Նպատակը՝ բացահայտել 10-րդ դասարանում հաղորդակցական հմտությունների ամբողջացման և խորացման անհրաժեշտությունը՝ ելնելով կրթական չափորոշչի պահանջներից։

Խնդիրները՝ ներկայացնել նպատակին ծառայող գործունեության ձևերը, ռեսուրսները, որ կարող են օգտակար լինել, և պարապմունքների մեթոդիկան։

Արդիականությունը՝ թվային տեխնոլոգիաների՝ լույսի արագությամբ զարգացման այս դարում կարևոր է հասկանալ, թե կրթության մեջ հատկապես ինչն է, որ մնայուն է և առայժմ անհասանելի արհեստական բանականության համար։

Հեղինակայինը՝ ցույց տալ, թե չափորոշիչների պահանջները չնշված ինչ միջոցներով ու մեթոդներով է հնարավոր ապահովել։

1․ Ավագ դպրոց․ ինչ նոր բան ենք սովորելու

Հիմնական դպրոցն ավարտող միջին թվաբանական սովորողն այսպես թե այնպես յուրացրած է լինում լեզվական հիմնական կանոնները, կարդացած պարզ տեքստը հասկանում է, փորձում է տեղ հասցնել իրեն հուզող խնդիրը և նման պարզ բաներ։ Սա թերևս բավարար է լայն շրջապատի հետ առօրյա շփումների համար, բայց բավարա՞ր է արդյոք հավակնություններ ունեցող և ուսումը հերթական աստիճանում շարունակելու որոշում ընդունած մարդու համար, որի շփումները պարզ-կենցաղայինով չեն սահմանափակվելու։

Հիմնական դպրոցի ավարտական քննություններից հետո առաջարկված քերականության դասընթացին ի պատասխան սովորողի գլխում պտտվում է «ես դա արդեն հանձնել եմ» միտքը․ հեշտ չէ նրան համոզել, որ իր սովորած քերականության մեջ ուշադրության արժանի նրբություններ կան, մանավանդ, եթե այդ նրբություններն առանձնապես գործնական կիրառություն չունեն։ Ուրեմն՝ ի՞նչ նոր բան սովորեն ավագ դպրոցի նորաթուխ սաները։

Սկսենք նրանից, որ 9-րդ դասարանն ավարտածի համար որքան էլ չափորոշիչներով սահմանվում են բանավոր, գրավոր, ոչ խոսքային հաղորդակցման միջոցների տիրապետման որոշակի մակարդակ, անհասկանալի է՝ ինչպես հասնես դրան, մանավանդ, որ վերջնարդյունքների շարքում անտեսվում է լսելու կարողությունը։ Թեպետ «Չափորոշիչներում» նշվում է․ «7-9-րդ դասարաններում «Գրականություն» առարկայի բովանդակությունը կազմելիս հաշվի են առնվում սովորողի՝ տարիքային առանձնահատկություններով պայմանավորված հետաքրքրությունները, հոգեբանությունը, ինչպես նաև կառուցվածքային, համակարգված և քննական մտածողություն ձևավորելու շարունակականության ապահովումը», գրական նյութի ուսումնասիրման ժամանակ միանշանակ եզրակացությունը տեղին չէ, հետևաբար՝ ստույգ չէ, թե ստացված եզրակացությունը քննական մտածողությա՞ն, ուրիշ ընթերցողների կարծիքից ազդված լինելու, թե՞ գրականագետների կամ ուսուցչի պարտադրելու արդյունքն է։

Այստեղ կարևոր է հաղորդակցման նյութի ընտրությունը․ վերը թվարկված ունակությունները զարգանում են ավելի շուտ ոչ գեղարվեստական տեքստի միջոցով։

10-րդ դասարանի «Խոսքի մշակույթի» դասընթացին («Հայոց լեզու» ոլորտի բաղկացուցիչ) նշված հմտությունները զարգացնելու համար ընտրում եմ նաև տեղեկատվական տեքստ։ Ուշադրություն եմ հրավիրում տեքստում պարունակվող տեղեկությանը, դրա հաղորդման ձևի և բառապաշարի վրա, մասնավորապես հետևում ենք խոսքում օտարաբանությունների կամ մասնագիտական տերմինների քանակին։ Ուշադրություն ենք դարձնում, թե ինչի համար են դրանք պետք եկել հեղինակին։ Վերլուծությունից հետո առաջարկում եմ գուշակել, թե ում՝ ինչպիսի լսարանի է ուղղված մեր ուսումնասիրած խոսքը, դրա նպատակը որն է, և որքանով է բանախոսը հաջողում (Հայոց լեզու, 10, 03․10․24-ի առաջադրանքը)։

Միշտ չէ, որ դասի նյութ է դառնում հստակ նպատակ ունեցող հաջող կառուցված խոսքը․ երբեմն սովորում ենք ուրիշների սխալներից։ Այսօրվա տեխնիկական հնարավորությունները մատչելի են դարձնում ցանկացած խոսքային փորձարկում, բայց աննպատակ կամ անհեթեթ նպատակով արված հրապարակումը վերաբերմունք է ձևավորում ոչ այնքան տվյալ հրապարակման բովանդակության, որքան դրա հեղինակի նկատմամբ։ Սովորողներին սա պետք է որ հանգեցնի գոնե հրապարակայնորեն չդատարկաբանելու մտքին (Հայոց լեզու, 10, 19․11․24-ի առաջադրանքը)։

10-րդ դասարանում որոշակիորեն հասունացած մարդիկ անկասկած հասկանում են, որ նոր ու անընդհատ նորացվող հարաբերությունները պահանջում են ավելի զգոն վերաբերմունք շրջապատի նկատմամբ։ Ահա թե ինչու է հարկավոր, որ առաջին հերթին սովորեն լսել։ Տպավորություն թողնելու մարդկային ձգտումը սովորաբար խանգարում է դիմացինին լսելուն․ հարկավոր է հոգ տանել, որ սովորողը սկսի մտածել նաև թողած տպավորության որակի մասին։

Հարկավոր է հմտանալ նաև խոսքի ենթատեքստը «լսելու» մեջ․ ենթատեքստը նաև խոսքի նպատակը հասկանալը, անշուշտ, պիտի ապահովեն մարդուն հասած տեքստի ընկալումը և համապատասխան դիրքորոշման ու գնահատման դրսևորումը։ Այստեղ մեզ օգնում են զանազան, երբեմն նաև հակադիր միտումներով հրապարակախոսական տեքստերը (Հայոց լեզու, 10, 8․10․24-ի և 12․11․24-ի առաջադրանքները)։ Սովորողները ծանոթանում են հանրության մեջ կարծիք ու մոտեցում ձևավորելու մի քանի հնարքների, այնուհետև ըստ դրա գնահատում իրենց առաջ դրված տեքստը։  Այստեղ որպես նյութ հաճախ օգտագործում ենք հայտնի գովազդային տեքստերը։ Սովորողները նաև առաջադրանք են ստանում գովազդային տեքստ կազմելու՝ օգտագործելով հանրության վրա ազդելու իրենց սովորած հնարքները։

Ի դեպ, սովորողների քննարկման նյութ են դառնում նաև իրենց ուսուցիչների հոդվածները։ Սովորաբար դրանք արտագրում եմ տվյալ օրվա դասի մեջ՝ չնշելով հեղինակին, որպեսզի կանխակալ մոտեցում չլինի։ Բայց քանի որ այսօրվա տեխնիկան թույլ է տալիս հեղինակին պարզել վայրկյանների ընթացքում, այս տարվա դասընթացին առաջարկել եմ միայն իմ հոդվածներից և նախապայման եմ դրել անողոք լինելը հեղինակի նկատմամբ։ Ահա արդյունքներից մեկը։

2. Հաղորդակցման ոչ բառային միջոցները

Այսպիսով՝ 10-րդ դասարանում խոսքի մշակույթի դասընթացի թիրախն է զարգացնելը սովորողների հաղորդակցական հմտությունները, ինչի արդյունքում վերջինս ոչ միայն կկարողանա ակտիվ ու համոզիչ խոսք կառուցել, այլև քննաբար վերաբերվել իրեն հասած խոսքին և համապատասխան դիրքորոշում դրսևորել դրա նկատմամբ։ Այստեղ անկարևոր չեն խոսքի ոչ բառային միջոցները՝ մարմնի լեզուն, միմիկան, ժեստերը։ Սրանք, անշուշտ ուսումնասիրվում են բավարար մակարդակով։ Սովորաբար օգտագործում ենք կարճամետրաժ ֆիլմեր («Տերն ու ծառան», «Տժվժիկ», «Ոսկե ցլիկ» և այլն), որտեղ միմիկան ու ժեստերն ընդգծված են։

Բայց ուշադրության արժանի են նաև այն միջոցները, որոնք միտումնավոր են օգտագործվում՝ ազդեցության համապատասխան արդյունքի հասնելու համար՝ հագուկապ, գույներ, ակսեսուարներ և այլն։ Այս առումով ամենացայտուն միջոցն իհարկե պատկերներն են։ Դասընթացի ժամանակ օգտագործում ենք ոչ միայն հայտնի նկարիչների ստեղծագործություններից, այլև այլ պատկերներ՝ պաստառներից մինչև զինանշաններ։ Արդյունքները հետաքրքիր են՝ զինանշան, կտավներ, պաստառ և այլն։ Այս բնույթի հանձնարարություններից ուզում եմ առանձնացնել դիմանկարը (Հայոց լեզու, 10, 11.02.25-ի առաջադրանքը)։ Գեղարվեստորեն ներկայացված կերպարը, ինչպես պարզում ենք սովորողների հետ, կարող է տարբեր լինել իրական կերպարից։ Չէ՞ որ այստեղ արտահայտված է նաև նկարիչի վերաբերմունքը բնորդին։ Այս առաջադրանքից հետո առաջարկում եմ բառային տեքստով կազմել ընկերներից մեկի դիմանկարը։ Անցած երկու տարվա փորձը ցույց տվեց, որ ընկերոջը նկարագրելիս որոշ զգացմունքային խոչընդոտներ են առաջանում։ Դրա համար այս տարի առաջարկեցի՝ յուրաքանչյուրն իր դիմանկարը կազմի՝ օգտագործելով պատկերավորման որոշակի միջոցներ․ ահա մի օրինակ։  Սրանից հետո հեշտ է լինում անցում անել ինքնաներկայացման այլ ժանրի՝ գործնական գրության՝ ինքնակենսագրություն (CV) և մոտիվացիոն նամակ գրելուն։ Սովորողների ուշադրությունը հրավիրում եմ ըստ նպատակի ոճի ընտրության վրա։ Շեշտում եմ, որ գրության հասցեատիրոջ համար անհրաժեշտ տեղեկությունը հեշտ ստանալը կարևոր է։ Ինքնակենսագրականի օրինակ՝ Էվա Պետրոսյանի CV-ն, Մարիա Շահինյանի մոտիվացիոն նամակը։

Հավաքած փորձի հիման վրա խոսքի մշակույթի շրջանակում սովորում ենք անշուշտ կիրթ բանավիճել, փաստարկել, հիմնավորել ասածը, դիրքորոշում արտահայտել։ Հետաքրքիր են ստացվել ակնարկները՝ տրված դրույթը պաշտպանելու կամ ժխտելու հանձնարարությամբ (Մարտի 8-ի շուրջ՝ ըստ տղաների և ըստ աղջիկների; ֆիլմերի շուրջ

Խոչընդոտներ

Երկու անգամ երկուսը միշտ չորս է։ Այնինչ խոսքի մշակույթը բազմաթիվ չափանիշներ ունի, որոնք հաճախ հակասում են իրար։ Հարկավոր է խոսել (գրել) կոնկրետ, բայց տպավորիչ, անկեղծ, բայց համոզիչ, սիրաշահել ունկնդրին, բայց քծնանքի չհասցնել և այլն։ Այս ամենի մեջ գնահատումը դառնում է իսկական փորձություն։ Սովորողի կառուցած խոսքի արժանիքներն ու թերացումները հաճախ հակակշռում են միմյանց, ու չի հասկացվում՝ ինչո՞ւ ուսուցիչն իր արածից հիացած չէ․ չլինի՞՝ իրեն չի սիրում։

Այս տրամադրությունից ծագում է երկրորդ խոչընդոտը․ «իսկ սա ի՞նչ կապ ունի «Հայոց լեզու» առարկայի հետ»։ Կրթական համայնքը միշտ էլ դիմադրում է նոր բաներին, ուստի ամենևին հեշտ չէ հաստատել նոր բովանդակության արդիականությունը։

Երրորդ մարտահրավերը արհեստական բանականության մատչելիությունն է, որը սովորողները ոչ թե օգտագործում են, այլ շահագործում՝ վերահանձնարարելով նրան ցանկացած բնույթի գրավոր առաջադրանք։ Այստեղ թերևս հարկավոր է մտածել-ստեղծել այնպիսի միջավայր ու հանգամանքներ, որտեղ անհրաժեշտ լինեն բանավոր խոսքի մշակույթի նախատեսած հմտությունները։

Ամփոփենք․ հանրության մեջ արմատավորված է, թե դպրոցի գերագույն նպատակը քննություններին նախապատրաստելն է։ Այնինչ մարդն ամբողջ կյանքում մյուսների հետ հարաբերվելու, հասկանալի լինելու և ուրիշներին հասկանալու անհրաժեշտություն է ունենում։ Այս իմաստով՝ խոսքի մշակույթին ուղղված ավանդական վերաբերմունքը հնացած է։ Հարկավոր է տևական ու հիմնավորապես զբաղվել տարբեր բնույթի տեքստերով՝ զինանոցում ունենալով հանրային ելույթներ, հարցազրույցներ, գրավոր մեկնաբանություններ, հոդվածներ, հատուկ նպատակով արտասանվող ճառեր և այլ տիպի խոսքի նմուշներ, նաև պատկերներ ու ոչ բառային հաղորդակցման այլ արտահայտություններ, որոնք հրապարակավում և ընկալվում են որոշակի ժամանակահատվածում՝ ընթացիկ իրադարձությունների համատեքստում, հեղինակվում են կոնկրետ մարդկանց կողմից և կոնկրետ նպատակով։

Որպեսզի սովորողի համար նկատելի լինեն դիմացինի միտումն ու կիրառած հնարքները, հարկավոր է, որ ոչ միայն հետևողականորեն ու մանրամասն վերլուծեն տեքստերը, այլև հենց իրենք որոշակի միտումով խոսք կառուցեն՝ օգտագործելով ամենատարածված հնարքներից մեկ-երկուսը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով