«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով 2006թ.-ից մշակվում, իրականացվում է նախադպրոցական կրթության հեղինակային ծրագիր:
Բովանդակություն
- Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր,
- Նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծեր, այդ թվում՝
— հիգիենա-ինքնուրույնություն,
— սննդի կազմակերպում (նախաճաշ, ճաշ),
— քուն, օրորոցային երգեր,
— մարզական պարապմունքներ,
— տեխնոլոգիական գործունեություն,
— երաժշտական խաղեր,
— պար, թատրոն, - դաստիարակի բլոգը որպես ուսումնական գործիք,
- դաստիարակի ընթերցարան:
Աշխատակարգ
Վերապատրաստվողները փոքր խմբերով աշխատում են կրթահամալիրի կրտսեր դպրոցների նախակրթարանների և կրտսեր առաջին դասարանցիների խմբերում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում տեղի են ունենում նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման դասընթացներ: Դաստիարակները ներկայացնում են իրենց հեղինակային կրթական ծրագրերն ըստ ուսումնական օրացույցի՝ «Դպրոց — պարտեզը ծեսի բաց լաբորատորիա» նախագծով: Վերապատրաստվողները հայտագրվում են, ծանոթանում նախապես հրապարակված ծրագրին «Բարեկամություն» շուրջտարյա ճամբարի էջում և 5 օր շարունակ լինում կրթահամալիրի նախակրթարաններում, երգում, պարում, խաղում, մարզվում, խենթանում, հրճվում այս խենթ միջավայրում, ասել է թե՝ «Միասին ապրելու կրթություն` խաղով, երգ ու պարով»:
Նախադպրոցական հաստատությունների աշխատողների հեղինակային վերապատրաստումներն ունեն աշխատանքի երկու ուղղություն՝ գործնական և ինքնակրթության։
- Գործնական. 5օր շարունակ աշխատում, ապրում, ստեղծագործում են ազատ, թափանցիկ, ստեղծական բաց համակարգում: Կրթահամալիրի նախակրթարանի դաստիարակների հետ քննարկում, մշակում են հաջորդ օրվա նախագծերը և տեղադրում բլոգում, իսկ հաջորդ օրն իսկական իմացումի հրճվանք ապրում միասին:
- Ինքնակրթություն. վերապատրաստողների համար նախապես տեղադրվում է Նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիրը. նյութերի մեդիափաթեթը: Վերապատրաստվողները տանը ընթերցում են, օրվա վերջում ծրագրի ղեկավարի և դաստիարակնների հետ 30 րոպե քննարկում:
Մեզ միանում են նաև ծնողները, ինչից վերապատրաստվողները շատ զարմանում են. բայց չէ՞ որ ծնողը ծանոթ է ծրագրին, տեղյակ է նախակրթարանի գործունեությանը: Ծնողը ոչ միայն պատվիրատու է, գործընկեր, այլև իր երեխային վերաբերող նյութի յուրացնողը, իրագործողն ու տարածողը: Պարտեզ-սան-ծնող կապը միշտ ամուր է: Վերապատրաստվողները մեզ որակում էին էսպես․«Էս էն խենթերի խումբն է», որտեղ ազատություն է, ինքնուրույնություն և ինքնակազմակերպում:
Մոնթեսորին է ասել․«Մարդը չի կարող ազատ լինել, եթե ինքնուրույն չէ»: Վերապատրաստվողների խումբը հաճախ զարմանում է, թե ինչպես կարող են երեխաներն այս ազատության մեջ առանց դաստիարակի հրամանի, միջամտության ինքնուրույն կազմակերպել իրենց առօրյան՝ առանց բղավելու, իրար վնասելու, ու շարունակ կրկնում էին․ «Ձեր սաները խաղաղ են, ո՞րն է դրա բանաձևը»: «Կարգապահությունն ազատության մեջ է»,- կասեր Մոնթեսորին: Նշեմ նաև, որ մասնակիցներին հիացնում է այն, որ դայակ-դաստիարակի փոխարեն խմբում երկու դաստիարակ կա։
Հետագա կապը`հեռավար առցանց համագործակցություն, բլոգավարություն: Արձագանքը՝ տվյալ մարզի մանկապարտեզներից հրավեր՝ միասնական ծես նախագծեր իրականացնելու նպատակով: Այսպիսով հեղինակային կրթական ծրագրի ցանցը հյուսվում է. հայտնվում ենք իրար հետ ստեղծած գործընկերության «ցանցում»։
Ամեն ամիս մեր հանդիպումներում ներկայացնում ենք հետևյալ թեմաները՝
- Դաստիարակների՝ զույգով աշխատելու կարգը,
- Հեղինակային կրթական ծրագրով գործընկեր հաստատությունների ցանցի ստեղծում:
- Սանի զարգացումը անվտանգ ու բաց միջավայրում:
Նախադպրոցական կրթության հեղինակային ծրագրով վերապատրաստումներն սկսել է մեր ուսուցիչների խումբը՝ տիկին Աիդա Պետրոսյանի ղեկավարությամբ, 2006-ին։ 2017թ. դեկտեմբերից սկսեցինք համակարգել ես և Գոհար Բալջյանը. մեկնարկը տրվեց Հյուսիսային դպրոց–պարտեզից, որտեղ «Հարթակ» ակումբում տեղի ունեցավ դաստիարակների, երաժշտության դասավանդողների և ծրագրի ղեկավարների հերթական հավաք-քննարկումը, որտեղ քննարկվեց նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման 6-րդ փուլի և դասընթացը շարունակելու ծրագիրը: Այս ընթացքում ես որոշ ժամանակով լքել եմ իմ խենթ մոլորակը՝ խումբը, բայց, իհարկե, միայն ֆիզիկապես: Հիմա ավելի շատ լինում եմ վերապատրաստվողների հետ կամ խմբերում ներկայանում եմ նախագծերով։ Սկզբնական շրջանում ծանր էի տանում այն փաստը, որ չեմ լինելու իմ մոլորակում, բայց սա ևս մի հարթակ է՝ բացահայտելու ինքս ինձ այլ տեսանկյունից, չգիտեմ գուցե նորովի, անկանխատեսելի, անսպասելի…
Դրվագներ տարբեր փուլերից։
Սիրով եմ հիշում, որ արցախցի տնօրեն տիկին Սուսաննան շատ ոգևորված նկարում և գրի էր առնում այն ամենը, ինչ տեղի էր ունենում խմբասենյակում («Լյոխ լյավա»)։ Նաև Գյումրու երաժշտության ուսուցչուհու և դաստիարակի («Հըբը՛») փորձի փոխանակումների մասին եմ ուզում նշել, ինչպես նաև «Բլբլան» ռադիո թողարկումը («Ինչխ ես») ամանորյա եթերը հիշեցնել: Գյումրու «Արձագանք» մանկապարտեզի համար բլոգ բացեցինք և կապը շարունակեցինք հեռավար-առցանց, որից հետո հրավեր ստացանք մեկօրյա վերապատրաստում կազմակերպել «Արձագանք» մանկապարտեզում։ «Ուսումնական Գյումրի».փոխանակումների ծրագրով մարտի 17-ին Շիրակի մարզ՝ քաղաք Գյումրի, «Արձագանք» ՀՈԱԿ մանկապարտեզում էինք՝ «Ծառզարդար—Զատիկ դպրոց-պարտեզը ծեսի բաց լաբորատորիա» նախագիծ -ծեսը միասնական ներկայացնելու -խաղալու, կապը էլ ավելի ամրապնդելու, իսկական բարեկամության կամուրջ ստեղծելու կրթահամալիրի հետ:
Դաստիարակների պատում-տեսանյութեր՝ այստեղ:
Փետրվարի 19-ին տնօրեն-դաստիարակների ամենամսյա վերապատրաստման հերթական փուլի մեկնարկն էր: Արևելյան դպրոց-պարտեզում հյուրընկալել էինք Բյուրականի ՀՈԱԿ մանկապարտեզի տնօրենին և դաստիարակներին: Հինգ օր շարունակ ապրեցինք միասին՝
Բյուրականի մակապարտեզի համար վերապատրաստվողների հետ բլոգ բացեցինք։ Քիչ թե շատ ծանոթացրինք բլոգավարությանը։ Բյուրականի մանկապարտեզի տնօրեն Քրիստինե Բադալյանի հետ աշխատում էինք նաև հեռավար, և ահա ստացանք երկրորդ հրավերը՝ դեպի Բյուրական փոխայցելության՝ «Զատիկ-Կանաչ–Կարմիր կիրակի կամ Կրկնազատիկ» նախագծով։ Ապրիլի 7-ին տեղի ունեցավ մեկօրյա վերապատրաստում Բյուրականի մանկապարտեզում։
Ահա դաստիարակների պատում-տեսանյութերը և տնօրեն Քրիստինե Բադալյանի արձագանքը։
Վերապատրաստումների օրն էլ, ինչպես միշտ սկսում էինք մարզական-ռոդարիական խաղերով, իհարկե, բաց չթողնելով մեր սիրելի գլուխկոնծին։ Անփոխարինելի Ռոդարի, ում անսահման ստեղծագործական երևակայությամբ վարակվելով՝ սաների հետ շարունակ երևակայում ենք աներևակայելին…
Վերապատրաստվողները մեծ ոգևորությամբ մասնակցում էին բոլոր խաղերին, է՛լ գլուխկոնծի էին տալիս, է՛լ անցնում օղակների միջով։ Նախաճաշից հետո միշտ բակում էինք: Ոչինչ չի կարող մեզ խանգարել, անգամ եղանակը, լինի անձրև, թե քամի։ Այնպիսի՜ լվացք ենք արել, այնպիսի՜ լվացք․․․ Վերապատրաստվողները զարմացած էին մնացել։ Ռոդարիական խաղերը և մարզումները շարունակում էինք մարզական պարապմունքների ժամանակ: Շատ սիրում ու ոգևորվում էին մարզական պարապմունքներից:
- Մարզական պարապմունք. փետրվարի19
- Մարզական պարապմունք . մարտի 19
- Մարզական պարապմունք. մարտի 22
- Մարզական պարապմունք. ապրիլի 16
- Մարզական պարապմունք. ապրիլի 19
Ապրիլի 16-ին նախադպրոցական հաստատությունների դաստիարակների՝ «Համբարձման ծես» ուսումնական նախագծով վերապատրաստման առաջին օրն էր։ Տարբեր մարզերից մեզ էին միացել 22 դաստիարակներ, մեթոդիստներ և օգնականներ։ Օրն սկսվեց առավոտյան պարապմունքով Մայր դպրոցում, որից հետո տիար Բլեյանը ներկայացրեց կրտսեր դպրոցների ղեկավարներին։ Ընդմիջումից հետո շրջայց կատարեցինք Մայր դպրոցով և կրտսեր դպրոցի ղեկավարների հետ քայլարշավ կազմակերպեցինք դեպի դպրոցներ։ Դաստիարակները բաժանվեցին խմբերի, ծանոթացան, ճաշեցին, մասնակցեցին քնի ծեսին և մեր դաստիարակների հետ մարզական պարապմունքին։ Ապա կլոր սեղան կազմակերպվեց օրվա ամփոփմամբ՝ Գոհար Բալջյանի ղեկավարությամբ։ Հետո մեզ միացան «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի մասնակիցները. ևս մեկ անգամ հիացմունքը և հպարտությունը միախառնվեցին: Միշտ հիանում եմ մեր երգչախմբով. կարծես հայտնվում ես մի մաքուր, թափանցիկ ու երկնային կյանքում, կտրվում ամեն ինչից, ամենքից: Մաքրվում է ներսդ, և հարստանում ներաշխարհդ:
2-րդ օրն սկսեցինք 5 տարեկանների հետ վիճակի պսակներ պատրաստելով, երգով ու պարով։ Դրանից հետո Նառա Նիկողոսյանի հետ Արևելյան լանջերին ծրագրային քննարկումներ և հետագա աշխատանքը կազմակերպելու հեռավար ծրագրեր մշակեցինք։ Այնուհետև «Սեբաստիա» համերգասրահում երգի-պարի պարապմունք, որից հետո ես և Սաթեն Քարաջյանը ներկայացրինք դաստիարակների՝ զույգով աշխատելու կարգը։ 3-րդ օրը յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր հավաքեցինք՝ նորից ներգրավելով ծնողներին ծեսի իրականացման գործում, այցելեցինք նրանց, երգեցինք, կոնֆետներ և հավկիթներ ստացանք նվեր:
Ամփոփեցինք նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման 2018թ 4-րդ փուլը: Հինգերորդ օրը շատ հագեցած էր: Վերապատրաստվողները հանդիպեցին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, օրհնվեցին և շրջայց կատարեցին Մեդիա կենտրոնից քայլարշավով դեպի Հյուսիսային դպրոց, որտեղ էլ սկսվեց վերապատրաստման տոնական ընդհանուր պարապմունքը: Դրան հաջորդեց տեխնոլոգիական պլեները կենդանի, ծիսական երգերի ուղեկցությամբ, որից հետո կլոր սեղան -քննարկումներ եղան: Հյուրասիրություն և, իհարկե, վկայագրերի հանձնում: Եվ այսպես շարունակ հանդիպում և քննարկում ու լուսաբանում էինք մեր աշխատանքները: Դաստիարակները օրվա վերջում փոքրիկ պատում-ֆիլմերը տեղադրում էին իրենց բլոգներում, որից հետո որպես հաշվետվություն՝ ամսվա վերջում հրապարակում ենք 2-5տարեկանների զարգացման և խնամքի բլոգում։
2017թ. օգոստոսից մինչև 2018թ. ապրիլ ամիսը նախադպրոցական հաստատություններից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վերապատրաստվել են մոտ 500 նախադպրոցական հաստատություններում աշխատողներ`դաստիարակներ, օգնականեր, տնօրեններ, մեթոդիստներ, երաժշտության դասավանդողներ, տեխնոլոգներ:
2017-2018թթ նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստումների ընթացքում հեռավար աշխատել և գործում է 4 բլոգ՝ Գյումրու «Արձագանք», Բյուրականի ՀՈԱԿ , Դիլիջանի թիվ 3 և Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան նախակրթարանների բլոգները։ Առաջիկայում պատրաստվում ենք գնալու Սասունիկ «Արմինե Կարապետիի» անվան ՀՈԱԿ և Գյումրու «Գոհար» ՀՈԱԿ, համագործակցում ենք նաև Ստեփանակերտի «Մանկան մոլորակ» նախակրթարանի հետ ու ևս ունենք հրավեր:
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
Գյումրու «Արձագանք» մանկապարտեզում
Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան