Դպրոցն ուսուցիչն է։ Լավ դպրոց՝ նշանակում է նախևառաջ լավ ուսուցիչ։ Կրթական ծրագրի իրականացնողը ուսուցիչն է, և նրա մասնագիտական և մարդկային որակներով է որոշվում տվյալ ծրագրի իրականացման հաջողությունն ու անհաջողությունը։ Ոչ մի միջավայր, ուսուցման միջոց, ուսումնական գույք չեն կարող լրացնել վատ ուսուցչի մանկավարժական բացթողումներն ու թերությունները:
Մանկավարժական բուհերը այսօր տալիս են շրջանավարտներ, որոնք պետք է աշխատեն նախադպրոցական համակարգում, դպրոցներում, կրթական տարբեր հաստատություններում։ Սակայն, ցավոք, այսօր բարձրագույն մանկավարժական կրթությունը չի տալիս այն վստահությունը, որ վկայական ստացած շրջանավարտը արդեն ունակ է կրթական ծրագիր իրականացնելու։ Սա իհարկե խոսում է ընդհանրապես բարձրագույն կրթական համակարգի ուսումնական ծրագրերի թերությունների մասին։ Եվ պատահական չէ, որ ուսուցչի դերը կարևորող շահագրգիռ կրթական հաստատությունները տարբեր ձևերով փորձում են ընտրել իրենց ուսուցչին՝ առարկայական իմացությունից սկսած մինչև ուսուցչին անհրաժեշտ այլ որակներ:
Մեր հեղինակային, այլընտրանքային կրթական ծրագիր իրականացման համար ուսուցչի ընտրությունը կարևորագույն խնդիրներից մեկն է: Մեր կրթահամալիրը երիտասարդ մարդկանց հավաքանի է: Մեր կին ուսուցիչները մի դեպքում երկարատև արձակուրդ են գնում՝ ֆիզարձակուրդի տեսքով, մի այլ դեպքում ամուսնանում և տարբեր պատճառներով ստիպված են լինում թողնել կրթահամալիրը (հիմնականում արտերկիր տեղափոխվելու, հեռու բնակավայր գնալու պատճառով): Յուրաքանչյուր ուսումնական տարի մենք սկսում ենք մի քանի տասնյակ նոր դասավանդողներով:
Ինչպե՞ս է մեր հեղինակային ծրագիրն իր ուսուցչին ընտրում: Ուսուցչի ընտրությունը մի քանի փուլով է լինում: Նախ՝ բլոգավարության-նախագծային սեմինար-պարապմունք է անցկացվում, որն ամեն անգամ վարում են մեր հմուտ ուսուցիչները: Մեր դասավանդողի համար բլոգավարությունը պարտադիր պայման է, քանի որ մեր կրթական ծրագրի իրականացումը կրթական բաց-բլոգային տարածքում է, և բլոգ վարելը դասավանդողի և սովորողի համար պարտադիր պայման է: Սեմինարի ընթացքում դիմող մասնագետը սովորում է բլոգ բացել, ձևավորել, դարձնել այն բլոգներին ներկայացվող պահանջներին համապատասխան և վարել բլոգը: Բլոգներում հրապարակվում են առաջին նյութերը: Բլոգավարության զարգացումն ու նոր հմտությունների ձեռքբերումը դասավանդման ընթացքում էլ կարող է լինել, բայց առաջին անհրաժեշտության հմտությունները պարտադիր են մեր հեղինակային ծրագրով աշխատելու ամար: Այս քառօրյա սեմինարի ընթացքում ստուգվում է նաև դիմող մասնագետի մեդիահմտությունը: Մենք իրականացնում ենք մեդիակրթություն, և չի կարող մեր դասավանդողը մեդիահմուտ չլինել՝ չկարողանա օգտվել մեյլային համակարգից, համացանցից, համացանցի որոնման համակարգից: Այս ընթացում սեմինարի մասնակիցները ծանոթանում են նաև կրթահամալիրում գործող հեղինակային ծրագրին, գործող ուսումնական կարգերին, ներքին կարգապահական կանոններին:
Սեմինարի մյուս բաղկացուցիչը նախագծային ուսուցման հետ ծանոթացնելն է, նախագիծ կազմելու և իրականացնելու բաղադրիչները ներկայացնելը: Նախագծային ուսուցումը մեր հեղինակային ծրագրի կարևոր բաղկացուցիչներից է: Սեմինարավարը ծանոթացնում է դիմորդ-մասնագետներին ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգին, ուսումնական նախագծի կառուցվածքին։ Սեմինարի մասնակիցները կազմում են իրենց նախագծերը, քննարկում սեմինարավարի հետ, հրապարակում իրենց բլոգներում:
Այս ընթացքում բացահայտվում է նաև դիմորդ-մասնագետի սովորելու, նախաձեռնություններ հանդես բերելու, հետևողականորեն արածը ավարտին հասցնելու, ինչպես նաև պարտաճանաչության, համատեղ աշխատանքի կարողության, մարդկանց հետ հարաբերվելու որակները:
Քառօրյա վերապատրաստումից հետո դիմող մասնագետը ցանկության դեպքում(եթե դեռ շարունակում է ) լրացնում է «Մուտքի ճամբար»-ի մասնմասնակցության հայտը և մասնակցում է «Մուտքի ճամբար»-ին: Այս փուլում նախատեսվում է ծանոթացում կրթահամալիրի բոլոր ուսումնական կենտրոններին, կրթահամալիրի ուսումնական գործունեությունը կարգավորող ուսումնական օրացույցին, գրադարանին, մանկավարժական քննարկումներ, զրույցներ հեղինակային ծրագրի բովանդակության և կազմակերպության շուրջ կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի, լաբորատորիայի, դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարների հետ:
Մանկավարժական քննարկումները կազմակերպվում են «Դպիր» մանկավարժական ամսագրի հոդվածներով՝ ներառելով և´ հայտնի մանկավարժների գրքերից հատվածներ, հոդվածներ, և´ կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրի հեղինակների հոդվածները: Քննարկումները իրականացվում են ազատ, անկաշկանդ մթնոլորտում՝ հնարավորություն տալով մարդկանց ազատ արտահայտել իրենց դիրքորոշումը, մոտեցումները, մանկավարժական հայացքները:
«Մուտքի ճամբարի» կարևոր բաղադրիչներից է մայրենի խոսքի մշակույթին ուղղված գործունեությունը: Սա հատկապես կարևորվում է, որովհետև ցանկացած գործունեություն իրականացնող դասավանդող, անկախ իր մասնագիտությունից, նաև մայրենին փոխանցող օղակ է: Դասավանդողի բանավոր խոսքը չի կարող գրագետ չլինել, չբավարարել մայրենիի իմացության որոշակի պայմանների: Մեր կրթության բաց բլոգավարությունը պահանջում է մայրենիի նաև գրավոր խոսքի իմացություն, քանի որ ուսուցիչն իր ուսումնական բլոգում հրապարակում է իր ուսումնական փաթեթներն ու նախագծերը, ուսումնական նյութերն ու ուսումնական լուսաբանումները, հոդվածներն ու ուսումնասիրուն-հետազոտությունները: Եվ լայն առումով մայրենիի իմացությունն ու գրագիտությունը պարտադիր պայման է մեր ցանկացած մասնագետի համար:
Լայն գրագիտությունը ստուգվում է ամենատարբեր միջոցներով՝ հոդվածների գրավոր վերլուծություններով, տարբեր տեքստերի, նաև գեղարվեստական ստեղծագործությունների, վերլուծությունների միջոցով: Այսպես ստուգվու են և ընդհանուր գրագիտությունը, և´ վերլուծական մտքի հնարավորությունները:
«Մուտքի ճամբարում» կարևորվում են նաև երգն ու պարը: Մեր հեղինակային կրթական ծրագրի ակունքներում ազգային մշակույթն է, որտեղ իր պատվավոր տեղն ունի նաև ազգային երգն ու պարը, ծեսը՝ իր բոլոր բաղկացուցիչներով: Չի կարող մեր կրթական ծրագրով աշխատող դասավանդողը կրողը չլինել ազգային մշակույթի, ներառյալ՝ ծեսը, հոգևոր մշակույթը, ազգային երգն ու պարը:
«Մուտքի ճամբարում» յուրաքանչյուր մասնագետ ունենում է նաև իր առարկայակ-մասնագիտական ուղղությամբ վերապատրաստման բաղկացուցիչը: Այս ամենից հետո սեմինարավարների, ծրագրերի ղեկավարների, լաբորատորիաների և ուսկենտրոնների ղեկավարների բնութագրումներով առանձնացվում են այն դիմորդ-մասնագետները, որոնք այս փուլի արդյունքներով երաշխավորվում են:
Մյուս փուլը կամավորական աշխատանքն է, որ երբեմն նաև կարող է նախորդել մյուս փուլերին: Կամավորական աշխատանքի ընթացքում դիմորդ-մասնագետները կատարում են մանկավարժական աշխատանք՝ իրենց առաջարկած նախագծերի իրականացմամբ: Այս փուլում ի հայտ են գալիս կրթահամալիր դիմած մասնագետների նաև մանկավարժական կարողությունները, սովորողների հետ աշխատանքի հմտությունները, նաև մի շարք այէ մանկավարժական որակներ:
Վերջում, բոլոր պատասխանատուների ընդհանուր համաձայնությամբ, դիմորդ-մասնագետը կարող է ստանալ կրթահամալիրի հեղինակային ծրագրերով աշխատելու առաջարկ: