են։ Կարելի է փաստաթղթերը հանձնել այլ ֆակուլտետ։
Եվ ահա կանգնած եմ ես Թբիլիսիի համալսարանի հսկա սրահում շփոթված, մտահոգված։ Ի՞նչ անել, ո՞ր ֆակուլտետ ընդունվել։ Խորհրդատուներ չունեմ, իսկ ինքնուրույն որոշելը դժվար է։
Ինձ է մոտենում իմ համադասարանցին։ Իմանում է իմ վիճակը և ասում․
-Ի՞նչ ես քեզ տանջում։ Լրագրող կարող ես դառնալ առանց ժուռնալիստիկայի ֆակուլտետի։ Բայց ա՛յ արևելագիտության ֆակուլտետ կա, ես հենց նոր դիմում գրեցի իրանական բանասիրության խմբի համար։ Դու էլ գործերդ այնտեղ տուր, քանի տեղ կա, ընդունելությունը սահմանափակ է։
-Դա ի՞նչ ֆակուլտետ է, — հարցնում եմ, — առաջին անգամ եմ լսում։
Նա բացատրում է, որ դա ոնց որ դիվանագիտականը, սովորում են Արևելքի լեզուներ և պատմություն։
Մի քիչ մտածելով՝ մոտենում եմ արևելագիտության ֆակուլտետի պատուհանին և փաստաթղթերս հանձնում «Իրանի պատմություն» մասնագիտությամբ։ Ինձ ընդունեցին։ Խմբում յոթ հոգի էինք։ Իսկ դա 1950 թվականն էր։
Առաջին կուրսում՝ տարվա ընթացքում, պարսկերենը այնպիսի մակարդակով սովորեցի, որ կարող էի ազատ հաղորդակցվել, հանդես գալ խոսքով, վրացերեն թարգմանել Օմար Խայամի բանաստեղծությունները։Նշանակում է՝ ես լեզվական ընդունակություններ ունեի։ Ինչո՞ւ դրանից չէին օգտվում իմ դպրոցի ռուսերենի և անգլերենի ուսուցիչները։
Ճակատագրի զիգզագները
Այն ժամանակ ես չէի մտածում, որ ամեն մարդ (այդ թվում՝ նաև ես) ունի իր կոչումը, իր միսիան, որ ներքին ուժը (կոչենք այն Ճակատագիր) անշեղորեն ուղղորդելու է մարդուն և օգնելու է նրան, որ վաղ թե ուշ բացահայտի իր կյանքի իմաստը, ինչի համար որ ծնվել է այս մոլորակի վրա։
Իմ ճակատագիրն այնժամ գիտեր, որ ես ո՛չ լրագրող պիտի լինեմ, ո՛չ Իրանի պատմաբան, ո՛չ պարսկերենից թարգմանիչ, ոչ էլ դիվանագետ։ Նա գիտեր, որ ես ծնվել եմ ուսուցիչ լինելու համար և դատապարտված եմ ամբողջ կյանքում սիրելու երեխաներին։ Չնայած ես կարող էի ում ասես համոզել, որ չեմ սիրում մանակավարժի մասնագիտությունը, բայց և ճակատագրին հակադրվել նույնպես չէի կարող, որովհետև հենց ինքը՝ կյանքն էր պարտադրում ենթարկվել նրա կամքին։
Առաջին կուրսից ես հասկացա, որ պարտավոր եմ ինչ-որ կերպ օգնել մայրիկին։ Եվ չնայած իմ ամբողջ թոշակը ես տուն էի բերում, այնուամենայնիվ լիովին զգում էի, որ այն քիչ է։
Ինչպե՞ս անեի, որ սովորեի համալսարանում և փող վաստակեի ընտանիքի համար։
Եվ ահա մեզ հայտնեցին, որ երկրորդ կուրսից դասախոսությունները անցկացվելու են երեկոյան ժամերին՝ լսարանների պակասության պատճառով։ Ես օգտվեցի դրանից և դիմեցի կոմերիտմիության շրջկոմ՝ ինձ որևէ աշխատանք տալու խնդրանքով։
-Ի՞նչ աշխատանք, — հարցրին ինձ։
-Կարելի է բանվորի, ինչ որ կա, — պատասխանեցի ես։
Այդ ժամանակ բաժնի վարիչը (նա, պարզվեց, մեր հարևանուհին էր) ուսումնասիրեց ազատ աշխատատեղերի ցուցակը և ասաց ինձ․
-Պիոներ-ջոկատավար կլինե՞ս։
-Իսկ աշխատավարձը ինչքա՞ն կլինի, — հարցրի։ Ինձ համար կարևոր չէր, թե ինչ պետք է աշխատեի, միայն թե ամսական ունենայի լրացուցիչ երեսուն-քառասուն ռուբլի։ Իսկ երբ նա ասաց, որ աշխատավարձը քառասունհինգ ռուբլի է, ես անմիջապես համաձայնեցի։
Այն դպրոցի տնօրենը, որտեղ ինձ ուղարկեցին, տեսնելով ինձ, հեգնանքով քմծիծաղեց ու կարճ կապեց․
-Ես քեզ չեմ ընդունի․․․ Դու ինքդ պիոների տեսք ունես, քեզ ո՞վ կլսի։
Ես վերադարձա կոմերիտմիության շրջկոմ շփոթված ու վշտացած։
-Մի՛ անհանգստացիր, — ինձ ժպտալով՝ ասաց բաժնի վարիչը, — մի ուրիշ դպրոցում պիոներ-ջոկատավարի տեղ է ազատվել․․․ Խիզախի՛ր։
Ուզեցի հրաժարվել, բայց հիշեցի աշխատավարձի, մայրիկի մասին, որ հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։
Ուղեգիրը վերցրի և միայն փողոց դուրս գալով՝ տեսա, թե ինչ դպրոց է․․․
Դա իմ դպրոցն էր, այն դպրոցը, որ ես ավարտել էի մի տարի առաջ։
Մեծ դժկամությամբ եկա դպրոց՝ չիմանալով, թե ինձ ինչպես կընդունեն։ Բայց տնօրենը, տեսնելով ինձ լարված ու անհանգստացած և վերցնելով ուղեգիրը, ժպտաց և սիրալիր արտաբերեց․
-Մի՛ անհանգստացիր, մենք քեզ կընդունենք, դու գլուխ կհանես, իսկ մենք կօգնենք․․․Այսպես ճակատագիրը կյանքի ուղու զիգզագներով ինձ բերեց դպրոց։
Ես դեռ չգիտեի, թե ինչ է ինձ սպասվում։
1952 թվականի օգոստոսի վերջն էր։
Իմ սրտում արթնանում են նախասահմանվածի սերմերը
Անկեղծորեն ասեմ, որ ես դպրոց էի եկել ոչ նրա համար, որ իմ կյանքի իմաստը դարձնեի, բայց հստակ գիտեի, որ պետք է ազնիվ աշխատել։
Դպրոցը մեծ էր, իսկ պիոներները՝ մոտավորապես ութսուն հոգի՝ մի ամբողջ բանակ։ Ես պետք է դպրոցում քայլեի պիոներական վզկապով։ Եվ ինձ գեներալ երևակայելով, ուսադիրների փոխարեն վզիս պիոներական վզկապ կապած՝ սկսեցի կազմակերպությունը ղեկավարել այնպես, ինչպես ինձ հրահանգել էին կոմերիտմիության շրջկոմում և հատուկ կուրսերում։
Բայց շուտով հասկացա, որ երեխաների հետ չի կարելի շփվել ղեկավարի դիրքերից։ Ինչպես չի կարելի ձևակերպել նրանց հասարակական կյանքը, սահմանափակելով այն՝ զբաղվել ալբոմներ կազմելով, թերթ հրատարակելով, ժողովներ ու հավաքներ անցկացնելով, հաշվետվություններ կազմելով, ծույլիկների դեմ պայքար կազմակերպելով։
Մորաքույր Վարոն, որի համար ես գործընկեր էի դարձել, ինձ ճիշտ ուղի ցույց տվեց․ «Սիրի՛ր երեխաներին, ընկերությո՛ւն արա հետները, օգնի՛ր ու պաշտպանի՛ր յուրաքանչյուրին։ Հիշի՛ր, թե դու ինչ էիր երազում իրենց տարիքում, ինչը քեզ դուր չէր գալիս դպրոցում»։ Դա հենց այն էր, ինչով առաջնորդվում էր նա՝ դաստիարակելով ինձ և համադասարանցիներիս։
Եվ դպրոցում շուտով եռաց հետաքրքիր պիոներական կյանքը։
Ամեն ինչ կար․ արշավներ, խաղեր, աշխատանք, օլիմպիադաներ, սպարտակիադաներ, քննարկումներ, հանդիպումներ, ցերեկույթներ, թիմուրական գործունեություն, պատամական հուշարձանների խնամք, թատերական ներկայացումներ, պարահանդեսային պարեր, մակուլատուրայի հավաքում։ Ես կարդացել էի Անտոն Սեմյոնովիչ Մակարենկոյի հատորյակը և օգտվում էի նրա՝ միաժամանակյա ու հեռանկարային ուղղությունների մասին սկզբունքներից։
Բայց այսօր հիշելով այդ օրերը՝ ես հասկանում եմ, որ այն ժամանակ մի աշխատանք էլ ունեի, որ այդ ամենը առաջ էր մղում։ Այն արտաքինից անտեսանելի էր՝ չարտահայտվելով ծրագրերում։ Դրա էությունը որոշել էր Մորաքույր Վարոն․ սիրի՛ր, ընկերացի՛ր, օգնի՛ր, պաշտպանի՛ր։ Ես ջանասիրաբար հետևում էի այդ խրատին՝ չնայած մեծ ջանքերի գնով․ անհրաժեշտ էին համբերություն, իմաստնություն, ըմբռնում, շփումների արվեստ․․․ Իսկ իմ մեջ այդ բոլորը այնքան քիչ էր։ Եվ ես սկսեցի դաստիարակել ինձ, ստեղծել իմ մեջ դաստիարակ-ընկերոջ կերպար երեխաների համար և ջանալ պահպանել այն առօրյա կյանքում։ Աստիճանաբար տեսա, որ երեխաները ձգվում են դեպի ինձ, սկսում են վստահությամբ վերաբերվել։
Ումի՞ց էի ստիպված պաշտպանել երեխաներին։
Ավագների ագրեսիայից, երբեմն՝ սեփական ծնողներից, երբեմն էլ՝ իրենց ուսուցիչներից։
Ի՞նչ օգնություն էր հարկավոր երեխաներին։
Որ նրանք գլուխ հանեին իրենցից, որ հավատային իրենց ուժերին և իրենց ընդունակություններին, որ կարողանային հարաբերություններ հաստատել․․․
Բայց ես երկրորդ կուրսի ուսանող էի, այն էլ ոչ թե մանակավարժական, այլ արևելագիտական ֆակուլտետի։
Ինձ անհրաժեշտ էին և՛ փորձ, և՛ մասնագիտական գիտելիքներ։ Ո՛չ մեկը կար, ո՛չ մյուսը։
Կարդում էի մանկավարժական գրքեր, բայց դրանցից շատերը շատ հեռու էին այն ամենից, ինչ անհանգստացնում ու մտահոգում էր ինձ։ Փորձառությունը քաղում էի իմ փորձարկումներից ու սխալներից, իմ դպրոցական հիշողություններից ու ապրումներից։ Ու երբ այդ ամենը չէր օգնում, ես ստիպում էի իմ սրտին ու գիտակցությանը, որ ինձ հուշեն դաստիարակչական խնդիրների ճիշտ լուծումներ։
Ինձ իր մոտ է կանչում քիմիայի ուսուցչուհին (այն նույն ուսուցչուհին, որ ինձ վերաքննության էր թողել) և դատափետում տղային․
-Դու պիոներ-ջոկատավար ես, տա՛ր նրան և պատժի՛ր գռեհկության համար, հեռացրո՛ւ պիոներական կազմակերպությունից։ Ես նրան իմ դասերին թույլ չեմ տա․․․- այսպիսի հանձնարարություն է տալիս նա ինձ հրամայական տոնով։ Նա չարացած է, բղավում է։
Ի՞նչ եմ ես ձեռնարկում։ Ինձ իմաստնություն է հարկավոր, ոչ թե դատավարություն․․․
Միջանցքով անցնում է մի տղա, դեմքին՝ քերծվածքներ, կապտուկներ, աչքերը՝ կարմրած։ Իմ սենյակ եմ տանում։
-Ի՞նչ է պատահել։
Նա ոչ մեկի հետ չի կռվել, չի ուշաթափվել։ Որտեղի՞ց են քերծվածքներն ու կապտուկները, ինչո՞ւ են աչքերը կարմրած։
Տղան վստահում է․ հայրիկն է իրեն ծեծել, հարազատ հայրը երեկ նրա հետևից է ընկել ու ծեծել։
-Ինչի՞ համար, — հարցնում եմ։
-Ռուսերենի երկուսի համար․․․
Իսկ ո՞վ է ուսուցիչդ։
Այն նույն ուսուցչուհին, որ ինձ քննությանը տարավ տեսուչի մոտ։
Ինչպե՞ս անել, որ այն նույն ընկերությունը, որ ես եմ փնտրում տղայի մեջ, հայրն էլ փնտրի։
Ինչպե՞ս անել, որ տղան ռուսաց լեզվի նույն չարամիտ ուսուցչի հերթական զոհը չդառնա։
Փողոցում հանդիպում եմ վեցերորդ դասարանցի աղջիկների խմբի (1952 թվականին տղաների և աղջիկների դպրոցները միավորվեցին), նրանք չորսն էին։ Պարզ է ամեն ինչ․ դասերից փախել են։ Ինձ տեսնելով՝ փորձեցին թաքնվել։ Բայց արդեն ուշ էր։ Ինձ են մոտենում։
-Դուք ոչ մեկին չե՞ք ասի, — հարցնում են։
-Ո՛չ, — ասում եմ, — բայց ինչո՞ւ դպրոցում չեք։
-Ստուգողական ունեինք, իսկ մենք պատրաստ չէինք․․․
Իհարկե, ոչ մեկին չեմ ասի, և աղջիկներին էլ դպրոց հետ չեմ ուղարկի։
Կստացվի՞ արդյոք դաստիարակությունը, եթե ես հիմա նրանց գլխին քարոզ կարդամ, որ այդպես պահել չի կարելի։
Չէ՞ որ ես ինքս էլ մի անգամ չէ, որ փախել եմ ստուգողականից։
Ճի՞շտ կվարվեմ արդյոք հիմա, եթե նրանց հրավիրեմ սրճարան, որ մոտ է, և պաղպաղակ հյուրասիրեմ։
Չգիտեմ, բայց ես հենց այդպես էլ վարվում եմ։
Մանկխորում կտրուկ քննարկվում է առաջադրված հարցը․ «Կա՛մ ես, կա՛մ նա»։ Հինգերորդ դասարանցին մոր հետ կանգնած է ուսուցչանոցի անկյունում, ինչպես անարգանքի սյան առաջ։ Մայրը լալիս է և խնդրում բոլորին․
-Երեք երեխա ունեմ, ամուսինս զոհվել է․․․ Խնայե՛ք․․․ Խոստանում եմ, ես նրան խիստ կպատժեմ․․․ Այլևս չի համարձակվի կոպտել ուսուցչին․․․
Բայց ուսուցչուհին իրենն է պնդում․
-Ես նրան դասարան չեմ թողնի․․․
Սա այն ուսուցչուհին է, որի «բարև ձեզ»-ին ես ինչ-որ ժամանակ պատասխանել էի «քա-րե-ղեն»։ Տղան հիմա ուսուցչի զոհն է։ Կանգնում եմ և հայտարարում․
-Տղան պիոներ է, վերցնում եմ իմ խնամքի տակ․․․
Բայց ուսուցչուհին ընդհատում է ինձ․
-Մեկը լինի՝ քեզ խնամի…
Ի՞նչ պատասխանեմ վաստակավոր ուսուցչին, գրքերի հեղինակին։
Այսպես ես աճում եմ իմ դպրոցում ոչ որպես աշակերտ, այլ որպես իմ նախկին ուսուցիչների գործընկեր։ Դեռ շատերը չեն ընդունում ինձ՝ երեկվա աշակերտիս մեջ գործընկերոջը, իսկ ես՝ որպես ազատասեր ծառի շիվ, ճեղքում եմ ասֆալտը, եփվում սեփական հյութի մեջ։
Իմ երազանքները դիվանագիտական ծառայության, լրագրողական գործունեության մասին հօդս են ցնդում, նրանք այլևս չեն հրապուրում ինձ, ես մոռանում եմ դրանց մասին։ Իմ սրտում արթնանում է նախասահմանված սերմը, աննկատորեն ճեղքում և տիրում է իմ ամբողջ էությանը։ Զգում եմ, որ երեխաների մոտ՝ դպրոց եմ եկել ողջ կյանքիս համար։
Թարգմանիչ՝ Թամար Ղահրամանյան
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան