Օտար լեզվի ուսուցում-ուսումնառության գործընթացում լայնորեն կիրառվում են զանազան թվային հարթակներ և տեխնոլոգիաներ: Դրանք ամենօրյա ուսումնական գործընթացը դարձնում են ավելի գրավիչ, հանրամատչելի՝ առաջարկելով ուսուցման ինտերակտիվ ձևեր: Առավելությունների հետ մեկտեղ, այդուհանդերձ, ուսուցում-ուսումնառության այս տեսակն առաջ է բերում մի շարք ռիսկեր, որոնք կրթության կազմակերպման տեսանկյունից հավասարակշռման կարիք ունեն:
Իմ մանկավարժական գործունեության ընթացքում մշտապես օգտվում եմ թվային հարթակների հնարավորություններից և փորձարկում եմ զանազան տեխնոլոգիաներ:
Իմ փորձառությունը թույլ է տվել եզրակացնել, որ օտար լեզվի թվային ուսուցման առավելություններն են՝
- Մատչելիությունը
- Ինտերակտիվ ուսուցման ձևերի բազմազանությունը
- Անհատականացված ուսուցումը
- Ուսուցման արդյունքի վերաբերյալ ակնթարթային արձագանքը
- Ուսուցման մոտիվացիայի անընդհատ աճը
Օտար լեզվի թվային ուսուցման թերություններն են ՝
- Տեխնիկական խնդիրները
- Էկրանի առաջ երկար աշխատելու վնասները
- Կրթական բովանդակության որակը
- Ապասոցիալականացման վտանգը և կախվածությունը:
Քանի որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մեդիադպրոց է, և սովորողները հասանելիություն ունեն մեդիագործիքներին, որոշեցի անգլերենի լեզվական հմտությունները զարգացնելու հետ մեկնեղ սովորողներին ծանոթացնել նոր թվային գործիքների հետ:
2023-2024 ուսումնական տարվա ընթացքում կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի 4-րդ դասարանի սովորողների հետ ուսումնասիրել և տարբեր նախագծերի իրականացման համար կիրառել ենք Wordcloud http://www.wordcloud.com/ /Բառի ամպ /թվային հարթակը: Այն տեքստային տվյալների տեսողական ներկայացում է, որը սովորաբար օգտագործվում է կայքերում՝ հիմնաբառերը գեղարվեստական ներկայացման համար: Այն թույլ է տալիս օգտագործողներին ստեղծել «Բառերի ամպեր», որտեղ հնարավոր է մուտքագրել նախասիրություններին համապատասխան տեքստեր: Ծրագիրը թույլ է տալիս գունավորել, ձևավորել տեքստերը ՝ օգտագործելով զանազան ետնապատկերներ և թեմաներ, կպչուկներ, գույներ և ձեռագրեր:
Այս առցանց հարթակի օգտագործումը թույլ տվեց բարելավել սովորողների անգլերեն գրելու և մուտքագրելու հմտությունները, նպաստեց, որ սովորողներն առավել մոտիվացվեն: Սովորողները յուրաքանչյուր նոր թեմա ուսումնասիրելիս մեծագույն ոգևորությամբ էին մուտքագրում թեմայի նոր բառերը «Բառի ամպի» մեջ և ձևավորում դրանք՝ օգտագործելով թվային հարթակի հնարավորությունները: Այսպիսով, յուրաքանչյուր նոր թեմա ուսումնասիրելուց հետո սովորողները ստեղծում և իրենց բլոգներում հրապարակում էին նոր և գեղեցիկ աշխատանքներ:
2023-2024 ուսումնական տարում 4-րդ դասարանի սովորողները ուսումնասիրել և լայնորեն կիրառել են Mind Mup https://app.mindmup.com/ / Մտքի քարտեզ /թվային հարթակը: Մտքի քարտեզ կոչվող գործիքը թույլ է տալիս թվային հարթակում պատկերել գաղափարներ և դրանցից բխող հասկացություններ՝ ընդգծելով դրանց միջև առկա անմիջական կապերը: Հատկապես տպավորիչ էին «Ձոն» նախագծին վերաբերվող վերջնարդյունքները: «Ձոն» նախագծը կրթահամալիրի հեղինակային մանկավարժության ամենագեղեցիկ նախագծերից է, որի միջոցով մեծարվում և գովերգվում են կանայք, մայրերը, սիրելի տատիկները: Այս առիթով կրթահամալիրի 4-րդ դասարանի սովորողները ստեղծեցին հետաքրքիր դիագրամներ, որոնց միջոցով բնութագրեցին իրենց մայրիկներին, քույրիկներին, տատիկներին և ուսուցիչներին:
2023-2024 ուսումնական տարում 4-րդ դասարանի սովորողների հետ ուսումնասիրել ենք նաև արհեստական բանականության գրաֆիկական գործիքներից Leonardo/Լեոնարդո https://leonardo.ai/ հարթակը, ինչի արդյունքում սովորողները ամանորյա թվային բացիկներ պատրաստեցին։
Այս գործիքի շնորհիվ ակնհայտ դարձավ այն, որ սովորողներն սկսեցին ավելի գրագետ նախադասություններ կազմել, քանի որ հարթակում գրաֆիկական պատկերները ձևավորվում են սովորողի կողմից ճիշտ ձևակերպված գրավոր խոսքի միջոցով: Այս գործիքի ուսումնասիրությունը իրական տոն էր սովորողների համար, քանի որ նրանք հնարավորություն ստացան նյութականացնել իրենց երևակայական մտքերը:
Պիտի նշեմ, որ նոր սերունդը շատ մոտիվացված է նոր բան սովորելու, երբ գիտելիքը առաջարկվում է թվային տեխնոլոգիաների միջոցով: Անշուշտ, դա մեծ մարտահրավեր է յուրաքանչյուր դասավանդողի համար, քանի որ մշտապես պետք է վերանայել և կատարելագործել սովորել սովորեցնելու մեթոդները: