Սրիկայի վերջին հանգրվանը հայրենասիրությունն է:
Սամյուել Ջոնսոն

Վերջին փուլի գրեթե բոլոր հոդվածներում կամ իմ մասնակցությամբ հաղորդումներում այս կամ այն կերպ անդրադարձել եմ հայրենասիրությանն ու հայրենապաշտությանը և հարդյունս` դրանց նույնացմանը: Մինչ անհատներն ու ազգերը հասնում են մտահոգևոր կայացման նորանոր հանգրվանների, մեր հասարակության մեջ խորանում է մարգինալ շովինիզմի իրավիճակը: Սակայն չենք սպառնում իրերին և երևույթների նայել միայն այդ լույսի ներքո:

Բնավ չէի անդրադառնա ֆեյսբուքյան հայրենասիրության թեմային, եթե նրանում ներառված չլիներ սովորողների մի զգալի հատված` տարբեր սեռի և տեսակի մարդիկ, որ իրենք իրենց և շրջակա աշխարհի նկատմամբ հարաբերությունների մեջ կայանում են, ըմբռնումների, պատկերացումների և կարծրատիպերի ամբողջացման համար ամենակլան են: Իսկ տիեզերական հակադրությունը, որն առկա է բնության գոյերի մտավոր գոյացության մեջ, կարող է տանել այլ հարթություններ, որոնք կհակադրվեն առաջինին: Բայց այս երկուսի մեջ չկա բացարձակություն, հարկավ, դա սին պատրանք կարող է դիտարկվել, քանզի հասարակական սուբյեկտիվ ընկալումներում և դիտարկումներում չի կարող լինել մեկ ըմբռնում:

Աղբյուրը` «Հասարակագետ»

Մյուս կողմից, դիտարկումների առանցքում են հայտնվելու երկու հարևան երկրները` իրենց բնակչության էթնիկ կազմով: Այդու` թեման դառնում է առավել զգայական և խոցելի:

Համաբնակեցվող հասարակության մեջ, ավելի ու ավելի բաց են դառնում տեղեկատվության հոսքերը: Այս ամենին զուգահեռ, էլ ավելի արդիական են դառնում տարբեր աղբյուրներից հնչեցվող տեսակետներն առ ինքնություն: Իսկ ինքնության կատեգորիան, որպես հիմնական մատուցման բաղադրիչ, դիտարկվում է գոյակարգի արարիչ սկիզբ: Սակայն դա չի արվում Ինքնության բացարձակության բաղադրիչներ ներառելով: Տրամագծորեն հակառակը` հիմքում դրվում է Մենքի և Նրանքի հակադրության սկզբունքը, որն էականորեն բերում է իրերի և բուն գաղափարի ներքին բովանդակության խեղաթյուրմանը:

Գալով նախասկզբին` խոսենք այդ տեղեկատվության աղբյուրներից և ունեցած ազդեցություններից, գոնե գաղափարական ձևակերպման առաջին մակարդակում: Տեղեկատվություն մենք ստանում ենք եթերից, համացանցից, թերթերից: Եթերի պարագայում տոտալ վերահսկողություն է, ուստի` կարող ենք և չդիտարկել: Հայաստանյան իրականության մեջ թերթերը ևս տոտալ վերահսկողության տակ են, բայց արդեն մի քանի բևեռներից` իշխանություն, ընդդիմություն, երրորդ ուժ, ֆինանսավորող ծրագիր և  այլն (այստեղ նկատի ունենք նաև դրանց էլեկտրոնային տարբերակները): Այս խնդիրների առանցքից ելնելով է, որ որոշեցինք դիտարկման առարկան դարձնել որևէ ազատ արտահայտման հարթակ, իսկ այդպիսին, մեր օրերում ամենատարածվածը Ֆեյսբուքն է: Տարածականորեն այն ըմբռնում ենք որպես ազատ արտահայտման հարթակ, բայց արդյո՞ք այդպիսին է:

Նորից գանք ինքնության և սեփական ԵՍ-ի խնդրին: Ամենահասարակ ընկերային հարաբերություններում, երբ Անհատը չի կարողանում իր տեսակով առանձնանալ խմբի մեջ, փորձում է ցույց տալ իր անձի առավելությունը խմբի մյուս անդամի նկատմամբ: Դա դրսևորվում է տարբեր միջոցներով` սև փիար, շփումների հորիզոնական վեկտորի բյուրեղացում և այլն: Այստեղ մենք չենք դիտարկում հոգեբանական եզրաբանության մեջ հայտնի` Անձի շեշտվածությունը: Ընդսմին` հասարակությունը կազմավորված լինելով այդպիսի Անհատներից, պատմության որոշակի շրջափուլում բախվում է նույնաբարո խնդիրների հետ: Իսկ երբ հասարակությունը` այս դեպքում էթնիկ հանրությունը դադարում է տալ կամ ստեղծել դրսևորման արժեքներ, մտնում է վերոնշյալ հակադրությունների դաշտ, առավել ևս, եթե որպես այդպիսին ունի թիրախային հասարակություն:

Խնդիրն առավել տեղայնացնենք և դիտարկենք հայերիս օրինակով: Քննարկելով նորանկախ շրջանը (զի տողերիս հեղինակը պատասխանատու չէ խորհրդային փուլի համար), կարող ենք փաստել, որ գնում ենք դեպի հասարակական մարգինալացում և դառնում սպառող հասարակություն: Հանդես չենք գալիս նորարություններով, ինքնավստահ չենք Ինքնության դաշտում (այս բացը քիչ թե շատ լրացվում է պատմական կենսափորձով): Ելնելով սրանից` մեզ շատ հեշտ է ներքաշել հակադրությունների և հայհոյանքների դաշտ, որը կարծես և արվում է: Ու այսպես, այնպիսի հսկա տիրույթում, ինչպիսին ֆեյսբուքն է, օրվա գաղափարաբանության կրողներն ու պարտադրողները չեն կարող չունենալ ներկայացուցիչներ կամ կողքից հետևել որպես դիտորդ: Օգտատերերի մի զգալի հատված, այդ թվում` նաև սովորողները, բավականին հասուն են, որպեսզի կուլ չգնան լրատվամիջոցների կողմից հրամցված խայծին: Ավելին` վերջին  փուլում, այդ միջոցները կարծես իրենք էլ հասկանում են և առանձնապես ջանքեր չեն ծախսում այդ ուղղությամբ: Բայց դաշտն ինչ-որ կերպ փակել է պետք: Ու ահա այստեղ է, որ հանդես են գալիս այսպես ասած բլոգերները կամ հայտնի օգտատերերը:

Գանք հերթով: Ի՞նչ է պետք օրվա իշխողին: Հնազանդ հասարակություն, որը չհետաքրքրվի իր ներքին սոցիալական խնդիրներով, իրական հոգսերով, առօրյա կյանքով: Իսկ դա փակելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Արտաքին վտանգի պատրանք: Քաղաքակրթական հակադրությունների խնդիր, արտաքին թշնամու առկայություն, արժեքային պատերազմ, որն ամեն րոպե սպառնում է մեր սեփական ինքնությանը: Ու այս ամենը հիմնականում զարդարվում է «հայրենիք», «հայրենասիրություն», «մեր սահմանները», «վտանգավոր թշնամին», «քաջ հայորդիներ», «մեր տեսակը» և այլ տերմիններով: Ու ահա այս խավը շատ հաջող իրացնում է յուր առաքելությունը: Բայց այստեղ մի հետաքրքրական միտում կա: Այդ օգտատերերի մի զգալի մասը, իրենց կարգավիճակները, հղումները, հայրենասիրական կամ այլ կոչերը հնչեցնում են ռուսերեն կամ այդ մտածողության հայերենով: Ի՞նչ է սա: Թերևս անվանենք երկփեղկված հայրենասիրություն: Այստեղ բնավ խնդիր չենք դնում հակառուսականություն քննարկելու կամ ակնարկելու: Քավ լիցի: Արձանագրում ենք հստակ փաստերը:

Այսպես, երբ քաղաքացին հանդես է գալիս որոշակի նախաձեռնությամբ, իր խնդիրներին լուծում տալու համար` իրավական, քաղաքացիական, սոցիալական և այլն, ու օրինակ է բերվում արևմտյան այս կամ այն զարգացած մոդելը, ապա շատ արագ ենթարկվում է հարձակումների: Պիտակավորման են ենթարկվում Արևմուտքը` մի կողմից, Հյուսիսային բևեռը` մյուս կողմից, ու այսպես շարունակ: Ու մարդը կուլ է տալիս խայծը, թողնելով իր իրական խնդիրը ու մտնելով ոչինչ չտվող դաշտ: Նպատակն իրագործված է: Թիրախը ոչնչացված է:

Այս նույն պարագայում, երբ հասարակության մեջ տեղի է ունենում մի զազրելի իրողություն: Ենթադրենք, երրորդ էշելոնի ինչ-որ պաշտոնյայի հոռի զավակը, մեքենայով վրաերթի է ենթարկում ու սպանում մի քանի մարդու: Այդ նույն օգտատերերը, սկսում են մոտավորապես հետևյալ մտքով. «Չգիտեմ ինչ ասեմՄարմնովս սարսուռ է անցնումՑավակցում եմ զոհվածների բոլոր հարազատներին»:
Այստեղ կանգ առանք: Մի զգալի մաս հավատաց, որ նրանք սրտացավ են: Ու շարունակությունը վերածվում է ցինիզմի, երևույթի շուրջ տարբեր տեսակ կատակներ անելու, հասարակության տրամադրությունները ցրելու: Ու ստացվում է:

Մյուս տարածված տարբերակն արդեն ուղղակի թշնամի ստեղծելն է և այդ պատրանքի միջոցով հայրենասիրություն եզրույթը իմաստախեղելը: Չգիտես ինչու կամ գիտես ինչու, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի են ունենում կարևոր իրադարձություններ կամ սրացումներ, սահմանին կրակոցները շատանում են: Ու ամենաողբերգականն այստեղ է: Միմյանց են խառնվում իրականի և վիրտուալի սահմանները: Մարդիկ են զոհվում: Ու շեղումն իրական խնդիրներից ակնհայտ է: Օգտատերերի մի զգալի մաս փոխում է իր նկարը SAVE KESSAB կամ այլ կոչերով: Այստեղ տեղի է ունենում կուլմինացիայի լուծումը: Իրական հայրենիքը, իրական քաղաքացին և նրա խնդիրները տեղափոխվում են Երրորդի կողմից պարտադրված կոնֆլիկտի գիծ: Թեժ գիծ: Այստեղ արյուն է: Իրական զոհեր և ցանկացած հակադրություն դիտարկվում է որպես դավաճանություն: Հավատացեք, ամենահամարձակներն անգամ չեն ուզենա այդ պիտակը կրել:

Բայց չէ՞ որ, ըստ հունական իմաստուն առաջնորդի, հայրենիքը նախ և առաջ քաղաքացին է: Բայց չէ՞ որ Կուտուզովը տվեց Մոսկվան` քաղաքացուն փրկելու համար:
Իրական հայրենասիրությունը ամենօրյա աշխատանքն է: Իրական հայրենասիրությունը անկաշառ աշխատանքն է: Իրական հայրենասիրությունը` մարդու և միջավայրի հարաբերման նորմն է` սեր իր տեսակի նկատմամբ:

Քաղաքակրթական համակեցությունը չի կայացել պատերազմի պատրանքով: Դա ոչնչացնող է: Քաղաքակրթական համակեցության մեջ տեղ չունի այլատյացությունը: Քաղաքակրթական համակեցությունը կայանում է արժեքային և մշակութային փոխառնչակցության մեջ: Թերևս միայն հասարակական արժեքների վերաձևակերպումը կարող է լինել աքսիոմատիկ:

Իսկ այսօր, այդ տիրույթում (ֆեյսբուքյան) ամեն ինչ արվում է իրական քաղաքացիությունից և հայրենասիրությունից շեղելու համար: Հայհոյեցիր արևմտյան հարևանիդ` լավ հայրենասեր էս: Մայր հայհոյեցի արևելյանին` հայրենապաշտ էս: Անձնանկարդ դրեցիր Մոնթեի, Թաթուլի կամ մեր ազնիվ հերոսներից մեկ ուրիշի դիմանկարը` պատրաստ ես զոհվելու հանուն հայրենիքի: Կեցցես: Ու ստացվում է, որ հասարակության մի զգալի զանգված, այդ թվում` սովորողները, թողած իրական խնդիրները, թողած իրական պարտականություններն այդ նույն հայրենիքի նկատմամբ, զբաղված են մեկ բանով` հասնենք Բաքու: Եվ վերջ: Խնդիրը լուծված է: Մենք կայացած ենք: Հիշեք Լորենս Արաբացուն: Նա լավ է նկարագրել մեզ:

Տեքստում օգտագործվել են.

1.     Ինքնության հարցեր, Տարեգիրք, խմբ., Ալ., Ստեփանյան, Եր., 2002թ.:

2.     Boswell J., Life of Johnson, The Pennsylvania State University, 2008.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով