Ֆիզիկական կուլտուրան կրթական հաստատություններում ներկայացված է որպես կրթական ոլորտ, որպես ուսումնական առարկա և աշակերտների անձի ձևավորման կարևորագույն հիմնական բաղադրիչ,որը արտացոլված է Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենքում: Այն նպատակ ունի ապահովել կենսականորեն կարևոր շարժողական հմտությունների և ունակությունների անհրաժեշտ մակարդակի զարգացումը, ինչպես նաև տալիս է տեսական գիտելիքներ: Լինելով կրթության բաղադրիչի պարտադիր մաս` ֆիզկուլտուրան նպաստում է աշակերտների հոգու և մարմնի ներդաշնակությանը, նրանց մոտ ձևավորում է այնպիսի համամարդկային արժեքներ, ինչպիսիք են` առողջությունը, ֆիզիկական և հոգեբանական բարեկեցությունը:
Բազմաստիճան կրթական համակարգում ֆիզկուլտուրայի բովանդակությունը որոշվում է պետական կրթական չափորոշիչներով, ուսումնական պլանով և օրինակելի ուսումնական ծրագրերով: Այս ամենը ապահովում է աշակերտների ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը, տարբեր տարիքի և սեռի դպրոցականների շարժողական և տեխնիկական պատրաստվածության հանդեպ նրա բովանդակության և պահանջների հաջորդականությունը:
Աճող սերունդի ֆիզիկական դաստիարակության գործընթացի հետագա կատարելագործման համար նոր մեթոդների, միջոցների, մանկավարժական և ստեղծագործական մոտեցումների պահանջից ելնելով` դպրոցական ֆիզիկական դաստիարակության ուսումնա-դաստիարակչական գործընթացը պետք է ուղղորդել նորարարական բարեփոխումների, որոնք կայանում են ֆիզիկական կուլտուրայի ուսումնական ծրագրերի բովանդակության հանդեպ սպորտային մոտեցման մեջ, իսկ դպրոցական ֆիզիկական դաստիարակությունում առանձնացնել սպորտային ուղղվածությամբ պատրաստություն հասկացությունը, կամ այսպես կոչված «սպորտայնացումը»: Քննարկելով դպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակության մեջ նորարարական ուղղությունների խնդիրը, կարելի է նշել, որ նման խնդիր կա, բայց դեռևս ամբողջապես չի լուծում սպորտային դաստիարակության խնդիրները: Ֆիզիկական դաստիարակության համակարգը, իր ձևերի քաոսային ողջ բազմազանությամբ, չկարողացավ երեխաների և երիտասարդների հիմնական զանգվածին գրավել դեպի զանազան մարզաձևերով զբաղվելուն: Առաջարկում ենք դպրոցական ուսումնական գործընթացում ներդնել «Սպորտային կուլտուրա՚» առարկան
Մեր կարծիքով, նման մեթոդաբանական մոտեցումը լուրջ օգնություն է համարվում ֆիզիկական դաստիարակության ընթացքի «սպորտայնացման» գաղափարի իրացման գործում:
Սպորտը, որը համարվում է սպորտային արժեքներ ստեղծողը, միշտ էլ եղել է հզոր սոցիալական ֆենոմեն և հաջող համաձայնեցման միջոց: Մեծ մարզիկները, անցնելով «սպորտի դպրոցը», մեր հասարակության իսկական քաղաքացիներ են դարձել:
Մարդիկ, որոնք անցել են սպորտի դպրոցը, համոզված են, որ այն իրենց օգնել է հավատ դաստիարակելու, սեփական ուժերի և հնարավորությունների նկատմամբ: Սպորտը սովորեցնում է զոհողությունների գնալ դրված նպատակին հասնելու համար: Մարզադաշտում, մարզասրահում, լողավազանում յուրացված դասերը հետագայում պատանի մարզիկներին, որպես կանոն, կյանքում էլ են օգնում:
Հանրակրթական դպրոցներում խորացված ուսուցմամբ այլ առարկաների շարքում պետք է դասել նաև ֆիզիկական դատիրակությունը` մանավորապես սպորտային կուլտուրան: Տարբեր մարզաձևերից ձևավորել մասնագիտացված դասարաններ` խորացված ուսումնամարզական գործընթացով: Այս սպորտային դասարանների գլխավոր նպատակը պետք է լինի օլիմպիական մարզաձևերից բարձրակարգ մարզիկներ պատրաստելը:
Մասնագիտացված դասարանները համալրել սպորտային առումով առավել հեռանկարային աշակերտներով` հաշվի առնելով դպրոցականների ցանկություններն ու հետաքրքրությունները:
Դպրոցական ֆիզիկական դաստիարակության արդյունավետության բարձրացման նպատակով բարձր սպորտային տեխնոլոգիաների ներդնելը, ապացուցում է հանրակրթական դպրոցներում աշակերտների սոցիալիզացման և դաստիարակման նպատակով սպորտի կիրառման հնարավորությունը:
Խոսելով սպորտայնացման մասին` անհրաժեշտ է նշել, որ Եվրոպայի և Ամերիկայի մի շարք երկրներում չկա ՙդպրոցական ֆիզկուլտուրա՚ հասկացությունը: Գոյություն ունի դպրոցական սպորտ` դասաժամային կամ արտադասաժամային, քանի որ այնտեղ վաղուց են հասկացել, որ պետք է գնալ երեխային պարապմունքների ընտրության հնարավորություն ստեղծելու ճանապարհով: Այդ պատճառով ֆիզիկական դաստիարակության համակարգը պետք է ուղղորդել դեպի սպորտը, այսպես կոչված «սպորտայնացումը»:
Միջին դպրոցից սկսած աշակերտները կարող են առանձին մարզաձևեր ընտրել: Այդ պարապմունքները, որպես կանոն, ֆիզկուլտուրայի ուսուցիչների փոխարեն պետք է անցկացնեն մարզիչները: Բնականաբար, նման մոտեցումը դպրոցականներին սպորտային կրթություն է ապահովում:
Կրթության նորարարական ձևը, որը կարելի է իրականացնել սպորտի օգնությամբ, մրցումների, մարզումային բեռնվածության չափավորման և ընտրված մարզաձևից մրցումներին դպրոցականների պարտադիր մասնակցությամբ: Այսօր սպորտային դաստիարակությունը ստեղծագործ որոնողական գործունեության հատուկ ձև է:
Հետևաբար, սպորտային պատրաստվածության արժեքային ներուժը շատ յուրահատուկ է և ունի իր ապացույցները: 1-ին` սպորտն ու մարզումը մարդու ֆիզիկական ներուժի բարձրացման հիմնական միջոցն են համարվում, 2-րդ` անհրաժեշտ է համակարգված մարզումներ և մասնակցություն մրցումներին:
Այս մոտեցմամբ կարելի է առավել լիարժեք և արդյունավետ օգտագործել ֆիզկուլտուրային-սպորտային գործունեության հսկայական ներուժը:
Հարցը այն է, թե դրա համար ի՞նչ ստույգ ձևեր և տեխնոլոգիաներ պետք է ընտրել: Ավելին, ակնհայտ է շարժողական ակտիվության որոշիչ նշանակությունը, առողջության ամրապնդման և անձի բազմակողմանի զարգացման մեջ: Այս կապակցությամբ հանրակրթական հաստատություններում պետք է գերակշռեն այն միջոցները, որոնք բարձրացնում են շարժողական ակտիվությունը, զարգացնում են ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու հետաքրքրությունը:
Խոսելով ֆիզիկական դաստիարակության սպորտայնացման մասին` մյուս կողմից անհրաժեշտ է ճշտել նրա տեղը հանրակրթության ուսումնական գործնթացում:Այստեղ հայտնի է, որ ֆիզիկական դաստիարակությունը միավորում է դասարանային և արտադասարանային պարապմունքների ձևերը, ինչը առավել բարենպաստ պայմաններ է ստեղծում դպրոցականների հոգևոր և ֆիզիկական ունակությունների բացահայտման և զարգացման, նրանց ինքնահաստատման համար: Հայտնի է, որ մանկավարժական խնդիրները առավել հաջող են լուծվում, երբ դասերի ժամանակ անցկացվող ուսումնադաստիարակչական աշխատանքները զուգակցվում են արտաուսումնական պարապմունքների ժամանակ աշակերտների վրա նպատակաուղղված ներգործությամբ: Ինչը հավասարաչափ վերաբերում է նաև սպորտային դաստիարակությանը: Ըստ վերլուծությունների, երեխաների համար դպրոցի դասերից առավել գրավիչ են արտադասարանային և արտադպրոցական պարապմունքները, ինչպես նաև սպորտային մրցումները:
Պետք է առանձնացնել մի քանի տեսակներ. արտադասարանային, արտադպրոցական, մարզական ակումբներ, մանկապատանեկան սպորտ : Առաջնային նշանակություն է տրվում դպրոցականների մասնակցությանը տարբեր մակարդակի մրցումներին:
Ընտրված մարզաձևերից արտադասարանային պարապմունքները այսօր լայնորեն կարելի է կիրառել, ներառելով իրենց մեջ բազմաթիվ մարզաձևերի հիմքով սպորտային և առողջարարական նոր ծրագրեր և տեխնոլոգիաներ:
Ֆիզիկական դաստիարակության գործընթացի սպորտայնացման արդյունավետությունը համոզիչ կերպով ապացուցված է մեր կողմից անցկացված ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ-մասնագետների և տարբեր հասակի դպրոցականների սոցիոլոգիական հարցման արդյունքներով: Այսպես, օրինակ, 5–7-րդ դասարանների աշակերտների ու ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների համար դպրոցում բասկետբոլ մարզաձևը առաջնային է (համապատասխանաբար` 64 և 54%): Պատասխանող-փորձագետների երկու խումբն էլ ցանկություն է հայտնել հենց այս մարզաձևով անցկացնել արտադասարանային լրացուցիչ պարապմունքներ` շեշտը դնելով սպորտային պատրաստության ուժեղացման վրա:
Երկրորդ դիրքը զբաղեցնում է վոլեյբոլը, որտեղ այս տոկոսները մասնագետների համար կազմում են 56%, իսկ սովորողների համար` միջինում 38%: Համեմատաբար ցածր հետաքրքրվածությունը բնորոշ է բռնցքամարտի, մարմնամարզության, ըմբշամարտի, լողի և աթլետիկայի համար:
Այս տվյալները համոզիչ վկայում են այն մասին, որ հանրակրթական դպրոցում ֆիզիկական դաստիարակության գործընթացի սպորտայնացման հիմքում պետք է լինի սպորտային գործունեության այնպիսի ձևեր, ինչպիսիք են մարզախաղերը: Որոնք կարևոր նշանակություն ունեն հիմնական շարժողական կարողությունների դաստիարակման, տարածության զգացողության ու աչքաչափի զարգացման, առողջության ամրապնդման, շարժողական ընդունակությունների կատարելագործման գործում:
2. Ընտրած մարզաձևի հիմքով ֆիզիկական դաստիարակության գործընթացի սպորտայնացում /նախադրյալները/
Գոյություն ունեցող գիտամեթոդական գրականության, առաջատար մասնագետների աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ այսօր հակասություն և անհամապատասխանելիություն է դրսևորում կրթության և դաստիարակության կազմակերպման դասարանային ձևը ֆիզիկական դաստիարակության ոլորտում` դրա որակի նկատմամբ պահանջներով:
Դա դրսևորվում է նրանում, որ սովորողները մեծ մասամբ սահմանափակվում են ֆիզիկական կուլտուրայի «զանգից զանգ» դասերով, սովորում են մեկ միասնական ծրագրով, հանձնում են միջինացված նորմատիվներ:
Կասկած չի հարուցում այն փաստը, որ դպրոցում ֆիզիկական դաստիարակությունը միայն մասամբ է լուծում ժամանակակից կրթության արդիական խնդիրները: Կրթական ծրագրի շարադրման տարածված ձևի և միջին ու ավագ տարիքի սովորողների կարգավիճակի միջև հակասությունը արգելք է սովորողների նախաձեռնությանը և հանգեցնում է ֆիզիկական կուլտուրայի դասի նկատմամբ բացասական վերաբերմունքին:
Ուստի խաղային մարզաձևերի /բասկետբոլ,վոլեյբոլ,հանդբոլ,սեղանի թենիս,ֆուտբոլ/ օրինակով հարկավոր է օգտագործել հանրակրթական դպրոցում ֆիզիկական դաստիարակության կազմակերպման ավելի նորարարական ու արդյունավետ եղանակներ և մեթոդներ:
Կասկած չի հարուցում այն փաստը, որ ֆիզիկական դաստիարակության ավանդական կազմակերպումը թույլ չի տալիս անհատականացնել սովորողի նկատմամբ մանկավարժական ազդեցության գործընթացը, կողմնորոշված չէ երեխայի կողմից ֆիզիկական ակտիվության տեսակի ընտրության հնարավորությանը, չի խթանում պարբերաբար պարապմունքների նկատմամբ հետաքրքրության ձևավորումը: Հենց այդ պատճառները նվազեցնում են ուսումնա-դաստիարակչական գործընթացի արդյունավետությունը:
Դրա հետ մեկտեղ, պետք է համաձայնել, որ առկա են նաև մեթոդական բնույթի հիմնախնդիրներ` ֆիզիկական կուլտուրայի դասերը կողմնորոշված են շարժողական հմտությունների ուսուցմանը և առողջարարական-ժամանցային բնույթի ծանրաբեռնմանը:
Միևնույն ժամանակ ապացուցված է, որ օրգանիզմի ադապտացիոն հնարավորությունները բարձրանում են պարբերաբար ու համակարգված պարապմունքի դեպքում:
Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, հայտնի է, որ ֆիզիկական դաստիարակության առավել տարածված ձև է մնում ֆիզիկական կուլտուրայի դասը:
Դպրոցական ֆիզիկական դաստիարակության իրականությունը կայանում է նրանում, որ երեխաների հիմնական զանգվածը, որպես կանոն, բացի ֆիզիկական կուլտուրայի պարտադիր դասերից չեն զբաղվում որևէ շարժական ակտիվությամբ: Այսպես, հետազոտված տվյալների համաձայն, սպորտային պարապմունքներում ներգրավված են Հայաստանի դպրոցականների մոտ 4-5%:
Ուստի ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչները պետք է առավելագույն արդյունավետությամբ օգտագործեն այս կազմակերպչական ձևը: Այստեղ գերիշխող է հանդիսանում այն սպորտային ուղղությունը, որի արդյունավետությունն ապացուցված է մի շարք հետազոտություններում:
Վերը նշվածում մեզ, ակնհայտորեն, հաջողվեց ցույց տալ, որ այդ հիմնախնդրի լուծման գործում գերիշխում է ֆիզիկական դաստիարակության գործընթացի «սպորտայնացումը» կամ սպորտային ուղղվածությամբ դաստիարակումը: Այստեղ գլխավորը որևէ մարզաձևով պարապելուն ուղղորդելն է` հաշվի առնելով դեռահաս դպրոցականների շահերը: 2005 թ.-ից շարունակական` մեկ մարզաձևի օրինակով /բասկետբոլ/ այդպիսի փորձ /հետազոտություն/ է կատարել այս ծրագրի /նախագծի/ հեղինակը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Սպորտային կուլտուրայի տարրերի ներթափանցումը ֆիզիկական կուլտուրայի մեջ պայմաններ է ստեղծում դպրոցականների ֆիզիկական պատրաստության ակտիվացման և աշխուժացման համար: Մեթոդոբանական իմաստով այդպիսի մոտեցումը նշանակում է առաջին հերթին սպորտային պատրաստության սկզբունքային առանձնահատկությունների որոնման անհրաժեշտություն, որի գաղափարը ոչ մեկի կողմից չի բացառվում, կարող է և պետք է օգտագործվեն ֆիզիկական դաստիարակության գործընթացում:
Ուստի կարելի է պնդել, որ վերջին տարիներին ֆիզիկական կուլտուրայի ֆենոմենի հետ մեկտեղ առաջանում ու զարգանում է սպորտի ֆենոմենը, ձեռք բերելով ինքնուրույն կարգավիճակ: Սպորտն անկասկած ունի դաստիարակչական արժեք: Մի շարք մասնագետներ դիտարկում են սպորտն` իբրև «հնավորության դպրոց», «կամքի դպրոց», «արդար խաղի դպրոց»,«հույզերի դպրոց» և այլն` այսպիսով հաստատելով սպորտի բազմազան արժեքները: Մասնագետները (համարում են, որ սպորտի ֆենոմենը ունի հզոր սոցիալացնող ուժ, այստեղ դրսևորվում են այդպիսի կարևոր արժեքները, ինչպիսիք են հաջողության հնարավորության հավասարությունը, հաջողության հասնելը, հաղթանակին ձգտելը:
Այսպիսով, մեկ անգամ ևս հարկավոր է նշել, որ ֆիզիկական դաստիարակության սպորտայնացման հիմնական գաղափարը կապված է սպորտային կուլտուրայի տարրերի` ֆիզիկական կուլտուրայի մեջ ներթափանցման հետ: Վերջինը ենթադրում է դպրոցականների ֆիզիկական պատրաստության ակտիվացումը, սպորտային կենսակերպի ձևավորումը, որը ուղղորդված է առողջության ամրապնդման լավագույն մակարդակի, շարժողական կարողությունների պահպանման, հոգևոր կատարելագործման վրա:
Այս հիմնախնդրում գոյություն ունեցող գիտահետազոտական աշխատանքների, բասկետբոլում մանկավարժական-մարզչական աշխատանքի և որպես սպորտի վարպետի` սեփական փորձի վերլուծության ու ընդհանրացման հիման վրա, մշակվեց սպորտային ուղղվածությամբ ֆիզիկական դաստիարակության մանկավարժական մոդելը և սպորտայնացված ֆիզիկական պատրաստության ուսումնական ծրագիրը խաղային մարզաձևերի օրինակով (ընտրած մարզաձև), որը փորձարկվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնամարզական գործընթացում 5-12-րդ. դասարանների դպրոցականների հետ:
Բացի դաս-մարզումներից, ուսումնական պլանում նախատեսված է, և կազմակերպվում է ուսումնական ճամփորդություններ, տարբեր սպորտային միջոցառումենրի դիտում, հանդիպում մարզաշխարհի ճանաչված մարզիկների հետ, այցելություն սպորտի պատմության թանգարան, արշավներ, տարբեր լեռնագագաթների հաղթահարում, ուսումնամարզական հավաքներ և ռազմամարզական բանակումներ:
Անցկացվում է ներկրթահամալիրյան մարզական խաղեր` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, սեղանի թենիս մարզաձևերից և շախմատի, մարմնամարզության ու լողի առողջարարական միջոցառումներ:
Մարզական խաղերի ամփոփումից հետո, լավագույն արդյունքներ ցույց տված աշակերտները ընդգրկվում են կրթահամալիրի հավաքական թիմերում և մասնակցություն ունենում համայնքային, քաղաքային և հանրապետական մրցումներին, որտեղ ակնհայտ մարզական հաջողությունների են հասնում վերը նշված մարզաձևերի ակումբների սովորող մարզիկները:
3.Դպրոցականների ֆիզիկական դաստիարակության սպորտայնացման մանկավարժական մոդելը և ուսումնական ծրագիրը
Մանկավարժական մոդելի հիմնական նպատակն է սովորողների առողջության ամրապնդումն ու նպաստումը նրանց բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը: Այն նախատեսում է պատրաստության համապատասխան կողմերը, ուսումնամարզական պարապմունքների կազմակերպման ձևերը և մանկավարժական վերջնական արդյունքի գնահատումը: Վերջին հաշվով, դպրոցականները պետք է ձեռք բերեն շարժողական ու տեխնիկական պատրաստվածության բավարար մակարդակ, ունենալ բարձր մոտիվացիա ընտրած մարզաձևի պարապմունքներին, մրցումների մասնակցության փորձը:
Խոսելով կրթական ծրագրի մասին ընդհանրապես, հարկավոր է նշել, որ դա այն փաստաթուղթն է, որտեղ պետք է հաստատվի գիտելիքների ծավալը, որ անհրաժեշտ է ձեռք բերել տվյալ առարկայով, այն շարժական կարողությունների ու հմտությունների ծավալը, որ ենթակա է ձևավորման: Բնականաբար, յուրաքանչյուր ծրագիր նորմատիվ փաստաթուղթ է հանդիսանում կոնկրետ կրթական հաստատության համար:
Ֆիզիկական կուլտուրայի դասերի, արտադասարանային սեկցիոն պարապմունքների և այլ ձևերի կրճատումը, դպրոցական հասակի երեխաների շարժողական ակտիվության անբավարար ծավալը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում կրթության ցածր մակարդակը հիմք հանդիսացան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում խաղային մարզաձևերի /բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս/ օրինակով ֆիզիկական դաստիարակության սպորտայնացման մոդելի ծրագրի ու բովանդակության մշակման համար:
Ընդ որում, ենթադրում ենք, որ ֆիզիկական դաստիարակության սպորտայնացված գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև սպորտի այս կամ այն մարզաձևի, այդ թվում նաև` ընտրած մարզաձևի նկատմամբ սովորողների հետաքրքրությունները:
Սույն ուսումնական ծրագրի մշակման ժամանակ պարտադիր կերպով հաշվի են առնվել զարգացման տարիքային ու սեռային առանձնահատկությունները, ֆիզիկական ու շարժական պատրաստվածության աստիճանը, դեռահաս դպրոցականների զարգացման մորֆոլոգիական ու ֆիզիոլոգիական գործոնները:
Ծրագրի բովանդակությունը նույնպես համապատասխանում է ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի մասին գիտության հենքային դրույթների պահանջներին: Քանի որ ֆիզիկական դաստիարակության գործընթացի սպորտայնացումն իրականացվում է խաղային մարզաձևերի օրինակով, ուսումնական ծրագրի բովանդակությունը մշակելուց հետևել ենք մանկապատանեկան մարզադպրոցների համար բասկետբոլի, հանդբոլի, ֆուտբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի ծրագրերին:
Ուսումնական ծրագրում հատուկ ուշադրություն, բնականաբար, դարձվել է համապատասխան դասարաններում մարզաձևերի խորացած ուսուցմանը` գրականության մեջ առկա առաջարկությունների օգտագործմամբ:
Խմբագիրներ՝ Արևիկ Ներսիսյան, Մարիետ Սիմոնյան