Օտար լեզվի ուսուցումը բարդ, հաճելի և աշխատատար գործընթաց է:
Քանի որ ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում, անընդհատ փորձում եմ գտնել, մշակել նոր մեթոդներ, որպեսզի սովորողների համար է՛լ ավելի հետաքրքիր դառնա ուսուցումը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային (պետական այլընտրանքային) մանկավարժության համաձայն ինքներս ենք հանդիսանում մեր դասավանդման մեթոդի հեղինակը, կազմակերպիչը:
Մանկավարժության վերաբերյալ պատկերացումներս ձևավորվեցին ուսանողական տարիներին, երբ առաջին անգամ ոտք դրեցի դասարան՝ որպես ուսուցիչ, և պետք է ստանձնեի այդ դերը այնքան հմտորեն, որ սովորողը ևս հավատար և ընդուներ։ Մտնելով դասարան՝ հասկացա, թե ինչ մեծ պատասխանատվություն է դրված մանկավարժի ուսերին։
Զարմանալիորեն սիրեցի աշխատանքս․ այն կլանվածությունը, այն ուշադրությունը և այն պատասխանատվությունը , որ սովորողները ցուցաբերում էին ներկայացվելիք նյութի վերաբերյալ ոգևորիչ էին։ Կատարած աշխատանքի արդյունքը տեսնելով՝ հասկացա ,որ սիրում եմ աշխատանքս, և այդ սերը փոխադարձ էր ։ Հաճելի է տեսնել այն սիրելի դեմքերը, ովքեր փորձում են որսալ յուրաքանչյուր նոր բառը, իսկ ընդմիջման ժամանակ կիրառում են սովորածը՝ հորդորելով մեկը մյուսին խոսել անգլերեն։
Աճող մարդու խնամքն ու զարգացումը մեծապես կախված է ուսուցչից, դաստիարակից , նրա ընտրած ուսուցման մեթոդից։
Ստիպողաբար ուսուցումից դուրս են գալիս սպառված, դատարկված, ինչը զրկում է նրանց հոգեկան և ֆիզիկական ուժերի խաղից , ինչը շատ կարևոր է նրանց ստեղծագործ և անհատական զարգացման մեջ։
Աշխատանքս սկսեցի Արևելյան դպրոցում։ Մուտքը դպրոց տպավորիչ էր ու ոգևորող՝ սովորողների ուրախ եռուզեռ, բարձր տրամադրություն, հաճելի ու ծանոթ դեմքեր։ Օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով ,որը մի յուրահատուկ էներգիայով լցրեց և ապահովեց օրվա գեղեցիկ ընթացքը։
Այս ուսումնական տարին լի էր ստեղծական մտքերով, ավելին անելու ցանկությամբ․ երբեմն թվում էր ՝ ժամանակը չի բավականացնում մեր անսպառ գործնեության համար։
Հատկանշական էին «Ելք» ստուգատեսի շրջանակում երրորդ դասարանի սովորողների մասնակցությամբ իրականացրած ներկայացումները, որտեղ յուրաքանչյուր դեր և խոսք ընտրվել է սովորողների կողմից։
«Ելք» ստուգատեսը երրորդ դասարանցիների ելքն է երրորդ դասարանից և մուտքը չորրորդ դասարան։ «Ելք» ստուգատեսի ընթանցքում նրանք ներկայացնում են երեք տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները։
Նախապես ընտրելով հեքիաթները, ինչպիսիք են ՝ «The Turnip» և «The Happy Biscuit boy» հեքիաթները, կատարել ենք թարգմանություններ, համեմել «Learn English Through the English Songs» նախագծի շրջանակում սովորած երգերով։
Հեքիաթների թարգմանությունները կատարել ենք միասին, դերերի ընտրությունը կատարել ենք հեշտությամբ, քանի որ առաջարկվել է սովորողների կողմից։
Սկզբում պատրաստեցինք անգլերեն լեզվով ներկայացումը, այնուհետև որոշեցինք ներկայացմանն ավելացնել հայերեն երգեր։ Սովորողներն այնքան ոգևորված էին ներկայացմամբ, որ ինքնուրույն փորձեր էին կազմակերպում։ Երբեմն ընդմիջումների ժամանակ այնքան կազմակերպված էին կատարում իրենց փորձերը, որ թվում էր, թե ներսում դասավանդողն է միջամտում։
Համագործակցությունը սկսեցինք մայիս ամսին և ունեցանք ցանկալի արդյունք։
«The Happy Biscuit Boy» ներկայացման հերոսը ենթադրաբար տղա պետք է լիներ, սակայն մեր ուրախ Գնդիկ բոքոնիկին մարմնավորեց չարաճճի և տարբերվող Սառան, ով ի սկզբանե որոշել էր, որ պետք է միայն այդ կերպարը կերտեր։ Եվ, այո՛, ստացվեց այնքան գունեղ ու տպավորիչ՝ համեմված սառայական իմպրովիզներով։
Ներկայացումներից յուրաքանչյուրի ընթացքում սովորողները դրսևորել են անզուսպ ոգևորություն, սովորելու, հասկանալու և կրկնելու մեծագույն կամք: Սովորողները սիրում են այս մեթոդը, քանի որ այստեղ նրանք ազատվում են պարտավորվածությունից, սխալվելու վախերից և բարդույթներից: Թատրոն-նախագիծը և’ դաս է, և ՛ յուրօրինակ թերապիա, որը օգնում է վերադարձնել մարդ-բնություն իրական կապը և վայելել սովորելու բերկրանքը: Այն տալիս է ավելին, քան մենք կարող ենք պատկերացնել․ փոխում է դասավանդող-սովորող փոխհարաբերությունները, մեծացնում է պատասխանատվությունը իրենց իսկ կատարած աշխատանքի վերաբերյալ։
Յուրաքանչյուր ներկայացման նախապատրաստական փորձերին սովորողներն անհամբեր սպասում էին, և յուրաքանչյուր անգամ նույնը չէր լինում, ավելացնում կամ փոխում էինք իրավիճակ կամ խոսք: Արդյունքում ստացանք պարզ ու անմիջական միջավայրում ստեղծված գեղեցիկ հորինուկ-երկխոսություն, որտեղ սովորողները ներկայացան իրենց կողմից ստեղծված յուրահատուկ հեքիաթ-խառնաշփոթով, որն էլ համեմեցին հայերեն երգերով։
Դպրոցական ներկայացումները սովորողներին իրենց մտքերն և գաղափարներն արտահայտելու շատ լավ հնրավորություն են տալիս։ Զարգացնում են մի շարք կարևոր հմտություններ, որոնցից են՝
- Ինքնավստահություն։ Ներկայացումների միջոցով սովորողները սովորում են վստահորեն արտահայտվել հասարակության առջև, ինչը կարևոր հմտություն է ցանկացած ոլորտում։
- Ձևակերպման հմտություններ։ Ներկայացումները օգնում են սովորողներին հստակ և կազմակերպված ձևով արտահայտել իրենց գաղափարները, ինչը շատ կարևոր է գրավոր և բանավոր հաղորդակցման համար։
- Հետազոտելու կարողություններ։ Նախապատրաստվելիս սովորողները սովորում են հետազոտել իրենց թեման՝ հավաքելով և վերլուծելով տվյալներ։
- Ժամանակի կառավարում։ Ներկայացման ժամանակի սահմանափակումները սովորեցնում են արդյունավետորեն կառավարել ժամանակը և կազմակերպել բովանդակությունը։
- Ճաշակ և ստեղծագործական երևակայության զարգացում։ Ներկայացումները հաճախ պահանջում են ստեղծագործական մոտեցում, ինչի միջոցով սովորողները զարգացնում են իրենց ստեղծագործական կարողությունները։
- Հետաքրքրություն և ներգրավվածություն։ Պատրաստված ներկայացումը հաճախ ավելի հետաքրքիր է և ներգրավող, քան սովորական դասընթացը, ինչը կարող է մեծացնել սովորողների մասնակցությունը և հետաքրքրությունը ուսուցման նկատմամբ։
- Ընդունման և համակերպման հմտություններ։ Ներկայացման ընթացքում սովորողները սովորում են, թե ինչպես ընդունել և վերաբերվել լսարանի արձագանքներին ու կարծիքներին։
- Թիմային աշխատանք։ Քանի որ ներկայացումը թիմային աշխատանք է, սովորողները կարող են զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները՝ աշխատելով ընդհանուր մեկ նպատակի իրականացման ուղղությամբ։
Այս բոլոր հմտությունները կարևոր են ոչ միայն դպրոցական, այլև հետագա կյանքի համար, քանի որ դրանք օգտակար են տարբեր միջավայրերում՝ մասնագիտական գործունեության մեջ, սոցիալական շփումներում և այլն։
Մեկ այլ հաճելի գործընթաց էր «Ուրախ օտար լեզու» ամառային ճամբարի ընթացքում երեխաների հետ աշխատելը, որտեղ յուրաքանչյուր սովորող դրսևորվում է նորովի։ Ինձ համար բարդ թվացող , բայց հաճելի գործընթացը ևս մեկ անգամ վստահեցրեց , որ յուրաքանչյուր իրավիճակում յուրաքանչյուր սովորողի հետ բացահայտվում ես նորովի։
Բացահայտումների այս հաճելի և պատասխանատու ճանապարհն այսքան հնարամիտ սերնդի հետ անցնելը ոչ այլ ինչ է , քան մեծագույն պարգև։
Կարծում եմ՝ մանկավարժության ոլորտում աշխատողները պետք է լինեն համբերատար և բարդ աշխատանք կատարեն՝ հասկանան սովորողների կարիքները և համապատասխան լուծումներ առաջարկեն տարբեր իրավիճակներում։
Մանկավարժը պետք է սիրի սովորողներին և իր աշխատանքը, որպեսզի կարողանա արդյունավետ ու նպատակային կրթություն ապահովել, ինչպես նաև հասնել մի շարք կարևոր նպատակների: Երբ մանկավարժը սիրով մոտենում է իր աշխատանքին, նա ավելի ուշադիր է լինում սովորողների անհատական կարիքներին և կարողանում է լավագույնս աջակցել նրանց զարգացման գործընթացում։ Սիրով ու հետաքրքրությամբ աշխատող մանկավարժները ավելի արագ ու արդյունավետ են արձագանքում սովորողների խնդիրներին, խթանում երեխաների մոտ ինքնվստահության զարգացմանը։ Մանկավարժի ոգևորությունը և աշխատանքային պարտականության նկատմամբ սիրով մոտեցումը կարող են նպաստել հետաքրքիր և արդյունավետ դասավանդման մեթոդների կիրառմանը, ինչի արդյունքում սովորողներն ավելի հետաքրքրված են լինում ուսումնական գործընթացում։ Սիրող և նվիրված մանկավարժը կարող է նպաստել սովորողների սոցիալական ու հոգեբանական առողջ ձևավորմանը, քանի որ նրանք տեսնում են, որ իրենց աշխատանքը գնահատվում է և արժևորվում ։
Այսպիսով, մանկավարժի խորը հետաքրքրությունը, հոգատարությունը և սերը իր գործի նկատմամբ կարող են մեծապես բարելավել ուսումնական գործընթացի արդյունավետությունը և սովորողների ընդհանուր զարգացումը: