Արդեն մայիսն է․․․Մեկ տարի առաջ մոտավորապես հենց այս ժամանակ էր, երբ առաջին անգամ մուտք գործեցի կրթահամալիր՝ քառօրյա վերապատրաստման։
Չնայած պետական հանրակրթական դպրոցում ունեի մանկավարժական փորձ՝ սկզբում չէի ցանկանում դիմել դասավանդողի աշխատանքի համար։ Այստեղ առաջին հարցը, որը թերևս կարող է առաջանալ, թե ինչու, և տրամաբանական շարունակությունը՝ իսկ ինչո՞ւ այնուամենայնիվ դիմեցի։
Առաջին ինչու-ին թերևս կպատասխանեմ, որ ծանոթ չէի կրթահամալիրում կիրառվող մանկավարժական մոտեցումներին, հեղինակային մանկավարժությանն ու մեթոդիկային։ Իսկ պետական հանրակրթական դպրոցի փորձս՝ դասավանդել հստակ նշված քառակուսու սահմաններում, ինձ ամեն կերպ հետ էր պահում նույն գիրքը երկրորդ անգամ կարդալուց՝ սպասելով այլ վերջաբանի։
Երկրորդ ինչու-ի պատասխանը շատ ավելի խոսուն է և հուսադրող։ Ընդամենը չորս օր էր պետք՝ քառօրյա վերապատրաստման հագեցած շրջանը, որպեսզի հասկանայի, որ կրթություն ստանդարտներից դուրս գոյություն ունի։ Կրթություն՝ ի վերուստ սահմանված կաղապարից դուրս, այլընտրանքային ծրագրով ուսուցում, հեղինակային մանկավարժություն, որտեղ մանկավարժն ամեն օր անելիք ունի, ամեն օր մի նոր փորձառություն ունի, մի նոր հետաքրքրություն բացահայտելու ներուժ, և վերջապես ազատ է իր դասը կազմակերպել այնպես, որ պարտադրված վարժությունների շարքը փոխարինվի անչափ սպասված, հետաքրքիր և այլընտրանքային ուսուցմամբ։
Այս հնարավորությունների անսահմանությանը ծանոթանալով ՝ վերապատրաստման արդեն չորրորդ օրը հստակ կայացրած որոշումով դիմեցի դասավանդողի աշխատանքի համար։
Անցնելով նախանշված բոլոր փուլերն ու արդեն անցնելով աշխատանքի՝ շարունակում էի ամեն օր նոր բացահայտումներ անել։ Ու որքան շատ էի ուսումնասիրում, այնքան շատ էի բացահայտում անսահման նոր հնարավորությունները, որոնք տրված էին և՛ սովորողներին, և՛ դասավանդողներին։
Ինձ համար բացահայտում էր ուսումնական ճամբարների և ճամփորդությունների դերն ու նշանակությունը։ Դրանք լավագույն հնարավորությունն են, որ կարող են տրվել սովորողներին և դասավանդողներին՝ դասապրոցեսից դուրս իրար լավագույնս ճանաչելու համար։ Դասավանդողն այդպիսով կարողանում է դիտարկել սովորողներին իր դասավանդած առարկայի շրջանակներից դուրս, դիտարկել նրա մարդ տեսակը, ընկեր տեսակը, ի վերջո ճանաչել նրա ես-ը, որն այնքա՜ն խորը թաքնված է դասապրոցեսի ընթացքում և այնքա՜ն հեշտ տեսանելի ու բացահայտ ՝ հատկապես եռօրյա ճամբարների ժամանակ։
Մեկ այլ աշխարհ են ճամբարային շրջանները։
Առաջին ճամբարից հետո ինձ համար մի մեթոդական բացահայտում արեցի, որը շարունակաբար կիրառում եմ իմ մանկավարժական գործունեության մեջ և գրանցում իրոք զարմանալի արդյունքներ։
Մեթոդը շատ պարզ կարող է թվալ, բայց իրականում անչափ խորքային է։ Այն սովորողներին, որոնք ունեն այս կամ այն դժվարությունը դասապրոցեսում, ունեն վարքային, չհասկացված լինելու խնդիր, փորձում եմ ներառել որևէ հետաքրքիր ճամփորդական նախագծում, առավել ցանկալի է՝ եռօրյա ճամբարում։ Այն, թե ինչ արտադասարանական խենթություններ կարող ենք անել միասին, ուղղակի անպատմելի է։ Ու արդյունքը երկար սպասեցնել չի տալիս։
Այդպիսի մի խենթության վառ օրինակ է ձմեռային ճամբարի ընթացքում կազմակերպված արատեսյան քվեսթը։ Նախագիծը տարբեր դասարաններից կազմավորված ճամբարային ջոկատը համախմբելու, թիմային մտածողություն ստեղծելու և զարգացնելու, համախմբվածություն և միասին ամենատարբեր փորձություններ հաղթահարելու պատրաստակամության համար էր։
Սովորողները մի թիմ էին և հաղթահարում էին ամենատարբեր փորձություններ ՝ կազմած դասավանդողների կողմից։ Փորձություններն ամենատարբեր բնույթի էին ՝ ուժային, հումորային, արագ կողմնորոշում, ուշադրություն ու կենտրոնացում, միասնական աշխատանք, միասին մտածելու և գլուխկոտրուկների պատասխանները գտնելու ունակություն պահանջող։
Դե, իսկ վերջում շահած գավաթը միասնական վեր բարձրացնելը և թիմային աշխատանքի հաջողության բերկրանքը վայելելու պահը այն կուլմինացիոն կետն է, երբ կարող ենք փաստել, որ աշխատանքը տվել է իր արդյունքը։ Քվեսթի ամբողջական տեսանյութը կարող եք դիտել ստորև։
Այս մեթոդի հաջողությունն այն է, որ սովորողը վստահում է դասավանդողին և ընկերներին, որը ոչ միայն ուսումնական պրոցեսում է արտահայտվում․ սովորողը գտնում է վստահելի ընկեր՝ դասավանդողին, և այդ աշխարհընկալման մեջ կարողանում է առավել հեշտ ինքնարտահայտվել ու ինքնադրսևորվել։
Իսկ դասավանդողը կարողանում է բացահայտել սովորողների թաքնված հույզերն ու ապրումները, բացահայտել նրա՝ գուցե մինչ այդ խնամքով թաքցրած տաղանդները, նաև կոմպլեքսները, որոնք խանգարում էին ինքնաարտահայտմանը։ Տեսնում է սովորողի մեջ մարդուն, երեխային, խենթին, ընկերոջը, վստահելի օգնականին, օգնության ակնկալիք ունեցող փոքրիկին, ամուր պաշտպանին ու պաշտպանության կարիք ունեցող ներքին երեխային։
Սրանք պարզապես օդում հնչող հզոր խոսքեր չեն, այլ իմ մեկ տարվա կուտակած փորձի ընթացքում արած եզրահանգումներն են։
Թերևս եզակի չեն հաջողության պատմություններն այս թեայով։ Որպես նոր ուսուցիչ՝ կրթահամալիրում ինքս էլ շատ փորձառությունների առաջին անգամ էի բախվում։ Իսկ սովորողները ՝ այս դեպքում վեցերորդ դասարանցիները, նոր էին մուտք գործում միջին դպրոց, ուստի նրանց համար ևս շատ բան նոր էր։ Ու միմյանց ճանաչել-հասկանալու փուլն ամենաբարդն ու պատասխանատուն էր։ Եռօրյա ճամբարների ընթացքում այդ ներառումը անհամեմատ արագ և դյուրին է անցնում ։
Այս թեզի հաջողությունը իրապես կարողացա փաստել ձմեռային ճամբարի շրջանակներում, երբ, ի զարմանս ինձ, իմ ջոկատն էին ընտրել այնպիսի սովորողներ, որոնք թվում էր ամենևին հետաքրքրված չէին իմ դասավանդած առարկայով։ Առաջին իսկ ճամբարային օրը փոքրիկ խաղ- հարցում անցկացրի, թե ինչու էին որոշել ընտրել հենց իմ ջոկատը։ Պատասխաններն, ինչ խոսք, պարտավորեցնող էին։ Երեք շաբաթ տևած ամենախենթ արկածներով ճամբարային շրջանից հետո, արդեն ուսումնական երրորդ շրջանում, այն սովորողները, որոնք հետաքրքրված չէին առարկայով, սկսեցին առավել լավ արդյունքներ գրանցել, հետաքրքրություն առաջացավ առարկայի հանդեպ, բարձրացավ առաջադիմությունը, դասերի ժամանակ մեծացավ ակտիվությունը։
Դե ես էլ, որպես մանկավարժական փոքրիկ խորամանկություն, նշեմ, որ սկսեցի կիրառել այդ ընթացքում նրանց ճանաչելու արդյունքում ձեռք բերած ինֆորմացիայի հիման վրա կազմված առաջադրանքներ, այլ կերպ ասած՝ կապել առարկան նրանց հետաքրքրություններին, կամ հակառակը, ինչը թերևս լավագույնն է, որը մեզ թույլ է տալիս հեղինակային մանկավարժությունը։
Երեխային դասից դուրս ճանաչելն ինձ տվեց անսահման հնարավորություն երեխային բացահայտելու, նրա հետաքրքրությունները, ցանկությունները, նաև բարդույթներն ու թերացումներն իմանալու։ Իսկ այդ ամենը լավագույնս պրոեկտելով աշխատանքի ընթացքում՝ ստացա ցանկալի արդյունքը։
Անչափ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել աշխատելու կաղապարներից դուրս և փոխելու կարծիքս մանկավարժության մասին։