Արդի զարգացող աշխարհում ժամանակակից հանրույթը դպրոցականների կրթության կազմակերպման մեջ նոր պահանջներ է առաջադրում, որոնք միտված են ավելի զարգացած հասարակություն ունենալուն և կյանքի գործնական ասպեկտում գիտելիքի առավել պրակտիկ կիրառությանը: Ուստի կրթության կազմակերպիչները պետք է առաջարկեն դպրոցականների ուսուցման գաղափարների և գործնական մոտեցումների այնպիսի բազմազանություն, որոնք կխթանեն զարգացող անհատի անձնային աճին, աշխարհայացքի կերտմանը և ձևավորմանը:
Այս համատեքստում կարող ենք ասել, որ երաժշտությունը նույնպես ունի կրթադաստիարակչական, ինտելեկտ ու ճաշակ հղկելու, ստեղծագործ անհատ ձևավորելու գործառույթ:
Երաժշտական հանրակրթության մեջ գործունեության ձևերը շատ բազմազան են: Սակայն առավել մեծ շեշտադրումը կատարվում է խմբային երգեցողության վրա: Ես տեսնում եմ գործիքային երաժշտության գործընթացում դպրոցականների ստեղծագործական ներուժի նպատակային զարգացման խնդիրները, որոնք երաժշտության դասերին պատշաճ ուշադրության չեն արժանանում:
Խոշոր ուսուցիչներ Կ. Օրֆը և Զ. Կոդայը նշում էին, որ երաժշտական գործիքներ նվագելը, ինչպես նաև մանկական նվագախմբում նվագելը զգալիորեն հարստացնում է երեխայի ներաշխարհը։ Սա գործունեություն է, որը ոչ միայն ակտիվորեն զարգացնում է երեխայի երաժշտական կարողությունները և մեծացնում նրա հետաքրքրությունը երաժշտության նկատմամբ, այլև էապես ընդլայնում է նրա սոցիալ-հուզական կյանքի շրջանակը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երաժշտության ուսուցումը իրականացվում է հեղինակային կրթական ծրագրով: Երաժշտության ուսուցման հիմքում ընկած են Կոմիտասի կողմից գրառած և մշակած ազգային, ժողովրդական երգերը: Առաջնային դեր ունեն նաև ազգային, ժողովրդական պարերը, դասական երաժշտությունը: Երաժշտության ուսուցումը կազմակերպվում է խմբային երգեցողության և պարի, երաժշտության ունկնդրման, համերգների, ծեսերի և տոների, ստուգատեսների մասնակցության, նախագծային ուսուցման (տոնացույց, հեղինակային մանկավարժություն) ծրագրերով, ինչպես նաև երաժշտա-տեսական գիտելիքների, երաժշտա-ռիթմիկ ընդունակությունների զարգացման միջոցով:
«Դպիր» մանկավարժական հանդեսում հրապարակված «Երաժշտության ուսուցումը 4-5-րդ դասարաններում» հոդվածումս մանրամասն անդրադարձել եմ երաժշտության կազմակերպման գործունեության բոլոր ձևերին, առավել քիչ՝ երաժշտական հանրակրթության մեջ երաժշտական գործիքների ներառման թեմային:
Ինչպես արդեն նշել էի վերևում, երաժշտության դասը հանրակրթական դպրոցում պետք է ստեղծագործական գործընթաց լինի և ներառի գործունեության տարբեր ձևեր և տեսակներ: Դպրոցականների հետ երաժշտական աշխատանքի ամենաակտիվ և մատչելի ձևերից մեկը երաժշտական գործիքներ նվագելն է: Երաժշտության դասապրոցեսում երաժշտական գործիքների օգտագործումը մեծացնում է դասի գեղագիտական արժեքը, զարգացնում է երաժշտական կարողությունները, ակտիվացնում է սովորողի ուշադրությունը, ձևավորում է երաժշտականություն և ստեղծագործական ինքնուրույնություն, խթանում է պատասխանատվության զգացումը, թիմային մտածողությունը:
Երաժշտական գործիքների օգտագործումը թույլ է տալիս սովորողներին մասնակցելու տարբեր տեսակի երաժշտական գործունեության՝ երաժշտություն լսել, երգել, իմպրովիզ անել և այլն: Հարկ է նշել, որ նման գործունեության ընթացքում երաժշտական գործիքներ նվագելը ուժեղացնում է սովորողի էմոցիոնալ ֆոնը, որի արդյունքում երաժշտական գիտելիքների, տերմինաբանության յուրացումն ու երաժշտական ունակությունների զարգացումը տեղի է ունենում աննկատ, սահուն և արդյունավետ:
Երեխաների երաժշտական գործիքների հետ ծանոթությունը պետք է տեղի ունենա շատ վաղ տարիքից։ Բոլորս գիտենք, թե ինչպես են երեխաները հաճույքով խաղում և հրճվում ձայնային, չխկչխկան, շրխկան, զնգզնգան խաղալիքներով, ինչպես են երեխաները իրենց մարմնի մասերը դիտարկում որպես հետաքրքիր ձայն արտաբերող գործիքներ՝ ծափեր, դոփյուններ, ճտտոցներ, կտտոցներ և այլն, ինչպես են երեխաները իրենց շրջապատող միջավայրում փնտրում տարբեր ձայներ ունեցող և աղմուկ առաջացնող իրեր, որոնցից կանոնակարգված ռիթմեր են ստանում և ինչպես են մանկական երաժշտական խաղալիք գործիքներով՝ թմբուկներ, շվիներ, դափեր, ծնծղաներ, անկաշկանդ խաղալով նվագում: Վստահաբար կարող ենք ասել, որ բոլոր այս դրսևորումները երեխայի ստեղծագործական, իմպրովիզ անելու ամենասկզբնական ունակություններն են:
Երեխաներին գործիքներ նվագել սովորեցնելու գործընթացը պետք է հիմնված լինի երեխաների ներառման, տարիքային առանձնահատկությունների համապատասխանության և մեծահասակների հետ փոխգործակցության արդյունավետության սկզբունքների վրա:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական գործընթացում երաժշտական գործիքները կիրառում են դեռևս նախակրթարանից:
Նախակրթարանում առաջին երաժշտական գործիքը, որի հետ սաները ծանոթանում են, դաշնամուրն է: Երաժիշտ դաստիարակը մանկական երգերը սաներին սովորեցնում է դաշնամուրի օգնությամբ: Սանը լսում է կատարվող երգի նվագակցությունը, ռիթմը, հնչյունի բարձրությունը, երգի տրամադրությունը: Նվագակցությունը հաղորդում է սանին ոգևորություն, հրճվանք: Դաշնամուրը խմբասենյակում օգտագործվում է ոչ միայն երգեր ուսուցանելու, այլ նաև տարբեր տրամադրությամբ մեղեդիներ նվագելու համար՝ պոլիռիթմիա, տխուր, ուրախ, արագ, դանդաղ և այլն: Հիմնականում շեշտը դրվում է դասական երաժշտության հայտնի ստեղծագործությունների և հայկական ժողովրդական, տարբեր ազգերի ֆոլկ երաժշտության վրա: Շատ կարևոր է, որ դաշնամուրը լինի լարված, սարքին վիճակում:
Հաջորդ երաժշտական գործիքը, որին սաները ծանոթանում են նախակրթարանում, թմբուկ- կոպալն է: Ծեսերի, տոների իրականացման ժամանակ ազգային երգերը ուղեկցվում են թմբուկի ռիթմերի ներքո: Մեծ է սաների ոգևորությունը, երբ բացօթյա միջավայրում իրենց երգելու հրճվանքը ուղեկցվում է թմբուկների ակտիվ ռիթմերով: Սաները նաև գործիքի վրա փորձարկում են իրենց ռիթմիկ առաջին հմտությունները:
Սաների երաժշտական գործիքների հետ ծանոթությունը շարունակվում է խմբասենյակում առկա տարբեր մանկական խաղալիք երաժշտական գործիքների միջոցով՝ թմբուկներ, դափեր, ծնծղաներ, կաստոնիետներ, քսիլոֆոններ, զանգեր, ծլնգաններ և այլն:
Նախակրթարանում սաները պատրաստում են նաև ինքնաշեն երաժշտական գործիքներ, որոնց անվանում են «շրխկաններ»: Գործիքները պատրաստում են տարբեր նյութերից, հիմնականում թափոններից՝ թթվասերի ամաններ, պլաստիկ շշերի կափարիչներ, մետաղյա իրեր, պարագաներ և այլն:
Խմբասենյակներում ստեղծվում են նաև երաժտական գործքիների անկյուններ, որը կոչվում է «երաժշտական պատ»: Պատրաստված երաժշտական գործիքները կախում են այդ պատից և օգտագործում երաժշտական տարբեր գործունեությունների ժամանակ:
Բացի մանկական և ինքնաշեն խաղալիք գործիքներից՝ երաժշտական գործիք են դառնում միջավայրում առկա իրերը՝ աթոռներ, սեղաններ, գդալներ, ջուր, պատ, կաթսայի կափարիչ, դույլեր, գլաքարեր և այլն:
Երաժշտության դաստիարակը փորձում է շատ պարզ ռիթմիկ ֆիգուրներով ոչ միայն կատարվող երգերին զուգադրել այդ գործիքները, այլ նաև ստեղծել դասարան նվագախումբ՝ ցածր տարիքում ներառելով 1-2 երաժշտական գործիք, իսկ 5-6 տարեկանում և ավելի բարձր տարիքում գործիքների թիվը մեծանում է՝ հասնելով մինչև 4-5-ի:
Մինչև «դասարան-նվագախմբին» հասնելը՝ երաժշտության դաստիարակը փորձում է ծափերի, դոփյունների օգնությամբ զարգացնել սաների ռիթմիկ, արագ ընկալելու, ուշադրության կենտրոնացման հմտությունները: Այս խնդիրը լուծելուց հետո դաստիարակը տարբեր գործիքներ է բաժանում սաներին և սովորեցնում է ծանոթանալ գործիքի ձայնին, հնչողությանը: Խմբում առաջանում է աղմուկ, իսկ երաժիշտ դաստիարակի ուղղորդմամբ այդ գործիքային աղմուկը վերածվում է կանոնավոր ռիթմիկ երաժշտության: Սաները փորձում են այս կանոնակարգված ռիթմիկ նվագախմբի մեջ անկաշկանդ ստեղծագործել, իմպրովիզներ կատարել: Այսպես ստեղծվում է «դասարան-նվագախմբի» նախնական մոդելը, որն արդեն ավելի բարձր տարիքում դառնում է հստակ կանոնակարգված, ավելի ինքնավստահ, անկաշկանդ և հետաքրքիր:
Ռիթմիկ նվագախումբը օգտագործվում է երաժշտական, պարային, խաղային, թատերական և շատ տարբեր գործունեությունների ժամանակ:
Կրտսեր դպրոցում շարունակվում է երաժշտական գործիքների հետ ծանոթության ճանապարհը: Այս տարիքային խմբերում էլ երաժշտության գործունեության ընթացքում պարտադիր կիրառվում են դաշնամուրը, թմբուկ-կոպալը, դափը, մանկական երաժշտական խաղալիք գործիքները, ինքնաշեն շրխկան գործիքները, միջավայրում առկա տարբեր իրերից ստացվող հետաքրքիր գործիքների ձայները և այլն:
«Դասարան-նվագախումբ» ստանալու համար երաժշտության դասավանդողը «Ռիթմի թատրոն» նախագծով շարունակում է ծափերի, դոփյունների միջոցով զարգացնել սովորողների երաժշտական հմտությունները՝ լսողություն, ռիթմիկա, ուշադրություն, կենտրոնացում, խմբով աշխատելու, միմյանց լրացնելու հմտություններ և այլն: Սովորողների ռիթմիկ ընդունակությունները զարգանում են նաև երգի ուսուցման ընթացքում երգերի բառերի վանկատումով՝ ըստ երգի ռիթմիկ կառույցի, ասերգային արտասանության և այլն:
Սովորողների ռիթմիկ հմտությունների զարգացման կարևորագույն գործունեության ձևերից է նաև դասարանում ճիշտ ունկնդրում կազմակերպելը: Պետք է ընտրել երեխայի ռիթմը, լսողությունը, գեղագիտական ճաշակը զարգացնող համապատասխան երաժշտություն, ընտրել մաքուր, որակով ձայնագրություններ, ապահովել դասարանում լռություն, ստեղծել պայմաններ երաժշտական նյութի ճիշտ ունկնդրման համար, նախապատրաստել, ինֆորմացնել, մոտիվացնել սովորողին: Երաժշտական նյութի ունկնդրումը ինքնանպատակ չպետք է լինի, այն իր մեջ պետք է ունենա միավորող տարր, օրինակ` հետաքրքիր ռիթմիկ կառույց, պարային տրամադրություն, որին ինչ-որ ձևով կմիանան սովորողները: Դրանք կարող են լինել ծափեր, դոփյուններ, ձայնարկություններ, ռիթմիկ հարվածներ աթոռին, մարմնի մասերին և այլն:
Երաժշտական գործունեության վերոնշված քայլերը բերում են նրան, որ սովորողներն առաջին դասարանում արդեն պատրաստ են մասնակցել ռիթմիկ նվագախմբում նվագելուն։ Ռիթմիկ նվագախումբը կարող է միանալ ազգային երգերի կատարումներին, ունկնդրվող երաժշտության նվագակցությանը:
«Աղմուկ-նվագախմբի» հիմնական գործիքներ են դառնում զանգեր, մարակա, դափեր, թմբուկ, ռիթմիկ խորանարդիկներ, գդալներ, խողովակներ, փայտիկներ, սուլիչներ և շատ այլ երաժշտական գործիքները։ Նշենք, որ մեղեդային դրվագների կատարումը, որպես կանոն, վստահվում է երաժշտական ավելի բարձր ընդունակություն ունեցող սովորողներին, իսկ մնացած մասերը բաշխվում են ըստ երեխաների ցանկության։
«Դասարան-նվագախմբի» ամենակարևոր գործառույթը բոլոր երեխաներին նվագախմբի անդամ դարձնելն է։
Երկրորդ, երրորդ դասարաններում ռիթմիկ վարժությունները ավելի բարդանում են և երկարում: «Դասարան-նվագախմբում» ավելանում է գործիքների կազմը: Սովորողները շարունակում են ծանոթանալ նոր գործիքների հետ՝ շվի, ֆլեյտա, կիթառ, ջութակ, էլեկտրական դաշնամուր և այլն: Այս դասարաններում երեխաներն ավելի խորն են ծանոթանում սիմֆոնիկ նվագախմբի գործիքներին: Սովորողները կարողանում են տարբերել հարվածային, լարային, փողային գործիքները, ճանաչում են հայկական ազգային նվագարանները:
Վստահաբար կարող եմ ասել, որ երեխաները հաճույքով են մասնակցում «դասարան- նվագախմբի» գործունեությանը, որի ընթացքում հեշտությամբ երաժշտական մի գործունեությունից մյուսին են անցնում և իրենց լսած երաժշտական ստեղծագործություններում ճշգրիտ բացահայտում են տարբեր հուզական վիճակներ՝ ուրախություն, տխրություն, վախ, զարմանք և այլն, շատ ավելի ճշգրիտ են փոխանցում կատարվող կտորների տրամադրությունը, որակապես ավելի է բարելավվում երեխաների ռիթմի զգացողությունը, զարգանում են երեխաների ստեղծագործական ունակությունները, ազատ իմպրովիզ անելու հմտությունները:
Սովորողները երաժշտական գործիքների հետ գործնականում ծանոթանում են ոչ միայն երաժշտության դասաժամերին, այլ նաև տանը: Երաժիշտ ուսուցիչը սովորողների էլեկտրոնային հասցեներին ուղարկում է իր կողմից ստեղծված երաժշտական գործիքների ուսումնական փաթեթներ, գործիքների մասին երաժշտական մուլտֆիլմեր, ֆիլմեր:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությունը թույլ է տալիս նախագծային ուսուցման շնորհիվ սովորողներին ոչ միայն ծանոթացնել գործիքների հետ, այլև խթանել, որ նրանք գործիքները փորձարկեն, նվագեն: Կրթահամալիրում իրականացվող այդպիսի նախագծերից է «Համերգով ուսուցում»-ը: Նախագիծը սովորողների մոտ ձևավորում է ունկնդրելու մշակույթ, ստեղծում է հանդիսատես-կատարող անմիջական կապ, նպաստում է վոկալ, գործիքային, դասական և ազգային ստեղծագործությունների յուրացմանը, համերգի միջոցով համաշխարհային և ազգային մշակույթի ուսուցմանը և տարածմանը:
«Համերգով ուսուցում» նախագծի մեջ են մտնում կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս իրականացվող բազմաթիվ թեմատիկ համերգները, գործիքային վարպետության դասերը, աշխատարանները, երաժիշտ ծնողների հետ հանդիպումները, համագործակցությունները, դասարանական, ծրագրային, հոբելյանական համերգները և այլն, որոնց մասնակցում են սովորողները, դասավանդողները, ծնողները:
Երաժիշտ մասնագետների հետ հանդիպումներն ուսումնական են: Նրանք փորձում են ներկայացնել իրենց գործիքները, նվագում են, ցուցադրում են գործիքին տիրապետելու պարզագույն օրինակներ և փորձարկում են այն սովորողների հետ: Օրինակ՝ «Ձմեռային ազգագրական փառատոն 2024»-ի շրջանակում Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողները մասնակցեցին դհոլահար Արամ Պետրոսյանի հետ «Հարվածային գործիքների աշխատարանին»: Նրանք ծանոթացան դհոլահար Արամ Պետրոսյանի և իր դասարանի սաների հետ, լսեցին կատարումներ, ծանոթացան գործիքի հետ և փորձեցին նվագել: Նույն փառատոնի ընթացքում Հյուսիսային դպրոցի երկրորդ դասարանների սովորողները մասնակցեցին երաժիշտ Հայկ Մարտիրոսյանի հետ «Փողային գործիքների աշխատարանին»: Նրանք ծանոթացան փողային գործիքների տեսակներին և փորձեցին կատարել դրանք: Այս շարքին են դասվում դուդուկահար Արթուր Գևորգյանի, կիթառահար Նիկ Տեր Հովհաննիսյանի հետ հանդիպումները, երաժշտական գործիքների հետ ծանոթությունը, Հայկ Մելիքյանի հետ դաշնամուրի օրը և այլն:
Կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս կազմակերպվում են տարբեր պրոֆեսիոնալ համերգներ։ Որպես ունկնդիրներ` սովորողները, նրանց ծնողները, դասավանդողները մասնակցում են այդ համերգներին։ Այս համերգների ընթացքում մասնակիցները ծանոթանում են բեմական և կատարողական արվեստին, դասական, համաշխարհային երաժշտությանը, պրոֆեսիոնալ երաժշտախմբերին, զարգացնում են գեղագիտական ճաշակ, ձևավորում են ունկնդրելու, կիրթ հանդիսատես լինելու մշակույթ: Այդպիսի տպավորիչ համերգների շարքին կարելի է դասել «Երևանի» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը կրթահամալիրում, «Ջազը և երեխաները» համերգը Հյուսիսային դպրոցում, «Հանուն խաղաղության» խորագրով համերգն Ա. Բաբաջանյան համերգասրահում, Պ. Ի. Չայկովսկու «Մարդուկ -Ջարդուկը» բալետի ներկայացումը, որոնց ակտիվորեն մասնակցել է սեբաստացիական համայնքը:
Երաժշտական գործիքների հետ ծանոթության հետաքրքիր նախագծերից է երաժիշտ ծնողների հետ համագործակցությունը: 2023-2024 թթ. ուսումնական տարում Հյուսիսային դպրոցի համակարգմամբ «Դե, ել» խորագիրը կրող ուրբաթ-համերգին համագործակցեցինք 2.3 դասարանի սովորող Վան Ոսկանյանի հայրիկի՝ հայտնի թառահար Միքայել Ոսկանյանի և հինգ տարեկան սովորող Բեն Ղազարյանի հայրիկի՝ հայտնի երաժիշտ Մովսես Ղազարյանի հետ: Համերգի ընթացքում նրանք նվագակցեցին մեր սովորողներին և ունեցան առանձին կատարում: Այս փաստը շատ ոգևորեց սովորղներին, ծնողներին, դասավանդողներին: Միքայել Ոսկանյանի հետ համագործակցությունը շարունակվեց նաև Հարիսայի համայնքային տոնի շրջանակում՝ «Պարերգեր Միքայել Ոսկանյանի հետ» 2-3-րդ դասարանների սովորողների համերգ-ամփոփմամբ: Միքայել Ոսկանյանի հետ համագործակցությունը շարունակվեց նաև երկրորդ և հինգերորդ դասարանների սովորողների համար Բաբաջանյանի համերգասրահ-ներքնահարկում «Թառապատում» շատ հետաքրքիր աշխատարանի ընթացքում:
2023-2024 թթ. ուսումնական տարվա ընթացքում իմ կողմից իրականացված երաժշտական գործիքների հետ կապված հեղինակային նախագծերից են «Իմ երաժշտական գործիքը» և «Շրջիկ նվագարաններ» նախագծերը: Այս նախագծերը սիրվեցին և լայն արձագանք գտան սովորողների շրջանում:
«Իմ երաժշտական գործիքը» նախագծի նպատակն էր տարբեր երաժշտական գործիքներ նվագող սովորողներին գտնելը, նրանց միավորելը, անհատ երաժիշտ-կատարողների խումբ ստեղծելը, սովորողներին այդ գործիքների հետ ծանոթացնելը, նրանց շրջանում երաժշտական գործիքների նկատմամբ հետաքրքրություն խթանելը, գործիքային տարբեր համերգներ կազմակերպելը և այլն: Նախագծի արդյունքում բացահայտեցինք գրեթե 10-ից ավելի երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, շվի, տմբլակ, դհոլ, դուդուկ, ֆլեյտա, թմբուկ, շեփոր, քանոն, շրթհարմոն նվագող սովորողների: Նախագծի իրականացման ընթացքում երաժշտության դասաժամի վերջին 10 րոպեները դարձան իսկական համերգներ: Երաժիշտ սովորողները մեծ հուզմունքով և պատասխանատվությամբ էին ներկայացնում իրենց նվագարանները, պատմում էին դրանց մասին, կատարում էին հետաքրքիր ստեղծագործություններ, սովորեցնում էին իրենց դասընկերներին նվագել, գործիքները փորձարկել: Շատ կարճ ժամանակահատվածում կարողացանք սովորողների հետ ստեղծել «Իմ երաժշտական գործիքը» ուսումնական 3 փաթեթ:
«Իմ երաժշտական գործիքը» նախագծի հիմքի վրա ստեղծվեց «Շրջիկ նվագարաններ» համերգային նախագիծը, որի նպատակը այլ սովորողներին երաժշտական գործիքների հետ ծանոթացնելն ու նրանց շրջանում դրանք տարածելն է:
«Շրջիկ նվագարանների» առաջին երկու համերգները եղան երաժշտության լաբորատորիայում, որին մասնակցեցին շատ մեծ թվով սովորողներ, ծնողներ, դասավանդողներ: Մեր նախագծին միացան Արևելյան, Հարավային և Միջին դպրոցների սովորողները, դասավանդողները:
«Շրջիկ նվագարանների» մնացած ներկայացումները բացօթյա էին և տեղի ունեցան դպրոցի տարբեր հարթակներում` տարատարիք շատ սովորողների խմբերի ներառմամբ և մասնակցությամբ՝ նախակրթարանի սաներ, 1-5-րդ դասարանների սովորողներ: «Շրջիկ նվագարաններ» համերգին մասնակցեց նաև Թիֆլիսից ժամանած մանկավարժների խումբը: Սովորողների հետ կարողացանք նախագիծը ներկայացնել նաև Առնո Բաբաջանյան համերգասրահում «Մեկ օր անցյալում» խորագիրը կրող համերգին: Այսպիսով, այս ուսումնական տարվա ընթացքում ունեցանք շրջիկ նվագարանների ավելի քան 6 համերգ:
Ուշադրության է արժանի նաև այն, որ նախագծի իրականացման ընթացքում երաժիշտ սովորողների շրջանում ստեղծվեց հետաքրքիր ընկերություն, սովորողները ինքնուրույն միմյանց հետ ստեղծեցին փոքրիկ համագործակցային դուետներ, տրիոներ: Նախագծի իրագործման արդյունքում երաժիշտ սովորողներն ավելի վարպետացան, ձեռք բերեցին ինքնավստահություն:
Երաժշտական գործիքների հետ կապված իմ հեղինակային նախագծերից են նաև «Ընտանեկան ռիթմիկ նվագախումբ» և «Ընտանեկան համերգ-ցուցադրություններ» նախագծերը, որոնք իրականացրել եմ առցանց ուսուցման ընթացքում:
«Ընտանեկան ռիթմիկ նվագախումբ» նախագծի գլխավոր նպատակն էր ընտանեկան կրթության կազմակերպումը, ընտանեկան ռիթմիկ նվագախմբերի ստեղծումը, մասնակիցների ռիթմիկ ընդունակությունների զարգացումը: Նախագծին մասնակցելու համար կազմեցի փոքրիկ ուղեցույց-հուշում, որտեղ ներառված էին նվագախմբի գործիքների կազմը, օգնող նկարաշարեր, երաժշտական փաթեթներ, մասնակցության ձևեր, ուսումնասիրման, ստեղծագործական հարթակներ: Նախագիծը շատ ոգևորեց սովորողներին, նրանց ընտանիքի անդամներին, որի արդյունքում ունեցանք 55 ընտանեկան նվագախումբ: Նշեմ, որ նախագծի հաջողությունը իր ներառականությունն էր, պարզությունը և ստեղծագործական և երևակայական անսահման հնարավորությունների ընձեռման ցուցադրությունը:
«Ընտանեկան համերգ-ցուցադրություններ» նախագծի գլխավոր նպատակը ճանաչողական էր՝ երաժիշտ երեխաների, նրանց ընտանիքի անդամների երաժշտական հմտությունների ցուցադրումը, առցանց համերգի կազմակերպումը: Նախագիծն ունեցավ մեծ արձագանք ոչ միայն կրթահամալիրի սովորողների, դասավանդողների, այլև գործընկեր դպրոցների կողմից: Համերգի արդյունքում մասնակիցները ներկայացան դաշնամուրի, կիթառի, ֆլեյտայի, կլարնետի, դուդուկի, քանոնի, ջութակի, դհոլի գեղեցիկ կատարումներով:
Կրթահամալիրում երաժշտական գործիքների ուսումնասիրման և կատարման կարևորագույն հարթակներից է նաև երաժշտության ընտրությամբ գործունեության դասընթացը, որտեղ երաժշտական տարբեր նախասիրություններ ունեցող երեխաները սովորում են նվագել շվի, թմբուկ, փորձում են ստեղծել փոքրիկ երաժշտական գործիքային համույթներ, կատարելագործվում են որպես կրտսեր երաժիշտներ:
2016-2018 թթ. ես նույնպես վարել եմ երաժշտության ընտրությամբ գործունեության դասընթաց, որտեղ շեշտադրումը դրել եմ սովորողների ռիթմի զարգացման, իմպրովիզ անելու, «դասարան- նվագախումբ» ստեղծելու և հեռախոսային հավելվածով նոր գործիք նվագել սովորեցնելու վրա:
Կրթահամալիրը նաև հնարավորություն է ընձեռում իր սաներին ավելի խորացված զբաղվելու գործիքային կատարողական արվեստով: Սովորողները կարողանում են մասնակցել հենց կրթահամալիրի ներսում գործող լրացուցիչ կրթության դասընթացներին՝ դաշնամուր, կիթառ, ֆլեյտա, ջութակ, շվի, կոպալ և այլն: Լրացուցիչ կրթության հաճախող սաները կրթահամալիրում պարբերաբար մասնակցում են տարբեր գործիքային համերգների, այդ նույն համերգներին գործիքային կատարումներով հանդես են գալիս նաև երաժշտության ուսուցիչները, ծնողները:
Այս ամենը նպաստում է նրան, որ սովորողների շրջանում երաժշտական գործքիների նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի մեծանա:
Ամփոփելով նշեմ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժական ծրագիրը նախագծային ուսուցման շնորհիվ երաժշտական հանրակրթության մեջ երաժիշտ ուսուցչին տալիս է այն բոլոր տեսանելի և անտեսանելի մանկավարժական գործիքները, որոնցով հնարավոր է դառնում ինտենսիվ իրագործել և ապահովել ոչ միայն սովորողների երաժշտական, այլ նաև ընդհանուր մտավոր կարողությունների, կյանքի սոցիալ-հուզական ոլորտի զարգացումը։