«Խաղը երեխայի, նաև մեծերի կյանքի ընթացքն է, նայած թե տվյալ պահին ինչ ես խաղում և ինչի անունն ես խաղ դրել». Աիդա Պետրոսյան
2004 թվականն ինձ համար նշանավորվեց կյանքիս ճանապարհի նոր և նշանակալի փուլի մեկնարկով. սկսեցի աշխատանքս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Մինչ այդ, այս կրթական հաստատության մասին լսել էի հակասական կարծիքներ, սակայն չէի պատկերացնում, որ այստեղ հայտնվելը իմ մասնագիտական կյանքի կարևորագույն շրջադարձերից մեկն է լինելու։ Հայտնվելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ հեղինակային մանկավարժությունը բարձրագույն արժեք է, հասկացա, որ այստեղ ամեն մանկավարժ ունի հնարավորություն լինելու ազատ ստեղծագործող, նորարար։ Հեղինակային մանկավարժությամբ զբաղվողը պետք է մշակի իր սեփական ուսումնական մեթոդներն ու մոտեցումները, որոնք համապատասխանում են սաների կարիքներին և հետաքրքրություններին, կիրառի դրանք։ Հեղինակային մանկավարժությունը մտածողություն է, ճկունություն, երևակայություն․․․
Աշխատելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ բացահայտեցի այդտեղի բացառիկ և արտասովոր միջավայրը. այստեղ բոլորը հավասար էին, անկախ դիրքից ու տարիքից, փոխադարձ հարգանքը և համագործակցությունը՝ մշտապես առաջնային։ Կրթահամալիրն ունի ազատության և ստեղծագործ երևակայության անսահման տարածք, որտեղ յուրաքանչյուր սովորող և դասավանդող կարող են զարգանալ, կատարելագործվել։
Կրթահամալիրը նպաստեց իմ մասնագիտական աճին՝ աշխատանքս կերպափոխեց, վերածեց ստեղծագործական հնարավորությունների անեզր շտեմարանի։
Իմ աշխատանքային առաջին կանգառը 2-5 տարեկանների խմբասենյակն էր․ սկզբնական շրջանում աշխատեցի դաստիարակ՝ լի էներգիայով և ոգևորվածությամբ։ Աշխատում էի 2-5 տարեկան սաների հետ՝ առավելագույնս ապահովելով նրանց մտավոր, ֆիզիկական և սոցիալական զարգացումը։ Այս փուլում ինձ համար կարևոր էին երեխաների անհատական պահանջները հասկանալը և նրանց զարգացման համար լավագույն մեթոդները գտնելը։ Նորարարական մեթոդները և խաղային ուսուցման ձևերը դարձան իմ աշխատանքի անբաժանելի մասը։
Այս ուղին ինձ համար եղել է անսահման ուսուցողական և հարստացնող: Աշխատելով տարատարիք խմբի հետ՝ ես ոչ միայն փոխանցել եմ գիտելիքներ, այլև շատ բան սովորել սաներից: Սաների անհատական զարգացումը դիտարկելով՝ վերաիմաստավորել եմ ուսուցման և դաստիարակության սկզբունքները: Յուրաքանչյուր ստեղծագործական նախագիծ ինձ օգնել է՝ բացահայտել նրանց ներքին աշխարհը, նպաստել նրանց ինքնարտահայտմանը: Սա հնարավորություն է տվել մեզ միասին ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է զգալ իրեն ինքնուրույն,գնահատված և կարևոր:
Տարիների ընթացքում անցա տարբեր փուլերով։ Այժմ 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբի ծրագրի ղեկավարն եմ: Որպես ծրագրի ղեկավար՝ սկսեցի ավելի խորությամբ ուսումնասիրել կրթական նորարարությունները, զարգացնել, հանդես գալ մանկավարժական նոր մոտեցումներով: Չեմ կարող չհիշել տիկին Աիդա Պետրոսյանին՝ միշտ մանուկ մանկավարժ ուսուցչիս, ով իր հոգատարությամբ և անսահման ստեղծագործականությամբ մշտապես ոգևորում և առաջ էր մղում բոլորիս։ Տիկին Աիդան ողջ կյանքում հավատարիմ մնաց իր սկզբունքին՝ մեծ կարևորություն տալով խաղին և ստեղծագործական մտածողությանը, ինչը դարձավ իմ մանկավարժական գործունեության հիմնաքարը: Նրա խոսքերը և գործողությունները մշտապես ոգևորել են ինձ՝ իմ մասնագիտական աճի և զարգացման ճանապարհին: Տիկին Աիդան ինձ հաճախ անվանում էր «պռճկված»՝ ընդգծելու իմ պատրաստակամությունը, արագահասությունն ու բարձր տրամադրությունը. այդ «պռճկվածությունը» դարձավ իմ աշխատանքային ոճի անբաժանելի մասը՝ ուղենիշը։
Իմ 20 տարիները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աչքի են ընկել բազմազանությամբ, նորարարական մեթոդների կիրառությամբ, թիմային համագործակցության բարձր մակարդակով։ Տարիները լեցուն էին նոր փորձառություններով, ստեղծագործական մտահղացումներով և համագործակցության նոր հնարավորություններով: Ներդրված փորձարարական ուսուցման մեթոդները նպաստել են սաների հետաքրքրասիրության խթանմանը և ստեղծագործականության զարգացմանը։
Խաղային ծրագրերը նպաստել են սաների տրամաբանական մտածողությանը, սոցիալական հմտությունների զարգացմանը։ Մենք կիրառել և կիրառում ենք ինտերակտիվ բազմազան խաղեր, որոնք խթանում են սաների ակտիվ մասնակցությունը ուսումնական գործընթացին։
Որպես 2-5 տարեկանների խմբի խնամքի և զարգացման ծրագրի ղեկավար՝ իմ առաքելությունն էր ապահովել երեխայի բազմակողմանի զարգացումը՝ հաշվի առնելով նրանց ֆիզիկական, մտավոր և սոցիալական կարիքները։
Իմ աշխատանքային մեթոդներն ընդգրկում էին հետևյալ հիմնական ուղղությունները.
- Նորարարական մեթոդներ և խաղային ուսուցում: Մշտապես ձգտել եմ գտնել և ներդնել նոր ուսումնական մեթոդներ, որոնք սաներին հնարավորություն կտան ուսուցումը վերածել խաղի և խանդավառությամբ զբաղվել գիտելիքների ձեռքբերմամբ։
- Անհատական ուսուցում: Յուրաքանչյուր սանի զարգացման համար մշակված անհատական ծրագրերը նպաստել են նրանց զարգացման արդյունավետությանը։
- Ծրագրերի մշակում և կիրառում: Մշակել եմ ծրագրեր, որոնք ուղղված էին սաների ֆիզիկական, սոցիալական, և էմոցիոնալ զարգացմանը՝ ներառելով նաև մշակութային և ազգային արժեքների ուսուցումը։
Այս տարիներին լաբորատորիան կազմակերպել է մասնագիտական զարգացման սեմինարներ, որոնք նպաստել են մեր թիմի և գործընկերների հմտությունների կատարելագործմանը։
Դաստիարակների ինքնակրթությունն ու մասնագիտական զարգացումը կարևոր և անբաժանելի մաս են կազմում կրթական գործընթացի շարունակական բարելավման և նորարարական մեթոդների կիրառման մեջ: Իմ աշխատանքը՝ որպես ծրագրերի ղեկավար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ներառում է նաև դաստիարակների մասնագիտական զարգացման ապահովումը, որը միտված է կրթական որակի բարձրացմանն ու սաների զարգացմանը նպաստող նոր մոտեցումների ներմուծմանը:
Դաստիարակների ինքնակրթությունը կրթահամալիրում ունի հետևյալ հիմնական նպատակները.
- Ինքնուրույն ուսուցում և նոր գիտելիքների ձեռքբերում: Դաստիարակներին խրախուսում եմ մշտապես շարունակել իրենց կրթությունը և որոնել նոր մեթոդներ, գիտելիքներ և մոտեցումներ՝ սաների հետ իրենց աշխատանքում դրանք կիրառելու համար։ Սա ներառում է մասնագիտական գրականության, հոդվածների և կրթական ռեսուրսների ուսումնասիրությունը, ինչպես նաև առցանց դասընթացների և վեբինարների մասնակցությունը։
- Մեդիափաթեթների կիրառում: Ինքնակրթության կարևոր մասերից է մեդիափաթեթների օգտագործումը, որոնք պատրաստված են կրթահամալիրի հեղինակային ծրագրերի հիման վրա։ Այս փաթեթները ներառում են ուսուցման մեթոդներ, դասընթացների նյութեր, տեսադասեր և այլ նյութեր, որոնք օգնում են դաստիարակներին ծանոթանալ նորարարական մոտեցումներին և զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները։ Սա հնարավորություն է տալիս դաստիարակներին ինքնուրույն կերպով պատրաստվել և հստակ պատկերացնել իրենց առաջիկա գործունեության ընթացքը։
- Հեղինակային զարգացման ծրագրեր: Յուրաքանչյուր դաստիարակ մշակել է իր հեղինակային զարգացման ծրագիրը, որը ներառում է այն հմտությունները և գիտելիքները, որոնք նա ցանկանում է զարգացնել։ Այս ծրագրերը ուղղորդում են դաստիարակների աշխատանքը՝ նպաստելով ինքնակրթության նպատակային զարգացմանը։
Մասնագիտական զարգացման գործընթացը կրթահամալիրում ներառում է տարբեր նախագծեր և մոտեցումներ, որոնք ուղղված են դաստիարակների գիտելիքների և հմտությունների բարելավմանը.
- Մասնագիտական սեմինարներ։ Դաստիարակներին հնարավորություն է տրվում մասնակցել տարբեր սեմինարների և մասնագիտական հանդիպումների, որտեղ ներկայացվում են նոր մոտեցումներ և մեթոդներ կրթության ոլորտում։ Այս սեմինարները նպաստում են դաստիարակների մասնագիտական կապերի ընդլայնմանը և նորարարական գաղափարների ներմուծմանը։
- Մասնագիտական աջակցություն և մենթորություն: Որպես ծրագրի ղեկավար, ես մշտապես տրամադրում եմ մասնագիտական աջակցություն և մենթորություն դաստիարակներին։ Սա ներառում է խորհրդատվություն, միասնական նախագծերի մշակում և խնդիրների լուծման ուղղորդում։ Մենթորությունը նպաստում է դաստիարակների ինքնավստահության բարձրացմանը և նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը։
- Փորձի փոխանակում: Կրթահամալիրում խրախուսվում է փորձի փոխանակումը ոչ միայն կրթահամալիրի ներսում, այլև արտաքին գործընկերների հետ։ Դաստիարակները այցելում են այլ կրթական հաստատություններ, մասնակցում են համատեղ նախագծերին և համագործակցում այլ մասնագետների հետ՝ փոխանակելով իրենց գիտելիքները։
Այս մոտեցումների շնորհիվ դաստիարակները մշտապես գտնվում են շարունակական ուսումնառության և մասնագիտական զարգացման գործընթացում, ինչը կարևոր է որակյալ կրթական միջավայր ստեղծելու համար:
Հուսով եմ, որ հետագա տարիներն էլ նույնքան հաջողված և արդյունավետ կլինեն, և մենք միասին կհասնենք նոր բարձունքների՝ ապահովելով կրթության բարձր որակը։
2004 -2024 ուստարիներին աշխատել եմ՝
- դաստիարակ,
- մենթոր ուսուցիչ,
- 2-5 տարեկանների դաստիարակների և օգնականների ծրագրի ղեկավար,
- 5 տարեկանների դաստիարակների և օգնականների ծրագրի ղեկավար,
- նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստման ծրագրի համակարգող (ֆիզիկական միջավայրում և առցանց),
- «Պարտեզ» էջ համակարգող։
Մեր՝ սեբաստացիներիս հաջողության բանալին մշտական համագործակցությունն է դասավանդողների, ծնողների և համայնքի հետ։ Մենք փաստում ենք՝ ուսումնական գործընթացը պետք է լինի համատեղ և համապարփակ, որտեղ բոլորի կարծիքները և առաջարկները կարևոր են։ Այդ մոտեցմամբ ավելի արդյունավետ է դառնում ուսումնական գործընթացի կազմակերպումը և բարձր որակի ապահովումը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում տեղի են ունենում նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման դասընթացներ: Դաստիարակները ներկայացնում են իրենց հեղինակային կրթական ծրագրերն ըստ ուսումնական օրացույցի՝ «Դպրոց — պարտեզը ծեսի բաց լաբորատորիա» նախագծով: Վերապատրաստվողները հայտագրվում են, ծանոթանում նախապես հրապարակված ծրագրին «Բարեկամություն» շուրջտարյա ճամբարի էջում և 5 օր շարունակ լինում կրթահամալիրի նախակրթարաններում, երգում, պարում, խաղում, մարզվում, խենթանում, հրճվում այս խենթ միջավայրում, ասել է թե՝ «Միասին ապրելու կրթություն` խաղով, երգ ու պարով»:
Նախադպրոցական հաստատությունների աշխատողների հեղինակային վերապատրաստումներն ունեն աշխատանքի երկու ուղղություն՝ գործնական և ինքնակրթության։
- Գործնական. 5 օր շարունակ աշխատում, ապրում, ստեղծագործում են ազատ, թափանցիկ, ստեղծական բաց համակարգում: Կրթահամալիրի նախակրթարանի դաստիարակների հետ քննարկում, մշակում են հաջորդ օրվա նախագծերը և տեղադրում բլոգում, իսկ հաջորդ օրն իսկական իմացումի հրճվանք ապրում միասին:
- Ինքնակրթություն. վերապատրաստողների համար նախապես տեղադրվում է Նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիրը. նյութերի մեդիափաթեթը: Վերապատրաստվողները տանը ընթերցում են, օրվա վերջում ծրագրի ղեկավարի և դաստիարակնների հետ 30 րոպե քննարկում:
Մեզ միանում են նաև ծնողները, ինչից վերապատրաստվողները շատ զարմանում են. բայց չէ՞ որ ծնողը ծանոթ է ծրագրին, տեղյակ է նախակրթարանի գործունեությանը: Ծնողը ոչ միայն պատվիրատու է, գործընկեր, այլև իր երեխային վերաբերող նյութի յուրացնողը, իրագործողն ու տարածողը: Պարտեզ-սան-ծնող կապը միշտ ամուր է:
2017թ. օգոստոսից մինչև 2023թ. ապրիլ ամիսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վերապատրաստվել են մոտ 500 նախադպրոցական հաստատություններում աշխատողներ՝ դաստիարակներ, օգնականներ, տնօրեններ, մեթոդիստներ, երաժշտության դասավանդողներ և տեխնոլոգներ։ Այս ժամանակահատվածում կազմակերպված վերապատրաստման դասընթացները հնարավորություն են տվել նրանց ծանոթանալ կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրերին, ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև փոխանակել փորձը և խորացնել համագործակցությունը ոլորտի մասնագետների միջև։
Կրթահամալիրում աշխատելու տարիներին մենք ունեցել ենք բազմաթիվ հետաքրքիր և ուսումնական ճամփորդություններ։ Այդ ճամփորդությունները մեզ հնարավորություն են տվել այցելել Հայաստանի տարբեր մարզեր և տարածել մեր հեղինակային ծրագրերը։ Այցելել ենք Հայաստանի բազմաթիվ դպրոցներ և կրթական կենտրոններ՝ ներկայացնելով մեր հեղինակային մանկավարժական մոտեցումները և փորձը, կիսվել մշակած ծրագրերով, մեթոդներով, վարել սեմինարներ։
Սեբաստացիներով ճամփորդելը յուրահատուկ հաճույք է։ Յուրաքանչյուր սեբաստացի՝ իր ուխտով ու հավատքով, վերափոխվում է, երգում շարականներ։
Բոլորիս հավաքում է շուրջպարը՝ ազգային ու ծիսական երգերով։ Յուրաքանչյուրս, ձեռք ձեռքի բռնած, միմյանց ենք փոխանցում ստացած էներգիան։ Պարընկերոջ ձեռքն էլ ավելի ամուր ենք բռնում, վայելում ենք երակներում հոսող արյան խաղը, ոտքերը կտրվում են հողից, սավառնում ենք անեզր երկնքում։ Ազգային պարերը, ծիսական երգերը սեբաստացիներիս տալիս են ոչ միայն ֆիզիկական ակտիվություն, այլև հոգևոր սնունդ, որը միավորում է բոլորին՝ ստեղծելով մի ամուր ու հարուստ համայնք։
Կրթահամալիրում կազմակերպվում են ուրբաթ-համերգներ։ Սրանք ևս առանձնահատուկ միջոցառումներ են, որոնք նպաստում են սաների մշակութային զարգացմանը և նրանց ստեղծագործական ունակությունների բացահայտմանը։ Համերգների ընթացքում սաները ներկայացնում են իրենց սովորած երգերը, պարերը, երաժշտական կատարումները, թատերական ներկայացումները։ Դրանք ոչ միայն հոգևոր ու մշակութային միջոցառումներ են, այլև համայնքի անդամներին միավորող, նրանց կապն ու միասնականությունն ուժեղացնող, կրթահամալիրի դերն ու նշանակությունն արժևորող, սովորողների, դասավանդողների համակողմանի զարգացմանը նպաստող արժեքներ:
2024 թվականն իմ ճախրանքի, ստեղծագործական երևակայության և ազատության քսաներորդ տարին է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Քսան տարիներ, որոնք լի են եղել նորարարությամբ, հետաքրքրասիրությամբ և անսահման ստեղծագործական գործունեությամբ։ Այստեղ ես ոչ միայն աշխատել եմ, այլև դարձել եմ այս մեծ ու ջերմ ընտանիքի մի մասնիկը։
Կրթահամալիրում յուրաքանչյուր մարդը յուրահատուկ է իր մտածելակերպով, կարողություններով ու հետաքրքրություններով։ Այստեղ յուրաքանչյուրի անհատականությունն արժևորվում է։ Ազատությունը ստեղծագործական մտքին տալիս է անսահման հնարավորություններ։ Ազատությունը ենթադրում է համագործակցություն և փոխօգնություն։ Կրթահամալիրում ստեղծված միջավայրը խթանում է թիմային աշխատանքը, որտեղ սովորողներն ու ուսուցիչները միասին աշխատում են նախագծերի, միջոցառումների և տարբեր նախաձեռնությունների շուրջ։ Ազատությունը նաև նշանակում է հավասարություն և հարգանք բոլորի նկատմամբ։ Այստեղ յուրաքանչյուրն ունի իր տեղը և արժանապատվությունը, և բոլորի կարծիքը և իրավունքները հարգվում են։ Այս ազատության պայմաններում կրթահամալիրում ձևավորվում է մի միջավայր, որտեղ հնարավոր է անընդհատ զարգանալ, բացահայտել նոր հորիզոններ և հասնել նոր բարձունքների։ Դասավանդողները մշտապես սովորում են սովորողներից, իսկ սովորողները՝ դասավանդողներից։ Սա ուսուցման երկկողմանի գործընթաց է, որը բոլորին դարձնում է ավելի փորձառու, իր գործի վարպետ։ Այսպիսի մթնոլորտն ինձ ստիպում է ամեն օր աշխատանքի գնալ նոր ոգևորվածությամբ, նոր մտքերով ու նոր տեսլականով:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացրած քսան տարիներն ինձ համար եղել են նորարարության, հետաքրքրասիրության և անսահման ստեղծական գործունեության քսան ակնթարթներ։ Ամեն օր ինձ համար նոր հնարավորություն է՝ հետազոտելու, սովորելու, արարելու։ Այս ճանապարհորդությունն ինձ համար ճամփորդությամբ ուսուցում է, որն անվերջ է և լի արկածներով։
Քսան տարի աշխատելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ ինքս ինձ համար գրանցել եմ բազմաթիվ փոփոխություններ և առաջընթաց։ Ամեն մի փուլ ինձ համար նոր հնարավորություն է՝ ուսումնասիրելու, պրպտելու, ստեղծելու։ Յուրաքանչյուր տարի ինձ համար նոր մարտահրավեր է, որն ընդունում եմ մեծ խանդավառությամբ։ Իմ՝ ճամփորդությամբ ուսուցումն այս հրաշքների աշխարհում շարունակվում է, և ես վստահ եմ, որ առաջիկա տարիները կլինեն նույնքան բուռն՝ լի նորանոր նվաճումներով: