Մեթոդական մշակման արդիականությունը

Արդեն մեկ տարուց ավել ժամանակ է, ինչ ԱԲ ծրագրերը աննահանջ ու հաղթական կերպով մտել են հանրակրթական կյանք և պարտադրում են իրենց օգտագործումը: Երբ ուսուցիչը և սովորողը առաջին անգամ հաղորդակից են լինում ԱԲ տված հնարավորություններին, առաջին բնական հոգեվճակը, որ նրանք ունենում են,  էյֆորիան է: Ուսուցչի համար հարկ չկա ժամերով տքնել նոր ուսումնական նյութերի ստեղծման վրա: Արհեստական բանականությունը դա անում է վայրկյանների ընթացքում: Միայն պետք է ճիշտ ու նպատակային ձևակերպել հարցադրումը: Մյուս կողմից էլ սովորողն է գերհաճելի հոգեվիճակի մեջ ընկնում, քանի որ ի վիճակի է վայրկյանների ընթացքում տալ ուսուցչի ներկայացրած առաջադրանքի ճիշտ պատասխանը: Անցնում են օրեր, ամիսներ, և սկզբնական էյֆորիան՝ գերհաճելի իրավիճակը, փոխակերպվում է սթափ հարցադրման. իսկ ի՞նչ է շահում կրթական գործընթացի գլխավոր շահառուն՝ սովորողը: Այստեղ է, որ իր գործի նկատմամբ պատասխանատվություն ունեցող ուսուցիչը տարակուսած պատասխանում է՝ Ոչի՛նչ: Շարունակել օգտագործե՞լ արհեստական բանականության ChatGPT ծրագիրը հանրակրթության բնագավառում, թե՞ արգելել այն: Արգելելը ոչ իրատեսական է, և ոչ էլ՝ արդյունավետ: Սովորողները միշտ էլ կգտնեն դրա օգտագործման իրենց հարմար ձևերը: Մոտավորապես նման իրավիճակ էր ստեղծվել, երբ առաջին անգամ ստեղծվեցին էլեկտրոնային հաշվիչները: Երբեք էլ հնարավոր չի եղել պայքարել առաջընթացի դեմ:

Իսկ ինչպե՞ս անել հակառակը: Ինչպե՞ս օգնենք սովորողին, որ արդյունավետ օգտագործի արհեստական բանականության տված հնարավորությունները: Այս հարցի ճիշտ պատասխանը կլինի մեր մեթոդական մշակման հիմնական նպատակը:     

Այս նպատակին հասնելու համար մենք պետք է փոխենք հանրակրթության իրականացման հիմնական ռազմավարությունը: Երբ ուշադիր ուսումնասիրում ենք Հայաստանում գործարկվող տարբեր ուսումնական առարկաների միասնական քննությունների թեստերը և թեստերի պատասխանները, ապա գալիս ենք այն եզրակացության, որ դպրոցը ոչ թե մտածելու, վերլուծելու, համադրելու, մտքերը տրամաբանական ձևով ներկայացնելու, այլ գնահատական ստանալու և հարցերին պատրաստի ու ճիշտ պատասխաններ գտնելու վայր է:  

2021 թվականին է հրապարակվել հանրակրթական պետական չափորոշիչը, 2023-ին արդեն հրապարակված էին պետական չափորոշիչի վրա հիմնված տարբեր  առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Այդուհանդերձ, ամեն տարի հրապարակվում են միասնական քննությունների թեստերը և թեստերի պատասխանները, որոնք հիմնականում որևէ առնչություն չունեն չափորոշչային կարողությունների և տարբեր դասարանների համար սահմանված սովորողների գիտելիքների և կարողությունների առարկայական վերջնարդյունքների հետ:  

Հանրակրթության պետական չափորոշիչում գրված է. «.. առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ։ Վերլուծի ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ»։

2025 թվականի «Հայոց պատմություն» միասնական քննությունների թեստերից մեկում գրված են այսպիսի հարցեր. « Հայաստանում 1967 թ. որքա՞ն գիտահետազոտական հիմնարկ էր գործում. 1) 132 2) 141 3) 121 4) 112», « Ե՞րբ է ընդունվել հետևյալ որոշումը. «Պատրաստ լինել իշխանությունը գրավելու, երբ նեցուկ կունենանք մի հարևան երկիր, որով հնարավոր կլինի կապվել բանվորա-գյուղացիական Ռուսաստանի հետ»: 1) 1920 թ. մայիսին 2) 1920 թ. հունվարին 3) 1920 թ. օգոստոսին 4) 1920 թ. նոյեմբերի»,    

Կարելի՞ է արդյոք համալսարանի դիմորդին տալ ավելի անբովանդակ հարց, քան գիտահետազոտական հիմնարկների քանակն է 1967 թվականին: 

Եթե ուզում ենք անգիրի դպրոցից անցում կատարենք դեպի այն դպրոցը, որտեղ մտածել են սովորեցնում, որտեղ նպատակասլաց բնավորություն են կերտում, որտեղ երևույթների առաջացման պատճառների մասին խորհել են սովորեցնում, որտեղ խրթին հարցերի պատրաստի պատասխանների փոխարեն սեփական հարցերով ճիշտ ուղղությամբ ընթանալու ուղին են հարթում, պետք է փոխենք մեր կրթական ռազմավարությունը և սովորեցնենք սովորողներին մտածել արհեստական բանականության հետ:

Նոր կրթական ռազմավարության անցնելու առաջին քայլերը

Անցում «պատասխան»-ից դեպի «հարց»

«Ո՞վ», «ի՞նչ», «քանի՞», «ե՞րբ», «որտե՞ղ» փաստացի պատասխան ենթադրող  հարցական դերանուններով հարցերի փոխարեն ավելի հաճախ տալ «ինչպե՞ս», «̓ինչու՞» հարցական դերանուններով հարցեր: Այլ կերպ ասած՝ շեշտը դրվում է երևույթի առաջացման պատճառը իմանալու վրա: Այստեղ կարևոր է, որ սովորողը չբավարարվի արհեստական բանականության իր հարցին տրված մի պատասխանով: Արհեստական բանականության պատասխանից նոր հարց է ծագում ու սովորողը տալիս է այդ հարցը: Կարևոր է նաև այն, որ սովորողը երբեմն չհամաձայնվի արհեստական բանականության պատասխանի հետ և քննադատի այն, որպեսզի ԱԲ ավելի մանրամասն ու հիմնավորված պատասխան տա: Նոր նյութի հետ այսպես հարցերով աշխատելուց հետո, երբ սովորողները դպրոց են գալիս, և դասավանդողը ցանկանում է պարզել, թե որքան լավ են սովորողները հասկացել թեման, նա չի ակնկալում, որ սովորողները դասագրքում գրված տեքստը նույնությամբ վերարտադրեն: Դասավանդողը հարցնում է սովորողներին, թե արդյոք ինչ հարցեր են նրանք տվել ChatGPT-ին և ինչ պատասխաններ են ստացել, և թե արդյոք նրանք համաձայնվել են բոլոր պատասխանների հետ, թե վիճել են և ցանկացել են պաշտպանել սեփական տեսակետը: Եվ այսպես՝ սովորական ուսումնական պարապմունքը վերափոխվեց ու դարձավ հետաքրքիր քննարկումներով ու բանավեճերով մի աշխատարան:

Արհեստական բանականության հետ արդյունավետ աշխատելու այս նշված ձևը հարմար է օգտագործել գրականության, պատմության, հասարակագիտական և բնագիտական ուսումնական առարկաների ուսումնառության ընթացքում:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն, թե ինչպես է ԱԲ-ը կարողանում օգնել սովորողներին հասկանալ մաթեմատիկայի նոր թեմաները և այդ թեմաներով խնդիրներ և վարժություններ լուծել:

ԱԲ-ի հետ ուսուցում-ուսումնառությունը լիովին անհատականացվում է, և այս հնարավորությունը հատկապես անգնահատելի առավելություններ է տալիս մաթեմատիկայի դեպքում: Ահա այդ առավելությունները.

  • Դասագրքերում տերմինը միայն մի անգամ է բացատրվում ինչ-որ մի դասարանում: Ենթադրվում է, որ սովորողը դա հասկացել է և այլևս այն չի բացատրվում: Նոր թեմայի յուրացման ընթացքում սովորողը կարող է ցանկացած տերմինի բացատրությունը նորից ու նորից կարդալ՝ ամեն անգամ տարբեր ձևերով, մակարդակներով և օրինակներով:
  • Սովորողը երկխոսության մեջ է մտնում ԱԲ հետ՝ խնդրելով նրան նորից բացատրել թեմայի կամ խնդրի այն մասը, որն իր համար անհասկանալի է եղել: Նրա համար անհնար է նույն ձևով կապ հաստատել իր դասավանդողի հետ: Դասավանդողի համար ֆիզիկապես անհնար է միևնույն ժամանակ երեկոյան ժամերին կապ հաստատել բոլոր իր սովորողների հետ և մի քանի անգամ բացատրել նույն թեման՝ հաշվի առնելով տարբեր աշակերտների ակադեմիական ունակությունների մակարդակները:
  • Թեման մի քանի անգամ տարբեր ձևերով բացատրելուց հետո արհեստական բանականությունը կարող է լուծման համար  անսահմանափակ քանակության վարժություններ, խնդիրներ առաջարկել և նորից բացատրել լուծման ձևերը, եթե սովորողը խնդրի: Փաստորեն յուրաքանչյուր սովորող ունենում է իր անձնական անհոգնել և անվճար կրկնուսույցը: Փաստորեն եկել է այն ժամանակը, երբ ուսման մեջ լուրջ առաջադիմություն կարող են ունենալ նաև այն սովորողները, ովքեր արագ չեն կարողանում մտածել, ում ծնողները ֆինանսապես ի վիճակի չեն կրկնուսույցներ վարձել, ում ուսուցիչները չեն կարողանում ավելի մատչելի ու հետաքրքիր ձևերով բացատրել իրենց ուսումնական առարկայի նրբությունները:
  • Բոլոր ժամանակների մանկավարժության գերխնդիրն է եղել բացահայտել յուրաքանչյուր սովորող անհատի ներուժը, հակումները և ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի զարգանան այդ ներուժը և հակումները: Հիմա եկել է այն ժամանակը, երբ հիմնականում սովորողի ուսերին է դրվում իրեն վերաբերող այդ մանկավարժական գերխնդրի լուծումը:

Ի՞նչ օգնություն կարող է ԱԲ-ը առաջարկել ուսուցչին          

Առաջին հերթին՝ ուսպարապմունքի գերազանց պլանավորում և բազմաբովանդակ ուսումնական նյութերի ստեղծում

Օրինակ՝ ենթադրենք ես ավագ դպրոցի մայրենիի ուսուցիչ եմ և մի այդպիսի խնդրանքով դիմում եմ ChatGPT ծրագրին՝ նրա հարցադրման պատուհանին՝ գրելով.

Բարի երեկո; կարո՞ղ եք հայերենի դերբայական դարձվածներով մի տեքստ գրել, որից հետո էլ ներկայացնել դերբայական դարձվածների յուրացմանը նպատակաուղղված վարժություններ:  Հաջորդ վայրկյաններին արդեն իմ աչքերի առջև գրվում է.

Բարի երեկո։ Իհարկե, սիրով։ Ահա հայերենի դերբայական դարձվածներով մի  տեքստ և վարժություններ, որոնք կօգնեն այդ դարձվածների յուրացմանը։

Տեքստ՝ «Արագ ու վճռական»

Մի օր վաղ առավոտյան՝ արևը դեռ լեռների հետևից չբարձրացած, Արմենը դուրս եկավ տնից։ Նա, ճանապարհին սուլելով ու մտքերով տարվելով, քայլում էր դեպի աշխատավայր։ Հասնելով կանգառին՝ նա կանգ առավ՝ սպասելով ավտոբուսին։ Սառը քամուց փաթաթվելով վերարկուի մեջ՝ Արմենը նայեց հեռուն։

Ավտոբուսը դանդաղ մխմխալով ու կանգ առնելով ուղևորների դիմաց՝ վերջապես հասավ։ Արմենը, մարդկանց միջև սեղմվելով ու դանդաղ առաջ շարժվելով, բարձրացավ ավտոբուս։ Մտնելով ներս՝ նա ընտրեց մի ազատ անկյուն՝ կանգնելով պատուհանի մոտ։

Աշխատանքային օրվա ընթացքում զանազան հանձնարարություններ կատարելով և հաճախորդների հարցերին պատասխանալով՝ Արմենը միշտ պահպանեց հանգստություն։ Օրվա վերջում հոգնած, բայց գոհ տուն վերադարձավ՝ ժպտալով ու եղանակին անհոգ զվարթությամբ արձագանքելով։

Դերբայական դարձվածներ տեքստում

  1. արևը դեռ լեռների հետևից չբարձրացած
  2. ճանապարհին սուլելով ու մտքերով տարվելով
  3. սպասելով ավտոբուսին
  4. սառը քամուց փաթաթվելով վերարկուի մեջ
  5. դանդաղ մխմխալով ու կանգ առնելով
  6. մարդկանց միջև սեղմվելով ու դանդաղ առաջ շարժվելով
  7. աշխատանքային օրվա ընթացքում՝ զանազան հանձնարարություններ կատարելով
  8. հաճախորդների հարցերին պատասխանալով
  9. տուն վերադարձավ՝ ժպտալով ու եղանակին անհոգ զվարթությամբ արձագանքելով

Վարժություններ

Վարժություն 1 – Գտիր դերբայական դարձվածները

Ստորև տրված նախադասություններից գտնիր դերբայական դարձվածները և գրիր, թե ինչ դեր են կատարում։

  1. Արտակն ավարտեց դասը՝ բոլոր հարցերին պատասխանելով։
  2. Նա դուրս եկավ դռնից՝ քայլելով անշտապ։
  3. Ծառերը՝ թռչունների երգից պարուրված, դանդաղ շշնջում էին։
  4. Անահիտը ներս մտավ՝ ուրախությամբ ողջունելով բոլորին։

Վարժություն 2 – Կազմիր նախադասություններ

Տրված դերբայներից կազմիր դերբայական դարձվածներ և օգտագործիր դրանք նախադասություններում։

Դերբայներ՝

  1. լսել
  2. նստել
  3. նայել
  4. ժպտալ

Վարժություն 3 – Վերաձևակերպում

Վերաձևակերպիր նախադասությունները՝ օգտագործելով դերբայական դարձվածներ։

  1. Երբ նա ավարտեց ընթրիքը, գնաց քնելու։
    Նա գնաց քնելու՝ ________________։
  2. Նա երգեց ու պարեց միաժամանակ։
    Նա ________________ երգեց։
  3. Երբ լսեց լուրը, չկարողացավ խոսել։
    Լուրը ________________, նա չկարողացավ խոսել։

Նման խնդրանքներով ChatGPT-ին կարող են դիմել տարբեր ուսումնական առարկաներ դասավանդողները և հնարավորություն կունենան  իրենց ուսպարապմունքները ավելի բազմաբովանդակ ու հետաքրքիր դարձնելու:

Այնուամենայնիվ, արհեստական բանականության ChatGPT ծրագիրը կարող է նաև կասեցնել սովորողների գիտելիքների ձեռքբերման արդյունավետությունը և ստեղծագործական ունակությունների զարգացումը, եթե սխալ օգտագործվի ծրագիրը:

  • Երբ սովորողները ինքնուրույն աշխատելու որևէ փորձ չարած միանգամից ապավինում են արհեստական բանականությանը՝ շարադրություններ գրելու կամ խնդիրներ լուծելու համար, դա կարող է խաթարել նրանց քննադատական մտածողությունը և սեփական գաղափարների ձևավորումը։ Ժամանակի ընթացքում այս ամենը կարող է թուլացնել ստեղծագործելու և խնդիրներ լուծելու կարողությունները։
  • Ստեղծագործությունը ծաղկում է փորձերի և սխալների արդյունքում։ Եթե ChatGPT-ն միշտ առաջարկում է “լավագույն” կամ “արագ” լուծումը, սովորողները կարող են բաց թողնել տարբեր մոտեցումներ ուսումնասիրելու կամ սխալվելու կարևոր գործընթացը, որը կենսական նշանակություն ունի ուսման համար։

Եզրակացություն

Արհեստական բանականության օգտագործումը հանրակրթության մեջ նոր հնարավորություններ և առավելություններ է տալիս, սակայն այն նաև ուղեկցվում է մարտահրավերներով և հնարավոր բացասական ազդեցություններով: Հայաստանի հանրակրթության պետական չափորոշիչը որպես փաստաթուղթ հրապարակվել է 2021-ին, և բնականաբար, արհեստական բանականության հնարավորությունների արդյունավետ օգտագործման մասին որևէ միտք չէր կարող լինել այդտեղ: Հիմա ժամանակն է, որ ԿԳՍՄՆ արագ արձագանքի այս նոր իրողությանը. նոր լրացումներ և փոփոխություններ արվեն պետական չափորոշիչում, փոփոխություններ արվեն նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացներում: Հիմա ուսուցիչների համար արդիական է դարձել ավելի ճիշտ մանկավարժական որակների ցուցաբերումը, քան ուսումնական առարկաների խորը իմացությունը: Փոխվել է պետք: Սկսենք հենց մեզանից և մեր սովորողներից:

Օգտագործված աղբյուրներ

AI in Schools: Pros and Cons

Advantages and disadvantages of AI in education

10 Advantages & Disadvantages of Artificial Intelligence in Education

The Pros and Cons of Using AI in Education

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով