2004թ.ՀՀ ԿԳՆ ներկայացված զարգացման ծրագրից
Կրթական ծրագիրը ներառում է բոլոր երեխաներին։ Մենք, ինչպես նախկինում, իրագործում
ենք «Կրթություն բոլորի համար»՝ միասին սովորում, միասին ապրում և՛ «առանձնահատուկը»,
և՛ «արտակարգը», և՛ «սովորականը»։ Կրթական ծրագրով՝ «կրթել նշանակում է ստեղծագործելու
հնարավորություններ ընձեռել»։ Մեր նոր դպրոցում ստեղծագործելը կլինի առաջին տեղում,
մեր նոր դպրոցը կնպաստի ուսուցիչների և երեխաների մեջ ստեղծագործ անհատին բնորոշ գծերի զարգացմանը։ Ստեղծագործության մասին խոսելիս մենք նկատի ունենք ոչ թե առանձին առարկաներ, այլ դպրոցն ամբողջությամբ, նրա ողջգործունեությունը։ Անգամ երբ խոսքը դպրոցական շենքին, բակինու դասասենյակին է վերաբերում, դրանց հիմնական առանձնահատկությունը փոխակերպվելու հատկությունը պիտի լինի, դրանից օգտվող ուսուցիչն ու սովորողը հնարավորություն կունենան դրանք ակտիվորեն, ստեղծագործաբար կերպափոխելու։ Քանզի, ինչպես ճշգրիտ ձևակերպել է Ջ. Ռոդարին, «ստեղծագործելը
յուրօրինակ մտածելակերպի, այսինքն կուտակված փորձի սովորական շրջանակները մշտապես ջարդելու կարողության հոմանիշն է»։ Ստեղծագործական մտածողությունն ակտիվ, որոնողական մտածողություն է, որը չլուծված խնդիրներ է տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները, կարծելով, թե ամեն ինչ իր պատրաստի պատասխանն ունի, դրանք չեն նկատում: Փոփոխվող իրադրության մեջ, այնտեղ, որտեղ ուրիշների աչքերին վտանգներ են երևում, ստեղծագործական մտածողությունն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում. նա անկախ ուինքնուրույն որոշումներ է ընդունում. նա իրերի ու հասկացությունների հետ նորովի է աշխատում։ Այս բոլոր հատկություններն ստեղծագործելիս են դրսևովում: Եվ այդ «գործընթացը (լա՛վ լսեք, լսեցե՛ք) ուրախ, խաղային է միշտ, անգամ եթե խոսքը «չոր մաթեմատիկային է» վերաբերում»: Կրտսեր դպրոցի բոլոր դասարաններում յուրաքանչյուր երեխա հանրակրթական դպրոցի ուսումնական պլանով շաբաթական մինչև 4 ժամաքանակով իր նախասիրությունները զարգացնելու հնարավորություն կունենա։
Բոլորը հիմա պահանջում են, որ դպրոցը ոչ միայն գիտելիքներ մատակարարի, այլև երեխաների
կարողությունները,ինքնուրույնությունը, ինքնօրինակությունը, ստեղծագործական ընդունակությունները զարգացնի։ Սակայն ոչ ոք այդ հիանալի բաները չի պահանջում ուսուցչից։ Ինչպես ժամանակին Ջ. Փոյան է նկատել, եթե ուսուցիչն ինքը չի զբաղվում ստեղծագործական աշխատանքով, ապա չի կարող ոգեշնչել, ղեկավարել, աջակցել կամ նույնիսկ պարզապես արձանագրել իր աշակերտների ստեղծագործական ակտիվությունը։ Ուսուցիչը, ում ամբողջ մասնագիտական գիտելիքները մանկավարժական ԲՈՒՀ-ում ձեռքբերված են զուտ հայեցողական
ճանապարհով, ով հայեցողական եղանակով լրացրել է դրանք աշխատանքի ընթացքում, ոչ միայն
չի օժանդակում իր աշակերտների ինքնուրույն որոնողական գործունեությանը, այլ քաջալերելու
փոխարեն խոչընդոտում է ինքնուրույնություն և անկախ մտածողություն դրսևորած աշակերտներին։
Կրթական ծրագրի իրագործողները համոզված են, որ ինչպիսին ուսուցիչն է, այնպիսին և
դպրոցը կլինի։ Կրթական ծրագրի իրագործումը կընթանա ուսուցչի պատրաստման հետ համաքայլ։
Մեր նոր դպրոցն իր կազմակերպմամբ կապահովի, որ անընդհատ սովորեն, սովորել սովորեն
ու սովորեցնել սովորեն ոչ միայն երեխաները, այլև երեխայի հետ աշխատող յուրաքանչյուր
ուսուցիչ։ Դպրոցը իր նոր կազմակերպմամբ պայմաններ կապահովի ոչ միայն սովորողի, այլև
ուսուցիչների տաղանդի զարգացման համար։ Մեր նոր կազմակերպումը կլինի դպրոցական պրակտիկայիու տեսության միություն՝ նրանց փոխկապակցությամբ ու փոխադարձ պայմանավորվածությամբ։
Մեր բոլոր նորամուծությունները կառուցված կլինեն բացառապես փորձի վրա, կրթական արդյունքները ստացված կլինեն սովորական երեխաների հետ նոր պայմաններում աշխատանքից։
Կրթական ծրագիրը կհաստատի փորձարարական մանկավարժությանը բնորոշ մեթոդ։ Հետազոտողի ոգով համակված և երեխա-մարդու «դիտարկողը դարձած ուսուցիչը երեխայի անհատականության ազատ ու բնական դրսևորումների համար անհրաժեշտ տարածություն կբացի»։
Մեր կրթական ծրագրով աշխատող ուսուցչի համար կրթությունը կսկսվի երեխայի կարողությունների, հետաքրքրությունների և սովորությունների հոգեբանական ըմբռնումից։
Կրթական ծրագրի կազմակերպումը կարտացոլի սովորողի ներկա կյանքը, այն իրական կյանքը,
որով երեխան ապրում է տանն ու դրսում։
Կրթական ծրագրում ընդգրկված են աշխատողներ, ովքեր համոզված են, որ «ամենալավ ու
ամենախորը բարոյական դաստիարակությունն իրապես այն է, որ ստանում ես ուրիշների հետ
պատշաճ հարաբերությունների մեջ մտնելով, համատեղ աշխատելով ու մտածելով»։ Կրթական ծրագրի մասնակիցները գիտակցում են, որ չափազանց բարձր է ընտանեկան միջավայրի ազդեցությունն ուսման նկատմամբ երեխայի վերաբերմունքի ձևավորման հարցում։ Սովորողների ծնողները կունենան Եվրոպայի ծնողների Ասոցիացիայի (EPA) ամրագրած իրավունքներն ու պարտականությունները (հավելված 3)։ Կրթական ծրագրում ընդգրկված բոլոր սովորողները հատուկ ծրագրով կմասնակցեն հասարակական (համայնքային, դպրոցական, դասարանական) հանրօգուտ աշխատանքներին։ Կարվի առավելագույնը, որ ծնողներն իրենց փորձով ու կապերով արդյունավետ դարձնեն երեխաների հանրօգուտ աշխատանքը։
Սովորողի, նրա ուսուցչի կարգապահությունը հիմնված կլինի նրանց գործելու ազատության
վրա և ակտիվ կլինի. երեխան կսովորի սահմանափակել իր ազատությունը հավաքանիի (դասարանի, խմբի) շահերից ելնելով։ Ակտիվ կարգապահությունը, որին կվարժվի երեխան, դպրոցական միջավայրով չի սահմանափակվի, այլև կտարածվի նրա սոցիալական միջավայրի վրա։ Քանի որ անհնար է ազատ լինել՝ ինքնուրույն չլինելով, ուսուցիչը (դաստիարակը) մանկան անհատականության ազատության դրսևորումներն այնպես կուղղորդի, որ երեխան շարունակ ավելի ինքնուրույն գործի։ Սովորելով Մոնթեսորիին՝ մանկապարտեզի դաստիարակներն ազատությունը կհասկանան կենսաբանական տեսանկյունից՝ որպես երեխայի անձի զարգացման բարենպաստ պայման։
Կրթական ծրագրի իրագործողներն առավելագույն ջանքեր կգործադրեն սովորողի ուժերի խթանման համար։ Ահա ինչու ուսուցումը կլինի առավելագույնս անհատականացված։ Սովորողի հետաքրքրությունները կուսումնասիրվեն որպես երեխայի զարգացման ցուցանիշներ, քանի որ մենք համոզված ենք, որ «երեխայի հետաքրքրությունները կանխորոշում են նաև այն փուլը, որտեղ պատրաստվում է ոտք դնել երեխան»։ Կրթական ծրագրով իրագործվող «անհատականացված կրթությունն» առավել մեծ ուշադրություն կդարձնի ստեղծագործականության զարգացմանը, անհատական հետաքրքրությունների
բավարարմանը, տեխնիկական վերազինմանը, լաբորատոր ինքնուրույն աշխատանքի կազմակերպմանը։
Յուրաքանչյուր սովորողի հետաքրքրությունների ճանաչման ու զարգացման համար կրթական ծրագրով կնորացվի կրթահամալիրի նախասիրական դպրոցների գործունեությունը (նախասիրական դպրոցների մասին տեղեկանքը կցվում է)։ Նախասիրական դպրոցների տեխնիկական վերազինումն անհնար է իրականացնել միայն ծնողական մուծումների հաշվին. ենթադրվում է, որ 2005թ.-ից նախասիրական դպրոցներին բյուջետային հատկացումներ կլինի։
Կհարստացվի և կընդարձակվի կրթության բովանդակությունը, որպեսզի այն հնարավորինս
համապատասխանի սովորողների անհատական կարիքներին։ Կրթության հարստացված բովանդակությունը կծառայի սովորողների անհատականության զարգացմանը՝ ընդլայնելով միջին և ավագ դասարաններում մասնագիտական դասընթացներն ընտրելու աշակերտի հնարավորությունները։ Ուսումնառության հնարավորությունները մեծացնելու շնորհիվ աշակերտների համար սովորելը կդառնա սովորություն։
Դասի, պարապմունքի ընթացքը ուսուցիչը կդարձնի աշակերտի համար հաճելի՝ խթանելով բոլորի
սովորելու ձգտումը։
Գեղագիտական կրթության մեջ թաքնված հսկայական ներուժը կուղղվի սովորողների կամքի
և զգացմունքների դաստիարակմանը։ Մենք համոզված ենք, որ իրական ուսուցումը անհատական
որոնումների արդյունք է։
Ուսուցիչներն ամեն ինչ կանեն, որ ուսումնառության ընթացքում յուրաքանչյուր աշակերտ
«ձեռք բերի աշխատանքի մեջ գլխովին թաղվելու զգացում»։ Յուրաքանչյուր երեխա ինքնուրույն
կանի բնագիտական փորձերը, որպեսզի հասկանա բնագիտական երևույթները, որպեսզի նաև բնագիտական առարկաներ ուսումնասիրելիս ձեռք բերի ստեղծագործական մտածողություն։
Ուսումնասիրման գործընթացի արդյունավետության համար կրթական ծրագրերով ցանկացած
առարկայի դասավանդումը պիտի ապահովի, որ հետազոտման (ընկալման) փուլը նախորդի հասկացությունների բառային ձևակերպման (սահմանման) փուլին, իսկ ուսումնասիրված նյութը վերջում լրացնի սովորողի գիտելիքի ընդհանուր պաշարը՝ նպաստելով նրա մտավոր մակարդակի բարձրացմանն ու գիտելիքների կիրառությանը։
Մանկավարժական կազմակերպման մասին
Կրթական ծրագրի բոլոր սովորողները կրթական ծրագիրը կյուրացնեն հետազոտական, ինքնուրույն որոնողական և ստեղծագործական գործունեության արդյունքում։ Հետազոտական, ինքնուրույն որոնողական աշխատանքները կկազմակերպվեն մինչև 5 հոգիանոց խմբերով։ Դասարանները, ուսումնական լսարանները կվերակազմակերպվեն ու կգործեն որպես արվեստանոց-արհեստանոցներ (լաբորատորիաներ)՝ հարմարեցված ինքնուրույն անհատական ու խմբային հետազոտական-որոնողական-ստեղծագործական աշխատանքի համար։
Կրթական ծրագիրը (դպրոցը, դասարանը) երաշխավորում է յուրաքանչյուր երեխայի անհատական հետաքրքրությունների (նախասիրությունների) զարգացման համար պայմաններ։ Ուսումնական պարապմունքի (դասերի) ընթացքում յուրաքանչյուր երեխա (խումբ) հնարավորություն կունենա օգտվելու դպրոցի (կրթական ծրագրի) բոլոր արվեստանոց-արհեստանոցներից (լաբորատորիաներից)։
Յուրաքանչյուր դպրոց (դասարան) կունենա իր ուսումնափորձնական հողամասը (բաց և ծածկած)։
Կրթական ծրագրի սովորողի հետ դպրոցի (դասարանի) ղեկավարը կկնքի պայմանագիր։ Պայմանագրին կկցվի տվյալ դասարանի ուսումնական պլանը (պարզաբանումներով), պայմանագրով կորոշվեն երեխայի ուսման ու ուսման վճարի առանձնահատկությունները։ Երեխաները ծնողի ցանկությամբ կընդգրկվեն երկարօրյա ուսուցման խմբերում։
Կրթական ծրագրով սովորողի և նրա ուսուցչի ուսումնական գործունեությունը բաց կլինի
յուրաքանչյուր ծնողի, հասարակության ամեն մի անդամի համար. նրանք կկարողանան անարգել
ներկա գտնվել ուսումնական պարապմունքներին և ուսուցիչների մասնագիտական քննարկումներին։
Դպրոցը (դասարանի ղեկավարը) յուրաքանչյուր սովորողի (դասարանի, խմբի) հանրօգուտ (հասարակական) աշխատանքների հաշվառում կանցկացնի. ուստարվա ընթացքում սովորողն իր ընտրությամբ կմասնակցի դպրոցի (դասարանի) առաջարկած հանրօգուտ աշխատանքներին, մինչև մեկ շաբաթ ժամանակով հասարակական գործունեության փորձառություն կանցնի։
Կրթական ծրագրի դպրոցներում, դասարաններում կընդունվեն սովորելու սովորական երեխաներ,
ում ծնողները կընտրեն կրթական ծրագիրը՝ ունենալով դպրոցը,դասարանը ընտրելու իրական ազատություն։ Սովորողի գիտելիքները կստուգվեն ինքնաստուգման համակարգով. գիտելիքների մակարդակը կրտսեր դպրոցի դասարանում խոչընդոտ չի լինի կրթությունը շարունակելու համար։ Դասարանական միջավայրը, ուսումնական գույքը, ձեռնարկներն ու միջոցները հարմար կլինեն տվյալ կոնկրետ երեխայի համար, այնպես որ երեխաները կկարողանան իրենց բնական հակումները դրսևորել։ Ուսուցիչը կկարողանա տեխնիկական միջոցների օգտագործմամբ այնպիսի ինքնահսկում ապահովել, որը կօգնի նրան դասարանում շարունակ նահանջելու հետին պլան՝ առաջին պլանում պահելով երեխային ու նրա գործունեությունը։
Ուսուցիչը կսովորի գրանցել իր խոսքերը դասարանում՝ հետևողականորեն կրճատելով խոսքը,
ազատելով այն ավելորդություններից և անորոշություններից, ավելի շատ ժամանակ տրամադրելով սովորողի ակտիվ դրսևորմանը։
Ծրագրի կազմակերպական միջավայրը