Կյանքն ընթերցանության համար տրված ժամանակահատված է, որն անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել։
Ես վստահ եմ, որ ընթերցելն այն միակ միջոցն է, որով մուրճը ձեռքիդ կոտրում ես հաստացած և ժայռի նմանվող պատերը, որոնք իրենց պնդության մեջ տարիներ են ամփոփել։ Կարծում եմ ՝ ավելի երիտասարդ մարդը կարող է տարիների միջով սլանալ և իմաստնանալ՝ շնորհիվ կարդացած գրքերի։ Ես այսպիսին չէի լինի, եթե պատանեկությանս տարիներին ինձ Սարոյանն ու Բախը իրենց հետ չտանեին ուրիշ երազներով, եթե Դոստոևսկին ու Շեքսպիրը չսովորեցնեին արիստոկրատություն։ Ես կմնայի գեղջկուհի, եթե Հրանտ Մաթևոսյանի հերոս Քառյանն ինձ այդքան նման չլիներ․․․․
Իմ ապրածն ու զգացածը կողք կողքի ուղղորդել են ինձ, արդյունքում ես եմ՝ արդարացված ինքնավստահությամբ և անդադար ինքնակրթվող․․․․
Դասավանդելն ինձ համար նոր պատեր քանդելու ուղի է եղել, որի ընթացքում անընդհատ օգնության են եկել Վարդգես Պետրոսյանը, Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, այլք։
Իմ կրտսեր սովորողներն ամենաօգնող խորհրդականերն են եղել դասընթացի կազմակերպման գործում։ Երրորդ դասարանի սկզբում մենք գտանք մեր ամենակարևոր առանձնահատկությունը. սիրում ենք ճախրել գրքերի տված անեզր հնարավորություններով լի աշխարհի շուրջ, սկսել ենք նոր աշխարհներ նվաճել, որոնք մեզ համար բարդ էին թվում, բայց այնքան սահուն տրվեցին, որ կոտրեցինք նոր պնդացած պատեր՝ Տերյան ու Չարենց սիրեցինք, Ռոալդ Դալ մեկնաբանեցինք։
Պատերը կոտրելու մարտահրավերը վերածեցինք նախագծի՝ «Արի կարդանք»:
Կարդալու հավեսը սկսեցինք փոխանցել մեր ընկերներին․ հանդիպում ունեցանք Հյուսիսային դպրոցի սովորողների հետ։ Սովորողներս խորհուրդ տվեցին իրենց ընկերներին կարդալ իրենց առաջարկած գրքերը և նոր գրքեր առաջարկել, հաջողեցինք այս փորձը՝ հավես բերելով մեր ընկերներին, սկսեցին կարդալ և փոխանակել գրքեր։
Ստեղծվեց «Խորհուրդ են տալիս սովորողները» փաթեթը։
Թվում է՝ ընթերցողական եզրեր չունեն 7-8 –րդ դասարանի սովորողներն ու 3-րդ դասարանցիները, բայց այդ պատն էլ քանդեցինք. հանդիպեցինք Միջին դպրոցի սովորողների հետ, ովքեր սիրով լսեցին կրտսեր սովորողների ընթերցացանկը և խորհուրդ տվեցին շարունակել կարդալ, ընկերացան ընթերցասերները։
Հանդիպում ունեցանք «Բարբառներ» ակումբի սովորողների հետ, միասին բարբառային ընթերցանություն ունեցանք և քննարկեցինք «Ոսկու կարաս» հեքիաթը։
- Խորոտ TV#16. Արի կարդանք
- «Բարբառներ» ակումբի և «Խորոտ» ջոկատի բարբառային օրը
- Արի կարդանք, հանդիպում Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողների հետ
- Արի կարդանք․ հանդիպում-քննարկում
- Արի կարդանք. հանդիպում-քննարկում
Կարդալուն հաջորդեց գրելը. փոքրիկ գրականագետիկները սկսեցին վերլուծել ստեղծագործությունները։
Վերլուծում են փոքրիկ գրականագետները՝
- Փոքրիկ գրականագետները.Արի կարդանք
- Փոքրիկ գրականագետները.կերպարային վերլուծություն
- Քննարկում են փոքրիկ գրականագետները
- Խորհուրդ ծիծեռնակին
- Վերլուծում ենք Ռոալ Դալի ստեղծագործությունները
- Վիլյամ Սարոյան․Գրադարանում
Ամենամեծ փորձը, որ փոխանցել եմ իմ սովորողներին՝ վստահել ինքդ քեզ և չբավարարվել քեզ համար ընտրածով, շարունակել փնտրել և քեզ համար գտնել, իսկ այդ ճանապարհը շատ հեշտ է, երբ դու օգտվում ես գրքերի տված փորձից և հնարավորություններից։
Այսօր ես հպարտությամբ խոսում եմ իմ սովորողների՝ հրաշալի ընթերցողներ լինելու կարողությունից, որպես փաստ ներկայացնում եմ երրորդ դասարանի համար անհնար թվացող Կլոր սեղան-քննարկումը։
Իրենց կատարած մեծ աշխատանքով սովորողներս ինձ հպարտանալու բազմաթիվ հնարավորություններ են տվել. «Արի կարդանք» դասարանական նախագիծ․ ամփոփում։
Իմ ընթերցասեր, հասուն սովորողները փոխադրվում են 4-րդ դասարան․ նրանք իմ երազած կիրթ ու ինքնավստահ հասարակությունն են։ Բարձունք հաղթահարելիս Չարենց են կարդում, բնության մասին խոսելիս՝ Տերյանին հիշում, նրանք ինձ երջանիկ զգալու հնարավորություն են ընձեռում։
«Արի կարդանք» նախագիծը կորիզ էր, որ ցանել ենք, և որը վստահաբար կմեծանա, և պտուղներն իրենց ուշացնել չեն տա։
Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան