«Ցտեսություն» տոնախմբություն

Գնալ չկա, եթե քո կյանքը քո ընտրությունն է, քո դպրոցը…

Պարզապես մեր համատեղ կյանքի մի շրջանն ավարտվեց: Ասենք` շնորհավոր: Ծափահարենք իրարու:

Սկսվեց մեր գործընկերության նոր շրջան, որտեղ չկան այևս վարչական-ենթակայական կապեր, կան իրավահավասարություն-ընկերություն ու քո դպրոցը, որ այս պահից քո երեխայի դպրոցն է: Հասուն լինել` նշանակում է կրել նաև երեխայիդ։ Հասուն ենք, չէ՞։ Հասուն լինել` նշանակում է գործել ինքնուրույն, որպես երախտագիտություն հայտնելու միակ ձև` ստանձնելով քո ամենասիրելիների` քո ծնողների, քույր-եղբայրների, ընկերների, քո դպրոցի հոգսը` սկսած ամենօրյա ուշադրությամբ նրանց առօրյա կարիքները հոգալուց։ Հասուն լինել` նշանակում է գործել` հավատարիմ մնալով սեբաստացիական քո արժեքներին, լինել ակտիվ, նախաձեռնող, անընդհատ սովորող ու փոխանցող, միշտ ստեղծական։ Պարտիզպան, հավաքարար ու պահապան իմ ու քո դպրոցի, քո ծննդավայրի, դրախտավայր Հայաստանի…

Մեր դռները, մեր կրթահամալիրի՝ քո Գեղարվեստի, քո Արհեստների, քո Վարժարանի, մեր կրտսեր ու միջին դպրոցների, քոլեջի, գրադարանի ու մարզադպրոցի, Բլեյանի դպրոցի բոլոր դռները բաց են մնում քեզ համար… Բայց ամեն վայրկյան մենք այլ ենք։

Ահա տես` շատ եք` 174։ Բայց սկսիր հաշվել. 2013-2014 ուստարվա  Դպրոց-պարտեզի, Նոր դպրոցի, Գեղարվեստի կրտսեր ու Հիմնական դպրոցների ճամփան են բռնում քանի˜ 5-6 տարեկաններ, ու ավագ դպրոցներ են նոր դիմում 10-րդ դասարանցիներ… Դու նրանց ուղեկիցն ես, եթե սա քո դպրոցն է։  Կգաս փոփոխվող` ամեն վայրկյան այլ դարձած. կաս ու կփոխես, քո թափն ու էությունը կհաղորդես մեզ: Մենք քո դպրոցն ենք:

Ողջույն 2013 թվականի շրջանավարտ սեբաստացիներին… Աչքալուսանք նրանց ծնողներին, ուսուցիչներին, բոլորիս….

Միշտ ձեր` Աշոտ Բլեյան 

24.05.2013թ.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով