«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գործունեության իրական ցուցանիշն իր բաց, զարգացող միջավայրն է՝ սիրով ու ոգևորված դպրոց շտապող սովորողներով, իրենց գործը սիրող ու հեղինակող մանկավարժական աշխատողով։ Հեղինակային մանկավարժությունը կտրված չէ իրական մարդուց ու իրական կյանքի զարգացումներից՝ մարդկային է ու հանրային։ Հեղինակային մանկավարժությունը հենց մարդիկ են՝ իրենց ոգևորությամբ, ստեղծականությամբ, կյանքով, սեբաստացիների բաց համայնքի ոգևորող ու անհոգնել սովորեցնող, առաջ մղող, սիրող տիար Աշոտ Բլեյան հիմնադրով, կոնկրետ ու սրտացավ տնօրեն-ընկերոջով՝ Սուսան Մարկոսյանով։ Այս շարքը շարունակելի է, որովհետև այս մարդիկ, առաջին հերթին, ուսուցիչ-ընկերներ են, մարդիկ, որոնց վստահում ես, որոնց ստեղծածն ու ստեղծելիքը կարևորում, զարգացնում, քոնը բերում։ Պատմեմ։ Տիար Գևորգը մեր մանկավարժության մեջ հումորը, թեթևությունն ու հետևողական զարգացումն է խորհրդանշում։ Տիգրանյան Աշոտը, ում հետ խոսելիս միշտ սովորում ես, մեր սիրելին է, տիկին Մարիետ «երևույթը»՝ անընդհատ սովորեցնողն ու չչարացողը, տիար Յուրան՝ համեստն ու աշխատասերը։ Տիկին Հարությունյանը զուսպ է, աջակից, տիկին Նունեն՝ բարի ու թեթև։ Հիմնադիրների մի խումբ արդեն մեզ հետ չէ, բայց ապրում են մեր տարեկան օրացույցում՝ իրենց ստեղծած մանկավարժությամբ։ Մտածում եմ, որ ստեղծող մարդն ապրող է՝ Աիդա Պետրոսյան, Հակոբ Հակոբյան, Վահան Ասատրյան, Հարություն Թոփիկյան․․․
Մեր ուսուցիչներն են դարձել մեր սաները, որոնք այսօր հեղինակային մանկավարժության շարժիչ ուժն են։ Մանկավարժությունն այն ստեղծող ու ամեն օր իրականացնող մեր գործընկերներն են, ընկերները՝ իրենց հմայքով ու ստեղծումով, մարդկայնությամբ։ Կրթահամալիրի մանկավարժական կազմը շարունակ զարգանում, նորացվում է, համալրվում նոր, հետաքրքիր ուսուցիչներով։ Մեր սովորողներն են՝ մեզ վստահող ու մեզ հետ ճանապարհ անցնող, ոգևորող ու առաջ մղող։ Այս բոլոր մարդկանց գործունեությունը բաց է ու հրապարակային, միշտ ու շարունակ հաշվետու են՝ հաշվետու են իրենց գործունեությամբ, սովորողների՝ բաց բլոգային գործունեությամբ, հեղինակային մանկավարժությունը ընտրելու ցուցանիշներով։
Մեր հաշվետվությունը մեր կյանքն է։
Ամեն անգամ կրթահամալիրի հաշվետվությունները գրելիս այս մասին եմ մտածում։ Մտածում եմ, որ պետք է սիրել ու կարևորել հեղինակային մանկավարժությունը ստեղծող, իրականություն դարձնող մարդկանց․ պետք է հիմա ու այստեղ սիրել։
Հեղինակային մանկավարժությունը պետք է հասկանալ, ընդունել ու տեսնել գործունեության մեջ՝ կյանքում։
Ցուցանիշների մասին խոսելիս կանգնում ենք անբեկանելի փաստերի առաջ.
- սովորողների անընդհատ աճող թիվ (այս դեպքում ստիպված ենք սահմանափակել ընդունելությունը)
- մանկավարժական միասնական, աճող հավաքանի
- անընդհատ փոփոխվող միջավայր
- նախագծերի բազմազանություն, քանակ
- հայկական մեդիատիրույթի՝ հսկայական ռեսուրսի ստեղծում
- անընդհատ բացվող ու ներառող մանկավարժություն
- մանկավարժական նորարարության խրախուսում
- անհատի, սովորողի կարևորում, տաղանդի բացահայտում, ստեղծականության խրախուսում
- սովորողի առաջմղում, ստեղծականության բացահայտում
- անընդհատ մշակումներ, որոնումներ, ինքնաքննադատական հայացք, ինքնակրթություն։
Վերը նշածս կետերն, իհարկե, կարելի է շարունակել, բացել։ Այս փուլում հենց այս կետերն եմ առանձնացնում։
Ամեն անգամ թերթում եմ արվածը, նայում գործընկերներիս ստեղծած նյութերին ու հասկանում, որ կոնկրետ ու հսկայական աշխատանք է արվել։ Էստեղ կարևոր է նաև այն, որ արվել է իրական մարդկանց կողմից, իրական հանրակրթական միջավայրում ու այս փորձը կարելի է տարածել, զարգացնել։ Ցավով եմ արձանագրում, որ հանրակրթության մեջ առաջադեմ փորձը չի տարածվում, չի խրախուսվում։ Հաշվետվությունը մեր կյանքն է՝ իրական ու կենդանի։
Ցուցանիշներին նայելիս կարևոր է նայել, թե ինչ զարգացումներ կան, որ ուղղությամբ ենք առաջ շարժվում․ յուրաքանչյուր սեբաստացի պետք է այս աչքով ու այս մոտեցմամբ ընթերցի, ծանոթանա հաշվետվությանը։
- 2022 թ․՝ հունվար-հունիս հաշվետվությունը․ ծանոթացե՛ք
- Հունվար-հունիս․ ամփոփ հաշվետվություն
- Ցուցանիշները՝ Մանկավարժության լաբորատորիայի բլոգում։
Խմբագիր՝ Արևիկ Ներսիսյան