«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Օսլոյի մասնավոր գիմնազիայի հանդիպումը
Միջազգային կրթական փոխանակումները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի (ՄՍԿՀ) կենսագործունեության և բաց համակարգի հիմնասյուներն են:
ՄՍԿՀ սովորողների համար նորություն չէ այլ երկրներում միջազգային փառատոների (Ֆրանսիա, 2023թ., Մոնտենեգրո, 2024թ.), ուխտագնացության (Հորդանան 2024թ. ) կամ կրթական ծրագրերի մասնակցությունը (Թուրքիա 2025թ., Ավստրիա 2026թ.), որոնք կազմակերպում է Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը: Ավելի վաղ սովորողները Մոլդովայում և Թուրքիայում մասնակցել են միջազգային ճամբարների: ՄՍԿՀ-ն կամ Բլեյան դպրոցը կրթական բաց համայնք է, և նորություն չէ նաև այլ երկրների ներկայացուցիչներ հյուրընկալումը: Տարիներ շարունակ կառուցվող «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի 17-ամյա փորձառությունն այսօր վրացերենի դասավանդող Ռինա Շագինյանի նախաձեռնությամբ ստանում է աշխարհագրական նոր ծավալներ:
Կրթահամալիրը մայիսի 29-ից հունիսի 4-ը հյուրընկալեց Նորվեգիայի Թագավորությունից ժամանած 18-19-ամյա 25 սովորողների և 3 դասավանդողների: Նորվեգացի հյուրերի հյուրընկալման հագեցած շաբաթում կայացավ երկու տարբեր բարեկեցության, բայց կրթական մշակույթների նույնական արժեքներ դավանող քաղաքակրթական բազմաշերտ հանդիպումը: Հիշենք, որ Նորվեգիան ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամներից և աշխարհի ամենազարգացած ու բարեկեցիկ եվրոպական պետություններից է։ Այն իր կրթության որակով աշխարհում առաջատար երկրների շարքին է դասվում։
Մեծ պատասխանատվություն էր կրթական փոխանակումների ծրագրով Օսլոյի մասնավոր գիմնազիայի (ՕՄԳ) պատվիրակության ընդունելությունը՝ դպրոցը վերածելով մշակութային դիվանագիտության հարթակի, որտեղ ձևավորվում են վաղվա աշխարհի քաղաքացիներ՝ օժտված ապրումակցմամբ, քննադատական մտածողությամբ, ստեղծագործական մտքով և ուրիշի մշակույթը հարգելու ու սեփականը արժանապատվորեն ներկայացնելու կարողությամբ:
Ակնհայտ էր, որ ՄՍԿՀ-ից ակնկալվում էր մեծ փորձառություն՝ ներկայացնել ոչ միայն կրթահամալիրը, այլև՝ Հայաստանը: Ուստի կրթահամալիրը հանդես է եկել ոչ միայն որպես ինքնատիպ ուսումնական հաստատություն, որտեղ հաճելին համատեղվում է օգտակարի հետ, այլև դարձել է Հայաստանի յուրօրինակ այցեքարտ: Պատվիրակության ղեկավար Սվեն-Էրիկ Ռայսի ձևակերպումը, թե այս այցն «իր կարիերայի գագաթնակետն է», փաստում է, որ ՄՍԿՀ հեղինակային մանկավարժությունն ունի համաշխարհային մակարդակով զարմացնելու և ոգեշնչելու ներուժ: Բլեյան դպրոցի մյուս առանձնահատկությունն այն է, որ այն ապահովում է յուրաքանչյուր սովորողի ներգրավվածությունը որոշակի գործունեության մեջ՝ անկախ ակադեմիական ոլորտում ունեցած ձեռքբերումներից:
ՕՄԳ սովորողների և ուսուցիչների 28 հոգանոց խմբի այցը կրթահամալիր վերստին ապացուցեց Բլեյան դպրոցի հեղինակային մանկավարժության կենսունակությունը և մրցունակությունը: Դրանում առանցքային դերակատարություն ունի ՄՍԿՀ Ավագ դպրոցի ղեկավարը և նրա թիմը, քանի որ սովորողներն ու դասավանդողներն իրենց մեկշաբաթյա ծրագրի ոգևորության համար պարտական են նրանց՝ այցը նախաձեռնելու և խմբի առաջարկների ու ցանկությունների հիման վրա ծրագիրը կազմելու համար: Դրանով ապահովվել է նաև ՄՍԿՀ-ի՝ միջազգային ծրագրերին մասնակցության շարունակականությունը և այդ ծրագրում հնարավորինս մեծ թվով դասավանդողների, կազմակերպիչների ու սովորողների ներգրավվածությունը։ Սա նաև ապացուցում է Հայաստանը միջազգային կրթական համակարգում ներկայացնելու կրթահալիրի կարողությունն ու ներուժը: «Նոր ծանոթություններ, ջերմ ընկերական շփումներ և համատեղ աշխատանքներ։ Սա այն հիմնաքարն է, որտեղից սկիզբ են առնում բոլոր համագործակցությունները»,- նշել է Մարթա Ասատրյանը ֆեյսբուքյան գրառման մեջ:
Նորվեգիայի կողմից ՕՄԳ խմբի այցը Հայաստան կազմակերպել է Սվեն-Էրիկ Ռայսը, որը պատմություն, քաղաքագիտություն, օտար լեզուներ է դասավանդում ՕՄԳ-ում: Նա բազմիցս է այցելել Հայաստան: Հեղինակ է մի շարք գրքերի, այդ թվում՝ «Hayastan: Why I Love Armenia» 385 էջանոց գրքի, որի մի քանի օրինակ նվիրել է ՄՍԿՀ-ի գրադարանին։ Գրքում բացատրված է, թե ինչու է ինքը սիրում Հայաստանը: Սվեն-Էրիկ Ռայսը, որն իրեն անվանում է Տիգրան Վան, նաև բազմաթիվ հոդվածներ է հրապարակել և հանդես է եկել հայերի, հայոց ցեղասպանության, Արցախի վերաբերյալ դասախոսություններով: Պարոն Ռայսին ուղեկցել են նորվեգերենի, աշխարհագրության, պատմության դասավանդող Մարի Ստենսրուդը և քաղաքագիտության, կրոնի ու իսպաներենի դասավանդող Մարտե Բուանը: Պարոն Ռայսը ստեղծել է իր սեփական Հայաստանը Նորվեգիայում: Այդ մասին 2022թ. հայագետ Արծվի Բախչինյանը հարցազրույց է հրապարակել «Առավոտ» օրաթերթում: Նա մեծ հումորով օժտված անձնավորություն է, անգամ Հայաստան գալուց ներկել էր մորուքը՝ հայի նմանվելու համար:
«Hayastan: Why I Love Armenia» գրքի նախաբանում Սվեն-Էրիկ Ռայսը նշում է իր տատիկի մի գրքի մասին։ Նա ասում է․«Տատիկիս կապույտ գիրքը Կովկասյան լեռներում գտնվող մի վայրի մասին էր։ Ես արդեն մոռացել եմ գրքի վերնագիրն ու հեղինակի անունը, բայց դրա բովանդակությունը շատ լավ եմ հիշում։ Հեղինակին մի քանի ամսով թույլատրվել էր ազատ ճանապարհորդել Կովկասի տարածաշրջանի խորհրդային հանրապետություններով։ Իր գրքում նա նկարագրում է աշխարհի մի անկյուն, որն ավելի շատ դրախտի է նման, քան որևէ այլ վայրի։ Այլևս չեմ հիշում այն ամենը, ինչ տատիկս կարդում էր ինձ համար, բայց գրքի առաջին պարբերությունը կարծես հատուկ դրա համար գրված լիներ. «Երբ Աստված ստեղծեց երկիրը և նրա հողերը բաժանեց աշխարհի բոլոր ժողովուրդների միջև, որոշեց մի փոքրիկ տարածք պահել իր համար՝ մի վայր, որն անհասանելի կլիներ ուրիշներին, որտեղ ինքը կկարողանար հանգստանալ և վայելել իր արարչագործությունը։ Աստված ցանկացավ իր համար պահել ամենահիասքանչ անկյունը և ընտրեց այն վայրը, որտեղ կային ամենատպավորիչ լեռնային զանգվածները, ամենագեղեցիկ ու ամենապաշտպանված անտառները, ամենահամեղ գինին և ամենամաքուր ջուրը։ Այդ դրախտավայրի պահապաններ նշանակեց այն ժողովրդին, որին աշխարհի բոլոր ժողովուրդներից ամենագեղեցիկն էր համարում, իսկ այդ երկրի հողը ամենաբերրին էր»»։ Գրքի վերջաբանում նա ենթադրում է, որ այդ երկիրը Հայաստանն է, որին այդքան շատ փորձություններ են վիճակվել:
Անգլերենի դասավանդող Իրինա Ապոյանը սկզբնապես կապվել է Սվեն-Էրիկ Ռայսի հետ, ով հաստատել է Մարթա Ասատրյանի կազմած ծրագիրը՝ հավելելով փոփոխություններ՝ այց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այց կոնյակի գործարան, հայրենագիտական –ճանաչողական ճամփորդություն Սևան՝ Օսլոյի հյուրերի հետ: Իբրև ծրագրի հավելում՝ պարոն Ռայսը ցանկանում էր նաև այցելել Արզնի՝ լինել ասորական եկեղեցում, լսել խոսք արամերենով, որով խոսել է Հիսուս Քրիստոսը:
Կրթահամալիրում նորվեգացիների անցկացրած առաջին օրը, որը հաջորդել է նրանց Հայաստան ժամանմանը, սկսվել է օրակարգի հրապարակմամբ՝ Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանի և համակարգող, անգլերենի դասավանդող Անահիտ Ամիրխանյանի կողմից: Վերջինս ոչ միայն կազմակերպել է տարբեր այցելությունները, հյուրասիրությունը դպրոցում և այցի վայրերում՝ ձեռք բերելով պայմանավորվածություններ, այլև այցի ողջ ընթացքում պատրաստել է դրանց լուսաբանող ֆոտոպատումներ և հետաքրքիր տեսանյութեր՝ ներկայացնելով Հայաստանի պատմամշակութային գանձարանը: Լուսաբանման հարցում նրան աջակցել են նաև ֆոտոլրագրող Արմինե Թոփչյանը, անգլերենի դասավանդող Մարիամ Առուշանյանը, կազմակերպիչ Լիլիթ Յախինյանը և սովորող Նարե Խաչատրյանը:
ՄՍԿՀ հեղինակային ծրագիրը, ուսուցման միջավայրը, կրթական առանձնահատկություններն են ներկայացրել սովորողներ Մարի Աղայանը և Հայկ Աղլամազյանը՝ վերջինիս պատրաստած սահիկաշարում:
Այնտեղ, որտեղ լեզուն երբեմն անզոր է, օգնության է հասնում պարը, ռիթմն ու ջերմությունը: Որպեսզի հյուրերը լիարժեք ինտեգրվեին կրթահամալիրի կյանքին, պետք էր ներգրավված լինեին յուրաքանչյուր գործընթացում: Մայր դպրոցի մարմարյա սրահում հնչել է հայկական ավանդական երաժշտություն, և նորվեգացի ու հայ երիտասարդները բռնել են միմյանց ձեռք՝ կազմելով մեկ միասնական շրջան: Պարատունը ղեկավարել է պարի դասավանդող Լուսինե Խաչոյանը՝ ՄՍԿՀ սովորողների մասնակցությամբ: Պարոն Ռայսը հուզվել էր՝ տեսնելով, թե ինչպես են իր սովորողները մեծ խանդավառությամբ պարում հայկական ազգագրական պարեր:
ՄՍԿՀ-ում ակադեմիական գիտելիքը միահյուսվում է կիրառական հմտությունների հետ, որը կրթության փիլիսոփայության վերանայման յուրօրինակ կոչ է հենց իրենց՝ եվրոպացի մանկավարժների համար: Կրթական փոխանակման ընթացքում նորվեգացի սովորողների կողմից առաջարկություն է հնչել, որ իրենք՝ նորվեգացիներն էլ ակադեմիական պարապմունքները սկսեն երգ ու պարով, մեծ ուշադրություն դարձնեն սպորտին և արվեստին: Ինչո՞ւ է սա կարևոր: Չէ՞ որ Հայաստանում կան այլ հաջողված այլընտրանքային դպրոցներ ևս: Սակայն վերջիններս իրականացնում են որոշակի, ասենք՝ միջազգային բակալավրիատի, Քեմբրիջի, Վալդորֆյան մանկավարժական մոդելի, AP, A Level և այլ ծրագրեր: Մինչդեռ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը գործում է որպես հեղինակային (պետական այլընտրանքային) փորձարարական հաստատություն, որ հիմնադրվել է 1989 թ.՝ ՀՀ պետական, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանի հեղինակային մանկավարժական նախագծով։ Այստեղ ծրագրերն ու նախագծերը դասավանդողներն են մշակում սովորողների հետ համատեղ՝ բացառապես սեփական, հեղինակային մեթոդաբանությամբ: Հեղինակային կրթական ծրագրում առանձնապես կարևորվել են թվային գրագիտությունը, ճամփորդությամբ ուսուցումը, ամենատարբեր օտար լեզուները, սպորտը, սարքաշինության, ՏՀՏ, արվեստների և արհեստների գործնական ուսուցումը (12-րդ դասարանցի աղջիկներն իրենց ձեռքով են կարում իրենց ավարտական օրվա հագուստը), էկոլոգիական դաստիարակությունը, ձիավարություն, կենդանիների խնամք, բույսերի աճեցում և խնամում, գինեգործությունը, հյուրընկալությունը և այլն:
Կրթահամալիրի հայեցակարգային առանձնահատկություններն առավել վառ են արտահայտվում լաբորատոր և արհեստագործական միջավայրերում, որտեղ ուսուցումն ընթանում է «սովորել՝ կատարելով» սկզբունքով: Անչափ հաճելի էր աշխատանքը խեցեգործարանում, որտեղ ՕՄԳ սովորողները ոչ միայն ծանոթացել են բրուտագործության հնագույն տեխնիկային, այլև նյութականացրել են իրենց զգացմունքները՝ կենցաղում օգտագործվող և դեկորատիվ ափսեներ, բաժակներ, նռան և այլ ֆիգուրատիվ քանդակներ ու հուշանվերներ՝ պատրաստելով գլանված կարմիր թրծակավի երկար շերտերից, զարգացնելով մանր մոտորիկան: ՕՄԳ սովորողներից մեկն անգամ աշխատել է դուրգով՝ պատրաստելով կճուճ: Տեխնոլոգիայի ուսուցիչ Մովսես Ավետիսյանը, բացի խեցեգործություն, բրուտագործություն,
կավագործություն դասավանդելուց, ինքն է ձեռք բերում հանքանյութը լեռան ստորոտից, իրականացնում կարմիր կավի ստացումն ու նրա հանքային հավելանյութերի խառնուրդների թրծումը: Ինչ վերաբերում է սպիտակ կավին, այն գնում են: ՕՄԳ դասավանդողները տպավորված էին ՄՍԿՀ սովորողների ձեռքբերումներով և կարծում են, որ ցուցադրված աշխատանքները, որոնք ներկված էին տարբեր տեսակի ջնարակներով, ոչնչով չեն զիջում Վերնիսաժում վաճառվող վարպետների կերտած արվեստի գործերին:
Այնուհետև տեղի է ունեցել շրջայց սարքաշինության լաբորատորիայում (Տեխնոլաբ), որտեղ ՕՄԳ սովորողները ծանոթացել են հաստոցների և գործիքների, ինտեգրված ՏՏ և ինժեներական ծրագրերի, քվեստային խաղերի, պատրաստված տարբեր իրերի հետ, կատարել համատեղ աշխատանք: Սարքաշինության լաբորատորիայի հիմնական գաղափարն այն է, որ տեսական գիտելիքները (օրինակ՝ կենսաբանություն, ֆիզիկա, արվեստ) վերածվեն կոնկրետ ինժեներական նախագծերի։ Իրենց իրականացրած աշխատանքների հետ ծանոթացրել են 10-րդ դասարանցի Էդմոն Սահակյանը, Դավիթ Մկրտչյանը և Ստեփան Իլոյանը: Վերջինս նշել է, որ կրթահամալիրի Տեխնոլաբը բազմաթիվ աշխատանքներով ներկայացվել է Digitec Expo 2025 ցուցադրությանը, որը վաղուց է դուրս եկել ներհայաստանյան իրադարձության սահմաններից: Հյուրերը տպավորված էին ինժեներա-տեխնիկական ստեղծագործության գործունեությամբ, մասնավորապես ռոբոտաշինությամբ, որը Տեխնոլաբի ինովացիոն զարկերակն է ArmRobotics ծրագրում: Սարքաշինության լաբորատորիան ներկայացնելիս դասավանդող Արման Ենգիբարյանը նշել է․ «Եթե սովորողն ինքն է պատրաստում որևէ սարք, ասենք սրտի աշխատանքը պատկերող և արյան շրջանառությունը ներկայացնող սարքը, ավելի մոտիվացված է սովորում»: Այստեղ սովորում են սիրտը հասկանալով, այլ ոչ թե գրքերը սերտելով:
Օրն ավարտվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կատարած այցով: Այս ճամփորդության ամենածանր, բայց միևնույն ժամանակ ամենամաքրագործող կանգառն էր: Հավերժական կրակի մոտ, անմեղ զոհերի հիշատակի առջև, լռությունը խոսում էր ամենաբարձր ձայնով:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում 10-րդ դասարանցիներ Նելլի Գևորգյանը, Վարդուհի Օթարյանը և Սանահին Բիգլարյանը ներկայացրել են իրենց պատրաստած նյութը Հայոց ցեղասպանության մասին: Պարոն Ռայսի կարծիքով անչափ հուզիչ է լսել, թե ցեղասպանության ենթարկվածների հարազատներն ինչպես են ներկայացնում ահասարսուռ պատմությունները, մինչդեռ ցեղասպանություն կատարածներն այն համառորեն ժխտում են: Նորվեգացի երիտասարդների աչքերում միախառնվել էին սարսուռն ու կարեկցանքը: Տեսնելով, որ այս արհավիրքը վերապրածների թոռներն ու ծոռները այսօր կանգնած են իրենց կողքին՝ հպարտ, կրթված ու կենսախինդ, հյուրերը հասկացել են հայ ժողովրդի ամենամեծ առեղծվածը. մենք չենք մեռնում, մենք վերածնվում ենք: Նորվեգացի որոշ սովորողներին հետաքրքրում էին հայ որբերի մասին պատմությունները, որ ներկայացրել եմ ես՝ անդրադառնալով նաև Ռիչարդ Հովհաննիսյանի՝ հայոց ցեղասպանության բանավոր պատմությունների վավերագրման ծրագրին և ցեղասպանությունը վերապրած մի վկայի խոսքի ձայնագրության իմ վերծանությանը: Թուրքական կառավարությունը նպատակ ուներ համակարգված կերպով դավանափոխ անել երեխաներին։ Իսլամացման և նրանց ազգային ու կրոնական ինքնության ջնջման գործընթացը շատ ավելի հեշտ էր իրականացնել վաղ տարիքում։
Մանկահավաքը և օսմանյան թուրքերի կողմից կիրառված ստրկության երևույթը մարդկության քաղաքակրթության ամենաամոթալի էջերից են:
Մայիսի 30-ը հայտարարված էր ազատ օր հյուրերի համար՝ ուղեկցված երևանյան զբոսանքներով և միասնական ընթրիքով:
Մայիսի 31-ին մշակութաբան, կազմակերպիչ Լիլիթ Յախինյանի և անգլերենի դասավանդող Մարիամ Առուշանյանի ու ՄՍԿՀ սովորողների ուղեկցությամբ տեղի է ունեցել Օսլոյի խմբի այցը դեպի ակունքներ՝ Արարատի մարզում Խոր Վիրապի վանք, Վայոց ձորի մարզում՝ Նորավանք միջնադարյան վանական համալիր, Արենիի տպավորիչ քարանձավ և ապա՝ գինու գործարան (համեմված հայկական անուշահամ գինիների համտեսով), որտեղ Սվեն-Էրիկ Ռայսը եղել է նախկին ճամփորդությունների ժամանակ: Այդ մասին նա նկարագրել է իր գրքում և ցանկանում էր, որ սովորողներն էլ տեսնեն այդ վայրերը:
Հունիսի 1-ին Քոլեջի հյուրընկալ հարկի տակ անգլերենի դասավանդող Արմինե Խաչատրյանն ու սովորողները սիրով դիմավորել են նորվեգացի հյուրերին և ներկայացրել Քոլեջում դասավանդվող մասնագիտությունները՝ շուկայաբանություն, հագուստի մոդելավորում և նախագծում, լուսանկարչական գործ, զբոսաշրջություն, նախադպրոցական կրթություն, գինեգործություն, համակարգչային գեղարվեստական նախագծում: Սա սովորական ճանաչողական այց չէր, այլ տարբեր մշակույթների, աշխարհընկալումների ու էներգիաների միախառնում էր, որը շարունակվել է Արևմտյան դպրոցում, որտեղ հյուրերը ծանոթացել են «Բույսերի և կենդանիների խնամք» ծրագրին: Շփումն անկաշկանդ էր, ու հետաքրքիր մի դրվագ եղավ. նորվեգացի սովորողներից ոմանք նկատեցին, որ Քոլեջի ուսանողներից մեկն ու իրենց ընկերը զարմանալիորեն նման էին իրար՝ ասես քույր ու եղբայր լինեին:
Շրջայցի յուրաքանչյուր կանգառ ինքնատիպ հայտնություն էր: Քոլեջի սովորողներ Վազգենը և ընկերները Քոլեջի Խաղողի և գինու դպրոցում ներկայացրել են գինու արտադրության փուլերը, արտադրանքի արտահանումը տեղական և միջազգային շուկա։ Խաղողի և գինու դպրոցում գինու համտեսի նուրբ ակնթարթները, Արևմտյան դպրոցի ուսումնական ագարակում ձիավարության ազատության զգացողությունն ու կենդանիների հետ անմիջական շփումը հյուրերի համար բացահայտել են կրթահամալիրի իրական շունչը: Այստեղ բնության հանդեպ խնամքը դառնում է կյանքի բնական ռիթմ ու կենսակերպ, երբ սովորողների ձեռքով խնամվող հավերի ձվերը հենց իրենց նախաճաշի սեղանին են հայտնվում: Նույնիսկ ամենափոքր քննարկումները, օրինակ՝ հավատարիմ չորքոտանի կենդանիների կացարանի հարմարավետության շուրջ, խոսում էին կենդանիների հանդեպ սեբաստացիների և հյուրերի ունեցած սիրո, պատասխանատվության և ուշադրության մասին:
Բայց օրվա ամենատպավորիչ ու ջերմ կանգառը Գեղարվեստի դպրոցն էր։ Քանդակի դասավանդող Ալիսա Գևորգյանի կազմակերպած շրջայցը «Artասահման» արվեստանոցում պարզապես գերել էր բոլորին՝ դառնալով օրվա ամենավառ էջը։ Ցուցասրահում հյուրերն աչք չէին կտրում սովորողների կերտած գծանկարներից, գունանկարներից ու քանդակից․ խորասուզվելով մտքերի մեջ՝ զգում էին հեղինակների հույզերը: Ոմանց հետաքրքրել էր 12-րդ դասարանցի Սոնա Սարգսյանի՝ խորհրդանշական և հոգեբանական շեշտադրումներով «Կախվածություն» քանդակը, որն արտացոլում է ժամանակակից աշխարհի մարտահրավերները, մարդկային հույզերն ու տարբեր երևույթների նկատմամբ կախվածության գաղափարը:
Ալիսա Գևորգյանի արվեստանոցը գերազանցել է բոլորի սպասումները՝ դառնալով ամենասպասված հանգրվանը։ Նորվեգացի սովորողները և դասավանդողները, կավի հետ աշխատելով, ստեղծել են տարբեր կերպարներ՝ դրանց հաղորդելով ձև, ծավալ, կառուցվածք և մանրամասներ։ Ալիսա Գևորգյանը բացատրել է ինչպես ձեռքերում զգալ կավը։ Նորվեգացիները կերտել են զանազան առարկաներ՝ հետևելով, թե ինչպես է նյութն արձագանքում յուրաքանչյուր շարժմանը։ Ապա դիտարկել են փոխակերպումը։ Հյուրերը ստեղծել են զանազան կերպարներ՝ ամերիկյան անիմացիոն ֆիլմի հերոս Մինիոնից մինչև խորհրդային մոնումենտալիզմ՝ «Մայր Հայաստան» հուշարձան, աստիճաններով շինություն, զանազան կենդանիներից՝ օձ, կատու, խոզուկ ու զվարճալի մարդուկներից՝ գլխաշորով ու վերարկուով աղջիկ մինչև գաստրոնոմիա՝ հոթ դոգ, մրգեր, օրինակ՝ նուռ, թեյի սպասք՝ բաժակով և տակդիրով և այլ պարագաներ: Դա սոսկ քանդակագործություն չէր. հողի հետ երկխոսություն էր, որտեղ յուրաքանչյուր սովորող իր հոգուց մի կտոր է թողել կավի մեջ:
Այնուհետև տեղի է ունեցել այց Երևանի Նոյ Կոնյակի-գինու գործարան, որ ներառել է տեղեկատվական շրջայց գործարանի տարածքով, 1944թ. կոլեկցիոն գինու և 5 ու 10 տարեկան կոնյակների համտես քաղցրավենիքով՝ միրգ, շոկոլադ:
Օրն ավարտվել է նորվեգացիների խմբի հյուրընկալմամբ հայ սովորողների ընտանիքներում, ինչով բոլորը հիացած էին:
Հունիսի 2-ը նշանավորվել է մարզական, ռազմամարզական պարապմունքով, որի ընթացքում սովորողների մի խումբը վոլեյբոլ է խաղացել, մյուսները պարապմունք են անցկացրել հրաձգարանում, իսկ երրորդ խումբը մասնակցել է Հայաստան-Նորվեգիա ֆուտբոլային ընկերական խաղի: Սպորտը պարզապես ֆիզիկական ակտիվություն չէ, այլ միմյանց ճանաչելու, ընկերանալու ու նոր հույզեր բացահայտելու լավագույն միջոց է։ Կրթահամալիրում այն մեծ գրավչություն ունի, քանի որ դասավանդողները կոնկրետ սպորտաձևերի մարզիչներ են, որոնք տարբեր, այդ թվում՝ միջազգային մրցումների մասնակցության մեծ փորձառություն ունեն:
Սրտառուչ էր նաև իսպաներենի մասնագետ Ռուզաննա Սարգսյանի և իտալերենի մասնագետ Մարիամ Սարդարյանի հաղորդակցությունը ՕՄԳ մաասնագետների հետ՝ իրենց դասավանդած լեզուներով:
Այնուհետև նորվեգացիների խումբը մասնակցել է «Հրաշալի քսանյակը» ինտելեկտուալ-ճանաչողական մրցաշարի՝ 3 փուլով, որ կազմակերպել էր Էկոլոգիայի դասավանդող, «Քրոնոս» գիտակների ակումբի համակարգող, աշխարհագետ Էմանուել Ագջոյանը: Խաղի ընթացքում պատահականության սկզբունքով ընտրված խաղացողի թիմին տրվել է 20 հարց: Նորվեգացի սովորողները մեծ հաճույք են ստացել խաղից, որն ընթացել էր սուր պայքարով:
Ապա տեղի է ունեցել կլոր սեղան-ամփոփում նորվեգացիների հետ, որին մասնակցել են ոչ միայն Ավագ դպրոցի ղեկավարը, դասավանդողներն ու սովորողները, այլև կրթահամալիրի հիմնադիր տնօրեն տիար Աշոտ Բլեյանը: Կլոր սեղանի ընթացքում Գիմնազիայի տնօրենն ու ուսուցիչները ներկայացրել են իրենց դպրոցը, նախագծային խմբերը՝ կրթական ծրագրում իրենց մասնակցությունը, իսկ կրթահամալիրի սովորողներն՝ իրենց փորձառությունը՝ որպես կամավորներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնելու կրթական փոխանակումները՝ ստեղծելով հերթական կրթական կամուրջը: Նորվեգացի սովորողները ներկայացրել են իրենց տպավորությունները և գոհունակությունը հայ ընտանիքներում ջերմ և սրտաբաց հյուրընկալումից և իրենց հիացմունքն են արտահայտել հայաստանյան փորձառությունից: Որպես հրաժեշտի խորհրդանիշ՝ նրանք ստացել են կրթահամալիրի սաների պատրաստած «Սեբաստացի» գինին, որն, ի դեպ, հյուրերից ոմանց կարծիքով, իր թարմությամբ գերազանցել էր նույնիսկ երևանյան հայտնի «Նոյ» գործարանում իրենց համտեսած բարձրակարգ կոնյակներին ու հնեցված գինիներին:
Անգլերենը ծառայել է որպես լինգվա ֆրանկա՝ միջմշակութային հաղորդակցության ընդհանուր լեզու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Օսլոյի մասնավոր գիմնազիայի աշխատակազմի ու սովորողների միջև՝ որպես լեզու, որին տիրապետել են թե՛ հայ, թե՛ նորվեգացի սովորողներն ու դասավանդողները։ Մինչ յուրաքանչյուր խումբ իր ներսում հաղորդակցվել է մայրենի լեզվով, անգլերենը դարձել է չեզոք և գործնական միջոց համատեղ նախագծերի, քննարկումների, ներկայացումների և առօրյա շփման համար: Որպես կրթության և միջազգային լեզու՝ այն ապահովել է հավասար մասնակցություն, արդյունավետ համագործակցություն և կապերի ձևավորում՝ հաղթահարելով լեզվական և մշակութային սահմանները։ Անգամ նրանք, որ կաատարյալ չեն տիրապետել անգլերենին, կարողացել են իրենց մտքերն ազատ արտահայտել: Այս առումով ևս այս հանդիպումը մոտիվացնող էր:
Օրն ավարտվել է ուսումնական ճամփորդությամբ դեպի Կոտայքի մարզի Արզնի գյուղ: Ասորական համայնքը Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մեջ բնակչության թվով երրորդն է՝ եզդիներից և ռուսներից հետո: Ասորիները Հայաստանում բնակություն են հաստատել 1828-29թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո: Ասորական 100 ընտանիք դիմել է Ցարական Ռուսաստանի իշխանություններին` Հայաստանում բնակվելու խնդրանքով: Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվելով Արևելյան Հայաստան` նրանք հաստատվել են Երևանի նահանգում` Երևանում ու ներկայիս Արարատի մարզի Դիմիտրով, Վերին Դվին, Կոտայքի մարզի Արզնի, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղերում։
Վերջում այց է կատարվել Արզնիի ասորական Սուրբ Մարիամ եկեղեցի: Եկեղեցին կառուցվել է 1881թ.։ Այն հաշվառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և պահպանվում է պետության կողմից։ Այստեղ Սվեն-Էրիկ Ռայսը Անահիտ Ամիրխանյանի օգնությամբ լսել է արամերենով աղոթք, հարցազրույց վերցրել հոգևոր հորից:
Հունիսի 3-ին Մարիամ Առուշանյանը և Էմանուել Ագջոյանը նորվեգացիների խմբին տարել են Հայրենագիտական–ճանաչողական ճամփորդության Գեղարքունիքի մարզ՝ Սևան, որտեղ հյուրերը հնարավորություն են ունեցել լինելու Ծովագյուղում, կանգառ են կատարել Սևանա լճի ափին և լողացել, վայելելով այն, այցելել են Սևանավանք, Հայրավանք, Նորատուսի խաչքարերի պուրակ:
Այցի վերջին օրը՝ հունիսի 4-ին, տեղի է ունեցել հայրենագիտական-ճանաչողական ճամփորդություն դեպի Կոտայքի մարզի Գառնիի հեթանոսական տաճար և Գեղարդի վանական համալիր։ Այն կազմակերպել է Անահիտ Ամիրխանյանը՝ հասարակագիտության դասավանդող Արմեն Ոսկանյանի մասնակցությամբ, ով, պարզվում է, եղել է Նորվեգիայում: Այստեղ նրանք հաղորդակից են դարձել հեթանոսական ու քրիստոնեական մշակույթի սինթեզին: Ազատ գետի աջ ափին, Գողթ գյուղում տեղակայված Գեղարդ վանական համալիրը Հայաստանի այն եզակի հոգևոր կառույցներից է, որոնք միաձուլված են շրջապատող ժայռերին: 2018թ. Գեղարդի վանքն ու Ազատ գետի վերին հովիտը ներառվել են ՅՈՒՆԵԿՍՕ-ի «ուժեղացված պաշտպանության կարգավիճակ» ունեցող հուշարձանների ցանկում: Վանքն անվանումը ստացել է Հիսուս Քրիստոսին խոցած գեղարդի անունով: Այն համարվել է սուրբ մասունք և 14-րդ դարից սկսած՝ պահվել վանքում:
ՄՍԿՀ 12-րդ դասարանցի Արփի Շահնազարյանը և նորվեգացի որոշ սովորողներ Թումանյանի անվան զբոսայգում ներկա են եղել Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնին, որը համախմբել է աշխարհահռչակ թատրոնների, բալետմայստերների, արտիստների ու ստեղծագործական խմբերի։ Հունիսի 2-ին և 3-ին տեղի է ունեցել «Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային առաջնախաղը՝ շվեյցարաբնակ կոմպոզիտոր Վալերի Տոլստովի երաժշտության և անվանի բալետմեյստեր Իլյա Ժիվոյի բեմադրության հիման վրա: Հունիսի 5-ին և 6-ին ցուցադրվել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան:
Իր տպավորություններն է կիսել Անի Եիսսաղոլին.«Նորվեգացի ընկերների հետ համատեղ միջոցառումներից իմ ամենասիրելի հուշը ճամփորդություններն են, մարդկանց հայերեն բառեր սովորեցնելն ու նորվեգերեն բառեր սովորելը։ Նաև այն, թե ինչպես էին նրանք անընդհատ հուշանվերներ գնում և մեզնից ավելի հայեցի տեսք ընդունում։ Այս փորձառությունն ինձ համար հրաշալի էր, որովհետև խոսում էին կա՛մ անգլերեն, կա՛մ նորվեգերեն, ինչի շնորհիվ ես կարողացա դուրս գալ իմ հարմարավետության գոտուց»:
Նորվեգացիները տանում էին իրենց հետ ոչ միայն տեսահոլովակներ ու լուսանկարներ, այլև Հայաստանի արևը, հայ ընկերների ջերմությունը և ՄՍԿՀ-ի ազատ, ստեղծագործական շունչը: Այս մեկ շաբաթը հերթական անգամ ապացուցեց, որ կրթությունը սահմաններ չունի, երբ այն հիմնված է սիրո և մարդասիրության վրա: Բլեյան դպրոցի հեղինակային մանկավարժությունը ևս մեկ անգամ աշխարհին ներկայացրեց մի Հայաստան, որին անհնար է չսիրահարվել: Իսկ տեղական մակարդակում՝ մնում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն էլ ավելի արժևորի ու ճանաչի այս ներուժը:
Մանրամասները՝ համակարգող Անահիտ Ամիրխանյանի բլոգում:
