Պլեները առարկաները բնական լույսի տակ ու բնական պայմաններում պատկերելու տեխնիկան է։ Այս բառեզրը գործածվում է նաև բնական պայմաններում բնության գեղեցկության ու հարստության, գույնի բոլոր փոփոխությունների ճշմարիտ արտացոլումը լույսի և օդի ակտիվ դերակատարման դեպքում ցույց տալու համար։
Պլեները արվեստի յուրահատուկ ձև է: Պլեների ընթացքում արված աշխատանքները, սովորաբար, արագ են և բնորոշիչ: Նկարիչը պետք է կարողանա որսալ բնության խորհրդավոր մի անկյուն, որը թղթին պետք է հանձնի հենց այդ պահին: Կարելի է ասել` պլեները նկարչի առանձնացումն է բնության մեջ և բնության հետ:
Պլեներն առաջացել է տասնիններորդ դարում: Լայնորեն օգտագործել են նկարիչները: Սակայն աստիճանաբար այն ներթափանցել է նաև արվեստի մյուս ճյուղերի մեջ:
Լուսանկարչական արվեստն էլ է օգտագործում պլեները: Լուսանկարիչը լուսանկարում է մարդուն, առարկաները կամ բնությունը բնական պայմաններում: Սա մի տեխնիկա է, որն օգնում է նկարը լցնել տարածությամբ, օդով, բնական լույսով, փոխանցում է գույնի ու լույսի հարստությունը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցում առաջին պլեները կազմակերպվեց այս տարվա հոկտեմբերին` ուսումնական արձակուրդների ընթացքում:
Երեք օր դասավանդողները և սովորողները միասին ապրեցին Ստեփանավանի անտառում` բնության մեջ: Բացօթյա ուսումնական պարապմունքները նկարիչ դասավանդողների կողմից հենց այն պահին, երբ սովորողը նկարում է, բավականին արդյունավետ էին: Բնական լույսը, լույսի ու ստվերի խաղը, աշնանային գույների նրբերանգներըը թղթին հանձնելը այնքան էլ հեշտ չէր, բայց սովորողները տարվեցին դրանով:
Հաջորդ պլեներն իրականացվեց Թբիլիսում` ,,Արտ-Թբիլիսի,, նախագծի ծրագրով: Այս, անգամ բացի պլեներից, սովորողների նախաձեռնությամբ իրականացվեցին ժամանակակից արվեստի ոճի այլ աշխատանքներ` պերֆորմանս, պատմամշակութային դաջվածքների վերարտադրում կտորի վրա, ուրբանիստական ոճի նկարներ, քաղաքային պլեներ: Այս անգամ սովորողներն աշխատեցին ավելի կազմակերպված, ճիշտ օգտագործեցին ժամանակը, ու արդյունքում ստացվեց շատ գեղեցիկ ցուցահանդես, որի ընթացքում ներկայացվեցին սովորողների կողմից ստեղծված բոլոր աշխատանքներն ու ստեղծված վիդեոարտերը:
Հերթական պլեները Շուշիի՝ Հաղթանակի օրվան նվիրված պլեներն էր: Այս անգամ արդեն ո՛չ ցուրտը, ո՛չ անձրևն ու եղանակային վատ պայմանները չկարողացան խանգարել: Շատ արագ ստեղծվեցին հետաքրքիր, բնորոշիչ նկարներ, որոնք նվիրվեցին Շուշիի Կերպարվեստի թանգարանին:
Պլեները, որպես ուսումնական գործունեության ձև, որպես ուսումնական պարապմունքի այլընտրանքային տեսակ, շատ կարևոր է սովորողների համար: Պլեներային գործունեությունը նախևառաջ ճաշակ է ձևավորում: Գեղեցիկ տեսարաններն ու բնապատկերները սովորողին կտրում են առօրյա միջավայրից և օգնում թափանցել այդ գույների մեջ և երկխոսություն ունենալ բնության հետ: Այդ երկխոսությունը մենք տեսնում ենք թղթի վրա:
Սա մի բնական արտ-թերապիա է, որն օգնում է սովորողին ձերբազատվել բարդույթներից, բեռնաթափվել բացասական հույզերից, մարդկանց ուշադրությունը կենտրոնացնել սեփական մտքերի ու հույզերի վրա, պատկերների, գույների, միջոցով ակտիվացնել այն մտքերն ու զգացմունքները, որոնք բարձրաձայն երբևէ չի արտահայտի:
Ըստ գիտնականների` ստեղծագործելիս ակտիվանում է մարդու ուղեղի աջ կիսագունդը, որն էլ մարդու մոտ կարգավորում է ստեղծագործականությունը, ինտուիցիան, մշակութային կրթությունը, ինքնադաստիարակությունը:
Այսինքն` ստեղծագործելու ընթացքում ձևավորվում է ես-կոնցեպցիան` բնական, մաքուր ճանապարհով, ինչն էլ սովորողին փոխանցում է այնպիսի որակներ, ինչպիսիք են ինքնակազմակերպումը, վստահությունը սեփական ուժերի հանդեպ, արտահայտվելու կարողությունը, իրավիճակային փոփոխությունների հետ նոր միջավայրում արագ հարմարվողականությունը: Օտար միջավայրում չճնշվելը, արագ կողմնորոշվելը:
Պլեները ուսումնական գործընթացում ներառելով` մենք օգնում ենք սովորողին գտնել ինքն իրեն:
Պլեներների կազմակերպման ընթացքում, բնականաբար, առաջանում են նաև դժվարություններ: Սակայն այդ ամենը հաղթահարվում է հենց սովորողների կողմից: Ստեղծագործական անձին, ով փոխանցելու բան ունի նկարի, լուսանկարի, պարի, երաժշտության միջոցով, չի խանգարում ոչինչ: