Ներկայիս 5-րդ դասարաններում մայրենի եմ դասավանդում, երբ նրանք դեռ 4-րդ դասարան էին։ 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում, երբ հասցրի լավ ճանաչել սովորողներին, նրանց հնարավորություններն ու ընդհանուր կարողությունները, պարզ դարձավ, որ դասարանում կան մի քանի տղաներ, որոնք դասերին չեն մասնակցում ոչ այն պատճառով, որ ծույլ են, այլ որովհետև չեն կարողանում։ Տղաներից մեկն արտասահմանից էր եկել և դժվարանում էր հայերեն հասկանալ, հայերեն ազատ խոսել, մյուսը ուսումնական դժվարությունների պատճառով կորցրել էր հավատը սեփական ուժերի նկատմամբ և հրաժարվում էր որևէ բան կատարելուց, իսկ տղաներից մեկին էլ պակասում էր կազմակերպվածությունը, որ հանձնարարված աշխատանքը հաջորդաբար կատարի։ Այս ամենին ավելանում էին նաև առաջադրանքները, որոնք նրանց համար բարդ էին։ Ծնողների հետ խոսելուց, համաձայնության գալուց հետո որոշեցի նրանց համար անհատական առաջադրանքներ կազմել։ Նախ անհրաժեշտ էր վերականգնել սեփական կարողությունների նկատմամբ սովորողների վստահությունը, կարողանալ այնպես անել, որ նրանք սկսեն աշխատել։ Սկզբում առաջադրանքները չափազանց պարզունակ էին, սովորողների համար շատ մատչելի, բայց այսպիսի 4-5 առաջադրանք կատարելու համար սովորողներն աշխատում էին ողջ ուսումնական պարապմունքի ընթացքում։
Այս փուլում գլխավոր նպատակն այն էր, որ նրանք աշխատեն, և հիմնականում հաջողվում էր նպատակին հասնել։ Մոտ մեկ ամիս այսպիսի աշխատանքից հետո սկսեցի նկատել, որ սովորողներս ոգևորվում են․ դասը դեռ չսկսած՝ անմիջապես բացում են իրենց առաջադրանքների էջը ու հավեսով գործի անցնում․ հենց այդ ժամանակ էլ պարզվեց, որ սկսել են ավելի արդյունավետ աշխատել, և անհրաժեշտ եղավ առաջադրանքները զգուշորեն բարդացնել և ավելացնել։ Այսպես աշխատանքը շարունակեցինք մինչև ուսումնական տարվա ավարտը։ Վերջին ամիսներին սովորողների վստահությունն ու կարողություններն այնքան էին ավելացել, որ նրանց հանձնարարում էի առաջադրանքներ 4-րդ դասարանի գիրք-տետրից, և, առանաց լուրջ դժվարությունների, սովորողները դրանք կատարում էին։
4-րդ դասարանի ավարտին, երբ ծնողների հետ քննարկեցինք մեր հաջողությունները, պարզվեց, որ սովորողներից մեկը տանը զուգահեռ կատարում է նաև մեր ընթացիկ աշխատանքները, և պայմանավորվեցինք, որ սեպտեմբերից նա այլևս անհատական փաթեթով չի աշխատի։ 5-րդ դասարանում անհատական փաթեթով շարունակեցինք աշխատանքը երկու սովորողի հետ։ Վերջիններիս դժվարության հիմնական պատճառները բառապաշարը ու տեքստը կարդալն էին, հասկանալը, վերարտադրելը, ուստի որոշեցի, որ 5-րդ դասարանում նրանց հետ անհրաժեշտ է տեքստային առաջադրանքներով աշխատել։ Քանի որ սովորողներին վախեցնում էին տեքստի ծավալը, անհասկանալի բառերը, աշխատանքն սկսեցինք փոքրածավալ տեքստերից, որոնք ես լրացուցիչ մշակում էի և բարդ բառերը փոխարինում առօրյա, մատչելի բառերով։
Տեքստային առաջադրանքները կազմելու փուլում ամենամեծ դժվարությունը համապատասխան տեքստեր գտնելն էր, ուստի որոշեցի, որ համացանցի տարբեր աղբյուրներից օգտվելով, եղած նյութերը համադրելով՝ այդ տեքստերը ես պետք է ստանամ, բայց կարևոր էր նաև, թե ինչի մասին լինեն տեքստերը, որ սովորողներին հետաքրքրեն։ Ընտրությունը կանգ առավ տեղեկատվական տեքստերի վրա, որոնք անդրադառնում էին ամենատարբեր բնագավառներին՝ կենդանիներին, սննդին, առողջ ապրելակերպին, տեխնոլոգիաներին, բույսերին․․․Պակաս կարևոր չէին նաև նկարները, որովհետև սովորողները դրանք հատուկ գնահատում էին, կարևորում, ուստի տեքստը մշակելուց հետո բավական երկար ժամանակ տրամադրում էի լավ նկարներ գտնելուն։
Այսպես հաղթահարվեց ևս մեկ բարդույթ․ սովորողներն սկսեցին տեքստ կարդալ, բայց անհրաժեշտ էր հասկանալ, թե կարդացածը որքանով է ընկալվում նրանց կողմից, ուստի տեքստերի համար սկսեցի դրանց բովանդակությանը վերաբերող հարցեր կազմել։ Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ այս փուլը ևս հաղթահարված է, և սովորողները 20-30 րոպեի ընթացքում կատարում էին բոլոր առաջադրանքները, տեքստը կարողանում էին համառոտ վերաշարադրել, ուստի սկսեցի դանդաղ տեքստերի ծավալը մեծացնել, առաջադրանքների բովանդակությունը աստիճանաբար փոխվեց։ Սկսեցի կազմել առաջադրանքներ, որոնք բխում էին տեքստի ասելիքից, պահանջում էին վերլուծություն, տրամաբանություն, փոփոխվեց նաև տեքստի բառապաշարը․ եթե նախկինում տեքստում օգտագործում էի միայն առօրյա-խոսակցական, պարզ բառեր, ապա աստիճանաբար դրանց սկսեցին փոխարինել գեղարվեստական բառերը․ տեքստերի բառապաշարը հարստացավ, դարձավ ավելի պատկերավոր, ավելի ուշ բարդացան նաև առաջադրանքները։ Դրանցում արդեն պահանջվում էր, որ սովորողն արտահայտի սեփական մտքերը, եզրակացություններ կատարի։
Արդյունքում այնպիսի հետաքրքիր ու բազմազան փաթեթ ստացվեց, որ մյուս սովորողները, երբ ազատ ժամանակ էին ունենում, սիրով կարդում էին այդ տեքստերը և կատարում առաջադրանքները։ Հենց այս ընթացքում էր, որ սովորողների մոտ միտք առաջացավ, որ իրենք էլ կարող են նման առաջադրանքեր կազմել և առաջարկել ընկերներին։ Այսպես, իմ անհատական առաջադրանքների փաթեթում հայտնվեցին սովորողների կազմած առաջադրանքները․
Լեոն Ղազինյան
Միա Ալավերդյան
Գագիկ Խաչատրյան
Ալիսա Խուդոյան
Միա Ալավերդյան
Եվա Գասպարյան
Էրիկ Աբելյանը
Միա Ալավերդյան
Սա շատ կարևոր և հետաքրքիր ուսումնական աշխատանք դարձավ, որովհետև պարզվեց, որ սովորողի համար բավական դժվար էր հետաքրքիր և ոչ պարզունակ առաջադրանքներ կազմելը, բայց միևնույն ժամանակ դա օգնում էր, որ նրանք ավելի լայն ու խորը սկսեն մտածել։ Այս աշխատանքը կարևոր էր նաև դասարանի, այսպես ասած, «թույլ» սովորողների համար, որոնց համար նախատեսված էին այս առաջադրանքները, որովհետև վերջիններս, ոգևորվելով ընկերների հաջողություններով, ցանկացան իրենք էլ նման աշխատանք կատարել։ Դա արդեն մեծ ձեռքբերում էր նրանց համար․ ես կազմում էի տեքստեր, իսկ նրանք այդ տեքստերի համար առաջադրանքներ էին մտածում և հետո կատարում։ Դասընկերների աջակցությամբ ձեռքբերում էր նաև սովորողների՝ որևէ տեքստի քննարկմանը, ինքանստուգումներին մասնակցելը։ Ուսումնական տարվա ընթացքում հաճախ ենք դասարանում որևէ հետաքրքիր տեքստի քննարկում կազմակերպում․ տեքստերը հիմնականում ծավալուն են, ընթերցանության դժվարություններ ունեցող սովորողների համար մատչելի չեն լինում։ Այս դեպքում դասընկերներից որևէ մեկը, ով լավ է յուրացրել տեքստը, այն առանձին ներկայացնում է ընկերոջը, որպեսզի վերջինս էլ ծանոթ լինի նյութին, կարողանա քննարկմանը մասնակցել։ Շատ կարևոր էր նաև տարեվերջյան ստուգատեսի մասնակցության կազմակերպումը, երբ անհրաժեշտ էր տեսանյութերի, ձայնագրությունների միջոցով ներկայացնել արված աշխատանքը։ Այս դեպքում ևս սովորողներից մեկը մյուսին աջակցելը կարևոր նշանակություն ունեցավ և գիտելիքների փոխանակման, նոր բան սովորելու հնարավորություն տվեց։ Այսպես ավարտեցինք ուսումնական տարին, հուսամ, որ 6-րդ դասարանում իմ սովորողները կշարունակեն իրենց հաջողությունները։