2013-2014 ուստարվա ընդունելությունը` ուսումնական նախագիծ
Ո՞վ գա սովորելու կրթահամալիրի հանրակրթական դպրոցում, դառնա կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի սովորողը։ Մենք սովորող ենք համարում սկսած 2 տարեկանից, նախակրթարանի սանից մինչև ավագ դպրոցի ու քոլեջի ուսանողին։ Ինչպե՞ս տեղեկանա, ինչպե՞ս գա, ինչպե՞ս ընտրվի այն նոր սովորողը, ում հետ ուզում եք ընկերություն անել ու շարունակել ուսումնական աշխատանքը։ Միևնույն ժամանակ հիշեցում եմ, որ դասարաններում, ընտրությամբ գործունեության խմբերում, ակումբներում սովորողների թվի ցուցանիշները, որոնք շատ դեպքերում խախտված են և ստեղծում են անարդար վիճակ։ Մի շարք նախաձեռնություններ, ակումբներ, խմբեր չեն գործել կամ ոչ լիարժեք են գործում նաև այս պատճառով. ընդունելության միջոցով նաև այս վիճակը պետք է շտկել։ Իսկ հասարակությունը մեր կրթական ծրագրին ա՞յն չափով է տեղեկացված, որ կարողանա ընտրություն անել, թե՞ մենք պիտի ապահովենք նրա տեղեկացված լինելու իրավունքը։ Եթե ստեղծողի դպրոցի ու մեդիակրթության մեր ծրագիրն ընտրողը մեդիահմուտ է, ինչո՞վ բացատրենք, որ մեր կայքի շահառուների թիվը դանդաղ է աճում։
Ուսուցանում է ոչ միայն մեր դասավանդողը։ Մեր բլոգեր սովորողները, մեր կրթական միջավայրը, որը ավելի մեծ չափով են ստեղծում իրենք՝ սովորողները, ավելի ու ավելի շատ են դառնում մեծի ու փոքրի ուսումնական աշխատանքի ծրագրող ու կազմակերպիչ։ Սովորողներն ավելի շահագրիռ պետք է լինեն միջավայրը սնուցող կամ ձևավորող ակունքները զուլալ պահելու, ուսումնատենչ նոր անհատականություններով իրենց դասարանն ու դպրոցը համալրելու հարցում։ Եթե մեր մեդիակրթության հմտություններով զինված մեր սովորողը մեդիամիջավայրում արտահայտվում է, էլ ո՞վ, եթե ոչ նա, պիտի ներկայացնի կրթական ծրագիրը։ Ենթադրում եմ, որ երբեք չի խաբի իր հասակակցին, կլինի շիտակ, կոնկրետ, նախաձեռնող, ստեղծական։ Կարո՞ղ ենք այս ծավալի աշխատանք կատարել որպես ուսումնական նախագիծ` այն դիտելով նաև մեր գործունեության հրապարակայնացման, նրա նկատմամբ հանրային վերաբերմունքի արտահայտում։ Ե՞րբ, ինչպե՞ս։
Կրթահամալիրի, նրա դպրոցների, իրականացվող ծրագրերի մասին անցյալ տարի էլ ծրագրված տեղեկացրինք։ Առանձնացնելո՞ւ ենք 2007թ. ծնված 6 տարեկաններին, որոնք հիմա դեռ մանկապարտեզներում են։ Լինելո՞ւ են Երևանի և նրա մերձակա հիմնական դպրոցների շրջանավարտներին ուղղված հատուկ գործողություններ, թե՞ ոչ։ Այդ գործողություններից ո՞րն ենք համարում արդյունավետ, ո՞րն է շարունակություն ունենալու այս տարի։ Մեր փորձը համարո՞ւմ ենք հաջող։ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաքն ու արտագնա կլոր սեղանները ինչպե՞ս պիտի ներառվեն ընդունելության կազմակերպման ծրագրում։ Ամառային դպրոցներում նախատեսվո՞ւմ են մանկապարտեզն ավարտած 6 տարեկանների հատուկ խմբեր, տիեզերագիտական, «Ասպետ» և այլ ճամբարներում ինչպե՞ս են ընդգրկվելու կրթահամալիրի ավագ դպրոցներ դիմող 10-րդ դասարանցիները, ինչպե՞ս են մասնակցելու «Ուսումնական ամառ» նախագծին։