Ընթերցանությունն անկախ տարիքից և ժամանակաշրջանից կարևոր է յուրաքանչյուր գրագետ և կիրթ մարդու համար: Երեխայի մոտ ընթերցանության մշակույթը զարգանում է նաև դպրոցում: Այստեղ է, որ նա սովորում է ճիշտ, գրագետ կարդալ ու, որ պակաս կարևոր չէ, կարդացած նյութը հասկանալ: Երեխան կյանքի ընթացքում ընթերցում է տարբեր նյութեր` գիրք, թերթ, հոդված, համակարգչում ներկայացված որևէ այլ նյութ, որոնց համար միշտ էլ պետք են ընթեցելու հմտություններ:
Առաջին դասարանում տառաճանաչության փուլն ավարտելուց հետո սկսում ենք ընթերցանության փուլը: Մինչ ընթերցանության փուլին հասնելը մենք ընթերցում էինք նկարների միջոցով: Նկարում էինք բառը, հաշվում էինք , թե քանի տառ կա բառի մեջ և տառերի փոխարեն դնում էինք զանազան պայմանական նշաններ: Այդ մեթոդը սովորողների մոտ զարգացրեց բառը լսելու և վերարտադրելու, հեգելու կարողությունը:
Երբ տառաճանաչ դարձանք, շարունակեցինք նույն մեթոդով աշխատել, բայց պայմանական նշանները փոխարինեցինք տառերով, հետո վանկերով, վանկերը՝ բառերով, բառակապակցություններով, փոքրիկ ասիկներով և այլն: Վանկերն ու բառերը արտասանում էինք ծափերով, դոփերով, խաղերով, կամաց- կամաց արագացնելով…
Որպեսզի երեխաներն ընթերցել սիրեն, հարկավոր է ընթերցվող նյութը գրավիչ , պատկերավոր և մատչելի ներկայացնել: Այդ պատճառով ես և իմ սովորողները որոշեցինք ստեղծել աուդիոգրքեր և ընթերցարան (վերջինիս հիմքում Աղայանի բանաստեղծություններն են): Երբ սովորողն ինքն է ստեղծում ընթերցելու նյութը, ավելի հաճույքով է սկսում ընթերցել, և նրա մոտ արագ վերանում են ընթերցանության հետ կապված բոլոր դժվարությունները:
Այժմ արդեն ընթերցում ենք տեքստեր, տեքստը բաժանում ենք հատվածների, նոր սկիզբ և ավարտ ենք ստեղծում տեքստի համար, գտնում ենք կարևոր նախադասությունը, բանալի բառը և այլն:
Այժմ էլ շարունակում ենք նկարել մեր սովորած յուրաքանչյուր հեքիաթ ու բանաստեղծություն: Նկարում ենք թե՛ նկարչական ծրագրով, թե՛ գուաշներով ու ջրաներկերով: Ստեղծագործությունները նկարում ենք դրվագ առ դրվագ, որպեսզի ավելի լավ պատկերացնենք գործողության ընթացքը, սյուժեն:
Այս աշխատանքի շնորհիվ սովորողը ստեղծագործությունը իմաստային հատվածների է բաժանում և նկարների միջոցով բանաստեղծության ամբողջ պատկերն է ստանում: Այսպիսի աշխատանք կատարելիս զարգանում է սովորողի երևակայությունը, մտածելու կարողությունը, ստեղծագործությունն ընկալելու և ներկայացնելու կարողությունը:
Աղայանական ընթերցարան ու աուդիոգրքեր
Ընթերցարան ստեղծելուց առաջ, կարդացինք Ղ. Աղայանի մանկական բանաստեղծությունները, խաղացինք-խաղացինք մինչև բերանացի արեցինք : Այնուհետև բաժանեցինք հատվածների և համակարգչային նկարչական ծրագրերի օգնությամբ նկարեցիք:
Երկրորդ փուլում բանաստեղծությունը բաժանեցինք նախադասությունների, գտանք բառակապակցությունները, հետո առանձնացրինք բառերը: Բառերը վանկատելով սկսեցինք արտասանել: Արտասանելու ընթացքում սկսեցինք հորինել և որոշեցինք մեր ընթերցարանը ստեղծել աղայանական բառերով, մեր հորինած փոքրիկ ասիկներով և բանաստեղծություններով:
Երբ նկարներն ու բանաստեղծությունները պատրաստ էին, սկսվեցին մուտքագրման աշխատանքները: Սովորողները համապատասխանեցրին բանաստեղծությունները նկարների հետ և հերթով ընթերցելով մուտքագրեցին նկարների վրա:
Հաջորդ փուլում ձայնագրեցինք երկու բանաստեղծություն և նույն նկարների միջոցով մոնտաժային ծրագրով աուդիոգիրք ստեղծեցինք: