Վերջերս թերթում էի համացանցի էջերը, նայեցի ռուս մի մանկավարժի աշխատություններ, որոնք ժամանակին աչքի էի անցկացրել ու մոռացության մատնել, Վ. Ա. Սուխոմլինսկու մանկավարժական հայացքներին, մտքերին իրականում քիչ ենք անդրադարձել:
Գտա միայն Նունե Մովսիսյանի բլուգում:
Վ.Ա. Սուխոմլինսկին աշխարհում ճանաչված և ընդունված մանկավարժ է, նորարար, գիտնական, մանկավարժական, մեթոդական բազմապիսի աշխատությունների հեղինակ: 30 գրքի և 500 հոդվածի, մշակման հեղինակ է. դրանք բոլորն էլ նվիրված են երիտասարդ սերնդի դաստիարակության խնդիրներին:
Սուխոմլինսկու աշխատանքներում տեսա հետաքրքիր դիտարկումներ, զարմանալի մարդասիրություն. նրա աշխատանքների կենտրոնում մարդն է՝ սովորողը, որի ճիշտ կրթությունը շատ է կարևորում: Իր ժամանակի համար առաջադեմ մտածող է. շատ բաներ նրա աշխատություններում կարող են հնացած թվալ, ժամանակավերպ ու սովետականության ոգով ներծծված, բայց ուսումնասիրելու դեպքում, գտնում ես հետաքրքիր մտքեր, մշակումներ, խորհուրդներ:
Հետաքրքիրն այն է, որ փակ սովետական դարաշրջանի փակ կրթական համակարգում այս հետաքրքիր մտածողն իրականում բաց կրթական համակարգ է քարոզում: Դարաշրջան, որ որքան էլ փակ է եղել, ծնունդ է տվել բաց ու ազատ մտածողների՝ այս դեպքում՝ մանկավարժի, որը կարևորել է անհատին ու անհատական կրթությունը, իմացումի հրճվանքն ու ուրախ, հաճելի ուսուցումը: Ձգտել է կրթել ազատ մտածող ու ինքնուրույն մարդիկ, ոչ թե «կուսակցական հրահանգներ կատարող հնազանդներ»: Իսկ ի՞նչ ենք անում մենք մեր այս բաց դարաշրջանում, ստեղծում ենք բուհական ընդունելության փակ ու դեպրեսիոն մի համակարգ, որը կրթությունը դարձնում է տանջալից, անհասկանալի, անհասցե ու անհասցեատեր, անհասկանալի ու անհամակարգ կառույց:
Եթե սովետական համակարգը հնարավորություն է տվել այս մանկավարժին ստեղծելու, գործելու, ի՞նչ հնարավորություններ է տրվում ժամանակակից մանկավարժին, կարևորվո՞ւմ է մանկավարժի խոսքը, գործը: Ո՞վ է կարևորում, ինչպե՞ս ու ի՞նչ սկզբունքով: Գրածո՞վ, մշակումներո՞վ, իսկ ո՞վ է գրում, ի՞նչ է գրում, ո՞վ է կարդում, կամ ո՞վ է լավն ու վատը որոշում, ի՞նչ իրավունքով: Հարցեր, որոնց պատասխանը փնտրելիս պատի եմ դեմ առնում ու փնտրելն էլ իրականում անիմաստ է դառնում, որովհետև փնտրելու տեղ էլ չկա՝ փակ համակարգ է: Չեմ չափազանցնում. տեսեք ամենամյա լավագույն մանկավարժական աշխատողին, տնօրենին հայտնաբերելու մրցույթների բովանդակությունը։ Մերօրյա կրթական այս փակ համակարգում որոշեցի առանձնացնել այս բաց մանկավարժության ջատագովին:
Ստորև առանձնացնում և թարգմանաբար ներկայացնում եմ այն մտքերը, դիտարկումները, որոնք ինձ են հետաքրքրել՝ հուսալով, որ ձեզ էլ կհետաքրքրեն:
- Այս մտածողը ստեղծել է յուրահատուկ մանկավարժական համակարգ, որտեղ երեխայի անհատականությունն ու դրա կարևորումը առաջնային է և կարծում է, որ հենց դրանով էլ պետք է առաջնորդվեն մանկավարժական մեթոդները, ծրագրերը: Կարևորում է մանկավարժական առողջ կոլեկտիվը, որտեղ գնահատվում է, կենտրոնում է յուրաքանչյուր մանկավարժ: Կոմունիստական դաստիարակությանն էլ էր յուրահատուկ մոտենում՝ կարծում էր, որ կրթության շնորհիվ պիտի ձևավորվեն մտածող անհատականություններ, ոչ թե կուսակցական հրահանգներ կատարող հնազանդներ:
- Սուխոմլինսկին կրթական գործընթացը բնորոշում էր իբրև ուրախություն պարգևող աշխատանք: Մեծ նշանակություն էր դարձնում սովորողների աշխարհայացքի ձևավորմանը, նախակրթարաններում՝ երեխայի հետ ստեղծագործող, հեքիաթ հորինող ուսուցչին:
- Ստեղծել է բավականին ամբողջական համակարգ այն վերանագրելով՝ «դաստիարակենք գեղեցիկով». այս համակարգը դեմ էր տիրող մանկավարժական մոտեցումներին և շատ էր քննադատվում՝ որակվելով որպես աբստրակտ հումանիզմ:
- Մանկավարժին կոչում է մարդաբան, որը կոչված է մոտք գործելու սովորողի հոգեբանություն, նրա խիստ բարդ հոգևոր աշխարհ ու անընդհատ հայտնաբերել նորը ու հիանալ այդ նորով. մարդուն տեսնել, դիտարկել ձևավորման գործընթացում:
- Մանկավարժը պետք է անսահմանորեն սիրի ու հավատա մարդուն:
- Գրում է. «Ես դաստիարակչական աշխատանքի իմաստն այն եմ համարում, որ երեխան տեսնի, հասկանա, զգա, ապրի, փորձի թափանցել գաղտնիի խորքերը, մերձենա կյանքին ու բնությանը…»:
- «Սիրտս կտամ երեխաներին» աշխատության մեջ ուսուցիչներին խորհուրդ է տալիս. «Գնացեք դաշտ, այգի, բնության ակունքից մտքեր խմեք, և այդ կենդանի ջուրը ձեր սաներին իմաստուն, հետազոտող, փորփրող մարդիկ և պոետներ կդարձնի»:
- Այսպիսի մի դիտարկում ևս. «Երեխաներին անտառ, գետ տանելը շատ ավելի բարդ աշխատանք է, քան դասարանում դաս անցկացնելը, որովհետև ճամփորդության պատրաստվելը լուրջ աշխատանք է»: Մերժում է առանց պատրաստվելու ճամփորդության տանելը՝ դա համարելով ժամանակի կորուստ:
- Երեխաների մոտ չարժե շատ խոսել, նրանց գլուխը լցնել տարբեր պատմություններ, բառը զվարճանք չէ, իսկ բառային անվերջ հոսքը՝ ամենավտանգավոր հոսքերից է: Չի կարելի երեխաներին վերածել խոսքի պասսիվ կլանիչների, պետք է հնարավորություն տալ նրանց մտածելու, դիտարկելու, զգալու:
- Ճանաչված մանկավարժը կարևորում էր երեխաներին բնության մասնիկների հետ կապելը, դրանց ծանոթացնելը: «Բնությունը հայրենի հողն է, որը կերակրում է մեզ, երկրագունդը փոխվում է մեր աշխատանքի շնորհիվ միայն»:
- Նշում է, որ բնությունն ինքնին չի դաստիարակում, դաստիարակում է միայն բնության վրա մարդու ակտիվ ներգործությունը. «Ինձ ապշեցնում էր, որ սովորողների հիացմունքը գեղեցիկի հանդեպ միահյուսվում էր այդ գեղեցիկի ճակատագրի հանդեպ անտարբերությամբ: Գեղեցկությամբ հիանալը միայն բարի զգացմունքի փոքրիկ շյուղն է, որը պետք է զարգացնել՝ վերածելով ակտիվ գործունեության: Որպեսզի երեխան սովորի հասկանալ բնությունը, զգալ նրա գեղեցկությունը, կարդալ լեզուն, պահպանել, պետք է սերը փոքրուց ներարկել: Փորձը ցույց է տալիս, որ բարի զգացմունքները տանում են դեպի մանկություն, իսկ մարդկությունը, բարությունը, քնքշությունը, բարոյացկամությունը ծնվում են բնության մեջ աշխատանքում, հոգսերում ու բնության վրա ազդեցություններում:
- Որքան շատ է ուսուցիչը սովորեցնում երեխային ինքնարտահայտվել գործում, աշխատել, այքան շատ է կարևորվում:
Օգտագործված կայքէջեր