Իմ անծանոթ բարեկամ Ֆերնան Բրոդելին

Սիրելի՛ Ֆերնան, թույլ տուր հետայսու քեզ դիմել անունով:

Ցավոք, ինձ չես դասավանդել: Դու մահացար այն նույն տարում, որ ծնվեցի ես: Սակայն, ժամանակագրական այդ բացը, որը բնութագրում ես պատմության ուսումնասիրության մակարդակներից երկրորդում, չի խանգարում, որպեսզի քեզ համարեմ իմ մեծագույն Ուսուցիչներից մեկը:

Քեզ հետ իմ առաջին շփումն եղավ 2008-ին, երբ աշխատում էի իմ «Արևմտյան և իսլամական քաղաքակրթությունների բնույթն արդի փուլում» մագիստրոսական թեզի վրա: Սակայն, ինքդ գիտես, որ նման դեպքերում շատ հեղինակների կարդում են՝ պարզապես դրվագային արտագրելու համար, և շփումը չի ստացվում: Այդ ծանոթացումն ամփոփվում է աներևույթ հարաբերության համածիրում՝ պարզապես էջ լրացնելու սկզբունքով: Ի դեպ, Լևի-Ստրոսի հետ նույնպես այդ ժամանակ եմ ծանոթացել:

Համընդգրկուն պատմության հասկացությունը ձևակերպելու համար դու զգացիր պատմական նոր հղանցքի* ձևակերպման անհրաժեշտությունը: Դժվար է ամբողջությամբ ուսումնասիրել ու ընկալել քո ժառանգությունը: Դրանք տարիների կամ քո սիրելի մակարդակներից՝ երկրորդի՝ տասնամյակների աշխատանք է:

Քո մահվանից հետո՝ 1987-ին, լույս տեսավ «Քաղաքակրթությունների քերականություն» աշխատությունդ: Հիշու՞մ ես, ժամանակին Ժորժ Պոմպիդուն դա անտեսել էր: Հենց այդ աշխատության հետ ծանոթությունը ստիպեց, որպեսզի քեզ գրեմ այս նամակը:

Մեր ժամանակի Հայաստանում էլ ենք պատմություն ուսումնասիրում: Դրա ուսումնասիրությունը, սակայն, լծորդում ենք թվերի ու փաստերի բազմությանը՝ միայն անվանական, որոնք կարդալուց հետո մոռանում ես․ ինչպես դու ես ձևակերպում․ «Հաստափոր վեպ ընթերցելուց հետո մոռանում ես հերոսներից շատերին»: Մեզանում ընդունված է ասել, որ պատմության ուսումնասիրության հիմքում ընկած է քաղաքակրթական տեսությունը: Սակայն, ասողները քեզ չեն ընթերցել: Նրանք կարծում են, որ եթե պատմության դասագրքի առաջին էջում տալիս են «քաղաքակրություն» հղանցքի մեկնություններից մեկը, իսկ հետո տաղտուկ շարադրանքով ծանրաբեռնում ամեն ինչ, ապա առաջնային միտքը ծառայում է նպատակին:

Դու նշում ես քաղաքակրթական դասընթացի կոնցեպցիայի երեք հիմնական հայեցակետ՝ հիմքերը, զարգացման հիմնական գործոնները, ժամանակակից քաղաքակրթություններին բնորոշ հիմնական գծերը: Իսկ մեզանում դա չկա: Մենք չենք դիտարկում մարդկության պատմությունը քաղաքակրթական ամբողջության հայեցակարգում, որը զրկված է իրեն այդքան զարդարող պատահականություններից: Չենք դիտարկում այդ ամենն ամբողջական հայեցակարգային հարաբերակցության և միջառարկայական դիսցիպլինի մեջ:

Գրեթե միշտ ծավալվել է բանավեճ այն մասին, որ սովորողները չափազանց վատ են յուրացնում «Պատմություն» առարկան: Ինձ միշտ հետաքրքրել է, բայց խուսափել եմ բարձրաձայնելուց, իսկ դու տալիս ես այդ շատ քննարկվող հարցը՝ իսկ եղե՞լ են ժամանակներ, երբ լավ են յուրացրել: Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Դժվար թե: Կարծում եմ, հենց այդ համատեքստում ես անում այդ հարցադրումը: Ամբողջության մեջ պատմության էությունը նույնն է: Երևույթների արտաքին շղարշն է փոխվում,  ուստի այն անցյալական չի դառնում:

Լիովին համաձայն եմ այս պնդմանդ հետ. «Փոքր տարիքային խմբերի լսարանը (11-13 տարեկան) փայլուն վայր է, որպեսզի պատմությունը ներկայանա ինչ-որ հետաքրքիր ֆիլմերի սցենարով: Անցյալը, մեծ հաշվով, դրա վերաբերյալ գիտելիքները, պետք է օգնեն հեռու մնալու շփոթություններից: Մենք փորձում ենք»: Ինչ-որ չափով ստացվում է, սակայն քո պրպտուն միտքը և պատկերացրած հայեցակարգը մեզ ավելի կօգնեին: Ցավոք, դրանք այսօր չունենք:

18 տարեկանի սահմանին հասած անհատը, որ սովորել է պատմություն, պետք է թերթը կամ կայքը բացելիս հասկանա, թե ինչի մասին է կարդում: Այս հարցում սերնդային բախում կա: Ասել, թե մեր օրերում չեն կարդում, կլինի մեծագույն սխալ: Հարցն այն է, թե ի՛նչ են կարդում: Այս խնդրում ևս օգնում ես ինձ, երբ ձևակերպում ես հերթական միտքդ. «Մաթեմատիկան, պատմությունը կամ քերականությունը մեղավոր չեն, որ չեն հասկացվում: Մեղավոր են ծրագիր կազմողները, որ ամեն ինչ ցանկանում են միանգամից անել»: Այս վերջին մտքիդ մասին շատ եմ մտածել, խոսել: Ծրագրերը հաշվի չեն առնում սովորողների պահանջմունքները, տարիքային համապատասխանությունը, ընկերային համակարգի զարգացման աստիճանը: Մենք չպետք է վախենանք բարդ բաների մասին պարզ խոսելուց: Չնայած, 21-րդ դարի Հայաստանում ընկել ենք երկրորդ ծայրահեղության մեջ՝ պարզունակացրել ենք մեր կրթությունը: Իսկ դու, ի հակադրություն սրան,  պնդում ես, որ բարձր դասարանների պատմության ծրագիրը առաջ է քաշում բարդ խնդիրներ: Այն պարտավոր է բացատրել աշխարհի այն տեսքը, որն ունի երկիր մոլորակն այսօր: Մենք բոլորս ունենք հատկություն՝ մեր սեփական կարճաժամկետ դիտարկումներով պատկերացնելու պատմությունը: Աշխարհը տեսնում ենք այնպիսին, ինչպես տեսնում ենք արագ փոխվող կադրերը ֆիլմում:

Սակայն, թողած այս լուրջ աշխատանքը, որը դու նկարագրել ու ավանդել ես, ինչո՞վ ենք զբաղված մենք: Յուրաքանչյուր ժամանակաշրջանում հասարակական զանգվածները մշակում են որոշակի գերիշխող պատկերացումներ շրջապատող աշխարհի մասին: Նրանց առաջնորդում է գերակա խմբային մտածողությունը: Դա մտածողություն է, որը կողմնորոշում է հարաբերությունները, ընտրությունը, խորացնում է նախապաշարմունքները և ազդում է հասարակական գործընթացների վրա: Ինչպես պնդում ես դու՝ այն համարվում է նախորդող սերունդների ժառանգությունը՝ հավատը, վախերը, չգիտակցված անհանգստությունները: Դա արդյունքն է այն հսկայական աղտոտման, որի սերմերը նետվել են անցյալում և փոխանցվել են սերնդեսերունդ: Այժմ իմ պայքարն այդ սերմերի դեմ չէ: Իմ պայքարն աղտոտումը վերացնելու համար է, և որ աղտոտող նոր սերմեր չնետվեն:

Ինքդ ես ասում՝ քաղաքակրթությունը վերջին հաշվով մարդն է:

Հուսամ, դեռ կշարունակես ինձ օգնել և ուղղորդել:

Քո  մտքերից  մտաշփոթ՝  Վահրամ Թոքմաջյան

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

* հղանցք — կոնցեպտ (նորաբանություն)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով