Իտալացի մանկագիր Ջաննի Ռոդարիի ստեղծագործություններին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները ծանոթանում են դեռ նախակրթարանից։ Կրթահամալիրին քիչ թե շատ առնչվող ամեն ոք գիտե՝ 2-4 տարեկանների յուրաքանչյուր օրը լի է ռոդարիական հնարքներով․ սաներին հնարավորություն է տրվում ստեղծագործելու, երևակայելու, հորինելու, քարացած կաղապարներից ու կանոններից դուրս գալու, միջավայրն ու շուրջբոլորը այլ կերպ դիտարկելու և ընկալելու։

Առհասարակ երեխաներին մտածել սովորեցնելու համար պետք է գործ ունենալ յուրաքանչյուրի անհատականության հետ, փորձել հնարավորինս առանձնահատուկ մոտեցում ցույց տալ ամեն մեկին, լսել նրանց, հասկանալ, հնարավորություն տալ ստեղծագործել, երևակայել, հորինել, թույլ տալ արտահայտվել՝ միևնույն ժամանակ նպաստելով բանավոր խոսքի զարգացմանը, լսածը վերապատմելու կարողությանը․․․

Ռոդարիի առաջ քաշած գաղափարներն անմիջական կապ ունեն մանկան զարգացման հետ։ Նրա պատմություններն ու խաղերը ոչ միայն խթանում են ստեղծագործական մտածողությունը, այլև նպաստում են սաների սոցիալական հմտությունների զարգացմանը։ Խմբային աշխատանքները, ինչպես նաև տարբեր պատմությունների համատեղ հորինումը, օգնում են սաներին սովորել համագործակցել, կիսվել մտքերով, տպավորություններով, լսել մեկմեկու ու սովորել հարգել միմյանց։

Ինչպես նշվում է Ջոն Դյուիի «Ինչպես ենք մտածում» հոդվածում, մանկական տարիքում երեխայի մտածողությունն ու երևակայությունն ամենամոտն են գիտական մտածողության վիճակին։ Դա, կարծում եմ, նրանից է, որ երեխաներն ազատ են մտածում, անկաշկանդ, առանց հետին մտածողության․ այդ պահին ուղղակի մտածում են այդպես և ինքնարտահայտվում։

Աշխատելով 2-4 տարեկանների խմբում՝ մեծ նշանակություն եմ տալիս Ռոդարիի հեքիաթների համադրությանը իրական աշխարհի հետ։ Հեղինակի պատմություններից ոգեշնչված՝ սաներին հնարավորություն է տրվում հորինել իրենց սեփական պատմությունները՝ հիմքում ունենալով իրական մարդկանց, իրադարձությունները կամ բնության տարրերը։

Այնքան սիրով, հետաքրքրությամբ ու ուշադրությամբ են լսում Ջ․ Ռոդարիի գրած պատմությունները, որ ուղղակի չես կարող չկարդալ։ Ընթերցելով հեղինակի ստեղծագործությունները՝ 2-4 տարեկաններին առաջարկում ենք մի պահ պատկերացնել, որ իրենք են տվյալ հեքիաթի հերոսը․․․ Ու բացահայտվում է սանի՝ երևակայական մտածողության անսահմանությունը․ խմբասենյակում սկսվում է բուռն քննարկումը՝ հարցեր են տալիս, միմյանց ուղղումներ անում, իրենց պատկերացնում հեքիաթի հերոս։

Ջ․ Ռոդարիի ստեղծագործությունները երգիծական են, լի երևակայական տարրերով ու հաճախ «տարօրինակ» բովանդակությամբ, որոնք դուրս են տրամաբանությունից ու բոլոր տեսակի կանոններից, բայց, միևնույն ժամանակ, ձևավորում են ստեղծագործելու, երևակայելու հմտություններ ու կարողություններ: Հեղինակի հեքիաթներում չկան նաև լեզվական կանոններ. կարդում ես ու տեսնում, որ տեքստերն իմաստազուրկ են` տարածաժամանակային խախտումներով ու պատճառահետևանքային կապի բացակայությամբ։ Ինչպես Ռոդարին ինքն է խոստովանել` ստեղծագործություններում փորձել է բառերից խաղալիքներ սարքել․․․ Ու տեսեք՝ ոնց են այդ «բառ-խաղալիքներով» խաղում 2-4 տարեկանները, ինչպես են թարս հարցեր հորինում, երևակայական մտածում ու արտահայտվում․․․

Ռոդարի կա ամեն ինչում, ամեն տեղ, ամենուր․․․ 2-4 տարեկանների խմբում հաճախ ենք խաղում ռոդարիական հնարքներով, որոնք կիրառում ենք թե՛ մարզվելիս, թե՛ խաղալիսթե՛ ստեղծագործելիս, թե՛ երգելիս․․․Փորձում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կտիրի ուրախ ու խենթ մթնոլորտ, չսահմանափակելով սաների ազատությունը՝ թույլ տալ ապրել, զգալ, շոշափել իրեն շրջապատող ամեն ինչ, հնարավորություն տալ բացահայտելու ինքնիրեն։

Ռոդարիի խաղերը սաներին տալիս են ինքնարտահայտման ազատություն, ինչը նրանց հնարավորություն է տալիս հաղթահարել վախերը, զարգացնել ինքնավստահությունը և դեռ վաղ տարիքից կառուցել իրենց ինքնությունը։

Երեխան բավարարվածության և երջանկության զգացում է ունենում, երբ հաճույք է ստանում իր արածից և ինքնամոռաց տարվում անելիքով։ Խաղերը հենց այդպիսի մթնոլորտ ստեղծելու ամենաարդյունավետ մեթոդներից են․ դրանք զգացմունքների արտահայտման և շրջապատող իրականության ճանաչման հզոր միջոց են: Խաղի ժամանակ երեխաները ցուցաբերում են կամքի ուժ, համարձակություն, իրավիճակին ստեղծագործաբար մոտենալու կարողութուն: 2-4 տարեկանների հետ իրականացնում ենք ռոդարիական խաղեր, որոնք ուղղված են նրանց ինքնաճանաչմանը, ճանաչողական գործունեության զարգացմանը, շփման հմտությունների ձևավորմանը, խմբային աշխատանքի կարևորությանն ու կանոնների ձևավորմանը, օգնում են ծանոթանալ սեփական ընդունակություններին։

Նախակրթարանի սաների հետ ստեղծում ենք ինքնաշեն խաղեր՝ կիրառելով Ռոդարիի հնարքները։ Ցանկացած խաղի ստեղծում շատ հավես ընթացք է ունենում՝ հատկապես, երբ իրենք անմիջական մասնակցություն են ունենում պատրաստմանը․ մեծ հետաքրքրությամբ հետևում են, պատրաստակամորեն մասնակցում՝ իմացումի հրճվանք ապրելով։ Խոսքային շնչառության զարգացման համար մեծ նշանակությունն ունեն շնչառական վարժությունները։ Դե, իսկ վարժությունն իրականացնելու համար սաներն իրենց ձեռքով են պատրաստում համապատասխան խաղերը՝ զարգացնելով ստեղծագործական ու երևակայական մտածողությունը։ Նմանատիպ ինքնաշեն խաղերի ստեղծումը հնարավորություն է տալիս սաներին տեսնելու՝ ինչպես կարելի է ձեռքի տակ եղած ամենասովորական իր-առարկաներից ստանալ հետաքրքիր ու զվարճալի խաղ՝ միևնույն ժամանակ այն ծառայեցնել որպես կարևոր բաղադրիչ՝ խոսքի զարգացման համար։

Նախակրթարանում սաների օրն առավել հետաքրքրիր ու զվարճալի դարձնելու համար չկան գծած սահմաններ․ գործունեություն իրականացնելու համար ձեռքի տակ եղած ամեն բան մեզ կարող է ծառայել։ Օրինակ՝ երբ կա մեծ ցանկություն երգելու, ամենևին էլ պետք չէ սպասել երաժշտական որևէ գործիքի նվագակցությանը, հատկապես, երբ շուրջդ կա մոտ 20 սանի հողաթափ․ ի՞նչ պակաս նվագարան են որ․․․ 2-4 տարեկանների խմբում, որպես երաժշտական գործիք, կարող են լինել ինչպես դդումները, գդալները, փայտյա շերեփները, այնպես էլ ընկույզից պատրաստված ինքնաշեն շրխկանները։ Երաժշտական ռիթմիկ խաղերը օգնում են սաներին կենտրոնանալ, լարել լսողությունն ու ուշադրությունը, զարգացնել տեսածը կրկնօրինակելու հմտությունը։

Հ․Գ․ Ինչպես ռոդարիական, այնպես էլ ամենասովորական խաղերի ժամանակ շատ կարևոր են խրախուսանքներն ու ոգևորող «պարգևատրումները»։ Որպես այդպիսին՝ 2-4 տարեկանների համար կիրառում ենք, օրինակ, որևէ ոգևորող բառի բարձրաձայնումը՝ դուք ամենախելացին եք, ամենաուժեղը, ամենաարագաշարժը, երբեմն էլ խաղի վերջում՝ ի նշան հավասարության ու ընկերության հաղթանակի, բոլորի ձեռքին սրտիկ ենք նկարում․ միայն տեսնել է պետք նրանց ուրախությունը, ոգևորությունն ու թաքնված հրճվանքն այդ պահին։

Խաղացե’ք ձեր երեխաների հետ, խենթացե’ք, մանկացե’ք, ու մի ամբողջ երջանկություն ապահովված է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով