Հեղինակային կրթական ծրագիրը նաև դպրոց ընդունվելու համակարգում է իրական այլընտրանք առաջարկում ուսուցիչներին, քանի որ ապահովում է իրական մուտք՝ իր բոլոր բաղադրիչներով։
Պետական ծրագիրն առաջարկում է իր մոտեցումը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 200 հարցից բաղկացած հարցաշար, որում (ինչպես նշված է հրամանում) ներառված են կրթության բնագավառի օրենսդրության (30 տոկոս), ինչպես նաև մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական իմացությունը (70 տոկոս) ստուգող հարցեր։ Հարցաշարի օրինակը հետաքրքիր է․ կարող եք ուսումնասիրել, եզրակացությունները՝ հոդվածի վերջում։
Հրամանում նշվում է, որ ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթային նոր կարգի համաձայն` մրցույթն իրականացվելու է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում են հանրակրթական ուսումնական հաստատությունները: Դրանք բնույթով պետք է լինեն իրավիճակային` ուղղված մասնակիցների մանկավարժական և ուսումնամեթոդական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների բացահայտմանը։
Թեստավորման հարցաշարը հայտնի է ու հրապարակված, բայց ա՛յ դպրոցների կազմած հարցազրույցային հարցերը չեմ գտել․ դրանք հրապարակված չեն։ Համացանցում կան տարբեր կցկտուր տեղեկություններ։
Օրենքում նշվում է մրցույթային հանձնաժողովի ձևավորման կարգը։ Սույն օրենքում նշվում է, թե ինչ բնույթ պիտի ունենան բանավոր քննության հարցատոմսի հարցերը, քանի րոպե է տրվում մասնակցին պատրաստվելու համար։ Օրենքում բավական մանրամասն շարադրված է ամեն ինչ, բայց ընթերցելիս ինձ զարմացրեց երկու բան․
Ոչ մի տեղ չի նշվում, թե հարցատոմսերը որտեղ պետք է հրապարակված լինեն։
Չի նշվում նաև, թե արդյունքների արձանագրությունը որտեղ է հրապարակվում։
Անտրամաբանական եմ համարում, որ 21-րդ դարում, երբ Հանրակրթության պետական չափորոշչով լրիվ այլ կարողունակություններ ենք առաջ մղում, ուսուցչին չի կարելի օգտվել համացանցից․ ինչո՞ւ, օգտվելը ինչպե՞ս կարող է վնասել իրավիճակային հարցին պատասխանելուն։ Ինչո՞ւ է մրցույթը փակ անցկացվում, ինչո՞ւ մի մասնակիցը չի կարող ներկա գտնվել մյուս դիմորդի հետ զրույցին․ ինչի՞ն կարող է դա խանգարել։
Նաև տարբեր դպրոցների կայքերում փնտրեցի մերժումը կամ հաստատումը փաստող արձանագրությունները, ձայնագրությունները, որոնք, ինչպես նշված է օրենքում, պիտի նաև համապատասխան հղումներ պարունակեն․ չգտա։
Հիմա անդրադառնամ ուսուցչի՝ «Մուտք դպրոց» ճամբարի բովանդակության, կազմակերպման հեղինակային մոտեցմանը։ Մեր մոտեցման հիմքում ուսուցչի՝ դիմող մասնագետի խրախուսումն է, որ ուզի դպրոց ընդունվել, չվախենա աշխատելուց, հասկանա, որ միշտ կարելի է սովորել, եթե ինքն ունակ է, պատրաստակամ և բաց սովորելու համար։ Կարևոր ենք համարում հեղինակային կրթական ծրագրի հիմնական մոտեցումներին, կազմակերպմանը, միջավայրին ծանոթացնելը։ Կարևոր է, որ դպրոցը՝ մեր դեպքում կրթահամալիրը, ներկայացնելու ու ներկայանալու բան ունենա․ դիմող մասնագետը պետք է պատրաստ լինի Մուտքին, հասկանա, թե իր առաջ ինչ պահանջներ են դրված, կրթահամալիրում ինչ հնարավորություններ, մոտեցումներ կան։ Դիմող մասնագետը պետք է իրեն տեսնի այդ հաստատությունում, տեսնի իր մուտքը, հասկանա, որ իր խոսքը լսում են, կարևորում։
Հեղինակային ճամբարի մուտքն անցնում է մի քանի փուլով։ Կրթահամալիրի պաշտոնական կայքէջի Գործատու բաժնում ներկայացված են․
1․ Մանկավարժական աշխատողի՝ կրթահամալիր ընդունվելու կարգը
2․Աշխատանքի ընդունելության հայտը
3․Քառօրյա վերապատրաստման կարգը
4․ Կրթահամալիրում կամավորական աշխատանք կատարելու կարգը
5․«Մուտք» ճամբարի կազմակերպման կարգը
6․ Թափուր աշխատատեղերը, դրանց հայտարարությունները։
Ամեն ինչ բաց է, հրապարակային ու տեսանելի։ Դիմող մասնագետն անցնում է տարբեր փուլերով, շփվում երկու տասնյակից ավելի սեբաստացիների հետ, հնարավորություն ունենում դրսևորվելու տարբեր իրավիճակներում, գործունեություններում։
Կրթահամալիր «Մուտք»-ը ինքնադրսևորման, մասնագետի բացահայտման հնարավորություն է։
Ուզում եմ մանրամասն անդրադառնալ «Մուտք» ճամբարին՝ շեշտադրելով դրա կարևորությունը։
Հեղինակային կրթական ծրագրի Մուտքը ճամբարային է, որ բաղկացած է քաղաքային և արտագնա փուլերից։
Քաղաքային փուլն իրականացվում է կրթահամալիրում։ Ծրագիրն այնպես է կազմված, որ մասնակիցները հնարավորություն ունենան բնական ձևով ծանոթանալու կրթահամալիրի միջավայրին․ հանդիպումներն ամեն անգամ կրթահամալիրի հանգույց մի դպրոցում են, մի լաբորատորիայում։ Սա հնարավորություն է քայլելու, տեսնելու կրթահամալիրի միջավայրային առանձնահատկությունները։ Ճամբարի ընթացքում դիմող մասնագետները և՛ կրթահամալիրային մոտեցումներին ծանոթանալու, և՛ միմյանց լսելու, և՛ իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն ունեն։ Կարևոր ենք համարում կենդանի շփումը, որ մարդը կարդա տրված նյութերը, կարողանա դրանց շուրջ կարծիք արտահայտել, նախապես տարբեր աղբյուրներ ուսումնասիրել ու չվախենալ խոսելուց, արտահայտվելուց։ Հենց այստեղ էլ դրսևորվում է մարդը՝ մասնագետը՝ իր մարդկային որակներով, հմտություններով, սովորելու պատրաստակամությամբ։ Գրավոր հանձնարարությունները նույնպես ուղղված են մարդու բացահայտմանը․ կարևոր է մարդու գիրը, շարադրանքը, ընթերցածը յուրացնելն, իր մոտեցումները շարադրելը։ Դիմորդները դրանք բաց և հրապարակային հրապարակում են իրենց բլոգներում․ դրանք հասանելի են յուրաքանչյուր ընթերցողի, օգտատիրոջ համար։ Բաց դրված են ճամբարի բլոգում՝ հասանելի կրթահամալիրի յուրաքանչյուր դասավանդողի, ծնողի, սովորողի համար։ Սա կարևոր արձանագրում է մեզ համար։
Ճամբարի երևանյան և արտագնա փուլի կազմակերպիչները յուրաքանչյուր ճամբարի ժամանակ փոխվում են։
Ճամբարների ծրագրերը հրապարակվում են սահմանված ժամկետում։
Արտագնա ճամբարը կազմակերպվում է կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում։ Այս փուլի նպատակն է միմյանց հետք քայլելը, ապրելը, մարդկանց ոչ պաշտոնական միջավայրում ճանաչելը: Սա շատ կարևոր է. ուսուցչի համար մարդկային որակների բացահայտումը, տարբեր միջավայրերում դրսևորումն առանցքային է։ Ուսուցիչը պիտի ապրի սովորողի հետ, սիրի, ընկերանա դասարանում, դասարանից դուրս՝ կյանքում․ մենք կյանքից չկտրված ուսուցիչ ենք փնտրում։ Հեղինակային կրթական ծրագրի ուսուցչին ներկայացվող պահանջներում կարևորում ենք ստեղծականությունը, սեփական խոսքն ու կարծիքը, այլ հմտություններ։
Չհակադրելով ուսուցչի ընտրության պետական և հեղինակային մոդելները՝ ուզում եմ մի քանի բան ընդգծել։
Կարևոր է հնարավորություն տալ ուսուցչին ընտրություն կատարելու պետական և հեղինակային ծրագրի «մուտքի» մոդելների միջև։
Լավ կլինի, որ պետական ծրագիրը՝
1․բաց և հրապարակային լինի՝ իր բոլոր բաղադրիչներով
2․ հնարավորություն տա դիմորդներին ինքնադրսևորվելու, ներկայանալու, միմյանց լսելու
3․հնարավորություն տա դպրոցին ևս ներկայանալու, որ դիմորդը հասկանա, թե որտեղ է աշխատելու, ինչ է անհրաժեշտ
4․ ազատ և ստեղծական լինի․ այն ինչ հնարավոր է գտնել համացանցում ու կարդալ, կարծում եմ, միշտ կարելի է անել։
Հեղինակային կրթական ծրագրի «Մուտք»-ը՝ իր բոլոր բաղադրիչներով, շարունակաբար զարգանում է, ընդլայնվում։