«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է Մենթորական բաց լաբորատորիա, որի հիմքում ընկած է կրթահամալիրի առաջարկը։ Մենթորական աշխատանքի փուլերն են․
- կրթահամալիրում մենթորական բաց, շուրջտարյա գործող լաբորատորիայի ձևավորում,
- գործընկերների ծանոթություն,
- անհրաժեշտ օգնության ձևակերպում,
- աշխատանքային ծրագրի և աշխատակարգի կազմում,
- որոշված աշխատանքների իրականացում,
- աշխատանքային յուրաքանչյուր փուլից հետո հաշվետվություն։
Մենթորական աշխատանքի ստեղծման գործիքներ են՝
- Ծանոթություն կրթահամալիրին։ Մասնակիցները ֆիզիկական միջավայրում ծանոթանում են կրթահամալիրին, իրականացվող ծրագրին, ուսումնական օրացույցին, կազմակերպմանը, կրթական միջավայրին,
- Կրթահամալիրի մասնագետի՝ մենթորի այցելությունը գործընկերոջ կարիքները ճշտելու, աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար,
- Առցանց հանդիպումներ և հավաքներ, այդ թվում՝ էլեկտրոնային նամակագրություն,
- Սովորողի հետազոտական և նախագծային աշխատանքների, այդ թվում՝ համատեղ, իրականացում,
- «Դպիր» մանկավարժական հանդեսը՝ որպես ուրիշների մանկավարժական աշխատանքներին ծանոթանալու, սեփականը ներկայացնելու հարթակ,
- Սովորողների ճամփորդությունների, ճամբարների համատեղ կազմակերպում,
- Կրթահամալիրի մեդիագրադարանը, կայքը, կրթահամալիրի մասնաճյուղերի, մանկավարժական աշխատողների, սովորողների ուսումնական բլոգները, որոնք բաց են և մատչելի յուրաքանչյուրի համար,
- Մենթորական աշխատանքի օրագրի վարում։ Մենթորական աշխատանքի ամբողջ ընթացքը ուղեկցվում է պարբերական դիտարկումներով։ Աշխատանքի փուլերն ամփոփվում են մասնակիցների բլոգներում, կլոր սեղանի ձևաչափով ներկայացվում են հեղինակային կրթական ծրագրի ամենամյա ստեղծագործական մայիսյան, հոկտեմբերյան հավաքներում, «Դպիր» ամսագրում։
Բլեյան ցանցի մենթորական բաց լաբորատորիայի և հետազոտական աշխատանքի շրջանակներում մայիսի 7-10-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հասարակագիտական մասնախմբի ղեկավար Վարդան Կարապետյանը և նույն մասնախմբի անդամ Աշոտ Տիգրանյանը գործուղվել են Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Տեղ համայնք՝ Կոռնիձորի միջնակարգ դպրոց և Կոռնիձոր, Տեղ և Քարաշեն գյուղեր:
Մայիսի 7-ի երեկոյան հասանք Կոռնիձոր՝ Վարդան Կարապետյանի ծնողների տուն, որտեղ պլանավորեցինք մեր անելիքները, քննարկեցինք Կոռնիձորի դպրոցում իրականացվելիք մենթորական աշխատանքի հիմնական ուղղությունները և վարժարանի սովորող Գևորգ Գալոյանի հետազոտական աշխատանքի շրջանակում նախատեսվող ուսումնասիրությունների քայլերը:
Մայիսի 8-ին այցելեցինք Կոռնիձորի Ազնիվ Բալասանյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ ունեցանք հանդիպում դպրոցի մանկավարժական և աշակերտական հավաքանու հետ: Հանդիպման ընթացքում ներկայացրինք հեղինակային կրթական ծրագրի նորությունները, քննարկեցինք հետազոտական և նախագծային աշխատանքներում համագործակցության հնարավորությունները և հեռանկարները, իսկ կրթահամալիրի վարժարանի սովորող Գևորգ Գալոյանը ներկայացրեց հետազոտական աշխատանքի իրականացման իր փորձը։
Կոռնիձորի դպրոցում ներկայացված աշխատանքային ուղղություններ՝
- Կրթահամալիրի առաջարկի ներկայացում,
- Մենթորական բաց լաբորատորիա․մենթորական ուղեցույց,
- Հետազոտական աշխատանքը՝ համատեղ աշխատանքային գործիք, հեղինակային մոդուլով վերապատրաստումներ,
- Ուսումնական նախագծի մշակում, կազմակերպում՝ վերապատրաստումներ, համատեղ նախագծեր,
- Դպիրը՝ բաց լաբորատորիա․ վերապատրաստումներ, գործընկերների ներառում,
- «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը՝ որպես կրթահամալիրի հետազոտական վարժարանի և Կոռնիձորի դպրոցի սովորողների համատեղ նախագիծ,
- «Բարբառներ» ակումբը՝ որպես նախագծային համագործակցության օրինակ:
Հանդիպման ավարտին ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ՝
- Հետազոտական աշխատանքը՝ համատեղ աշխատանքային գործիք․ հետազոտական աշխատանքներ կատարել Կոռնիձորի դպրոցում գյուղական իրականությունից բխող թեմաներով՝ մենթորական բաց լաբորատորիայի աջակցությամբ, համատեղ հետազոտական աշխատանքների իրականացում սեբաստացի և կոռնիձորցի սովորողների մասնակցությամբ։
- Համատեղ ուսումնական նախագծեր․ Կոռնիձորցիներին առաջարկվեց «Մեր գերդաստանը» և «Բարբառներ» ակումբ նախագծերը։
- Կոռնիձորի դպրոցի ուսուցիչներին ներառել հեղինակային կրթական ծրագրով իրականացվելիք վերապատրաստումներին։
- Կոռնիձորի դպրոցին տրամադրել կրթահամալիրում գործող մասնախմբերի բլոգները, ուսումնական փաթեթները։
Հանդիպման ավարտից հետո մասնակցեցինք Կոռնիձորի դպրոցականների իրականացվող նախագծերից մեկի հերթական փուլի՝ դեպի գյուղի հին եկեղեցի և հին գյուղատեղի քայլքին, որտեղ իրականացվեց նաև տարածքի մաքրման աշխատանք։
Ամեն ինչ սկսվեց մի լուսանկարից /24.09.1944թ., Ֆրանսիա/.

Օրվա երկրորդ կեսն անցավ հետազոտական աշխատանքի բովանդակությունից բխող փաստաթղթերի փնտրտունքներով: Նախ այցելեցինք Ֆրանսիական դիմադրական շարժման կոռնիձորցի հերոս, առաջին գնդի անդամ Նիկոլայ Բաբայանի /ծնված 1904թ.-ին/ տուն, որտեղ գտնվեց մի խմբային լուսանկար /24.09.1944թ./, որից էլ սկսվեց ամեն ինչ…լուսանկարում պատկերված են Ֆրանսիական դիմադրական շարժման հայազգի 10 մասնակից անդամներ, որոնց թվում են նաև Տեղ գյուղում ծնված Ներսես Բադասյանը, Սարգիս Բախշյանը և Քարաշեն գյուղում ծնված Գրիգոր Փարսյանը /ծնված 1902թ.-ին/։ Մեր հետագա քայլերը պայմանավորված էին հենց նույն լուսանկարի հետևում եղած գրությամբ, որտեղ առկա են մասնակիցների անուն, ազգանունները և ծննդյան վայրերը։ Զրուցեցինք Նիկոլայ Բաբայանի ժառանգների հետ, որոնց համար բացահայտում էր իրենց պապի՝ Ֆրանսիական դիմադրական շարժման մասնակից լինելը:
Մայիսի 9-ը՝ Մեծ Հայրենականի 80-ամյակը, Տեղ գյուղում նշվեց մեծ շուքով՝ Տեղ համայնքի բոլոր բնակավայրերի և մարզային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մինչ Տեղ մեկնելը, նախ կոռնիձորցիների հետ միասին մասնակցեցինք գյուղի կենտրոնում գտնվող Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեդրման արարողությանը…
Տեղ գյուղում միջոցառման ընթացքում, երբ զրուցում էին Քարաշեն գյուղի վարչական ղեկավարի հետ, պարզվեց, որ գյուղում ապրում են Ֆրանսիական դիմադրական շարժման քարաշենցի մասնակից Գրիգոր Փարսյանի ժառանգները, իսկ թոռնուհին Տեղի թիվ 1 դպրոցի երկարամյա մանկավարժ Նազիկ Բաղդասարյանն է, ով մեզ տոնական օրվա ավարտից հետո ուղեկցեց Քարաշեն՝ իր պապի շիրիմին և Գրիգոր Փարսյանի մյուս թոռան՝ Արսեն Փարսյանի տուն:
Տիկին Նազիկը տան հարսի հետ միասին փորփրեցին հին լուսանկարների պահոցը, հանեցին իրենց պապի և գերդաստանի բոլոր լուսանկարները, պատմեցին իրենց հայտնի ուշագրավ դեպքերի և իրադարձությունների մասին, սակայն նրանց համար նույնպես, ինչպես Նիկոլայ Բաբայանի ժառանգների դեպքում, բացահայտում էր իրենց պապի՝ Ֆրանսիական դիմադրական շարժման մասնակից լինելը, որը դավաճանի խարանը փոխարինեց հպարտության զգացումով։ Այս ամենը հանգեցրեց անակնկալ շրջադարձի։ Մեր հայտնաբերած լուսանկարը նոր լույս սփռեց լուսանկարում առկա անձանց անցյալի այն էջերի վրա, որոնց անծանոթ էին ժառանգները։
Հանդիպում Գրիգոր Փարսյանի ժառանգների հետ /գ. Քարաշեն/.

Հանդիպման տեսագրությունը՝ այստեղ:
Տեղ գյուղում ծնված մյուս հերոսի՝ Ներսես Բադասյանի ժառանգին առաջիկայում կհանդիպենք Արարատի մարզի Հայանիստ գյուղում։
Էջի նկարը՝ Կոռնիձորի դպրոցում
