Մարիոնետների ֆաբրիկա։ Դպրոցական ուսուցչի խոստովանությունը
4
Մոտ մեկ դար առաջ ֆրանսիացի մի սոցիոլոգ գրել է, որ ցանկացած հասարակական ինստիտուտի չհայտարարված նպատակը սեփական գոյատևումն ու աճն է, այլ ոչ թե պաշտոնապես հրապարակված խնդիրների կատարումը: Օրինակ, պետական փոստային ծառայության հիմնական նպատակը ոչ թե փոստը տեղ հասցնելն է, այլ իր ծառայողների համար աշխատավարձ ստանալու և առավել պատվախնդիրներների համար ծառայողական առաջխաղացման պայմաններ ապահովելը: Զինվորական կազմակերպության հիմնական նպատակը ոչ թե ազգային անվտանգություն ապահովելն է, այլ իր անձնակազմի կարիքները ապահովելու համար ազգային հարստության բաշխմանը մասնակցելը:
Եթե կարծում եք, որ այս ամենը դպրոցական կրթությանը չի վերաբերում, հիշեք Նյու-Յորքի պետական դպրոցական համակարգը, որտեղ ես դասավանդում եմ, և որն աշխարհի խոշորագույն գործնական կառույցներից մեկն է: Եվ չնայած այս վերացական ծնողի տրամադրած կրթությունը ոչ մի քննադատության չի դիմանում, իր շատ կասկածելի ծառայություններն ընդունելը հաճախորդներին պարտադրելու` այդ կառույցի իրավունքը նախկինի նման պետության կողմից է երաշխավորվում: Եվ հիմա ուժեր են կուտակվում, որ այդ ինստիտուտի ազդեցությունն ավելի հեռու տարածվի, թեև նրա գոյության ամբողջ ընթացքում ձախողումների բազմաթիվ վկայություններ են արձանագրվել:
Ի՞նչն է ծայրամասային փոքր քաղաքի կամ մայրաքաղաքից հեռու մի այլ վայրի մթնոլորտին մեծ քաղաքի մթնոլորտից հիմնավորապես տարբեր լինելու զգացողություն հաղորդում: Դա ուղղակի քաղաքայինից արմատապես տարբեր բնապատկերը չէ, այլ պետության ազդեցությունից անձնական կյանքի ավելի մեծ ազատությունը: Այդպիսի վայրերին Մեծ Հայրն այնքան ակնդետ չի հետևում: Նրա ազդեցությունն ամենաշատը զգացվում է դպրոցներում, որոնք այդտեղ էլ երեխաներին գնահատելով և «լավ» ու « վատ» դասարաններում բաժանելով խստություն, նախանձ, մրցակցություն և խմբավորվածություն են արտադրում: Բայց այդտեղ հակաթույնն էլ կա՝ ընտանեկան և համայնքային կյանքի տեսքով:
Այս բիզնեսը, որը «կրթություն» է կոչվում, չնայած էությամբ վարժեցում է, ինստիտուցիոնալ և ավանդական հասարակական շահերի հակասության տիպական օրինակ է: Հարյուր հիսուն տարի շարունակ պետական կրթությունն իր հիմնական նպատակը հայտարարել է երեխաների պատրաստումը տնտեսական հաջողության: Պաշտոնական դպրոցի ըմբռնմամբ լավ կրթությունը հետագայում լավ ապրելու, շատ փող, լավ (թանկարժեք) առարկաներ ունենալու երաշխիք է: Սա դարձել է միասնական ազգային դրոշ, որ բարձրացրել են ոչ միայն Հարվարդները, այլև միջնակարգ դպրոցները: Քանի դեռ այս տրամաբանական շղթայի ճշմարտացիությունը կամ փիլիսոփայական էությունը ոչ մեկի կողմից չի վիճարկվել, այդպիսի լոզունգը հեշտացնում է ինչպես աշակերտներին, այնպես էլ նրանց ծնողներին ղեկավարելն ու վախեցնելը։ Հետաքրքիր է նշել, որ Ամերիկյան ուսուցիչների միությունն իր խնդիրներից մեկն է համարում գործարար աշխարհին համոզելը, որ մարդկանց աշխատանքի ընդունեն և ծառայողական սանդղակով առաջ տանեն նաև դպրոցական գնահատականների հիման վրա։ Այդ դեպքում չի խախտվի «դպրոցական գնահատական=փող» բանաձևը: Մինչև հիմա գործարարներն աշխատանքի ընդունելիս առաջնորդվել են առողջ դատողությամբ, որպես հիմնական չափանիշ ըտրելով ոչ թե գնահատականները, այլ հավակնորդի աշխատանքային որակներն ու իրենց սեփական կարծիքը: Անհայտ է, թե դեռ ինչքան կարող են դիմակայել կրթության պետական համակարգի ճնշմանը:
Կրթությանն ապրանքային որակներ վերագրելու անհեթեթությունն ակնհայտ է դառնում, երբ հարց ենք տալիս, թե կրթությունը որպես մեր մոլորակի հողին, ջրին և օդին սպառնացող սպառողական փիլիսոփայության հետագա ծավալում դիտարկելու փորձն ինչ է տալիս: Պե՞տք է շարունակել մարդկանց համոզել, որ երջանկությունը կարող են գնել, երբ իրականությունը հակառակն է վկայում: Պե՞տք է աչք փակել, որ թմրամոլությունը, ալկոհոլիզմը, պատանեկան ինքնասպանությունը, ամուսնալուծություններն ու հուսահատության այլ դրսևորումներ ավելի շատ հարուստներին են վնասում, քան աղքատներին:
Այս հարցի ճիշտ ընկալումից, որից այդքան երկար խուսափում էինք, կախված է մեզ սպանող հիվանդության գիտակցումը և բուժման մեթոդների փնտրտուքը: Ի վերջո, ի՞նչը պետք է լինի համընդհանուր դպրոցական կրթության նպատակը: «Գրել, կարդալ և թվաբանություն» պատասխանն անընդունելի է, քանի որ ճիշտ մոտեցման դեպքում դա հարյուր ժամից էլ քիչ կխլի, և ունենք բազմաթիվ վկայություններ, որ դրան յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն հասնել անհրաժեշտ տեղում և անհրաժեշտ ժամանակին:
Ինչո՞ւ ենք երեխաներին հարկադրաբար տասներկու տարով փակում պետության կողմից առանձնացված հատուկ վայրում: Ամենայն հավանականությամբ ոչ նրա համար, որ նրանցից ոմանք կարողանան հարստանալ: Նույնիսկ եթե դա համապատասխաներ իրականությանը, ինչին խիստ կասկածում եմ, ցանկացած առողջ հասարակություն այդպիսի կրթությունը բացասական կհամարեր: Այն բաժանում և դասակարգում է մարդկանց՝ ստիպելով նրանց մրցակցել և պարտվողներին պաշտոնապես խարանելով վատ թվանշաններով, այդպիսով նրանց նույնացնելով ցածրորակ նյութի հետ: Իհարկե, հաղթողների վերջնական նպատակը լինում է շատ ապրանք գնելու հնարավորությունը: Չեմ կարծում, թե որևէ մեկը կբավարարվեր այս հիմար եզրակացությամբ։ Ինձ չի լքում այն զգացողությունը, եթե մեզ հաջողվի հասկանալ, թե երեխաներին դպրոցում փակելով՝ ինչի ենք ձգտում, հանկարծ կհասկանանք, թե որ փուլում ենք շեղվել: Ես այդքան հավատում եմ ամերիկացիների երևակայությանն ու հնարամտությանը, որ համարեմ, որ դա հասկանալով՝ անմիջապես կկարողանանք լավագույն ուղին առաջարկել, որ արժանի գաղափարների մի մեծ խանութ կունենանք:
Մի բան հաստատ գիտեմ. նրանց մեծ մասը, որ գիտե՝ ինչ է սիրող ընտանիքը, ցանկանում է, որ իրենց երեխաներն էլ դա իմանան: Գիտեմ նաև, որ ինչ-որ փուլում բոլորը պետք է զգան իրենց պատկանելիությունը որևէ տեղի՝ բլուրների, փողոցների, գետերի ու լճերի, մարդկանց, հակառակ դեպքում ձեր խղճուկ կյանքը կապրեք որպես վտարանդի: Կրթությունը ըստ էության անձնական իմաստը փնտրելն է և անձնական խնդիրները ձևակերպելը: Գլուխս չի մտնում, թե ոնց կարելի է դրան հասնել երեխաներին իրական կյանքից կտրված պահելով:
5
Համայնքի և ինստիտուտի միջև կարևոր տարբերությունը համայնքի բնական սահմաններ ունենալն է, որ կա՛մ դադարեցնում են աճը, կա՛մ իրենք մահանում: Դրա պատճառն այն է, որ համայնքներում կամ ընտանիքներում յուրաքանչյուր մարդ, որ ազդում է համայնքի մնացած անդամների գիտակցության վրա, յուրօրինակ է: Մշտական ուշադրությունը, որով մարդը շրջապատված է Համայնքում, բոլորին՝ և´ հարուստին, և´ աղքատին, սեփական կարևորության զգացողություն է տալիս, քանի որ կարևորությունը այն ժամանակ է զգացվում, երբ քեզ ուշադրություն են դարձնում: Ուշադրություն, իհարկե, կարելի է գնել, բայց իրական ուշադրությունը և գնվածը ամենևին նույն բանը չեն: Կեղծհամայնքային կյանքը, երբ ապրում եք ուրիշների կողքին, առանց նրանց նկատելու, ձեզ համար տհաճ և օտար մարդկանց ներխուժման մշտական վտանգի պայմանում, ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենում: Կեղծհամայնքային կյանքում դուք մեծ մասամբ անանուն եք և ցանկանում եք այդպիսին մնալ ամենատարբեր վտանգների պատճառով, որոնց ուրիշ մարդիկ կարող են ձեզ ենթարկել, եթե իմանան ձեր գոյության մասին: Կեղծ համայնքում ուշադրություն կարող ես գրավել միայն գնելով, քանի որ գերակայող մթնոլորտը անտարբերության մթնոլորտն է: Կեղծհամայնքը կազմակերպության մի այլ տեսակ է. այնտեղ ընկերությունն ու հավատարմությունն անցողիկ են, նրա խնդիրները համարվում են ուրիշի խնդիրներ (այն մարդու խնդիրները, ում վճարում են դրանք լուծելու համար), այնտեղ և´ ծերերը, և´ երեխաները հիմնականում զայրացնող են համարվում, և բոլոր անդամների ընդհանուր երազանքն է ավելի լավ տեղ գտնելը, վատը լավով փոխարինելը՝ միչև անվերջություն:
Ի տարբերություն իսկական համայնքների՝ կեղծ համայնքները և ուրիշ համապարփակ կազմակերպություններ, ինչպիսին դպրոցն է, ծավալվում են առավել այնքան, որքան հաջողվում է: «Ավելի շատ»-ը ամենևին պարտադիր չէ, որ «ավելի լավ» նշանակի, բայց միշտ նշանակել է ավելի շահավետ այն մարդկանց համար, ովքեր այդտեղ վաստակում են: Հենց այս նկատառումն է ընկած դպրոցի ազդեցությունն ուժեղացնելու և ընդարձակելու ժամանակակից կոչերի հիմքում. շատ մարդիկ կարող են այդ աճը շատ փողի վերածել:
Ի տարբերություն համայնքային և ընտանեկան կյանքի բարդ, հաճախ անհասանելի և անչափելի ուրախությունների, կազմակերպության հաջողությունը միշտ չափվում է գերադասելիության մաթեմատիկական արտահայտություններով. «Քանի՞ «հինգ» ես ստացել: Քանի՞ կիլոգրամ ես գցել: Քանի՞ հարցում է ուղարկվել»: Մրցակցությունը կազմակերպությունների արյան մեջ է, և ճշգրտությունը, որ արտահայտվում է ձեռք բերած արդյունքների համար կարգային տեղեր ստանալով, նրանց ամենասիրած ձևն է:
Ձեռնարկատերերի մրցակցությունը, որպես կանոն, օգուտ է սպառողներին. գործարարությունը պետք է ժամանակի հետ քայլի, մշտապես ձողը բարձր պահի: Մրցակցությունը դպրոցի նման կազմակերպությունում լրիվ ուրիշ բան է: Դպրոցում պայքարում են ուսուցչի բարեհաճության համար, իսկ այդ բարեհաճությունը շատ տարբեր սուբյեկտիվ պարամետրերից է կախված. այն միշտ մի քիչ կամայական է, իսկ հաճախ՝ նաև շատ կործանարար: Այն նախանձ է առաջացնում, դժգոհություն և հավատ հրաշքների նկատմամբ: Ուսուցիչները, իրենց հերթին, պետք է պայքարեն ադմինիստրացիայի, որից կախված է լավ կամ վատ դասարան ստանալը, լավ կամ վատ սենյակ ստանալը, ուսումնական նյութերի և պատանդների հնազանդության, ստորաքարշության և ստորակարգության այլ թույլտվություն, կամայական արտահայտվող բարեհաճության համար: Դպրոցական մշակույթը հիմնված է նյութական խարխուսանքի և պատժի ամբողջական համակարգի վրա՝ հինգեր և երկուսներ, ոսկե աստղիկներ, «լավ» դասարաններ, բազմացնող սարքից օգտվելու թույլտվություն: Այդպիսի ուսումնական հաստատություններում իմաստը կորցնում է մեր երբևէ իմացածը, թե ինչի համար են մարդիկ ձգտում գիտելիքների և ջանադրաբար աշխատում։
Ճշմարտությունը ինքնին ևս մի ջրբաժան է համայնքների և կազմակերպությունների միջև: Համայնքում, եթե դուք խոսքը դրժեք, բոլորը կիմանան, և լուրջ խնդիրներ կունենաք: Իսկ բոլոր մեծ կազմակերպություններում սեփական օգուտի համար ասված սուտը վարքի նորմ է. դպրոցական խաղի կանոններում նույնպես դա կա: Ծնողներին մեծ մասամբ սուտ կամ կիսաճշմարիտ բաներ են ասում, քանի որ նրանց հակառակորդ են համարում: Համենայնդեպս այդպես է եղել այն բոլոր դպրոցներում, որտեղ աշխատել եմ: Միայն ամենահիմար աշխատակիցները կեղծիքի չեն դիմում. բացահայտվելիս գործնականում ոչ մի պատիժ չի հետևում, իսկ հաջողության դեպքում օգուտը կարող է էական լինել: Ով թմբկահարում է չարաշահումների մասին, իրեն վտանգում է մեկուսացման կամ անխիղճ հետապնդման ենթարկվելու: Ճշմարտության մարտիկները երբեք ծառայողական առաջխաղացում չեն ունենում, քանի որ մեկ անգամ գնալով կազմակերպության դեմ, նրանք կրկին կարող են դա անել:
Ռեյմսի տաճարը վառ օրինակ է, թե ինչ կարող է անել համայնքը, և ինչ ենք վտանգում կորցնել, եթե չհասկանանք տարբերությունը այդ մարդկային հրաշքի և կազմակերպություն կոչվող հասարակական մեխանիզմի միջև: Ռեյմսի տաճարը հարյուր տարի շարունակ կառուցվել է մարդկանց կողմից, որ առանց ինչ-որ բարդ սարքերի շուրջօրյա աշխատում էին: Բոլորը կամավոր էին աշխատում, ոչ մի ստրկական պարտադրանք չի եղել: Ոչ մի դպրոցում տաճարի կառուցումը, որպես առարկա, չեն դասավանդել:
Ի՞նչն է ստիպել մարդկանց հարյուր տարի շարունակ միասին աշխատել: Ինչ էլ որ դա լինի, արժե սովորել: Գիտենք, որ մարդիկ միավորված էին ընտանեկան և ընկերական կապերով և գիտեին, թե իրենց ինչ տաճար է հարկավոր: Պապերն ու արքեպիսկոպոսները դրա հետ ոչ մի կապ չունեին. գոթական ճարտարապետությունը որպես այդպիսին առաջացել է մաքուր ձգտումից. գոթական տաճարը փարոսի նման լուսավորում է այն, ինչ կարող է ստեղծել մարդկային ազատ միասնությունը: Դա է այն նշաձողը, որով կարելի է գնահատել սեփական կյանքը: Ռեյմսում ճորտերը, ֆերմերները և գյուղացիները հսկայական տարածություններ ծածկել են սքանչելի վիտրաժներով, բայց ոչ մեկը չի էլ մտածել որևէ տեղ իր ստորագրությունը թողնել: Ոչ ոք չգիտի, թե ով է նախագծել այդ վիտրաժները, քանի որ այն ժամանակ դեռ գոյություն չուներ ինստուտոցիոն պարծենկոտության ժամանակակից ձևը, որը կոռումպացրել է հանրային ոգին: Այսքան դար հետո էլ նրանք առաջվա նման ցույց են տալիս, թե ինչ է նշանակում իսկական մարդ լինել:
6
Համայնքները մարդկանց կամավոր միավորումներ են, դրանց մեջ մտնում են ոչ միայն ընտանիքի անդամները, այլև ընկերները: «Ընտանիք» հասկացությունը շատ լայն է ընկալվում, քանի որ համայնքային հարաբերությունները տարածվում են ոչ միայն արյունակից հարազատների վրա, այլև ոգով մոտիկ մյուս մարդկանց վրա: Չնայած մարդիկ նույն տանը չեն ապրում, նրանց միջև ընտանիքին բորոշ ընդհանրության և փոխադարձ պարտավորությունների բարդ հարաբերություններ կան:
Երբ ընտանիքին կամ համայնքին պատկանելու հետևանք կենսական ամբողջականությունն ինչ-որ պատճառով անհասանելի է, մեկուսացման մեջ ապրելու միակ այլընտրանքը բազմաթիվ կամակերպական կառույցներից մեկում արհեստականորեն ներգրավվելն է: Մարդկանց խմբերը վերահսկող արհեստական ներառումը, հիշեք ուսանողական խմբերը կամ հանրակացարանները, մարդկանց ուժեղ է թվում, իրականում բավականին թույլ է, ամուր է թվում, բայց ըստ էության փխրուն է, ենթադրում է երկարաժամկետություն, բայց սովորաբար արագ տարրալուծվում է: Եվ որպես կանոն, վատ է համապատասխանում մարդկանց կարիքներին, չնայած հենց դրանց տակ է թաքնվում:
Բարի գալուստ դպրոցական կյանք: Դպրոցի բարեփոխումը պետք է սկսվի նրանից, որ դպրոցը որպես կաստա, որպես մեր փողերը, մեր երեխաներին, մեր ժամանակը խժռող և փոխարենը ոչինչ չտվող մեկուսացված անթափանց մարմին գործելուց դադարի: Մի՞թե մեզ ավելի շատ դպրոցներ են պետք:
Վերջին տարիներին շատ եմ մտածել պարտադիր դպրոցական համակարգը զգացմունքով հագեցրած համայնքի վերածելու խնդրի մասին, քանի որ ճիշտ հակառակ միտումն է նկատվում՝ զգալիորեն ավելացնելու այն պատառը, որը դպրոցը խլում է երիտասարդ մարդու ընտանեկան, համայնքային, անձնական ժամանակից: Զանգվածային լրատվամիջոցներով և հեռուստատեսությամբ պարբերաբար փորձնական փուչիկներ են թողնվում, իսկ դա նշանակում է, որ որոշ ազդեցիկ խմբեր պատրաստվում են ընդարձակել պարտադիր դպրոցական կրթության ազդեցությունը, չնայած դրա սարսափեցնող հետևանքներին: Իմ տեսանկյունից, դա նշանակում է, որ նրանք իրենց ամենազոր են զգում:
Հաճախ եմ լսում, որ իմաստ կունենար դպրոցական օրվա տևողությունը երկարացնել և հաստատել առավոտյան իննից մինչև երեկոյան հինգը կամ նույնիսկ առավոտյան իննից մինչև երեկոյան ինը, իսկ ուսումնական տարին համապատասխանեցնել օրացուցայինի հետ: Ասում են, որ մենք արդեն գյուղատնտեսական երկիր չենք, որ ամռանը երեխաներին ազատենք բերքահավաքի համար: Ենթադրվում է, որ այս նոր տեսակի համապարփակ դպրոցը կկերակրի ընթրիքով, կհոգա երեկոյան զվարճանքի մասին, խորհրդատվական և բժշկական ծառայություններ կմատուցի, ինչպես նաև մի շարք այլ ծառայություններ: Այս ամենը երեխաների համար դպրոցը կդարձնի արհեստական ընտանիք, իբր շատ անապահով երեխաների համար՝ ավելի լավը, քան իրենց իսկական ընտանիքները, և իբր սա կհավասարեցնի տարբեր ընտանիքներից երեխաների հնարավորությունները:
Սակայն ինձ, որպես ուսուցչի, թվում է, որ դպրոցն ինքն է անապահով ընտանիքների և համայնքների առաջացման լուրջ պատճառ: Այն բաժանում է երեխաներին և ծնողներին ու խանգարում է միմյանց հետ կենսականորեն կարևոր փոխազդեցությանը, միմյանց կյանքի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը և բավարարմանը: Դպրոցը ճնշում է ընտանեկան կյանքը՝ խլելով այն ժամանակը, որ անհրաժեշտ է լիարժեք ընտանիքի զարգացման համար, իսկ հետո ինքն էլ ընտանիքին մեղադրում է թուլության համար: Սա նման է այն բանին, որ չարամիտ մարդը ժամանակից շուտ լուսանկարը հանի հայտացուցչից, իսկ հետո լուսանկարչին մեղադրի, թե հմուտ չէ:
Որոշ ժամանակ առաջ Մասաչուսեթս նահանգի սենատորը ասում էր, որ մինչև ընդհանուր պարտադիր կրթության անցնելը իրենց նահանգում գրագիտության մակարդակն ավելի բարձր էր: Սրա մասին պետք է լրջորեն մտածել. դպրոցն արդեն վաղուց է հասել իր առավելագույն արդյունավետությանը, և դպրոցում անցկացվող ժամանակի ավելացումը լավացնելու փոխարեն միայն կվատացնի վիճակը:
7
Ինչ էլ որ լինի կրթությունը, պետք է ձեզ ինքնատիպ անհատ դարձնի, այլ ոչ հարմարվողական. պետք է կյանքի խնդիրներին արձագանքելու ունակ ձեր սեփական ինքնատիպ ես-ը ձևավորի, պետք է ձեզ արժեքներ ձեռք բերելու հնարավորություն տա, որոնք ձեր կյանքի ճանապարհային քարտեզը կդառնան. ձեզ պետք է հոգեպես հարուստ մարդ դարձնի, որ սիրում է այն, ինչ անում է, որտեղ և ում հետ էլ լինի. այն ձեզ պետք է ցույց տա, թե ինչն է իսկապես կարևոր այս կյանքում, սովորեցնի ինչպես ապրել և ինպես մեռնել:
Միացյալ Նահանգներում կրթության զարգացման վրա ազդեցություն է թողել սոցիալական այն տեսությունը, որը պնդում էր, որ աճելու և հասունանալու միայն մեկ ճիշտ ճանապարհ կա: Սա հին եգիպտական գաղափար է՝ արտահայտված գագաթին աչք ունեցող բուրգի տեսքով, որ պատկերված է դոլարանոց թղթադրամի հակառակ երեսին: Յուրաքանչյուր մարդ այդ բուրգում իր դիրքն ունեցող քար է: Այս տեսությունը շատ տարբեր ձևերով է հայտնվել, բայց վերջին հաշվով արտահայտում է ուրիշների մտքի նկատմամբ հսկողություն ունենալու ծարավով, սեփական իշխանությունը պահելու համար իշխանության և ինտերվենցիոն ռազմավարությունների գաղափարներով տարված մարդկանց աշխարհայացքը:
Հնարավոր է, որ այս տեսությունը լավն էր փարավոնների ժամանակ, բայց մեզ առանձնապես օգուտ չի տվել: Պատմությունը չի հաստատում այն դրույթը, որ երիտասարդի զարգացման և կայացման ժամանակ պետք է գերակայի միայն մեկ գաղափար, սակայն այս դրույթի կողմնակիցները երբեք այսքան մոտ չեն եղել հաջողությանը: Հասարակության նախապատկեր մեղվի փեթակի բզզոցը, որը կանխատեսել է Ֆրենսիս Բեկոնը, և նկարագրել Հերբերտ Ուելսն իր «Երբ քնածն արթնանա» վեպում, դեռ երբեք այնքան բարձր չի հնչել, ինչպես հիմա:
Անձնական կյանքի, մարդկային բազմազանության և անհատականության պահպանությունը կախված է նրանից, թե ինչպես ենք դաստիարակում մեր երիտասարդությանը: Երեխաները սովորում են այն օրինակից, թե ինչպես են իրենք ապրում: Երեխաներին փակեք դասասենյակում, և նրանք կյանքը կանցկացնեն անտեսանելի վանդակում, զրկված հանրային կյանքի փորձից. միշտ ընդհատեք նրանց պարապմունքները զանգերով և գոնգերով, և նրանք կվարժվեն, որ ցանկացած կարևորության գործ կարող է ընդհատվել. ստիպեք նրանց բնական կարիքները հոգալու համար թույլտվություն մուրալ, և նրանք կդառնան խաբեբա ու քծնող. ծաղրեք նրանց, և նրանք կխուսափեն մարդկային շփումից. ամաչեցրեք նրանց, և հարյուրավոր ձևեր կգտնեն ձեր հաշիվը փակելու համար: Դպրոցի նման լայնամասշտաբ կազմակերպությունների ներարկած սովորությունները կործանարար են:
Մյուս կողմից, ըստ սահմանման անհատականությունը, ընտանիքն ու համայնքը ինքնատիպության դրսևորումներ են, այլ ոչ թե «զարգացման-միակ-ճիշտ-ճանապարհ»: Անձնական ժամանակը խիստ անհրաժեշտ է անձի զարգացման համար և խիստ անհրաժեշտ է անձնային արժեքների համակարգի զարգացման համար, առանց որոնց մենք անհատ լինել չենք կարող: Որպեսզի յուրաքանչյուր որոշակի մարդուն հատուկ անհատական բնույթը կարողանա զարգանալ, հարկ է թուլացնել երեխաների և ընտանիքների վրա պետական հսկողությունը, ինչպես նաև նրանց ահաբեկումը: Ազատությունն իմաստազրկվում է առանց անձի զարգացման:
Իմ ուսուցչական փորձը ցույց է տվել, որ մասսայական կրթության տեսությունն ու փորձը ճակատագրական սխալ են. դրանք չեն կարող ծառայել ազգային գաղափարի ժողովրդավարական տրամաբանությանը, քանի որ դավաճանել են ժողովրդավարության սկզբունքներին: Ժողովրդավարության սկզբունքը դեռևս լավագույն ազգային գաղափարախոսությունն է, բայց հիմա դրան չենք հետևում:
Մասսայական կրթությունը չի կարող նպաստել արդարացի հասարակություն կառուցելուն, որովհետև ինքը կառուցված է անազնիվ մրցակցության, ճնշման և վախի վրա: Դպրոցները, որոնց թույլատրել ենք տարածվել, ի վիճակի չեն ցանկացած մարդու՝ աղքատի թե հարուստի կյանքին իմաստ հաղորդող ոչ նյութական արժեքները ձևավորելու, քանի որ գործված են պարգևների և պատիժների, բլիթների և մտրակների բյուզանդական գոբելենից: Կրթության հետ ընդհանուր ոչինչ չունեն պաշտոնական բարեհաճության համար արվող աշխատանքը, գնահատականները և ենթակարգության այլ խաղալիքներ. սրանք բոլոր ստրկության նշաններ են, ոչ թե ազատության:
Մասսայական դպրոցական ուսուցումը հաշմում է երեխաներին: Դրա հետագա ընդարձակումը մեզ պետք չէ՛: Եվ այն քողի տակ, որ նույնական է կրթության հետ, նա դատարկում է մեր գրպանները, ինչպես հազար տարի առաջ կանխատեսել էր Սոկրատեսը: Իրական կրթության հիմնական հայտանիշներից մեկն այն է, որ թանկ չէ. այն կախված չէ թանկ տեխնոլոգիաներից: Փորձը, որը սովորեցնում է, և այդ պրոցեսն ամփոփող ինքնագիտակցումը գործնականում անվճար են: Դրանով դժվար է շատ փող աշխատել: Իսկ այ դպրոցական կրթության համակարգը հիանալի կերատաշտակ է՝ ավելի ու ավելի մեծացող:
Վաթսունհինգ տարի առաջ Բերտրան Ռասելը՝ քսաներորդ դարի հավանաբար լավագույն մաթեմատիկոսը, մեծ փիլիսոփան և անգլիական թագավորի մոտ ազգականը, հասկացել է, որ Միացյալ Նահանգներում մասսայական կրթությունը խորը հակաժողովրդական նպատակ ուներ, որ արհեստական ազգային միասնություն ստեղծելու միջոց էր՝ վերացնելով մարդկային բազմազնությունը և այդ բազմազանությունը ծնող դարբնոցը՝ Ընտանիքը։ Լորդ Ռասելը համարում էր, որ մասսայական դպրոցական կրթությունը ծնում է հեշտությամբ ճանաչվող ամերիկացի աշակերտ՝ ոչ ինտելեկտուալ, սնահավատ, անվստահ և, Ռասելի սահմանմամբ, քիչ «ներքին ազատությամբ», քան նրա հասակակիցը մեզ հայտնի ցանկացած երկրում: Այս նախկին դպրոցականները հետո դառնում են քաղաքացիներ թույլ կամքով, միատեսակ արհամարելով մտավոր գերակայությունը և գեղագիտությունը, անկարող սեփական կյանքում անձնական դժվարությունները հաղթահարելու:
Ամերիկական ազգային միասնությունը միշտ եղել է ամերիկյան կյանքի գլխավոր խնդիրը: Մեր բոլոր ձեռնարկումների և ամբողջ մայրցամաքը գրավելու հիմքում դա է: Դա արդիական էր 1790թ., արդիական է երկու հարյուր տարի անց, գուցե և ավելի: Ինչ-որ ժամանակ, Քաղաքացիական պատերազմի շրջանում, սկսեցինք ցանկալի արդյունքին արհեստական մեթոդներով հասնելու ավելի արագ ճանապարհներ փնտրել: Պարտադիր դպրոցական կրթությունն այդ մեթոդներից մեկը դարձավ: «Բռնեք երեխաներին»,- ասաց Ջոն Քոթոնը գաղութացված Բոստոնում: Դա այնքան լավ գաղափար թվաց, որ «միասնության» գաղափարի համար աղոթող մարդիկ այդպես էլ վարվեցին: Պետք եղավ երեսուն տարի, որպեսզի կոտրեն մարդկանց կատաղի դիմադրությունը, բայց 1880թ. ցանկալին կատարվեց՝ երեխաները բռնված էին: Հետագա հարյուր տասը տարվա ընթացքում «զարգացման-միակ-ճիշտ-ճանապարհ» քարոզող մարդիկ անհաջող փորձեր են անում հասկանալու, թե ինչ անեն երեխաների հետ:
Հնարավոր է, որ եկել է ուրիշ մեթոդներ փորձելու ժամանակը: «Լավ պարիսպ՝ լավ հարևան»,- ասել է Ռոբերտ Ֆրոստը: Հասարակության մեջ ապրել սովորելու ամենաբնական եղանակը առանձին ապրել սովորելն է՝ որպես անհատ և որպես ընտանիք: Միայն այն ժամանակ, երբ մարդ ինքն իրեն լավ է զգում, կարող է լավ վերաբերվել նաև ուրիշներին:
Բայց մենք մեխանիկորեն վերաբերվեցինք միասնության խնդրին, կարծես կարելի էր ճարտարագիտական լուծում ներդնել՝ տարատեսակ ընտանիքներն ու համայնքները քշելով այնպիսի կազմակերպության լայն տանիքի տակ, ինչպիսին պատադիր դպրոցն է: Այս սխեման ներդնելը հանգեցրեց դավաճանելու ժողովրդավարության գաղափարին, որը մեր ազգային փորձի միակ արդարացումն էր:
Ճանապարհը կարճացնելու փորձը շարունակվում է, և նույն ձևով, ինչպես առաջ, քանդում է ընտանիքներն ու համայնքները: Վերականգնեք դրանք, և երիտասարդներն իրենք իրենց կսովորեցնեն, մեր օգնությամբ, ինչպես անում էին մեր պետության արշալույսին: Հիմա բոլորը աշխատում են բացառապես փողի համար, իսկ դա երբեք առաջնակարգ խթան չի եղել: Քանդեք դպրոցների ինստիտուցիոնալ համակարգը, վերացրեք ուսուցչական լիցենզիան, ցանկացած մարդու թույլ տվեք՝ աշակերտ հավաքի, մարդկանց հնարավորություն տվեք սեփական դպրոցը կազմակերպելու, վստահեք ազատ շուկայական մրցակցությանը: Հասկանում եմ, որ ասելը հեշտ է, քան անելը, բայց մի՞թե ընտրություն է մնացել: Պետք է ավելի քիչ ժամանակ անցկացնենք դպրոցում, ոչ թե ավելի շատ:
Թարգմանություն ռուսերենից
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան