Իմոն Օ’Դոնովան
Հաջողված ծրագիրը ավելին է պահանջում, քան միայն ֆինանսավորումը:
2003-ի փետրվարին Կալիֆոռնիայի Օրանժ կոմսությունում բացեցի մի նոր բարձրակարգ K8 հիմնական դպրոցի դռները: Որպես տնօրեն իմ առաջնային նախաձեռնությունն էր որքան հնարավոր է շատ նոթբուք/նեթբուքեր տրամադրել 3-8-րդ դասարանների սովորողներին: Նպատակը սովորողներին նախապատրաստելն էր բարձր տեխնոլոգիաներով ղեկավարվող աշխարհին, որում նորարարությունը, ստեղծականությունը, ինքնուրույնությունը, անհատական և խմբային հետազոտական աշխատանքը գերադասվում է գիտելիքի ավանդական կուտակումից: Սրանով ես միտք ունեի օգնել նրանց դառնալու խնդիր լուծողներ, ովքեր կկարողանային հարաճուն և հարափոփոխ գիտելիքային շտեմարանից օգտվել ու ձեռքբերումը կիրառեին իրենց առաջադրանքային կողմնորոշում ունեցող ուսման մեջ: Սրանք են այն հմտությունները, որոնք գերադասում է ԱՄՆ տնտեսությունը:
Մենք չունեինք համապատասխան ֆոնդեր` յուրաքանչյուր սովորողին մի համակարգչով ապահովելու համար: Կալիֆոռնիան գրկաբաց չընդունեց այդ գաղափարը, ինչպես այլ նահանգներ, և հիմա չունի դրա համար դպրոցական ֆինանսավորում: Դրա փոխարեն դպրոցը տրամադրեց համակարգիչներ որքան կարողացավ` մինչև 5 հատ մի դասարանին, ինչպես նաև` դասարանից դասարան շրջող մի քանի լաբորատորիաներ: Պակասը կամավորության սկզբունքով լրացրեցին ծնողները` նոթբուքեր բերելով իրենց տներից: Երկու տարվա ընթացքում սովորողների մոտ 60%-ը դպրոց էր գալիս անձնական նոթբուքերով: Այսպիսով սովորողներն սկսեցին ուսանել 1-1 համակարգչային միջավայրում, և ուսուցումն էլ տարվեց նախագծային խմբային աշխատանքներ կատարելու եղանակով: Օրինակ` 7-րդ դասարանի բնագիտական հոսքի սովորողները համացանցային հետազոտություն կատարեցին ու Պարկինսոնի հիվանդության գենետիկ բաղադրիչների և ADHD-ի (Ուշադրության պակաս և գերակտիվություն) մասին Power Point ցուցադրություն և մի տեսաֆիլմ պատրաստեցին: Սովորողները խորապես հետաքրքրված ու ներգրավված էին ուսման մեջ:
Որպես վարչական աշխատող` ես շատ մեծ դժվարություններ ու մարտահրավերներ ունեցա, որոնցից շատերն անսովոր ու եզակի էին դպրոցի համար. պետք էր համոզել ուսուցիչներին և ծնողներին, որ նոթբուքերով ուսանելու և ուսուցանելու եղանակը իրագործելի է ու արդյունավետ: Այսօր այս մարտահրավերներն ամրապնդել են իրենց դիրքերը երկու ճակատներում.
- նեթբուքերով ուսուցման ընդհանուր առմամբ անորակ իրագործումը և այդ պատճառով էլ` ծրագրով աշխատող ուսուցիչների ու շահառու ծնողների չսատարելը ծրագրին.
- Ծրագրի արդյունավետ իրագործման համոզիչ փաստերի պակասը:
Բարերար ազդեցություն չունի հարցաշարային գնահատականների վրա
Երբ առաջին անգամ ներգրավվեցի այս նախագծում, 1-1 համակարգիչներով ուսուցման մասին մամուլը բուռն կերպով դրական էր արտահայտվում: Նախաձեռնությունները հաճախ նահանգային և շրջանային վարչական մարմինների վարած կրթական քաղաքականությունից էին բխում, որը հույս ուներ սովորողներին պատրաստել տեղեկատվական տեխնոլոգիաներով ուղղորդված գլոբալ տնտեսական համակարգին: Դա արվում էր, որպեսզի նաև այս ձևով Ամերիկան մրցունակ պահվել:
Գրեթե վեց տարի հետո մակընթացությանը հաջորդեց տեղատվությունը: 2007-ի մայիսին Նյու Յորք Թայմզ-ի «Առաջընթաց չտեսնելով` որոշ դպրոցներ մի կողմ են դնում նեթբուքերը» վերնագրով մի հոդվածում այսպիսի մեջբերում արեցին կրթական քաղաքականություն կերտողներից. «Ուսուցիչներն ասում էին մեզ, որ երբ 1-1 հարաբերությունն է տիրում սովորողի և համակարգչի միջև, գործիքը խանգարող է լինում: Դա քայքայում է կրթական գործընթացը»: Դրան էլ ավելացրած` ծնողները մտահոգված էին, որ իրենց երեխաները չափազանց շատ ժամանակ էին ծախսում տեսախաղերի վրա: Այլ կերպ ասած` քաղաքականությունը և տեսությունը գործնականի հետ մի թավայում չտապակվեցին, քանի որ ուսուցիչները, սովորողները և ծնողները բավականին մեծ մտահոգություն ունեին իրական դասարաններում 1-1 նեթբուքերով ուսուցման ծրագրերի իրագործման նկատմամբ: Միօրինականացված հարցաշարերի գնահատականների վրա նոթբուքային ուսուցմամբ կրթական ծրագրերի ազդեցության մասին տվյալների պակասն ու թերի լինելը եղավ նրա աքիլլեսյան գարշապարը:
Եթե ավելի պարզ ձևակերպեմ, ապա պետք է իմ փորձով ասեմ, որ նոթբուքերով ուսուցմամբ ծրագրերը ուղիղ կապ չունեն միօրինականացված հարցաշարերի գնահատականների հետ: Օրինակ, առաջին մեկ տարին 1-1 նոթբուքերով ուսուցմամբ աշխատած Ֆուլերտոնի մի դպրոցում հետազոտություն կատարած մասնագետները եզրակացրել են, որ նախորդ տարում հարցաշարային լավ գնահատականներ ունեցող սովորողները մի տարի հետո մոտավորապես նույն գնահատականներն ունեն, ինչ նույն շրջանի այլ` սովորական դպրոցների սովորողները: Այլ բառերով ասած` նոթբուքերը չեն բարձրացնում միօրինականացված հարցաշարերից ստացած գնահատականները: Մի կողմից էլ «Ոչ մի ետ մնացող երեխա» ծրագիրն է սեղմում, որի նպատակն է մինչև 2014-ը ունենալ սովորողների 100% առաջադիմություն, որի արդյունքում հարաճուն կերպով դժվարանում է արդարացնել այն ծախսերը, որոնք չեն նպաստում սովորողների առաջադիմության նվազագույն շեմին, որի հաշվարկումը հիմնավորված է միօրինականացված հարցաշարերով:
Նոթբուքերով ուսուցման պաշտպանները կասեն, որ հնարավոր չէ չափել ժամանակակից պահանջներին բավարարող կրթության արդյունավետությունը սովորողների կարողությունները չափելու ավանդական չափանիշերով, քանի որ դրանք անհամատեղելի են: Եթե ծնողներն ինձ հարցնում են, թե ինչպես են նոթբուքերը կարողանում բարելավել հարցաշարային գնահատականները, ես նրանց ասում եմ, որ իրենք սխալ հարց են տալիս:
Այնուամենայնիվ, նոթբուքերով ուսուցման ծրագիրն ստիպված է մշակել ուսուցման այդ ձևի արդյունավետությունը չափելու կարգ: Իսկ մինչ այդ, եթե կրթական հաստատության տնօրեն ես, և քո նպատակը նոթբուքերով ուսուցմամբ սովորողների հարցաշարային գնահատականները բարձրացնելն է, ապա շատ հավանական է, որ ձախողում կունենաս: Որպես լրացուցիչ հարված էլ ստացվեց ԱՄՆ կրթական դեպարտամենտից, որն իր 2007 թվականին հրապարակված հետազոտությամբ եզրակացրեց, որ ընթերցանության և մաթեմատիկայի արդյունքներով որևէ չափելի տարբերություն չկա նոթբուքերով ուսուցման և ավանդական մեթոդների միջև:
Ի՞նչ է սա նշանակում նոթբուքերով ուսուցման ներդրման համար: Ամեն ինչ թողնվում է առանձին դպրոցների` տարբեր հանգամանքներից կախվածությանը:
Եթե դուք խնդիր ունեք «Ոչ մի ետ մնացող սովորող» ծրագրի իրագործման հետ, ապա նոթբուքերով ուսուցումը չի օգնի ձեզ սովորողների պահանջվող նվազագույն կարողությունները ձեռք բերելու գործում: Դուք ժամանակ չունեք սպասելու, թե ինչպիսի արդյունքներ է տալու նոթբուքերով ուսուցումը, ձեզ հիմա են պետք այդ արդյունքները: Եթե ձեր դպրոցի սովորողներն ունեն միօրինականացված հարցաշարերի լավ գնահատականներ, և միևնույն ժամանակ կիրառել եք հետազոտության վրա հիմնված մեթոդներ ընթերցանությունից և մաթեմատիկայից, և ունեք ձեզ աջակցող համայնք, ապա նոթբուքերով ուսուցման ծրագիրը կօգնի ձեզ մի քայլ էլ վերև բարձրանալ:
Առաջնորդության կարիք կա
Եթե դուք կրթության կազմակերպման տարածքային ղեկավարն եք, և եթե մտածում եք իրագործել կամ շարունակել նոթբուքերով ուսուցման ծրագիրը, ապա պետք է մոնիտորական հսկողությունը դպրոցների վրա անընդհատ լինի, որպեսզի նրանք շարունակաբար տվյալներ տան ծրագրի իրագործման վերաբերյալ: Սա ավանդաբար այն ոլորտն է, որտեղ նոթբուքերով ուսուցումը պարտություն է կրում: Դպրոցներից ստացված տվյալների բացակայությունը ավելի է դժվարացնում միօրինականացված հարցաշարերի պատմությանը դիմակայելու գործը:
Նոթբուքերով ուսուցման ծրագրերը ստիպված են ընդգրկել սովորողներին ներկայացվող նվազագույն պահանջները` չափորոշիչները:
Ինչպես նշել է Անդրյու Զաքերը իր «One-to-One Computing Evaluation Consortium» հոդվածում` հրապարակված 2005-ի նոյեմբերին, «Պետք է մի առաջնորդող թիմ լինի, որը իրերին նայում է երեք տարբեր տեսանկյուններից` առարկայական ծրագրի և բովանդակության տեսանկյունը, կառուցվող շենքի մշակույթի տեսանկյունը և տեխնիկական միջոցների կարիքի տեսանկյունը»: Կարծում եմ, սա է այն արդյունավետ կազմակերպչական շրջանակը, որով կարելի է պլանավորել, իրագործել և գնահատել նոթբուքերով ուսուցման ծրագիրը:
Առարկայական ծրագիրը և բովանդակությունը
Չափազանց հաճախ նոթբուքերով ուսուցման մեջ ներգրավվում են, ինչպես կներգրավվեին կարճատև ժամանակավոր նորաձևության մեջ, և մոռանում են ուշադրությունը կենտրոնացնել առարկայական ծրագրի և բովանդակության վրա: Ինչպիսին էլ լինի ուսումնական գործունեությունը, այն պետք է իր հիմքն ունենա առարկայական ծրագրում: Սովորողի ուսումնառությունը բարելավելու կարևոր բաղադրիչներից մեկն այն է, որ պետք է պարզորոշ բնորոշել, թե ինչն են սովորելու սովորողները: Այդ պատճառով էլ ուշադրությունը չպետք է շեղվի առարկայական չափորոշիչներից: Դպրոցները կարող են ստեղծագործական, քննադատական մտածողության և խնդիրներ լուծելու նպատակներ ավելացնել, բայց այս ամենը պետք է, նախ և առաջ, հիմնված լինի չափորոշիչների վրա:
Մշակույթ բոլոր շահառուների համար
Կրթության կազմակերպման տարածքային ղեկավարները իրենց թիմերով պետք է նոթբուքերով ուսուցման ծրագրի իրականացման մշակույթ ստեղծեն, որն ընդունելի կլինի: Այդ մշակույթը պետք է բավարարի կրթական համայնքի հիմնական շահառուների կարիքները և հետաքրքրությունները:
Սովորողներ: Ծնողները հաճախ են ասում, որ իրենց երեխաները սարսափելի շատ ժամանակ են ծախսում համակարգչային խաղերի կամ այլ ոչ ակադեմիական գործունեության վրա, երբ նոթբուքերն իրենց մոտ են: Այդ պատճառով էլ յուրաքանչյուր դպրոց պետք է սահմանի համակարգիչից օգտվելու ուղենիշային կանոնները դասի ընթացքում:
Ուսուցիչներ: Դժվար է ուսուցիչների համար վերափոխել իրենց կուտակած աշխատանքային փորձը և դարձնել այն տեխնոլոգիական ուղղվածության` առանց ընդգրկուն ու անընդհատ վերապատրաստման: Ուսուցիչներին պետք է օգնել, որ նրանք գործածեն նոթբուքերը որպես ուսուցման գործիքներ: Եթե ուսուցիչը չպլանավորի նոթբուքի գործածումը դասի ընթացքում, սովորողները չեն բերի դրանք դասարան: Դպրոցի տնօրենը պետք է պլանավորի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման ամենշաբաթյա գործնական պարապմունքներ: Արդյունք չեն տալիս միանգամյա, պատահական պարապմունքները: Հետևողականությունը պետք է մշտական լինի`յուրաքանչյուր անգամ հստակ նշելով, թե տեխնոլոգիաների գործածման ինչ նոր կարողության յուրացում է ակնկալվում ուսուցչից:
Ծնողները: Կարևոր է ծնողներին նույնպես կրթել և հասցնել նրանց նոթբուքերով ուսուցման նպատակները և բացատրել նրանց, թե ինչպես են ուսուցիչներն ու սովորողները գործածում նոթբուքերը կրթական նպատակներով, և ինչպես կարող է դպրոցը գնահատել իր հաջողությունը ծրագրի իրականացման գործում: Կարևոր է նաև հասկացնել նրանց, թե ինչ վտանգներ կարող է ունենալ համացանցի ոչ պատշաճ կայքերից օգտվելը:
Համայնքը: Կարևոր է գործընկերային հարաբերություններ հաստատել, որոնք կարող են աջակցել նոթբուքերով ուսուցմամբ ծագրին: Դա կարող է լրացուցիչ միջոցների աղբյուր լինել և կրթական ծրագրի գովազդ լինել: Իմ դպրոցում ես գործընկերային հարաբերություններ ստեղծեցի համակարգիչներ վաճառող մոտակա մի խանութի հետ: Մեր ծրագիրը ժամանակի ընթացքում փոխշահավետ դարձավ: Ծնողները համակարգիչ էին գնում այդ խանութից, իսկ խանութի մասնագետներն էլ դպրոցական համակարգչային ծրագրերն էին ներբեռնում գնված համակարգիչների վրա:
Տեխնիկական կարիքները
Որպեսզի նոթբուքերով ուսուցման ծրագիրը արդյունավետ աշխատի, պետք է կատարել հետևյալ 10 կարևոր տեխնիկական քայլերը.
- Միօրինականացրեք դպրոցում գործող համակարգչային համակարգը` Apple, Microsoft, կամ բաց աղբյուր. սա էական նշանակություն ունի, որովհետև ավելի հեշտ է մի համակարգ ղեկավարել, քան երկուսը:
- Պետք է որոշում կայացնել և ընդունել միօրինակ համակարգչային ծրագրային գործիքներ ամբողջ դպրոցում: Սա կօգնի ուսուցիչներին ուշադրությունը դարձնել դասի բովանդակության վրա, այլ ոչ թե համակարգչային գործիքի կիրառման առանձնահատկությունների վրա:
- Կարևոր է մաթեմատիկայի ուսուցման համակարգչային ծրագրի ձեռքբերումը, որը հետազոտությամբ երաշխավորված է: Կարևոր է որ այդ ծրագիրը համատեղելի լինի նաև սովորողների անձնական նոթբուքերին և արժանանա դպրոցի համակարգչային սպասարկման տեխնիկական անձնակազմի հավանությանը:
- Որոշել, թե սովորողները որքան հասանելիություն կարող են ունենալ համացանցին: Օրինակ, կարո՞ղ են նրանք տպել (Print) դպրոցի ցանկացած համակարգչից: Կարո՞ղ են սովորողների ֆայլերը կենտրոնացված ձևով տարածվել դպրոցի սերվերով, թե՞ սովորողները պետք է պահպանեն իրենց ֆայլերը իրենց անձնական նոթբուքերում, կամ էլ` USB-ի վրա: Կարո՞ղ են սովորողները հասանելի լինել դպրոցի սերվերին իրենց տներից:
- Որոշեք, թե ինչպես եք գործելու, եթե սովորողները գործածեն տարբեր համակարգչային օպերատորական համակարգեր:
- Պլանավորեք համակարգչային հին ծրագրերը նորերով փոխարինելու գործընթացը: Ժամանակի հետ դրանք հնանում են:
- Պլանավորեք փչացած նոթբուքերի, մարտկոցների, տպիչների, ստեղնաշարերի, մոնիտորների և այլ տեխնիկական մասերի վերանորոգումը: Այս բոլորը դպրոցի բյուջեում պետք է հաշվի առնել:
- Որպես նոթբուքերով ուսուցման ծրագրին հավելյալ տեխնոլոգիա` գործածեք պրոյեկտորներ:
- Պլանավորեք հզոր ինտերնետային կապ: Պետք է ընդունեք, որ դպրոցում գործող բոլոր համակարգիչները կարող են միաժամանակ միացված լինել համացանցին:
- Ամենակարևորը` ունենալ դպրոցի սեփական տեխնիկական անձնակազմը:
Համակարգիչները շարունակելու են սովորելու համար անսահման հնարավորություններ տրամադրել: Առանձնապես հզոր է «հենց հիմա» իմանալու, սովորելու գաղափարը, երբ սովորողները գտնում են իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը իրենց ուզեցած պահին: Քանի որ համակարգիչները ավելի ու ավելի են էժանանում, իսկ իրենց հնարավորություններն էլ ավելի ու ավելի են ավելանում, նոթբուքերով ուսուցումը կշարունակի «ուսումն ամենուր ու ցանկացած ժամանակ» խոստումի իրականացումը:
Հոդվածը տպագրվել է “District Administration” ամսագրում, 2009-ի փետրվարին:
Թարգմանիչ՝ Յուրա Գանջալյան
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան