Ի՞նչ կարդանք և ինչո՞ւ. ուղենշային հարցադրում է: Դրան վերջերս հաճախ եմ անդրադառնում:
Տարիներ առաջ հեշտ էր բացատրելը՝ զանգվածին ուղղված ցանկը պահանջում էր հենց զանգվածային բացատրություն, վեհ գաղափարախոսությունը՝ քողարկում իրականությունը: Դժվար է ասել, թե այդ պարտադիր ցանկերը որ մասով էին կարդացվում, սովորողները նշված գրքերի քանի տոկոսն էին կարդում. գոնե ես այդպիսի ոչ մի ուսումնասիրություն չեմ գտնում՝ ամեն ինչ հիշողությունների մակարդակով է: Մարդիկ կան, որ պնդում են, թե ամբողջը կարդացել են, մարդիկ կան, որ ասում են՝ չեն կարդացել: Իմ դիտարկումները, բանավոր հարցումները ցույց են տալիս, որ պարտադրանքի մեխանիզմի լավ աշխատանքի դեպքում 50-60%-ը, իհարկե, կարդում էր: Բայց անհատական զրույցներիս ընթացքում մի կարևոր դիտարկում արեցի. է, ասենք` կարդացել ես, և ի՞նչ: Ի՞նչ է տվել կարդացածը, ի՞նչ է մնացել. մարդիկ փաստում են, որ լուրջ գրականություն են ընթերցել (պատկառելի ցանկ են հիշում), բայց ցավով արձանագրում ես, որ մարդուն այդ ընթերցումը ոչինչ չի տվել՝ չկարդացող մարդուց չի տարբերվում: Չպիտի՞ տարբերվի: Եթե չի տարբերվում ու չի տարբերվելու, ում է պետք ժամանակի անիմաստ վատնումը: Եթե չի ձևավորվելու մտածող, ճաշակով ընթերցող, քաղաքացի, եթե մարդն ինտելեկտուալ գրականութուն է կարդալու ու նույն կերպ հագնվելու, հարդարվելու, նույն կերպ հարսանիք կազմակերպելու…
Պետք է կարդաս, որովհետև կիրթ մարդու համար անհրաժեշտ է կարդալ նշված ստեղծագործությունները,- նմանատիպ հարցերի հիմնական պատասխանն է: Նշվա՞ծ ցանկը. ո՞վ է նշել, ե՞րբ ու ի՞նչ սկզբունքով, ո՞ւմ համար՝ դժվար է ասել: Երբ թերթում եմ արդեն անցյալ դարձած մեթոդականներն ու խորհրդային ժամանակաշրջանից մնացած առաջարկվող գրքերի ցանկերը, մոլորվում եմ՝ սկզբունք չկա: Չկա ընթերցող անհատը. ցանկն ուղղված է մասսաներին՝ հավաքականին, ու անհատի տեսակն ու պահանջմունքը հետևողականորեն մասսայականացվում, «կոտրվում են»: Սկզբունքը հասկանալի է. այս առումով հիանալի աշխատանք է արված: Չեմ կարող ասել, թե այդ ցանկերով վատ գրականություն է հրամցվում, իհարկե, ոչ: Առաջարկվող ցանկերում շատ են հետաքրքիր, բարձրարժեք գրական ստեղծագործությունները: Պարադոքս. էլ ինչո՞ւ առաջարկենք նոր բան, կարելի է ավելացնել մեկ-երկու անուն, ու կստանանք պարտադիր հանձնարարվող գրականության մոդեռն ցանկ:
Սակայն խնդիրը ցանկը չէ, ոչ էլ ցանկում նշված գրքերի լավ կամ վատ լինելը, այն է, թե ում է ուղղված այդ ցանկը: Առաջարկվող գրքի հետևում կամ դրա դիմաց պետք է տեսնել մարդուն՝ կոնկրետ, անունով ու դեմքով: Տարիքային սահմանափակումներն ու արգելքները անհատականացված ընթերցանության դեպքում անհեթեթ են դառնում. 21-րդ դարը հիմնականում կոտրել է տարիքային սահմանափակումները՝ չհիմնավորված սահմանափակումները: Կա ընթերցող. մի դեպքում այդ ընթերցողը հասունացել է այնքան, որ կարող է Բուլգակով, Օրվել, Կունդերա, Օշո, Հաշեկ կարդալ, մյուս նույնատարիք սովորողը արկածային գրականություն է կարդում: Ո՞րն է վատ, որը՝ լավ. դարձյալ դժվար է ասել: Կարևորում եմ ընթերցանությունը, կարևորում եմ ընթերցանության ընթացքում ծագող մտքերը, ըմբոստությունը, սեփական կարծիքի ձևավորումը: Մնացյալը խիստ անհատական է՝ կապված մարդու մտավոր կարողությունների, գեղագիտական ճաշակի ու հմտությունների, սոցիալ-մշակութային փորձի, աշխատանքի և բազմաթիվ այլ գործոնների հետ:
Անհատականացման սկզբունքը ցանկային չէ. կոնկրետ է, անհատական: Այս տեսանկյունից ինչ-որ բան առաջարկելն այս տեսքով չի կարող պարտադրանքի բնույթ կրել, կարող է դիտվել լոկ որպես առաջարկ: Կենտրոնում անհատն է՝ անհատի պահանջմունքը, որը պետք է զարգացնել, խրախուսել…
Բայց գրական այս մեծ աշխարհում, օրվա գլխապտույտ թոհուբոհում հաճախ դժվարանում ես գտնել, ընտրել քեզ հետաքրքրող գիրքը. ամեն ինչ կարդալ չես կարող՝ ժամանակն, իրոք, թանկ է, իսկ կողմնորոշվելը՝ դժվար: Առանձնացել եմ մի քանի հեղինակի մի քանի ստեղծագործություն. ի՞նչ սկզբունքով: Ընթերցածս գրքերին սովորաբար դժվար եմ վերադառնում. լավագույն դեպքում ինչ-ինչ նշումներ եմ վերանայում, բայց կան գրքեր, որոնք կյանքիս յուրաքանչյուր փուլում՝ սթրեսային ու երջանիկ, դժվար ու հեշտ, կարող եմ նորից կարդալ: Կարդալ ու նորից մտածել, կարդալ ու գտնել մի բան, որ նախկինում չէի գտել, կարդալ ու ինչ-ինչ մտքեր վերանայել, ուժ, էներգիա վերցնել: Այս գրքերից շատերի ընթերցումից հետո բուռն երջանկության պահեր եմ ապրել: Հավատում եմ խոսքին՝ տեքստին…
«Ոճիր և պատիժ». երեք անգամ եմ կարդացել ու ամեն կարդալուց հետո հետաքրքիր սիրավեպ ունեցել. այս գիրքը կարդալուց հետո սիրվելու ու սիրելու, գտնելու ու գտնվելու ցանկություն եմ ունենում: Վաղուց չեմ կարդացել, ուզում եմ կարդալ. տեսնենք` այս անգամ ինչ կլինի:
Սարոյան կարդալուց հետո էլ թեթևանում եմ, անցավ ու թեթև ներում մարդկանց. աշխարհն ու մարդկային նույնիսկ ամենաանընդունելի տեսակն այլ երանգ են ստանում: Երբ Սարոյանի պատմվածքներն եմ կարդում, ուզում եմ երեխա ունենալ՝ փոքրիկ, փափուկ, համառ նոր հայի ծնունդ տալ:
Ամենածանր գրքերից մեկն ինձ համար Օրվելի «1984» վեպն է. ամբողջությամբ մի անգամ եմ կարդացել, բայց կյանքիս յուրաքանչյուր փուլում անդրադառնում եմ դրան: Մեծ եղբայրը, որ շարունակ հետևում է ինձ, քեզ, նրան՝ սարսափեցնում է: Երբեմն մտնում է իմ մեջ ու դուրս չի գալիս. հաճախ չեմ ազատվում այն մտքից, որ նա ամենուր է՝ իմ ու քո զրույցներում, աշխատավայրում, սոցիալական ցանցերում, տղայիս հետ խաղերում:
Կան գրքեր, որոնք ապրում են իմ մեջ, դարձել են իմը, երբեմն թվում է, թե դրանք իմ մտքի ծնունդն են: Նկարագրվող իրադարձությունները, անուններն ու վայրերը վաղուց մոռացվել են կամ չեն էլ հիշվել, մնացել են ինչ-որ խոսքեր, կերպարներ, շատ դեպքերում դրանք էլ են ջնջվում, ու քեզ հետ մնում են քո միտքը, քո հասունացումն ու ապրումը….
Հենց ապրումն է դառնում քոնը, քո կենսափորձը, քո ինտելեկտի առկայծումը:
Կունդերան պատառիկներ է բերում իմ կյանքից, մտքից, սրտից. մաս-մաս ապրում-վերապրում եմ ժամանակաշրջանի բարդույթներն ու ազատությունները, տղամարդկանց ու կանանց հարաբերություններում իմ հարաբերությունները պրոյեկտում, չեղածը եղածի տեղ վերապրում. կյանքս դառնում է ավելի գունեղ ու բազմաշերտ:
Թերթում եմ ինտերնետային բազմաթիվ էջեր, ֆորումներ, տեսնում բավականին հետաքրքիր ցանկեր. ամենաընթերցվող, աղմկահարույց, ամենաշատ վաճառված գրքերի տասնյակներ, հարյուրակներ: Այդ նյութերից հետաքրիր թարգմանությունների շարքերով ներկայանում են մեր սովորողները. տես «Լուսաստղում»: Գիրքը քոնն է, եթե դարձել է քո մտքի, պահի մի մասը. գտիր քո գիրքը:
Ես առաջարկում իմ գտածներից մի քանիսը.
Գաբրիել Գարսիա Մարկես, «Նահապետի աշունը», Հարյուր տարվա մենություն»
Դաստաևսկի, «Կարամզով եղբայրներ», «Ոճիր և պատիժ»
Ռիչարդ Բախ, «Ջոնաթան Լիվինգստոն ճայը», «Պատրանքներ»
Հարուկի Մուրակամի, «Նորվեգական անտառ», «Կաֆկան լողափում»
Մահֆուզ Նագիբ, «Ուղին»
Միլան Կունդերա, « Կատակ», «Հրաժեշտի վալս», «Կեցության անտանելի թեթևությունը»
Կորտասար, «Խաղում ենք դասականներ»
Իսահակյան, պատմվածքներ, առակներ
Վիլյամ Սարոյան, պիեսներ, պատմվածքներ
Չարենց, պոեզիա
Մայակովսկի, պոեզիա
Գինզբերգ, պոեզիա
Ապոլիներ, պոեզիա
Բառն իր էներգետիկ դաշտը բերում է տեքստ, տեքստը փոխանցում մտքին, մտքից՝ բառին, բառից՝ հնչյունին, հնչյունից՝ ընթերցողին, ու դու ներքաշվում ես մոգական այդ խառնաշփոթ շղթայի մեջ: Հազարամյակների ընթացքում կուտակած հզոր էներգիան բառը նոր շնչով ու նոր կոնտեքստում է փոխանցում քեզ: Ամեն անհատ յուրովի է ընկալում գրական ստեղծագործությունը. ամեն մեկը մի նրբերանգ, մի ձայն լսում: Գեղարվեստական ստեղծագործության ընթերցանությունն ինձ հզոր է դարձնում, ազատության ու ճախրանքի այնպիսի զգացողություն պարգևում:
Առաջարկում եմ խոսել մեր՝ ամեն մեկն իր, գրքերի ու մտքերի, զգացողությունների ու իրականությունների մասին:
Իսկ դու ի՞նչ ես կարդում: