2025 թվականը կրթահամալիրի համար հոբելյանական տարի է։ Մայիսյան արևաշող այս օրերին լրանում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված հեղինակային կրթական ծրագրի հեղինակների մայիսյան ստեղծագործական հավաքի 20-ամյա հոբելյանը, որն այս տարի ունի իր առանձնահատուկ խորագիրը՝ «Հեղինակային մանկավարժության հրավառություն»։
Պատշաճ ու տեղին է հավելելու, որ 20-ամյա հոբելյանական այս հավաքը՝ որպես կրթական նորարարությունների, ստեղծագործ մտքի ու երևակայության մանկավարժական հրավառություն, իրենց գործի նվիրյալ դասավանդողների ու ուսումն արժևորող սովորողների՝ փոխադարձ համագործակցությունն ու շարունակականությունն ապահովող գործունեության հաստատումն ու հավաստումն է կրթահամալիրում։
Հեղինակային կրթական ծրագիր իրականացնող յուրաքանչյուր դասավանդող հեղինակային կրթական ծրագրի հեղինակների հոկտեմբերյան հավաքով ամեն տարի ծրագրում է իրականացնել երկարաժամկետ, կարճաժամկետ նախագծեր, որոնք իրենց ամփոփումն են ունենում ամենամյա մայիսյան հավաքում։ Հավաքի օրերին կազմակերպված կլոր սեղանները, ներկայացում-ամփոփումները, քննարկումները, աշխատարաններն ու բաց դասերը դասավանդողի համար հրաշալի հնարավորություն են՝ արժևորելու կատարածը, առանձնացնելու արդեն իրականացրած նախագծի հաջողվածն ու չհաջողվածը, լրացումներ, շտկումներ անելու ու նաև մատնանշելու այն հնարավոր զարգացումները, որ կարող են լինել հետագա տարիներին նույն այդ նախագիծն իրականացնելիս։
Իմ այս հոդվածում այսօր ուզում եմ հիշատակել ևս մի հոբելյան ( և սա վերջինը չէ այս հոդվածի շրջանակում)․ Քոլեջում հրատարակվող «Արհեստագործ» ամսագրի համար տարին նույնպես հոբելյանական է։ Ամսագրի առաջին նյութը հրատարակվել է 2015 թվականի փետրվարին։ Իր տասնամյա գործունեության ընթացքում ամսագիրը հրատարակել ու հրատարակում է քոլեջի սովորողների աշխատանքները՝ մասնագիտական ու ստեղծագործական պատումներ, թարգմանություններ, հարցազրույցներ, տեսաֆիլմեր, նկարաշարեր։ Ամսագրի էջերում տեղ են գտել տարբեր տարիների սովորողների՝ իրենց մասնագիտությանն առնչվող, իրենց իսկ կազմած մասնագիտական բառարանները, զրուցարաններ, տպագրվել են տատիկի ու մայրիկի պատրաստած ազգային ավանդական համեղ ճաշատեսակներից ու ուտեստներից մինչև աշխարհի ժողովուրդների խոհարարական տարատեսակ բաղադրատոմսեր, գինեգործությանն ու խաղողագործությանն առնչվող թարգմանական բազմաթիվ նյութեր, բույսերի, ծաղիկների մասին ավանդությունների թարգմանություններ, ինչպես նաև պարտեզապուրակային ձևավորումների, կիրառական արվեստի բազմատեսակ նմուշների մասին թարգմանություններ։
Անցած տասը տարիների ընթացքում Քոլեջի սովորողներից յուրաքանչյուրը իր փոքրիկ լուման է ներդրել ամսագրի կայացմանն ու նրա գործունեության շարունակականությանը։ Մայիսյան հոբելյանական հավաքը հրաշալի առիթ է՝ ոչ միայն անդրադարձ կատարելու ամսագրի 10-ամյա գործունեությանը, այլև անդրադառնալու աշխատանքային ու բովանդակային այն փոփոխություններին, որ իրականացրել ենք այս ուսումնական տարում։
Վերջին տարիներին որպես լրացուցիչ կրթության բաղադրիչ՝ ամսագրի աշխատանքների առյուծի բաժինը կազմում էին թարգմանությունները։ Դրանք հիմնականում կատարվում էին ռուսերենից, երբեմն՝ նաև անգլերենից։ Թարգմանական տեքստերը աշխարհի տարբեր ժողովուրդների առակներ ու ժողովրդական ավանդություններ էին, արհեստներին, արվեստի, գիտության, տարբեր ոլորտներին առնչվող գիտահանրամատչելի նյութեր։ Աշխատանքի այս ձևը բավական օգտակար էր նրանով, որ սովորողը շարունակ գործ էր ունենում բառարանների հետ։ Բառարանային աշխատանքը հեղինակային ծրագրի հեղինակ դասավանդողի աշխատանքում լեզվագործունեության շատ կարևոր բաղադրիչներից է, որը ոչ միայն նպաստում է սովորողի մայրենի և օտար լեզուների իմացության ու բառապաշարի հարստացմանը, այլև խթանում է սովորողի թարգմանական հմտություններն ու կարողությունները, ստեղծագործական տարր փոխանցում նրա աշխատանքին։ Սովորողների կատարած թարգմանություններից ամենահաջողվածներն էլ տեղ էին գտնում ամսագրի էջերում։ Սակայն համացանցում ՏՏ ոլորտի մի շարք ծրագրերի առկայության արդյունքում (Google translate, Chat GPT և այլն) այսօր թարգմանական աշխատանքը մի տեսակ անիմաստ էր դարձել։ Դժվար է վերահսկել, որ սովորողը չօգտվի Google translate-ի կամ Chat GPT –ի մեխանիկական թարգմանություններից։ Ահա այս վտանգը կանխազգալով է, որ այս տարվա փետրվարից՝ ամսագրի աշխատանքներն իրականացնելիս, դիմեցինք բովանդակային որոշ փոփոխությունների։ Ու քանի որ մեր դասային գործընթացի ամենշաբաթյա կարևոր աշխատանքներից է նաև տարբեր թեմաներով ստեղծագործական պատումներն ու շարադրությունները, որոնք ստեղծվում են հենց դասարանում, որոշեցինք, որ այսուհետ լավագույն աշխատանքները անպայման տեղ գտնեն Քոլեջի ամսագրում։ Ավելին՝ իբրև խմբագիր՝ «Արհեստագործ» ամսագրում մի քանի նմանատիպ աշխատանքների հրապարակումներից հետո ինձ համար պարզ դարձավ, որ ստեղծագործական այս աշխատանքները հրաշալի միջոց են Քոլեջի իմ սովորողներին շատ ավելի մոտիկից ճանաչելու համար։ Սովորողն անկեղծանում է իր աշխատանքում, պատմում իր կյանքից հետաքրքիր, հուզիչ, մտերմիկ դրվագներ, որ հաճախ կհրաժարվի դասարանում բարձրաձայնելուց, բայց ահա գրավոր խոսքն օգնում է նրան անկեղծանալու, ինքն ազատ է իր սեփական համակարգչի էկրանի առջև։ Սա, կարելի է ասել, իմ մանկավարժական աշխատանքի հերթական փոքրիկ հայտնագործություններից մեկն է, որ սիրով արձանագրել եմ այս վերջին ամիսների ընթացքում։ Կարևոր է, չէ՞։
Հետո հասկացանք, որ մեր ամսագիրը պետք է ընթեցվի ոչ միայն Քոլեջում։ Այստեղ է, որ ծնվեց համագործակցության մի նոր հեռանկար Քոլեջի և կրթահամալիրի հետազոտական վարժարանի 9-րդ դասարանցիների ու սիրելի գործընկերոջս՝ Սոֆյա Այվազյանի հետ։ Այսպես՝ մեր համագործակցության արդյունքում իններորդցիների համար ամսագիրը ոչ միայն ընթերցանության խթանման մի նոր հարթակ դարձավ, այլև նպաստեց, որ այն ինքնաարտահայտման, սեփական կարծիքի ձևավորման ու ձևակերպման գտնված միջոց էլ դառնա․պատումները պարբերաբար ընթերցելուց հետո իններորդցիները կարդացածի վերաբերյալ գրում են իրենց ասելիքը, մեկնաբանություններն ու տպավորությունները «Կարծիքներ» բաժնում։
Մեր համատեղ աշխատանքի այս փուլում մենք արդեն համագործակցային աշխատանքի մի նոր մակարդակ ենք թևակոխել, որի արդյունքում սովորողը դարձել է առավել ազատ, անկաշկանդ, և եթե ամենասկզբում նրա գրած կարծիքները մեկ-երկու վախվորած բառեր ու արտահայտություններ էին, ապա հիմա այդ մեկնաբանություններն արդեն կազմակերպված, հետաքրքիր ու համարձակ մտքեր են՝ հստակ ասելիքով։ Այս ամենը փոքրիկ հաջողություններ են, որ մեր համատեղ աշխատանքի ընթացքում սիրով արձանագրում ենք ես ու իմ գործընկեր Սոֆյա Այվազյանը ու շարունակում առաջ գնալ։
Իսկ առջևում մայիսյան հոբելյանական հավաքն էր, ու այս օրերին Քոլեջի վերնատանը կայացավ կլոր սեղան-աշխատարան, որի ընթացքում նախ անդրադարձանք «Արհեստագործ» ամսագրի տասնամյա գործունեությունը, ապա ամփոփեցինք վերջին ամիսներին համագործակցային մեր աշխատանքի արդյունքներն ու հետագա հնարավոր զարգացումները։
Այստեղ պիտի սիրով ընդհատեմ ու մի փոքր խոսեմ մեզանում այս օրերին հիշատավող մեր երրորդ հոբելյանի մասին․ ուղիղ հինգ տարի առաջ՝ 2020 թվականի մարտին, քոլեջն ունեցավ իր ամենագեղեցիկ ու գողտրիկ անկյունը՝ Վերնատունը։ Մեծ էր բոլորիս ուրախությունը, բայց մեկ-երկու հանդիպում-քննարկումներից հետո սկսվեց կորոնավիրուսը, և մենք հարկադրված անցանք հեռավար ուսուցման։ Այսօր դժվար է գերագնահատել Վերնատան դերը Քոլեջի կյանքում, բայց որ այն մեր՝ դասավանդողներիս, սովորողների հանգստի, ժամանցի ամենասիրելի վայրն է, անշուշտ, անկասկած է։ Անցած հինգ տարիների ընթացքում որքա՜ն սպասված, սիրելի, ջերմ, հուզառատ, գիտելիքահեն ու անկեղծ պահեր են ապրվել վերնատան պատերի ներքո՝ դժվար է ամփոփել, ու դեռ որքա՜ն անկրկնելի պահեր են ապրվելու։
Վերադառնալով «Արհեստագործ» ամսագրի տասնամյա գործունեությանը վերաբերող կլոր սեղան-աշխատարանին՝ ուզում եմ մի քանի դիտարկումներ անել այդ հանդիպումից (հանդիպման մասին պատմող տեսաֆիլմը տե՛ս այս հղումով)։
Կարևոր ու արժեքավոր է արդեն այն փաստը, որ կրթահամալիրի հետազոտական վարժարանն ու Քոլեջը համագործակցային նախագիծ են իրականացնում իրար հետ, ու մայիսյան հավաքը լավ առիթ էր՝ ոչ միայն համագործակցային այդ նախագիծը ամփոփելու, այլև նոր ուսումնական տարում հետագա հնարավոր զարգացումները հստակեցնելու համար։
Ամենօրյա աշխատանքային բազմազբաղ գործունեության մեջ մենք՝ կրթահամալիրի տարբեր մասնաշենքերում աշխատող գործընկերներս, միշտ չէ, որ հնարավորություն ենք ունենում գործնական շփումներ ունենալու։ Եվ ամսագրի ընթերցողական խնդիրները նպաստեցին ոչ միայն մեր՝ իմ ու Սոֆյա Այվազյանի համագործակցելուն, այլև, որ ամենակարևորն է, կրթահամալիրի վարժարանի ու քոլեջի նույնատարիք սովորողների միջև շփում, մտերմություն, համագործակցային կապեր ստեղծելուն ու զարգացնելուն։ Ուստի հանդիպումը լավ առիթ էր, որ Քոլեջի ու վարժարանի սովորողները փախադարձաբար միմյանց դեմքով ճանաչեն, ու իմանան, թե միևնույն ուսումնական հաստատությունում սովորող իր որ հասակակցի աշխատանքին է ինքը արձագանքում։
Ապա բոլորը միասին հանդիպման գործնական աշխատարանի ընթացքում իրենց տպավորություններն ու մեկնաբանությունները գրեցին ամսագրի վերջին՝ ամենաթարմ աշխատանքների տակ՝ «Կարծիքներ» բաժնում (սովորողները նախապես տեղեկացված էին, որ հավաքին պետք է ներկայանան համակարգիչներով), ու բարձրաձայն ընթերցեցին իրենց գրածները։ Ահա այդ կարծիքներից մի քանիսը՝
«Աշխարհը և մենք» Սյուզի Ավետիսյան՝« Շատ տպավորիչ ու խորհել տվող պատմություն է։ Հեղինակը գեղեցիկ կերպով է ներկայացրել մեր ժամանակների ամենահաճախ հանդիպող խնդիրը՝ անընդհատ շտապելն ու մոռանալը ինքներս մեր մասին։ Շատ հավանեցի այս միտքը, որ իսկական կյանքը սկսվում է այն ժամանակ, երբ մենք սկսում ենք ապրել՝ ոչ թե գոյատևելով, այլ զգալով ու սիրելով»։ Ռոբերտ Մխիթարյան (վարժարան)
«Հեռախոսն իմ կյանքում» Ալեն Մնացականյան՝ «Համամիտ եմ հեղինակի հետ, իհարկե, հեռախոսը ունի լավ և վատ կողմեր․ այն պետք է ճիշտ օգտագործել։ Հեռախոսը շատ մեծ դեր է կատարում բոլորիս կյանքում։ Բոլորս տանից դուրս գալուց առաջ, ընտանիքի անդամներից տեղեկանալու փոխարեն, թե նրանք լա՞վ են, թե՞ ոչ, ստուգում ենք մեր հեռախոսները։ Իհարկե, դա ցավալի է, բայց ոչինչ չենք կարող փոխել»։ Եվա Խաչատրյան (վարժարան)
«Աշխարհը և մենք» Անժելա Ռզգոյան՝«Շատ հավանեցի այս աշխատանքը, քանի որ այն, իրոք, պատմում է ներկա պահին շատ կարևոր խնդիրների մասին, թե ինչ անտարբեր ենք դարձել մենք մեր բնության և շրջակա աշխարհի հանդեպ։ Շատ հավանեցի նաև այն, որ հիշատակել ես Աստծուն, և աշխատանքիդ մեջ ավելացրել ես շատ կարևոր նշում քրիստոնեության մասին։ Կեցցե՛ս, շատ հաջող, ուսուցանող և գեղեցիկ ստեղծագործություն է»։ Մարիա Մարտիրոսյան (վարժարան)
«Բնության գրկում» Հասմիկ Սիրեկանյան՝«Քո շարադրությունն արտահայտում է բնության հանդեպ խոր սեր և հիացմունք։ Լեզուդ հարուստ է, պատկերները՝ կենդանի ու գունավոր։ Գարնան նկարագրությունն առանձնապես գեղեցիկ է․ բնությունը ներկայացված է որպես կենդանի ու հոգատար ուժ, որը մարդուն հանգստություն է բերում։ Հաճելի է կարդալ, թե ինչպես ես բնության մեջ գտնում խաղաղություն և վերամիավորվում ինքդ քեզ հետ»։ Արծրուն Ղարագյոզյան (քոլեջ)
Հավաքի ընթացքում Քոլեջի 1-ին կուրսեցիների համար ուսանելի էր նաև այն, որ հնարավորություն ունեցան մասնակիցը դառնալու իններորդցիների՝ «Սուրճ խմելու սովորությունը Հայաստանում» և «Ֆիլմերի ազդեցությունը դեռահասների վրա» հետազոտական աշխատանքների պաշտպանությանը։
Հանդիպման ընթացքը նախանշեց նաև համագործակցային մեր աշխատանքի արդյունքներն ու հետագա հնարավոր զարգացումները։ Ինձ համար՝ իբրև ամսագրի խմբագրի, հստակ կարևորվեց, որ մեր գործունեության շարունակականությունը ապահովելու կարևոր պայման կլինի այն, որ ամսագիրը այսուհետ լինի բաց, ընթերցվող ու քննարկելի նաև կրթահամալիրից դուրս հանրության համար։ Այս խնդրում մենք պիտի ակնկալենք ծնողների, մտերիմների, համայնքի և հասարակության լայն խավերի աջակցությունը։ Սա ամսագրի գործունեությունը կանոնակարգող մի նոր ուղղություն է ենթադրում, որը, կարծում եմ, պիտի ներառենք մեր գործում ու իրագործենք նոր՝ 2025-2026 ուսումնական տարում։ Դե ինչ, հաջողությունը՝ մեզ ուղեկից։
Ինչ վերաբերում է հանդիպմանը, պետք է խոստովանեմ, որ այն ոգևորող, ջերմ, ժպիտներ ու բարձր տրամադրություններ պարգևող իսկական մի հրավառություն էր։ Ճիշտ այնպես, ինչպես մեր 20-ամյա հոբելյանական այս հավաքի խորագրն է՝ հեղինակային մանկավարժության հրավառություն։