Շարունակելով երիտասարդական ենթամշակույթների թեման, այս անգամ կանդրադառնամ հիփսթերներին: Նախորդ երկուսն այս շարքից նվիրված էին էմոներին[1] և գոթերին[2]: Անկախացումից ցայսօր, Հայաստանում մշակութային վակումը` իր լայն դրսևորումներով շարունակվում է: Արժեքներ, անշուշտ, ստեղծվում են: Բայց դրանք ավելի շուտ մասսայական մշակույթի տարրեր են: Այլ կերպ ասած` ֆասթֆուդ: Ինչ արագությամբ դրանք ստեղծվում են, նույն արագությամբ էլ սպառվում են կամ տեղը զիջում նորին:

Իննսունականների սկզբին, երբ մեզանում ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել, առաջացած փոսը ինչ-որ բանով լրացնել էր պետք: Եթերային հարթության պարագայում այն հեշտ էր` մարտաֆիլմեր, հնդկական ֆիլմեր, սերիալներ և այլն: Երգարվեստի պարագայում, երբ կար հաղորդակցական ճգնաժամ, բավարարվեցինք խորհրդային երգացանկով, եվրոպական ռետրո ոճով և այդ պահին առաջացած ակումբային երգիչ-երգչուհիներով: Այս առումով, կարծես թե հասարակությունը շատ չնեղվեց: Բայց երբ այս նույն համատեքստում քննարկում ենք երիտասարդական կամ պատանեկան միջավայրի հակումները և նախասիրությունները բավարարելու առումով առաջացած բացը, ապա խնդիրն առավել քան ակնառու է:

Ի”նչ ունեինք իննսունականներին, հատկապես երկրորդ կեսին: Դեռահասները և երիտասարդներն իրենց առօրյան հագեցնելու համար ընտրության մեծ ցանկ չունեին: Կային ինչ-որ ժամանցի կենտրոններ, որտեղ լայն զանգվածներ չէին հայտնվում ինչ-ինչ արժեքներ մերժելու պատճառով: Մնում էր գիրք կարդալ, վատ սովորություններ ձեռք բերել կամ այցելել համակարգչային սրահներ (չխառնել ներկայիս ինտերնետ-ակումբների հետ): Իհարկե, այս ֆոնին ինչ-ինչ երիտասարդական շարժումների, ենթամշակույթների կամ այլ երիտասարդական ուղղությունների մասին խոսելը կլինի տարրական միամտություն: Եկան 2000-ականների սկզբները և հաղորդակցվելու ազատություններն իրենց հետ բերեցին նաև նոր ալիքներ, հատկապես արևմուտքից և Ռուսաստանից: Քանի որ դրանցից երկուսին արդեն անդրադարձել եմ, ուստի այս անգամ կանցնեմ երրորդին` հիփսթերներին: Առաջին երկուսը զիջել են իրենց դիրքերը` որպես ենթամշակույթներ, հայկական իրականության մեջ այս փուլում ավելի արդիական են մետալիստները և հիփսթերները: Խնդիրն այստեղ անձի` տվյալ դեպքում դեռահասի կամ 16-25 տարեկան սահմանային փուլում ընկած երիտասարդի ընկալումների դաշտը չէ: Խնդիրը նաև այն չէ, թե նա արդյո՞ք զուտ ընկալումների առումով իրեն տեսնում է այդ ենթամշակույթի մեջ: Մեծ ի մասամբ, էական է «պրեստիժային» մոտեցման սկզբունքը: Իմ դիտարկումները դաշտում ցույց տվեցին, որ գոթիկ ենթամշակույթի որոշ կրողներ այսօր համալրել են հիփսթերների շարքերը, հատկապես նրանք, ովքեր սիրում են տարբերվել և շեշտել անհատականությունը: Այս մասին ավելի ուշ:

Նախ անդրադառնամ այն խնդրին, թե ինչու եմ հաճախ գրում ենթամշակույթների մասին: Դեռահասների և երիտասարդների շրջապատում աշխատանքը դրական առումով պարտադրում է իր սկզբունքները և մոտեցումները: Իսկ 12-13 տարեկան շրջափուլից նրանց մոտ սկսվում է հետաքրքրությունների լայն ասպեկտ, որը խստորեն առնչվում է հասարակական-մշակութային հոլովույթների հետ: Իսկ լայն առումով, ենթամշակույթները, հակամշակույթները, տարբեր փակ և բաց խմբեր ամբողջացնում են մեր հասարակությունը և դրանում տեղի ունեցող գործընթացները:

Այժմ անդրադառնանք այն հարցին, թե ինչ է նշանակում հիփսթեր, որտեղից է ծագում, զարգացման ինչ փուլեր է անցել և ինչպես այն այսօր ներկայանում: Վիքիպեդիայում հանդիպում ենք հետևյալ բացատրություններին[3]:

Հիփսթերներ, համաշխարհային տարածում ունեցող ժամանակակից ենթամշակույթներից մեկը։ Հիփսթերներն առանձնանում են ալտերնատիվ նորաձևությանը հետևելով, ինդի և ալտերնատիվ երաժշտություն լսելով, վինտաժային և ռետրո ատրիբուտներով, ալտերնատիվ կենսակերպով։ Հիփսթերները բնութագրվում են որպես սոցիալական միջին խավի ներկայացուցիչներ, ովքեր վարում են բոհեմականին մոտ կենսակերպ և պրոպագանդում են ազատականություն և պրոգրեսսիվիզմ։ Huffington Post-ի մի հոդված, որն անդրադառնում է հիփսթերեների հարցին, նշում է, որ հիփսթերը ավելի շուտ ոչ թե գաղափարական կամ ոճային առանձնահատկություն ունեցող մարդ է, այլ որոշակի նեղ խմբի ներկայացուցիչ։ Ռոբ Հորնինգը իր «Հիփսթերի մահը» հոդվածում նշում է, որ հիփսթերը պոստմոդերնիզմի մարմնավորումն է՝ որպես սպառված ուժի և հեգնանքի՝ էսթետիկա դառնալու փորձի։ Հիփսթերները իրենց հիփսթեր չեն անվանում, և հիփսթեր բառը արհեստականորեն կիրառվում է հիփսթերներին մատնանշելու համար։ Սա որոշ մարդկանց մոտ կասկած է առաջացնում․ արդյո՞ք հիփսթերները գոյություն ունեն ընդհանրապես՝ որպես հավաքական երևույթ և արդյո՞ք նրանց գոյությունն ուղղակի մարքեթինգային առասպել չէ։

Հիփսթեր բառն առաջ է եկել անգլերեն to be hip սլենգային արտահայտությունից, որը նշանակում է «թեմայի մեջ լինել», իսկ բուն hip սլենգային եզրը նշանակում է նորաձևության մեջ գտնվող և որոշ իմաստով համապատասխանում է հայերեն խոսակցական «թույն»-ին։ Այս բառը իր իմաստով հակադրվում է square-ին և կրում է առավելապես դրական երանգ։ Հիփսթեր բառը առաջին անգամ կիրառվել է 1940-ականներին, սակայն իր ժամանակակից իմաստն ու հստակ մշակութային խավ ցույց տալու հատկանիշը ձեռք է բերել ուշ 1990-ականներին։ Հիփսթեր եզրը նորաձև և շահարկվող է դարձել 2010-ական թվականներից։

Չնայած բոլոր այն հրապարակումներում և ուսումնասիրություններում, որոնք քննարկում են հիփսթերներին, հեղինակները կարծիք են հայտնում այն մասին, որ հիփսթերները միգուցե ենթամշակույթ չեն և սխալ է նրանց այդտեղ դասակարգել, այնուամենայնիվ, ես հակված եմ նրանց համարելու ենթամշակույթ, քանի որ. «Ենթամշակույթը հասարակության մշակույթի մի մասն է, որն առանձնանում է հասարակությունում գերիշխող մշակութային ընկալումներից, իրեն համապատասխան սոցիալական խմբի կառուցվածքով, սեփական արժեքային համակարգով, լեզվով, վարքով, հագուստով և այլ արժեքներով»: Իհարկե, այս սահմանման որոշ դրվագներ կարող են չհամապատասխանել հիփսթերների բնութագրին, բայց ամեն դեպքում, էական առանցքներում, սահմանումը տիպական է հիփսթերների համար: Անցնենք առաջ և անդրադառնանք այն պնդմանը, թե հիփսթեր անվանումը կարող է և ունի զուտ հավաքական և մարկետինգային նշանակություն: Այստեղ մի փոքրիկ դիտարկում: Հիփսթերները հեգնանքով են վերաբերվում իրենք իրենց կամ այն անձանց, ովքեր ցանկանում են ծաղրել հիփսթեր գաղափարը: Հայկական միջավայրում, հիփսթերներին լայն առումով կարելի է բաժանել երկու մասի` մարդիկ, որոնց ոճային, գաղափարական կամ ընկալումների լուծումները համապատասխանում են հիփսթերային ենթամշակույթին, և մարդիկ, ովքեր իրենց պարզապես հիփսթեր են անվանում: Զրուցակիցներիցս մեկը` Լիան(24 տ.), այս առումով կատարեց դիտարկում, որ ինքը նախընտրել է այդ ոճային լուծումները կամ ընկալումները դեռ այն ժամանակ, երբ չի իմացել թե ինչ է ասել հիփսթեր: Հիմա, գիտի, ինչ է նշանակում հիփսթեր, և իրեն համարում է այդպիսի, ու որևէ խնդիր չի տեսնում, քանի որ հիփսթերները չեն հակադրվում հասարակությանը, այլ այդ հասարակության մի մասն են:[4]

Սովորաբար, այս կամ այն ենթամշակույթն առանձնանում է հասարակական տարբեր շերտերից իր գաղափարական ընկալումներով, ոճային առանձնահատկություններով, այս կամ այն արժեքներին հակադրվելով: Օրինակ հիփիներն ուզում էին ազատություն և սեր, մետալիստները և փանքերը սիրում են ծանր երաժշտություն, անիմացիոնիկները` սիրում են ճապոնական մուլտֆիլմեր, իսկ հիփսթերներին միավորում է արտաքին տեսքը` հագուստը և աքսեսուարները: Եվ կարդալը… Սա այս ենթամշակույթի հետաքրքիր առանձնահատկություններից է:

Ի տարբերություն բոլոր նախորդ ենթամշակույթների, հիփսթերները ոչնչի դեմ չեն պայքարում, ոչ մեկի հետ չեն կռվում և չեն էլ փորձում հակադրվել հասարակական ընկալումներին: Ընդհակառակը` նրանք օգտվում են բոլոր հասարակական բարիքներից: Նրանք աչքի են ընկնում միայն ոճային առանձնահատկությամբ: Շատ հետազոտողներ գտնում են, որ հիփսթերների մեծամասնությունը արվեստի կամ մշակույթի տարբեր ճյուղերին մոտ կանգնած երիտասարդներ և դեռահասներ են, որոնց մեծ մասն ուզում է դառնալ գրող, լրագրող, լուսանկարիչ, նկարիչ, դիզայներ, դիդջեյ և այլն, բայց նրանց 80 տոկոսի մոտ չի ստացվում և վերջում աշխատում են սպասարկման ոլորտում (իմա` տես գեղարվեստի ավագ դպրոցի շրջանավարտների օրինակով): Իսկ ամերիկացի Հադդոուն առավել հեռու է գնում, նրանց անվանելով նարցիսիզմով տառապող դատարկաբաններ, որոնք սիրում են խոսել ինչ-որ թեմաներից:[5]

Նկարագրելով հիփսթերի արտաքին տեսքը և աքսեսուարները ներկայացնենք հետևյալ բաղադրիչները.

Կիպ ջինսե տաբատ, որ քաշում են կոնքերից բավականին վերև (հայկական իրականության մեջ կան մարդիկ, որ իրենց համարում են հիփսթեր, բայց հագնում են ավելի թույլ ու ոճային այլ լուծումներով ջինս, այլ ենթամշակույթների կողմից սխալմամբ ստանում են «ջակսեր» անվանումը: Մյուս կողմից` կիպ և նեղ ջինսը և արտաքին որոշ լուծումներ դժվարացնում են հիփսթերներին և քյառթուներին սահմանազատելը):

Վերնազգեստ` ինչ որ հետաքրքիր, երբեմն հեգնական գրությամբ:

Կեդեր, որ անպայման պետք է լինեն «Կոնվերս» ֆիրմայի և բրենդային: Հիփսթերների շրջանում սրանք համարվում են ամենաոճայինը:

Ակնոց` հաստ ու պլաստիկ շրջանակով: Շատ դեպքերում ակնոց կրողները չունեն դրա կարիքը, բայց համադրում են ոճային լուծման հետ:

Ֆոտոխցիկ կամ փոխարինող միջոց, հնարավորությունները ներելու դեպքում` բավականին թանկարժեք, հիմնականում դրված մի քանի կադրային ռեժիմի վրա:

Նոթատետր, տետր նշումների համար կամ հնարավորության դեպքում` փոխարինող թվային տեխնիկա: Նաև պետք է չէ զարմանալ, եթե հիփսթերը հանդես գա ռետրո ոճի հագուստով կամ առաջին հայացքից ոչ համադրելի հագուստով: Դա միգուցե մեզ համար է ոչ ընկալելի. ավելի ցածր տարիքային խմբերի համար ավելի ու ավելի ոճային են համարվում այդ մոտեցումները:

Հիփսթերների ոճի կամ արտաքին տեսքի համար խթան են նաև բազմաթիվ աստղերի ոչ ստանդարտ ոճային լուծումները, որոնք նրանք կիրառում եմ բեմական մուտքերի կամ պարզապես ինչ-որ երեկույթների մասնակցելու համար:

Եթե ընդհանրացնենք ասվածը, ապա պետք է փաստենք, որ հագուստի մեջ հիփսթերները կիրառում եմ մոռացված հինը` համադրելով թանկարժեք նորի հետ:

Երաժշտական առումով չունեն նախասիրությունների կոնկրետ շրջանակ: Հիփսթերները կարող են լսել ինչպես հիփ-հոփ , էլեկտրոնիկա, այնպես էլ ֆրիկ-ֆոլկ:

Եթե արևմուտքում այս ենթամշակույթի շարքերը համալրում են հիմնականում բարձր խավի երեխաները, ապա Հայաստանում հիմնականում ներառված են միջին և անվանենք ապահոված խավի երեխաները և երիտասարդները: Հիմնական ժամանցային վայրերը տարաբնույթ փաբերն են, որտեղ կազմակերպվում են ամենատարբեր ակումբային համերգներ կամ կարելի է պարզապես խոսել ամենադատարկ թեմաների շուրջ: Հիփսթերների մի զգալի մասը, պատկանելիության գագաթնակետին չի մտածում աշխատելու մասին:

Լուսանկարը` Վահրամ Թոքմաջյանի ՖԲ էջից


[1] Երիտասարդական ենթամշակույթները Երևանում (էմոների օրինակով), Դպիր, Եր., 2010:

[2] Սևից միստիկ, Դպիր, Եր., 2012:

[3] . Վիքիպեդիա առցանց հանրագիտարան, համապատասխան բաժին:

[4] Թոքմաջյան Վ., ԴԱՆ, Եր.,2014-2015:

[5] Haddow D. Hipster, The Dead End of Western Civilization, Adbusters Issue #79.

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով