Քննադատական մտածողության մեթոդը սովորողի մոտ զարգացնում է հարցին տարբեր տեսանկյուններից նայելու և դիտարկելու կարողություն՝ այն համադրելով տարբեր տեսակետների հետ, հիմքում արժևորելով սեփական տեսակետը` կարծիքը:
Ինչպե՞ս ենք կազմակերպում խաղարկային դատարանը կամ խաղարկային
դատարանի կազմակերպումն ու խնդիրները
Խաղարկային դատարանի կազմակերպումը փոքրիկ ուսումնական նախագիծ է, այն սովորողի մոտ զարգացնում է քննադատական մտածողություն, տեքստը կարդալու, հասկանալու, վերարտադրելու (պատմելու) կարողություն:
Նյութի ընտրություն և յուրացում
Խաղարկային դատարան կազմակերպելու համար ընտրում ենք հետաքրքիր բովանդակությամբ որևէ հեքիաթ կամ առակ: Ծանոթանում ենք ստեղծագործությանը, կատարում դերաբաշխում, ապա դերերով ընթերցում, նաև լսում աուդիո տարբերակը: Հեքիաթը քննարկելիս ուշադրություն ենք դարձնում բոլոր մանրամասներին, տարբեր կողմերից դիտարկում յուրաքանչյուր հերոսին, մեկնաբանում ենք նրանց արարքներն ու խոսքը, իրավիճակը վերլուծում տարբեր տեսանկյուններից, ինչպես նաև արտահայտում մեր վերաբերմունքն ու կարծիքը:
Հեքիաթի քննարկման ընթացքում սովորողները տարբեր հարցադրումներ անելու և ընկերների հարցադրումներին պատասխանելու համար ստիպված են լինում տեքստը մի քանի անգամ ընթերցել` առանձնացնելով համապատասխան հատվածները, նախադասություններն ու տողերը:
Քննարկումը կազմակերպելու համար կատարում ենք դերաբաշխում, բաժանվում մի քանի խմբի` մեղադրող կողմ, պաշտպանող կողմ, դատարան (դատավոր, դատավորի օգնականներ), լրագրողներ (նաև` լուսանկարող, ձայնագրող), տեխնիկական սպասարկող:
Դատարանի կառուցվածքին և մասնակիցների պարտականություններին ծանոթանում ենք խաղարկային դատարանից առաջ: Քանի որ նախորդ նիստերին դատավորի դերում հանդես է եկել ուսուցիչը, ապա խաղարկային նիստից առաջ ինքն է սովորողներին ներկայացնում դատարանի կառուցվածքը՝
- դատավոր , ով պատասպանատու է դատական նիստը վարելիս և վերջնական վճիռը կայացնելիս.
- հայցվոր կողմ, ով պետք է գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնի իր հայցը.
- պատասխանող կողմ, ով պետք է ներկայացնի հիմնավոր ապացույցներ (բանավոր կամ էլեկտրոնային տարբերակով).
- լրագրողներ, ովքեր տեսա և լուսանկարում են դատական նիստի ողջ ընթացքը և ֆոտոշարքի կամ լրատվության միջոցով թողարկում են կայքում.
- տեխնիկական սպասարկող, ով պատասխանատու է էլեկտրոնային գրատախտակի և համակարգչի վրա արվող աշխատանքի համար:
Մեղադրող և պաշտպանող կողմերը նախապատրաստվում են դատական նիստին` նախապես խմբում կատարելով աշխատանքի բաժանում: Նրանք տեքստի վրա առանձնացնում են իրենց կարծիքը պաշտպանող հատվածները, որոնք պիտի ցույց տան էկրանի վրա, ստեղծում և ներկայացնում են նաև հատվածի աուդիոտարբերակը` իրենց ձայնագրություններով, նկարում են ստեղծագործության համապատասխան հատվածները: Կողմերը պետք է այնպես կատարեն աշխատանքի բաժանում, որ դատական նիստի ժամանակ իրենց ներկայացրած փաստերն ու ապացույցները չկրկնվեն:
Դատավորի դերը կարող է կատարել դասվարը, դասարանի սովորողներից մեկը կամ ավելի բարձր դասարանում սովորող: Նա պիտի կարողանա ուշադիր լսել և ճիշտ հարցադրումներ կատարել: Դրա համար դատավորը և իր օգնականները նախապես պիտի ունենան հարցեր՝ ուղղված երկու կողմերին, մեղադրյալին և հայցվորին: Հարցերը պատրաստելուց նրանք պիտի հասցնեն ուսումնասիրել դատարանի էլեկտրոնային փոստին կողմերի ուղարկած ապացույցները:
Ուսուցչի դերը խաղարկային դատարանի ընթացքում դատին անընդհատ հետևելն է, քննարկումը տեքստի և ապացույցների շրջանակում ուղղորդելը:
Դատարանի որոշմամբ դատական նիստը կարող է հետաձգվել մի քանի օր, կարող է կազմակերպվել առցանց:
Մեդիայի կիրառումը խաղարկային դատարանի ժամանակ
Մեդիան օգնում է խաղարկային դատարանը դարձնել արդիական և հետաքրքիր ուսումնական աշխատանք: Նախագծի ամբողջ ընթացքում սովորողը օգտագործում է այն թվային գործիքները (համակարգիչ, ձայանագրիչ, ֆոտոխցիկ, էլեկտրոնային գրատախիակ) և ծրագրերը( word, paint, movie maker, power point), որոնց ինքը տիրապետում է:
Սովորողները թվային գործիքները կիրառում են դատական նիստի ընթացքում: Այն սովորողները, ովքեր ընդգրկված են տեխնիկական սպասարկման խմբում, ստանում են ձայնագրիչը, ֆոտոխցիկը և համապատասխան հանձնարարություն` տեսագրել, ձայնագրել կամ լուսանկարել դատական նիստի ընթացքը: Ինչպես նաև համակարգչային պատասխանատուն, ով միացնում է այն նյութերն ու ապացույցները, որոնք դատական նիստի ընթացքում պետք է ցուցադրվեն: Համակարգչային ծրագրերի իմացությունն անհրաժեշտ է դատական նիստին նախապատրաստվելիս: Word ծրագրի վրա կարող են հավաքել ստեղծագործության ապացույց հանդիսացող հատվածները,Paint- ով նկարել դրանք, ինչպես նաև Power point- ով ապացույցների (մեդիաապացույցների) ամբողջական շարք ներկայացնել:
Խաղարկային դատ
Թեմա`Հովհաննես Թումանյանի «Խելոքն ու հիմարը»
Մասնակիցներ` Նոր դպրոցի 3-1 և 3-2 դասարաններ
Հայցվոր` Անխելք եղբայր. մեղադրում է Խելոք եղբորը` իրեն անընդհատ աշխատեցնելու և խաբելու համար
Մեղադրող կողմ` 3-1 դասարան
Մեղադրյալ` Խելոք եղբայր. մեղադրվում է`Անխելք եղբորը անընդհատ աշխատեցնելու և խաբելու համար
Պաշտպանող կողմ`Խելոք եղբայր և 3-2 դասարան
Խաղարկային դատարանի դատական առաջին նիստը տեղի ունեցավ Մայր դպրոցի գրադարանի` մեդիակրթություն բաց պարապմունքի ժամանակ՝ տե՛ս այստեղ: Հայցվոր կողմը ներկայացրեց իր մեղադրանքը (Paint ծրագրով արված նկարների և տեքստից վերցված հատվածների հիման վրա), իսկ Խելոքը և իր կողմնակիցները փորձեցին պաշտպանվել։
Երկու կողմերը հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց ապացույցները՝ մեջբերելով պատմողի խոսքը, ցույց տալով Paint ծրագրով արված իրենց նկարները և էլեկտրոնային գրատախտակին տեքստի վրա ցույց տալով այն հատվածները, որոնք կարող էին ապացույց լինել` փորձելով դրանք հիմնավորել:
Դատական առաջին նիստն ավարտվեց, իսկ երկրորդ նիստը կազմակերպվեց առցանց քննարկման ձևով` nor.mskh.am ենթակայքի 3-1 և 3-2 դասարանների դասարանական էջերում:
Ենթակայքում տեղադրվեց դատարանին ներկայացված հայցը և ներկայացված ապացույցները:
Երկրորդ միջդասարանական դատական առցանց նիստի ժամանակ յուրաքանչյուր դասարան փորձում էր ներկայացնել նոր ապացույցներ: Առցանց նիստին սովորողները մասնակցեցին թե’ դասարանից, թե՛ տանից: Այն տևեց մի քանի օր:
Դատական երկրորդ նիստի առցանց քննարկումը հետաքրքիր էր և կարևոր նրանով, որ սովորողներն ուշադիր կարդում էին ընկերների թողած մեկնաբանությունները, որպեսզի կարողանան շարունակել միտքը, համաձայնել կամ հակադրվել: Այն շատ հետաքրիր էր, և անսպասելի ավարտ ունեցավ: Վճիռը կայացվեց առցանց քննարկման ձևով. դատավորը վճիռը հրապարակեց nor.mskh.am ենթակայքի 3-1 և 3-2 դասարանների դասարանական էջերի մեկնաբանություններ բաժնում` հնարավորություն տալով երկու կողմերին ծանոթանալ դրա հետ:
Սովորողների ձեռքբերումները
Խաղարկային դատարանի կազմակերպումը երկու դասարանների միջև կարևոր էր նրանով, որ այս աշխատանքի շնորհիվ դասարանների միջև ստեղծվեց համագործակցային միջավայր, ինչպես նաև մեզ` դասավադողներիս փորձի փոխանակման հնարավորություն ընձեռեց:
Խաղարկային դատարանը սովորողների մոտ զարգացրեց քննադատական մտածողությունը. սովորողներն ավելի ակտիվ դարձան քննարկումների ժամանակ:Նրանք կարողանում են տարբեր հարցադրումների միջոցով արդարացնել և մեղադրել հերոսներին` արտահայտելով իրենց կարծիքն ու վերաբերմունքը , ինչպես նաև ավելի հստակ ձևակերպել իրենց միտքը, ասելիքը:Մեդիայի կիրառման շնորհիվ սովորողները դառնում են ավելի մեդիահմուտ և մեդիագրագետ: