Ուսանողական տարիներին, երբ ամառային արձակուրդների ընթացքում կրթահամալիրի նախակրթարանում հայտնվեցի, նախակրթարանային խմբերը ձևավորված էին ըստ տարիքի: Ամեն առավոտ հավաքվում էինք բակում, մարզվում և բակային խաղեր խաղում: Հիշում եմ, որ փոքրերի ամենասիրած ժամն էր. երեխաները սիրում էին համատեղ անցկացրած ժամանակը, ոգևորվում և ամեն անգամ մի նոր բան սովորած` հետ էին գնում իրենց խմբեր: 
Տարիներ անց արդեն տղայիս նախակրթարան բերեցի: Խմբերը կրթահամալիրում տարատարիք էին դարձել՝ բաց, ընդարձակ ու լուսավոր: Տղաս շատ կարճ ժամանակում ինքնուրույնացավ, խոսքը զարգացավ, կարողություններն ընդլայնվեցին: Որպես մասնագետ-ծնող՝ վստահ եմ, որ միայն տարեկից ընկերների շրջապատում այս արդյունքները չէինք գրանցի:

Հանրապետությունում տարատարիք նախակրթարանները շատ չեն։ Այս տեսակով առանձնանում են կրթահամալիրը և Մոնտեսորիի մանկավարժական մեթոդներին հետևող մի քանի հաստատություններ։ Հաճախ տարբեր շրջանակներում քննարկումների ժամանակ տարատարիք խմբերի հանդեպ թերահավատ կարծիքներ եմ լսում:

Առաջարկում եմ հասկանանք՝ ինչ է իրենից ներկայացնում տարատարիք կրթության մոդելը: Կրթության այն ձևաչափն է, որի շրջանակում նույն խմբում ներառվում են տարբեր տարիքային երեխաներ՝ սովորաբար 2–3 տարվա տարիքային տարբերությամբ։ Այս մոդելը լայն կիրառում ունի, մասնավորապես՝ Մոնտեսորիի մանկավարժության համակարգում, սակայն վերջին տասնամյակներին հետաքրքրություն է առաջացրել նաև ժամանակակից մանկավարժական փորձառություններում՝ շնորհիվ իր սոցիալ-հուզական և զարգացումային առավելությունների։

Հոգեբանության տեսանկյունից տարատարիք խմբավորումն ամուր կապ ունի մի շարք հիմնարար տեսությունների հետ, որոնք վկայում են այդպիսի միջավայրում սոցիալական ուսուցման արդյունավետության մասին։

Սոցիալ-մշակութային մոտեցում

Լև Վիգոտսկու մոտակա զարգացման գոտու (Zone of Proximal Development) տեսության համաձայն, երեխաներն առավել արդյունավետ են սովորում այն ժամանակ, երբ փոխազդում են ավելի փորձառու անհատների հետ։ Տարատարիք խմբում ավագ երեխաներն անընդհատ հանդես են գալիս որպես «մոտակա զարգացման գոտու» մոդելներ՝ օգնելով փոքրերին խնդիրներ լուծել, լեզվական արտահայտություններ ձևակերպել, կարգավորել վարքը։ Այս փոխշփումը ակտիվացնում է ոչ միայն կրտսեր, այլև ավագ երեխաների ճանաչողական և էմոցիոնալ զարգացումը։

Սոցիալական ուսուցում և ընդօրինակում

Ալբերտ Բանդուրայի սոցիալական ուսուցման տեսության համաձայն՝ երեխաները սովորում են ոչ միայն փորձով, այլև դիտարկմամբ։ Տարատարիք միջավայրում այդ դիտարկումն առավել խորն է․ փոքրերը դիտում են ոչ միայն ուսուցիչների վարքը, այլև իրենց հասակակիցներից մեծերի՝ իրենց հասանելի մոտիվներով ու հմտություններով։ Արդյունքում ուսուցումը դառնում է ավելի ներառական, հարմարվողական և բազմաբևեռ։

Ինքնագնահատականի ու ինքնավստահության զարգացում

Էրիկ Էրիկսոնի հոգեսոցիալական զարգացման տեսությունում, հատկապես «նախաձեռնություն ընդդեմ մեղքի» փուլում (մոտ 4–6 տարեկանում) երեխաները զարգացնում են նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն։ Տարատարիք խմբում նրանց ընձեռվում է իրական հնարավորություն հանդես գալու որպես օգնող, կազմակերպող և հոգատար անհատ, ինչը խթանում է ինքնավստահությունը և էմպատիկ հմտությունները։

Համագործակցության և հասարակական վարքի զարգացում

Ի տարբերություն միատարիք խմբերի՝ տարատարիք մոդելն ավելի մոտ է իրական սոցիալական կառուցվածքին։ Այն խրախուսում է համագործակցային վարք, հարթակում ստեղծվում են դերային տարբերակված հարաբերություններ՝ առաջնորդներ, օգնականներ, հետևորդներ, որոնք զարգացնում են սոցիալական հարմարվողականությունը։ Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները (Katz, 1995; Stone, 1998), այսպիսի միջավայրերում երեխաները հաճախ դառնում են ավելի համբերատար, առատաձեռն և քիչ հակված մրցակցային վարվեցողությանը։

Այժմ եկեք դիտարկենք նախակրթարանի տարատարիք մոդելը յուրաքանչյուր տարիքի երեխայի տեսանկյունից, քանի որ մոդելի արդյունավետությունը և հոգեբանական ազդեցությունը զգալիորեն տարբերվում են ըստ տարիքային դերերի։

2-3 տարեկաններ

Այս տարիքը ինքնուրույնացման սկզբնական փուլն է: Երեխան  աշխարհճանաչման, սահմանների ընկալման, հիմնական սոցիալական կանոններին ծանոթանալու շրջանում է, զգայուն է ամենատարբեր նոր իրավիճակներում: 2-3 տարեկանների մտածողությունը ակնառու-գործնական բնույթ ունի, այսինքն՝ ճանաչողությունը դեռևս հիմնված է ֆիզիկական փորձի, կոնկրետ իրավիճակների և զգայական-շոշափելի ներգործությունների վրա (Ժան Պիաժե)։ Այս տարիքում երեխաները սովորում են ոչ թե վերացական բացատրությունների, այլ փորձի և դիտարկման միջոցով։ Օրինակ՝ լույսի միացումն իրենք պետք է փորձեն, որպեսզի «հասկանան», կամ փուչիկը պետք է պայթի՝ իրենց ձեռքով սեղմելուց հետո։ Նրանք «մտածում են գործողության միջոցով»։

Տարատարիք խմբերում այս առանձնահատկությունը դառնում է հսկայական ռեսուրս: Այս տարիքի երեխաների համար ավագների ներկայությունը դառնում է կենսական զարգացման գործոն՝ բացի դաստիարակից ունենալով այլ մոդելներ՝ ընդօրինակման ու փոխազդեցության համար: Կրտսեր երեխաները դիտարկում են ավագների վարքը՝

  • թե ինչպես են նրանք խաղում,
  • ինչպես են օգնում փոքրերին,
  • ինչպես են կարգավորում վեճեր կամ կազմակերպում իրենց գործունեությունը։

Այս ամենը գործնական ուսուցման բարձրարժեք մոդելներ են, որոնց միջոցով փոքր երեխաները ավելի արագ և բնականորեն ինտեգրվում են խմբի կանոններին, զարգացնում են լեզվական կարողությունները և նախադրյալները՝ հասակակիցների հետ արդյունավետ փոխազդեցության համար։ 

Խոսքը ևս ավելի արագ է զարգանում՝ շփման մեջ լինելով ավելի հարուստ բառապաշար ունեցող երեխաների հետ։

Ավագ երեխաները կարող են նաև ապահովել կրտսերների հուզական անվտանգությունը: Առավել կարեկից ու համբերատար ավագները կարող են ծառայել որպես «վստահելի մեծեր», ինչը նվազեցնում է ծնողից բաժանման սթրեսը։

Հնարավոր դժվարություններ

Լինելով առավել զգայուն և հուզական՝ այս տարիքի երեխաները կարող են վախենալ կամ ընկճվել շատ ավելի ակտիվ ու մեծ երեխաներից։ Անհրաժեշտ է ապահովել ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը:

3-4 տարեկաններ

Այս տարիքում երեխաներն արդեն ակտիվորեն օգտագործում են լեզուն շփման համար, հետաքրքրվում են հասակակիցներով և սովորում են «ես և մյուսները» հարաբերականությունը։ Նրանք իրենց զգում են որպես խմբի ներգրավված ու հասունացող անհատներ։

Տարատարիք խմբերում այս տարիքի երեխաները զարգացնում են համագործակցության, հերթապահության, խնդիր լուծելու կարողությունները։ Շարունակում են սովորել ավագներից, բայց արդեն ունեն բավարար ինքնուրույնություն՝ ինքնաարտահայտվելու համար։ Կրկնօրինակում են խաղը, փորձարկում տարբեր դերեր և սոցիալական իրավիճակներ: Կրտսերներին օգնելով՝ ամրացնում են իրենց սոցիալական հմտությունները, պահանջմունքները:

Հնարավոր դժվարություններ

Այս տարիքում երեխաները դժվարանում են հասկանալ մե՞ծ են, թե՞ փոքր, որն էլ ներքին կոնֆլիկտների առիթ կարող է հանդիսանալ:

4-5 տարեկաններ

Այս տարիքի երեխաներն ավելի ինքնավստահ են, սիրում են նախաձեռնություն ցուցաբերել, առաջնորդել խաղերը, օգնել և նույնիսկ՝ սովորեցնել։ Տարատարիք խմբում նրանք հաճախ դառնում են ոչ ֆորմալ առաջնորդներ։ Ինքնագնահատականն ամրապնդվում է այն զգացողությամբ, որ իրենք «կարևոր» դեր ունեն խմբում, արդեն մեծ են և պատասխանատու որևէ բանի համար: Եթե նրանց նախաձեռնությունները գնահատվում են և ունեն իրական ազդեցություն խմբում, ապա զարգանում է վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ Իսկ եթե ձախողվում են կամ իրենց ձայնը մերժվում է, կարող են դառնալ ներփակված կամ մեղավոր զգացող։ Հանդես են գալիս որպես գիտելիք փոխանցող՝ այդ ձևով նաև վերամշակելով սեփական գիտելիքները, կարողություններն ու հմտությունները: Ավելի փոքրերի մասին հոգ տանելով՝ զարգանում են էմպատիկ հմտություններ: Նրանք սովորում են համբերություն, զգայունություն և ղեկավարող վարքի ձևեր։

Հնարավոր դժվարություններ

Իհարկե, մեծ լինելու ձգտումը սկզբնական շրջանում ոգևորիչ է, գրավիչ, սակայն այս տարիքի երեխաներին այդ դերը տալիս պետք է մի փոքր զգոն լինել: Որոշ երեխաների համար մշտապես «մեծի» դերում լինելը կարող է հոգնեցնող, երբեմն էլ անցանկալի լինել, հատկապես երբ այդ փաստը շատ է շահարկվում:

Տարատարիք խմբերում յուրաքանչյուր տարիք ունենում է իր զարգացման հնարավորությունները։ Այդ հնարավորությունները ձևավորվում են ոչ միայն մանկավարժական միջամտությամբ, այլև բնական սոցիալական փոխազդեցությամբ։ Դաստիարակի դերը որոշիչ է՝ խմբում ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ բոլոր տարիքները միաժամանակ ստանում են աճելու, փորձարկելու և ներդրում ունենալու հնարավորություն, և պահանջվում է անընդհատ աշխատանք սեփական հմտությունները, մասնագիտական կարողությունները, հույզերը կառավարելու գործում: Տարատարիք նախադպրոցական խումբը դաստիարակի համար պարզապես կազմակերպչական մարտահրավեր չէ։ Այն միջավայր է, որտեղ դաստիարակը վերածվում է միաժամանակ ուսուցչի, առաջնորդի, խմբի էմոցիոնալ հենասյան և երեխայի անհատական հնարավորությունների խթանողի։ Միատարիք խմբի դեպքում դաստիարակն աշխատում է համանման հնարավորություններ ու զարգացման փուլեր ունեցող երեխաների հետ։ Տարատարիք խմբում այս համահարթությունն այլևս չկա․ և դա թե՛ մարտահրավեր է, թե՛ մեծ ռեսուրս։

Չնայած տարատարիք մոդելը բազմաթիվ մասնագիտական և զարգացման առավելություններ ունի, ծնողների շրջանում այն հաճախ ընդունվում է որոշակի վերապահումներով։ Հիմնական մտահոգությունները վերաբերում են փոքր երեխաների անվտանգությանը, անտեսվելու հնարավորությանը կամ այն վախին, որ իրենց երեխան չի կարողանա հավասարապես ներգրավվել խմբային խաղերում։ Որոշ ծնողներ ենթադրում են, որ տարիքով մեծ երեխաները կարող են գերակշռել խմբում, իսկ փոքրերը՝ երկրորդական դեր ստանձնել։

Սակայն երբ ծնողը տեղեկացվում է մոդելի առանձնահատկություններին, տեսնում է իր երեխայի ինքնուրույնացման, խոսքի, սոցիալական հմտությունների արագ զարգացումը՝ այդ կասկածներն աստիճանաբար մարում են։ Կարևոր է, որ մանկավարժները նախապես և շարունակաբար բացատրեն, թե ինչպես են աշխատում տարատարիք խմբերը, ինչ մեթոդներ են կիրառում՝ ապահովելու յուրաքանչյուր երեխայի մասնակցությունը, և ինչպիսի հմտություններ են զարգանում այդպիսի միջավայրում։

Տարատարիք խմբում երեխաները դառնում են ոչ միայն սովորողներ, այլև՝ սովորեցնողներ։ Ծնողները, հատկապես փոքր տարիքի երեխաների դեպքում հաճախ զարմանքով են նկատում, թե որքան արագ է զարգանում իրենց երեխայի լեզուն, շարժողական կարողությունները կամ սոցիալական վարքը՝ ընդօրինակելով մեծերին։ Իսկ ավագ տարիքի երեխաների ծնողները տեսնում են, թե ինչպես է իրենց երեխան դառնում ուշադիր, հոգատար, նախաձեռնող ու ավելի պատասխանատու։

Երբ ծնողը ներգրավված է մանկավարժական գործընթացին, իրազեկ է և զգում է, որ իր երեխան գնահատված է խմբում՝ անկախ տարիքից, ձևավորվում է վստահություն։ Այդ վստահությունը դառնում է այն հիմքը, որի վրա կարելի է կառուցել համատեղ պատասխանատվություն՝ երեխայի զարգացման շուրջ։

Կրթահամալիրում տարատարիք մոդելը պարզապես կազմակերպչական լուծում չէ․ դա մտածողության, մոտեցման, մշակույթի արտահայտություն է, որը շարունակվում է մինչև հետազոտական վարժարան սովորող-սովորեցնող հեղինակային ծրագրի շնորհիվ:

Տարատարիք մոդելը գուցե կատարյալ չէ և չի բացառում անհարթ ընթացքները։ Սակայն այն հաստատում է, որ երբ երեխան ապրում է բազմազան, կենդանի, ներդաշնակ հանրույթի մեջ, սովորում է ոչ միայն իր հասակակիցից, այլ նաև՝ իրավիճակից, հուզական շփումից, փորձից: Այս մոդելն իր հետ բերում է բազմաթիվ մարտահրավերներ, բայց նաև՝ անգնահատելի ներուժ՝ երեխաներին օգնելու դառնալու ինքնավստահ, համագործակցող ու զգացականորեն հասուն անձնավորություններ։ Եվ երբ այն ներդաշնակորեն իրականացվում է կրթական միջավայրում, ծնողի, մանկավարժի և երեխայի միջև ձևավորվում է վստահության և աճի ընդհանուր տարածք:

Օգտագործված գրականություն՝

Выготский Л.С, О мышлении и речи
Пиаже, Ж. (1994). Происхождение интеллекта у ребенка. Москва: Педагогика.
The Montessori Method. New York: Barnes & Noble.
Katz, L. G., Evangelou, D., & Hartman, J. A. (1990). The Case for Mixed-Age Grouping in Early Education. NAEYC.
Bandura, A. (1977). Social Learning Theory. Prentice Hall.
Erikson, E. H. (1993). Childhood and Society. W. W. Norton & Company.

Տեսանյութերի ու պատումների աղբյուրը՝
Պարտեզ ամսագիր
Արև Ուզունյանի բլոգ
Աննա Հայրոյանի բլոգ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով