Կար-չկար, աշխարհում մի մեծ ընտանիք կար՝ սեբաստացի ընտանիքը: Մի օր ընտանիքի անդամները լացի ձայն լսեցին ու ընդառաջ գնացին: Ինչ-որ մեկի մոռացված Ծննդյան օրն էր: Խեղճ կորուսյալին բերեցին կրթահամալիր ու հեղինակային կրթական ծրագրով , օրացույցով, դարձրին ամենասպասված Ծննդյան ծես:

— Ո՜ւխ,- ուրախացավ մոռացված Ծննդյան օրը,- ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն, հիմա ես կլինեմ կարևոր հանգույց՝ երգ ու պարի, խաղի ու խորհրդի, սպասումի, հրճվանքի, անակնկալների. չէ՞ որ երեխայի ամենասպասված օրն իր տարեդարձն է, և այն պետք է առանձնահատուկ դարձնել՝ կենդանի, իրական ապրումով :

Ծննդյան ծեսը հեղինակային նոր մոտեցմամբ նախապես մտածված գործունեության շարք է ենթադրում, որի իրականացման համար Նելի Արղությանի առաջարկով մշակեցի «Ծննդյան ծեսի մեր այլընտրանքը» նախագիծը՝ դաստիարակների լաբորատորիայի «Նվեր օրեր՝ ծննդյան ծեսով» մշակումն ունենալով որպես օրինակ, ինչը նոր սկիզբ դրեց ամեն տարեդարձից առաջ ավելի մեծ նվիրումով պատրաստության, ծնողի հետ համագործակցության, խաղերի ու հետաքրքիր անակնկալների մտահղացման:

Առաջին նախագծային ծննդյան ծեսը Նարեկինն էր: «Ծննդյան ծես»-ն ու «Լավաշթխիկի ծես»-ն իրար հանդիպեցին հենց Ագարակի թոնրի շուրթին՝ միախառնվելով դարձան երգ ու պար, ծեսերի խառնաշփոթ ու անմոռանալի հուշ: Որքա՜ն մեծ էր Նարեկի սպասումն իր նվերին՝ թոնրից հանված առաջին լավաշին…

«Ծննդյան ծեսի մեր այլընտրանքը» նախագծի առաջարկներից Նարեկն ու մայրիկն ընտրել էին հարցերի շարք, որոնք կտրվեն ամեն տարի ու կմնան հուշապահոցում՝ համեմատելու՝ ինչպես է փոխվում երեխայի աշխարհայացքն, նաև ցանկացած պահի հետհայացք ձգելու, ժպտալու անցած տարիներին… Սա նույնպես հետաքրքիր ու շարունակություն ենթադրող սովորույթ կարող է լինել:

Նարեկի տարեդարձը նաև առաջինն էր, երբ սպասված տորթին փոխարինելու եկան առողջ մրգերն, ու այլընտրանքային տորթի պատրաստումը ձևավորվեց որպես հավես ավանդույթ:

Ավանդույթ դարձավ նաև ծննդյան մոմը «վաստակելու» խաղային տարբերակը։ Մոմ փչելու արարողությունը, որը հիմնականում սիրելի դարձած ու ընկերների կողմից կատարվող «Գովենք, գովենք…» երգի, բարեմաղթանքների, երազանք պահելու ամենասպասված պահն է, է՛լ ավելի խորհրդավոր է դառնում, երբ հոբելյարը նկատում է, որ մոմը չկա…

Իմ ու սովորողների համար մոմ վաստակելու ամենասիրված տարբերակը դարձավ քվեսթը, որն իրականացրինք հաջորդ սիրուն պատահականությամբ համընկած կրկնատոնին՝ Ադրիանայի և Դավիթի ծննդյան ծեսին:

Նախապես նկարել էի դպրոցի տարբեր հատվածներ (դաշնամուր, հայելի, գրասենյակ), լուսանկարները կտրատել՝ դարձնելով փազլ: Սովորողները մեծ ոգևորությամբ հավաքում էին փազլը՝ հասկանալու, թե որտեղ է պահված մոմը: Ի՜նչ հրճվանք, երբ ջանքերից ու երկար պրպտումներից հետո գտնում են այն, ու կարելի է սկսել ծեսի ամենասպասված արարողությունը:

Որպես «Մոմ վաստակելու» խաղային տարբերակներ՝ կիրառել եմ նաև .

  • «Տաք-սառը» (հոբելյարից թաքուն պահում ենք մոմն ու փնտրելու ընթացքում մոտենալու դեպքում հուշում ենք՝ տաք, հեռանալու դեպքում՝ սառը՝ մինչև գտնելը),
  • «Առանց ձեռքերի» ( հոբելյարը ծննդյան հյուրասիրությունից ինչ-որ բան ամբողջությամբ պետք է ուտի առանց ձեռքերի օգնության),
  • «Գտի՛ր լիքը բաժակը» (Յուրաքանչյուրի հետ խաղում ենք ուշադրության կենտրոնացման խաղ՝ մեկանգամյա օգտագործման բաժակի տակ թաքցնելով մոմը։ Այնուհետև ձեռքի արագ շարժումներով տեղափոխում ենք բաժակները: Մասնակիցը պետք է ճարպկորեն հետևի ընթացքին ու ասի՝ որ բաժակի տակ է թաքնված մոմը: Այս խաղը սիրելի է նրանով, որ ընկերներն իրենց ներդրումն են ունենում հոբելյարի՝ մոմը գտնելու գործում և խաղում են մեծ ոգևորությամբ) :

Հավես անակնկալ է լինում, երբ հոբելյարները տեսնում են տարբեր ժամանակների ու գործունեությունների ընթացքում արված իրենց լուսանկարները՝ ընկերների ձեռքով կախված՝ որպես ֆոտոզոնա:

Իսկ որքա՜ն սպասված է անհատական ցուցահանդես-տոնախմբությունը, երբ ամիսներով խնամքով պահվում են սովորողի տեխնոլոգիական աշխատանքներն ու հենց տարեդարձի օրը հիշարժան դարձնում անհատական ցուցադրությամբ՝ դպրոցի ինչ-որ սրահ դարձնելով արվեստի տուն՝ գույնի ու երաժշտության ներդաշնակ համադրությամբ…

Տատիկիս ասած՝ հլա ըստուր մտիկ արեք. համերգային ծննդյան ծես, ծննդյան ծես՝ ճամփորդությամբ… Ի՜նչ զվարթություն, ի՜նչ սիրունություն, հիշողության պահոցում տեղ գտնող անմոռանալի ակնթարթներ…

Բա մարզական գործունեությամբ ու բացօթյա լողով, լողափնյա խաղերով իրականացվող ծննդյան ծեսի մասին ի՞նչ կասեք: Բակը արտադրամաս-լաբորատորիայի վերածած ու ծնող-սովորող ալրաթաթախ խոհարարների ձեռքով տոնական համեղությունների պատրասությամբ ծննդյան ծեսի մասին ի՞նչ կասեք… Ո՞վ չի երազել նման տոնի իրականացման մասին, և ի՜նչ բախտավորություն է ունենալ միջավայր՝ ամենաայլընտրանքային գաղափարներն իրականության վերածելու լայն հնարավորությամբ:

Ի՜նչ բախտավորություն է ունենալ կրթական միջավայր, ուր ծննդյան ծեսին նախորդող ամբողջ շաբաթվա գործունեությունն էլի՛ հոբելյարի նվերն է, «Օրածեսիկ»-ով ամփոփվող հմտությունների արդյունքներն էլի՛ հոբելյարի նվերն են ընկերների կողմից, միշտ հիշեցնող՝ սիրելու, համախմբվածության, իրար օգնելու, իրարով ուրախանալու, սեբաստացի ընտանիքի մաս լինելու մասին…

Թումանյան պապիկի, Գիսանե թոռնիկի ծննդյան ծեսը՝ գրքի տոնով. ամենահավես, համ ու հոտով, կենդանի տարբերակն էր ծննդյան ծեսի, երբ տարբեր մուլտհերոսների փոխարինելու եկավ թումանյանական հեքիաթը՝ ընկերների, մայրիկի մասնակցությամբ, տեղում իրականացված, ինչը նույնպես հաջորդ ծննդյան ծեսերը հեքիաթի վերածելու հրաշալի տարբերակ կարող է լինել : Հեքիաթ, որի հերոսները մենք ենք՝ սեբաստացիներս, մեծ ու պստիկով, սովորողով ու դասավանդողով, սիրելի ու տարբերվող միջավայրով, կենդանի ու հավես, կյանքի դպրոցով և ուսուցմամբ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով