Ստորև առաջարկում եմ նախագծի մի մոդել, որը մշակել եմ` հիմք ընդունելով սեփական փորձս, ընկերներիս փորձը և նախագծային աշխատանքի` աշխարհում ընդունված չափորոշիչները:
- Նախագծի թեման
- Նկարագրությունը
- Առաջադրվող հստակ խնդիրներ՝ ի՞նչ ենք անում, ինչո՞ւ, ի՞նչ ենք ակնկալում, ինչպե՞ս ենք աշխատում
- Աշխատանքի պլանավորում, բաժանում
- Կատարման ժամանակացույցը.
- Նախապատրաստում
- Ընթացք
- Ամփոփում, ներկայացում
- Ընտրված նյութերի հրապարակում
- Գնահատում
- Անդրադարձ
Նախագիծ հասկացությունը սիրում է հստակություն՝ համակարգ: Համակարգային մոտեցումը հնարավորություն կտա այն դիտարկել ոչ թե որպես միջոցառումային, դիպվածային երևույթ, այլ՝ ուսումնական առօրյայի բաղկացուցիչ: Բաղկացուցիչ, որն ունի հստակ կառուցվածք, մոտեցումներ, պահանջներ, սակայն բաց է նոր մոտեցումների, լուծումների, ստեղծականության, նորարարության համար: Նախագծի իրականացման վերընշված կառույցը, որը նույնպես բաց է փոփոխությունների համար, հնարավորություն կտա դասավանդողին, սովորողին ստեղծագործել, մտածել, զարգացնել՝ ստեղծել իր նախագիծը՝ նախագծի մոդելով:
Անհրաժեշտ է հստակեցնել ուսումնասիրման թեման. պարզ է, որ յուրաքանչյուր անհատ՝ դասավանդող, սովորող, նույն թեմայի տակ տարբեր մոտեցումներ, տեսանկյուններ կարող է ներկայացնել: Պարզ է, որ թեմայի նախնական մշակումը կարող է անիրագործելի, կեղծ ու անհետաքրքիր լինել տվյալ անհատի, խմբի համար. անհատն ու աշխատանքային խումբը կարող են պարտադրել, առաջարկել նախագծի թեման, էլ չենք խոսում ընթացքի, արդյունքների մասին: Նախագծային աշխատանքի հետաքրքրությունը, գոնե մեր կարծիքով, հենց այդ անկանխատեսելությունը, ստեղծականությունը ու անհատականացումն է: Նման աշխատանքում երևում է կոնկրետ մարդը՝ իր նախասիրություններով, մտածելակերպով, աշխարհընկալումով, տեսակով: Անհրաժեշտ է նախագիծ մշակելիս՝ նախագծային առաջադրանքներ, նյութեր, ի նկատի ունենալ կոնկրետ սովորողին:
Աշխատանքի պլանավորումը նույնպես կարևոր փուլ է. այս փուլում կարող են աշխատել դասավանդողը, դասավանդողն ու սովորողը, սովորողը, սովորողները: Նախագծի մշակումը, կատարելիք աշխատանքի հստակեցումն, առաջադրանքների փաթեթն ու ուղղվածությունը մշակելը, թիրախային խմբին համապատասխանեցումը, բավականին լուրջ որոնողական, ստեղծագործական աշխատանք է: Աշխատանք, որի արդյունքներով է, շատ դեպքերում, պայմանավորված նաև նախագծի հաջողությունը. հարցադրումները, թեման, պետք է հետաքրքրեն աշխատանքային խմբին, խթանեն որոնումն ու ինքնուրույնությունը, ստեղծականությունն ու բացահայտումը:
Աշխատանքի ընթացքն այս պարագայում չի կարող կանխատեսելի ու հստակ լինել. հաճախ նյութի ուսումնասիրությունը սովորողին լրիվ այլ, նախապես չծրագրված, ուղղությամբ է տանում՝ սովորողը կամ խումբը որոշում է լրիվ այլ թեմայի շուրջ աշխատել: Այստեղ կարևոր է դասավանդողի՝ սեփական անձի՝ մշակման, շուրջ չկենտրոնանալը. Դասավանդողը պետք է բաց լինի նորի առաջ, չխանգարի, ոգևորի աշխատող ու ոգևորվող տեսակին՝ անկախ նրանից ընթացքն իր նախատեսածով է, թե ոչ: Կարծում ենք՝ դասավանդողի համար օգտակար ու շարունակելի մտքեր են.
- «Ոչինչ, որ սովորողները մտածել են մի բան, որ ես չէի մտածել:
- «Ուրախ եմ, որ այսպիսի սովորողներ ունեմ»
- «Կարևորը՝ մտածող են ու համառ»
- «Համառեմ, տեսնեմ կկարողանա՞ն հիմնվորել իրենց ընտրությունը»
- «Լավ միտք տվեցին սովորողները (էրեխեքս), արժե նկատի ունենալ»:
Արդյունքների քննարկումը, դիտարկումը եռաստիճան, աշխատատար փուլ է, իհարկե, ամեն աշխատանք՝ նախագիծ, փուլային իր կանոններն է թելադրում, բայց հիմնական փուլերը սրանք են։
- Սովորողները դասավանդողին են ուղարկում իրենց աշխատանքները: Դասավանդողը ուսումնասիրում է, որոշակի լրացումներ անում՝ ինչն է համարում բացթողում, որն է աշխատանքի թույլ, խոցելի կողմը, որ աղբյուրներն ուսումնասիրված չեն և այլն: Աշխատանքը կարող է ուղարկվել նաև փորձագետ սովորողին, սովորողներին, փորձաքննություն անցնելու համար:
- Սովորողը, սովորողներն աշխատում են, լրամշակումներ անում, աշխատանքը վերջնական ու ներկայանալի տեսքի բերում:
- Ներկայացվում է դասարանում ու քննարկվում:
Հաջորդ փուլը գնահատման և հրապարակման փուլն է. ամենադժվար ու ամենակոնկրետ փուլերից մեկը: Որտեղ կարևորվում է և ուսուցչի և սովորողի համագործակցությունը: Գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել.
- Սովորողի ներդրած ջանքերը։
- Նշված ժամկետում տեղավորվելը։
- Համագործակցությունը՝ ընկերների, դասավանդողների հետ աշխատանքային կապը։
- Նախագծի հասարակայնությունը՝ աշխատանքում հասարակության տարբեր շերտերի ընդգրկում՝ հարցազրույցներ, համագործակցություն, համատեղ աշխատանք…
- Նախագծի ընդգրկունությունը՝ որքանով է խնդիրը համակողմանիորեն ուսումնասիրված, ի՞նչ կոնկրետ ու արդիական հարցադրումներ են բարձրացված։
- Աղբյուրների բազմազանությունը, իմֆորմացիայի գրագետ մշակումն ու քննադատորեն մոտենալու, հիմնավորելու կոնկրետ հմտությունը։
- Նախագծի ներկայանալիությունը և ներկայացումը:
Նախագիծը կարող ենք գնահատել, եթե.
- Հրապարակված է սովորողի անհատական վիրտուալ ուսումնական տարածքում՝ բլոգում։
- Եթե նախագծում կա ինքնուրույն միտք, մի քանի աղբյուրի համադրում, եզրահանգում։
- Ունի ներկայանալի, կիրթ մեդիաձևավորում:
Կարող ենք բարձր գնահատել, եթե.
- Նախագիծը սովորողի անհատական վիրտուալ ուսումնական տարածքից կարող ենք տեղափոխել կրթահամալիրի կայք, ենթակայքեր, ամսագրեր, նաև՝ այլ կայքեր։
- Խոսքը գրագետ է, փաստարկված, եզրահանգումները՝ ինքնուրույն, անսպասելի, տրամաբանված։
- Օգտագործված աղբյուրները բազմազան են, տեղեկատվությունը՝ մշակված, վերաբերմունքը՝ իրատեսական։
- Բարձրացված խնդիրներն արդիական, քիչ ուսումնասիրված։
- Թեման՝ հնարավորինս համակողմանի ուսումնասիրված, բացված, խնդիրները՝ վեր հանված։
- Ըստ անհաժեշտության օգտագործված են օտարալեզու աղբյուրներ։
- Ունի հետաքրքիր մեդիաձևավորում (կախված աշխատանքի տեսակից)։
- Ներկայացվում է գրագետ, դինամիկ։
- Տարածվում՝ մեդիա միջավայրում:
Գնահատելիս պետք է հիշել, որ նախագիծն ուսումնական է. սովորողը նախագծի միջոցով սովորում է, հարկ չկա համեմատություններ անելու. պետք է տեսնել կոնկրետ սովորողին, կոնկրետ ջանքը, կոնկրետարդյունքը: Հեշտ է սեփական ջանքերով ինչ-որ բան ստեղծած մարդուն վիրավորելն ու վհատեցնելը: Պետք է հաշվի առնել և´ սովորողի տարիքը, և´ հոգեբանական տիպը, և´ մտավոր կարողությունները, և´ հմտությունները կիրառելու փորձը: Գնահատումը պատժի գործիք չէ, խրախուսման հնարավորություն է:
Յուրաքանչյուր դասավանդող, իհարկե, կարող է ստեղծել նախագծային աշխատանքի իր մոդելը՝ ելներով իր առարկայի առանձնահատկություններից, ուսումնասիրվող թեմայից, սակայն կան մոտեցումներ, որոնք ընդհանուր են բոլոր առարկաների ու բոլոր նախագծերի համար: Կարծում ենք, որ վերը ձևակերպված մոդելը կարելի է կիրառել՝ առանձին դեպքերում համապատասխան լրամշակումներ անելով: