«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական օրացույցով որոշված են մայիսյան ամենամյա հավաքների ընթացքում և հունիսյան երկշաբաթյա ուսումնական ճամբարների ժամանակ կազմակերպվող ամենամյա ստուգատեսների անցկացման կարգը, ձևաչափերը, որոնց միջոցով սովորողը ցուցադրում է ուսումնական տարվա ընթացքում իր ձեռքբերումները։
Կրտսեր դպրոցում ստուգատեսային յուրահատուկ ձևեր են «Ես կարողանում եմ», «Ելք» ստուգատեսները, որոնք ձեռք բերած հմտությունների ու կարողությունների ներկայացման յուրատեսակ ձևեր են, սովորողի գնահատման գործիք՝ սովորողի ուսումնական բլոգ, հաշվետու համերգներ, փառատոններ, մարզատոներ, ցուցահանդեսներ և այլն։
Սովորողները, անհատական և խմբային նախագծեր իրականացնելով, ներկայացնում են 1-3-րդ դասարաններում իրենց ձեռք բերած ունակությունները։ Ստուգատեսներն առաջադրում են մի շարք խնդիրներ, նպատակներ՝
- Ընթերցելու կարողությունների ցուցադրում,
- մաթեմատիկական, տրամաբանական կարողությունների ցուցադրում,
- մեդիահմտությունների ներկայացում, բլոգավարություն,
- մարզական կարողությունների ցուցադրում,
- տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում,
- բնագիտական գիտելիքների ներկայացում,
- օտար լեզուներով շփվելու կարողությունների ցուցադրում,
- երաժշտական կարողությունների ցուցադրում,
- ստեղծագործական երևակայության ներկայացում։
«Ելք» ստուգատեսը ներառում է սովորողի ուսումնական գործունեության բոլոր ձևերը, սակայն ուզում եմ առանձնացնել երաժշտական շիլաշփոթ-ներկայացումները՝ որպես ուսումնական տարում ձեռք բերած կարողությունների ու հմտությունների ներկայացման մի այլընտրանքային տարբերակ։ 2021-2022 ուստարում բոլոր կրտսեր դպրոցների սեբաստացիները ներկայացան համերգներով, համերգ-ներկայացումներով, հակաբացիլ տոնախմբություններով ոչ միայն կրթահամալիրի բաց ու թափանցիկ միջավայրում, այլև հանրային, բաց տարածքներում, այգիներում, պուրակներում, բարձունքին։
Յուրաքանչյուր դասվար՝ որպես հեղինակային կրթական ծրագրի կազմակերպիչ, ներկայացավ «Ելք» ստուգատեսի իր՝ հեղինակային բաղադրիչով։ Այս տարի «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում շեշտադրումը երաժշտական ներկայացումների վրա ակնհայտ դարձավ, երբ դասվարների ճամբարային աշխատակարգերում, ապա և՝ կրտսեր դպրոցների օրակարգերում ձևավորվեցին ներկայացումների շարքեր։ Ամեն օր մի քանի խաղ-բեմադրություն տարբեր դպրոցներում։ Հասցրել եմ ներկա լինել մի մասին, իսկ մյուս մասին հետևել առցանց՝ ուղիղ եթերներով, բլոգով։ Մեկը մեկից գեղեցիկ, մեկը մեկից լավը՝ պայծառ, լուսավոր, հետաքրքիր, անսպասելի լուծումներով։
Կրթահամալիրում, ուսուցման նախագծային հարթակ-ստուգատեսներում, ինչպես գիտենք, կարևոր տեղ և դեր ունի իտալացի մանկագիր Ջաննի Ռոդարին։ Ռոդարիական ստեղծագործական երևակայությունը կրտսեր դպրոցում շուրջտարյա է և անընդհատ։ Ռոդարիական մտածողությունը, այլընտրանքային մոտեցումներն ամենուր են, ամեն ինչում։ Շարունակաբար ծնվում են երաժշտական ներկայացումներ, որոնք պատրաստելիս մեզ օգնության են գալիս ռոդարիական հնարքները՝ հեքիաթների շիլաշփոթ՝ այլ սկզբով, նոր ավարտով, հերոսների միախառնում՝ համեմված կոմիտասյան երաժշտությամբ, երգերով, պարերգերով։
Երաժշտական ներկայացումների հեղինակները նաև սովորողներն են՝ որպես ինքնուրույն, սեփական կարծիքն ունեցող անհատներ, հեղինակ-կատարողներ։ Տեսե՛ք՝ ինչպես են սովորողներն աննկատ ներառվում հեքիաթի մեջ, հանդես գալիս որպես հմուտ դերասաններ՝ անկաշկանդ խոսքով, դերասանին վայել կեցվածքով, իմպրովիզներով՝ անսպասելի, հանպատրաստից։
Մեծ պատասխանատվությամբ ու սիրով են մոտենում իրենց գործին. չէ՞ որ համայնքի առաջ են ներկայանալու. պատասխանատու են, պիտի ներառեն համայնքը կրթական գործում, փոխանցեն, տարածեն։ Սովորող-ծնող-կրթահամալիր այդպես է ամրանում, դուրս գալիս դպրոցի շրջանակներից։
Հաճախ սովորողներն իրենց օտար լեզուներին տիրապետելու հմտությունները ցուցադրում են երկլեզու, եռալեզու ներկայացումներում, մարզական, տեխնոլոգիական կարողությունները՝ ոտքերի թատրոնում, տիկնիկային և դերային ներկայացումներում
և այլն։
Երաժշտական ներկայացումներն առաջին հայացքից կարող են թվալ պարզ բեմադրություններ, սակայն հետաքրքիր, ուրույն ստուգատեսային գործիք են սովորողի համար։ Սովորողը չի էլ զգում, որ իր գիտելիքները նաև այդկերպ են ստուգվում, կամ չի էլ գիտակցում, որ այդպես՝ հանրային ներկայանում է իր ձեռք բերած գիտելիքներով։ Նա իր «գործն» է անում՝ սովորում է, ինչպես միշտ՝ առանց լարվելու, նյարդայնանալու, ինքնավստահ, ինքնակամ, համարձակ։ Կարևոր է բեմ-հանդիսատես սահմանազատման բացակայությունը։ Սովորողը գիտի, որ ներկայացման մեջ իր հետ է ընտանեկան դպրոցը։ Հանդիսատես՝ որպես այդպիսին, չկա. բոլորը մասնակից են, կատարող-սովորող՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով հմտություններ փոխանցող, մեկը մյուսին լրացնող, համալրող։
Գիտելիքների ստուգատեսային այս ուրույն, տարբերվող տարբերակը վեր է հանում սովորողի հմտություններն ու կարողությունները, որոնք այնքան բազմաշերտ ու խորքային են՝
- ինքնուրույնության դրսևորում,
- սեփական «ես»-ը զարգացնելու կարողություն,
- ստեղծագործելու, երևակայելու, հորինելու կարողությունների զարգացում,
- միջավայրի յուրացում,
- սեփական շարժումների կառավարում,
- շարժումների և մտքի ճկունությունն ուղղորդելու հմտությունների զարգացում,
- գործունեության նախատեսում և իրականացում,
- որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում,
- միմյանց լսելու կարողության զարգացում,
- թիմով աշխատելու կարողությունների զարգացում,
- երաժշտական կարողությունների ցուցադրում։
Կարևոր է նաև դասարանից դասարան տեղափոխվելիս սովորղի ձեռք բերած կարողությունների ու հմտությունների աստիճանական զարգացման արձանագրումը։ Երրորդ դասարանում ներկայացման մեջ արդեն ակնհայտ երևում է սովորողի ինքնավստահության, ինքնահաստատման, համարձակության առաջընթացը։ Նրանք ավելի փորձառու են, հմուտ, գործին լավատեղյակ։
Ինչպիսի՜ ջանասիրությամբ, նվիրումով են մասնակցում ներկայացման փորձերին, աննկատ հուշում միմյանց, հիշեցնում անելիքը։ Իմացումի այսպիսի հրճվանքն աննկարագրելի է, որը, ինչ խոսք, անպայմանորեն փոխանցվում է ծնողին, ուսուցչին, բոլորին։
Կարծում եմ, որ այսպիսի գործիքը սովորողին տալիս է ինքնավստանություն, նախաձեռնողականություն, որոնք զարգացնում են միտքը՝ գիտելիքից ձևավորելով մտածողություն և մշակույթ, ընդլայնելով մտահորիզոնը։ Սա շատ կարևոր գործիք է՝ սովորողին բազմակողմանի կրթելու անհրաժեշտ ու արժեքավոր միջոց, որը պիտի լինի շարունակական, վարակիչ։
Ծանոթություն։ Հոդվածում ներառված են «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի կազմակերպիչների նյութերը։
Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան