Կրթահամալիրի տնօրենի բլոգի օրագրից
Հայոց-վրաց մրցակցությունը միշտ կա. ինչո՞վ ենք եկել վրաց մայրաքաղաք, ի՞նչ ենք բերել երկու դար մեր մշակութային մայրաքաղաքը եղած Թբիլիսի։ Սեբաստացի ուսուցչով ու սովորողով, առաքելական ուսուցչական հավաքանիով, այս, որևէ խտրություն-սահմաններ չճանաչող մշակութային-կրթական գործունեության տարածման մեկ չափանիշով ու մեկ մղումով ենք եկել… Երբ ջնջված լեզվական-պետական սահմաններով մարդկային ուշադրության կենտրոնում հայտնվում է ուսուցիչը՝ իր մասնագիտական գործունեությամբ՝ ուղղված մարդուն տարատարիք՝ երեխային ու նրա ծնողին, երեխա ձևավորող հասարակությանը։ Այո, մենք ուսուցչական մեծ խմբով Թիֆլիս նշանավոր քաղաքի կենտրոնում էինք օրեր, ու տեսաք, չէ՞, ինչ լավ էինք նայվում։ Ես որ բոլ-բոլ հիացա սեբաստացիներով։
Այս համերգի համար 300 կմ-ի չափ ճանապարհն ես հաղթահարել, բազում արգելքներ… Թբիլիսիի ազատ համալսարանի ու ագրոհամալսարանի միացյալ դահլիճը 400-ից ավելի տեղ ունի, իսկակական համերգային-թատերական դահլիճ: Մեր Սեյրան Ավագյանը, համերգից առաջ, համերգին, համերգից հետո, միշտ ընկեր է, առանց ում, հաստատ, այս խաղաղ, վստահ ընթացքը չի լինի: Հիմա էլ երկրորդ պլանից կարևոր շտկումներ է անում. ակուստիկան լավ է, երգչախմբի վիճակը՝ տեղում, երգում ենք առանց բարձրախոսների…
«Բրոյի-բրոյի» հայ-վրացական միասնական մշակութային անիվների վրա (մոբիլ) համույթի ստեղծման ոչ միայն գաղափարը ողջունվեց-ընդունելի եղավ երկու կողմի համար էլ, այլև մեր երկու կողմի համերգային գործունեությունը Թբիլիսիում՝ Գլդանի թաղամասի դպրոցներում, Ազատ և Ագրո համալսարանների դահլիճում, Հավլաբարի Սբ. Էջմիածին հայկական եկեղեցում, ճանապարհին, դադարների ժամանակ այդպիսին եղավ: Ինչու «Բրոյի-բրոյի» կամ շարան-շարան. դա Սայաթ Նովայի սիրելի, մեր կողմից շատ կատարվող, մատչելի խմբային երգ է… Մեզ միավորեց իսկական հայկական երգը, իսկական հայկական երգ-պարը սիրելի, յուրացնելի եղավ թիֆլիսցիների, մեզ հանդիպած բոլոր վրացիների համար, խանդավառության-միասնության պարգև դարձավ ամենուր: Ե՛վ Կոմիտասը՝ իր աշխարհիկ ու հոգևոր երաժշտությամբ, և՛ Սայաթ-Նովայի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, պարզապես լավ քաղաքային հայ երգերը ժողովրդական՝ շարան-շարան, մեզ՝ հայերիս ու վրացիներիս մեկ դարձրին, անջատ պահելով հայկական կոչված երաժշտական համարվող խայտառակությունից, ամոթից: Վրացի տարատարիք մարդիկ` սովորողներ, ուսուցիչներ թե ծնողներ, Սեյրան Ավագյանի, մաեստրո Հարություն Թոփիկյանի խմբավարությամբ հաճույքով ու հաջողությամբ սովորում էին իսկական երգերը… Բեմից ամենակարևոր խոսքն եմ ասում՝ այնպիսին, որ տպավորվել է նաև մաեստրո Թոփիկյանի մոտ: Սա է հայկական երաժշտությունը, ասում եմ, իսկականը, իմացեք, մնացածը՝ հարգելի Թիֆլիսի հասարակություն, ինչ քեզ այնքան տարբեր առիթներով, հատկապես քո կենցաղում, քո առօրյա բեմերում մատուցում են, ոչ միայն հայկական չէ, այլև հակահայկական է…Նույն ազդեցությունն ունեցավ իսկական վրացական երգի` մեր կատարումը: Իսկական երգը ժողովուրդների բանուկ կամուրջ դարձավ այսօր:
Իմ ավարտական խոսքում, մեր իրոք կայացած-տպավորիչ համերգից հետո, «Ռուսթավի 2» և հանրային հեռուստաընկերությունների ներկայությամբ բեմից հրապարակեցի մեր եղբայրության 2015-ի ապրիլյան օրակարգը՝ առանց մեկնաբանության… Ապրիլի 8-10-ը կրթահամալիրում վրացերենի պետական տոնն ենք նշում` որպես ավանդույթ, ու հյուրընկալելու ենք հիսունի չափ պարող սովորողների նշանավոր պարի խմբի… Ապրիլի 13-ից կրթահամալիրում կսկսվեն ֆոլկլորային ուսանողական համույթի հյուրախաղերը… Ապրիլի 22-ից մեկնարկում է ամենամյա բաց հանրակրթական, բնապահպանական նախագծերի ստուգատեսը՝ թվով հինգերորդը, որին կմասնակցեն ոչ միայն մեր հին, հավատարիմ գործընկեր 98-րդ դպրոցի պատանի էկոլոգները, այլև խմբեր Թբիլիսիի Բանգլադեշի՝ Գլդանի թաղամասի դպրոցներից… Ապրիլը դարձավ հայ-վրաց ժողովուրդների ապրելու, միասին գործելու ստուգատես…
Իսկ ժամեր առաջ Հավլաբարում ավարտվեց մեր էկոակումբի և թիվ 98 դպրոցի էկոլոգների համատեղ, ավանդական դարձած դասը:
Հայաստան-Վրաստան միջպետական համագործակցության օրակարգում երեք կոնկրետ անելիք կա։ Ավտոմայրուղու Պտղավան (Բագրատաշեն) – Աշտարակ հատվածը վատ վիճակում է. Սադախլու-Թբիլիսի մայրուղին անհամեմատ լավ վիճակում է. և՛ ճանապարհի որակն է ուրիշ, և՛ ճանապարհն ազատ է, որևէ տեսակի արագաչափ չկա, երթևեկությունն ինքնակարգավորվող է։ Ամոթ է, միկրոավտոբուսով 8 ժամ տևեց Երևան-Ալավերդի-Թբիլիսի՝ ընդամենը 288 կմ ճանապարհի հաղթահարումը։ Արագընթաց էլեկտրագնացքի մասին անգամ չի խոսվում մեզանում՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Վրաստանում. նստեիր Թբիլիսիում, Ալավերդի, Վանաձոր հինգրոպեանոց կանգառներով, գոնե, երեք ժամից իջնեիր Երևանի կայարանում։ Բա ո՞ւմ համար են մեդիայում աչք շոյող, եթերով զայրացնող, անընդհատ նորացվող էլեկտրագնացքները (սրընթացները)՝ որպես մասնավոր ընկերություն, եթե ոչ Երևան-Թիֆլիս-Բաթումի երթուղու համար։ Միշտ մարդաշատ կյանքի ճանապարհներ…
Վատ վիճակում են Վրաստան-Հայաստան Սադախլու-Պտղավան (Բագրատաշեն) սահմանային ելքեր-մուտքերը… Սանհանգույցներից սկսած, մաքրությունով, անխնամ բնություն-շրջակա միջավայրով, սպասարկման արագություն-ձևով վերջացրած: Ե՞րբ ենք անցնելու՝ չզգալով սահմանը, կամ շեշտված՝ սա նոր Հայաստանն է ու վերջ… Բա ճանապարհի երկայնքով մեքենաների հանգստի-դադարի կայանատեղիների բացակայությո՜ւնը… Տանելի սանհանգույցներով մի տեղ կա միայն՝ Ապարանի «Գնթունիք»-ը։ Էլ չեմ խոսում Այրումի, Ալավերդու, Վանաձորի մուտքերի վիճակի, անշարժ-մեռած կյանքի մասին. ե՞րբ եմ եղել վերջին անգամ… Կյանքը կանգ է առել, մի տեսակ. ես շատ ուշադիր եմ, ու ինձ իհարկե, ուրախացնում են փոփոխությունները, փնտրում եմ մաքրված փլատակ, թարմ մի կառույց, կենդանացնող մի նախաձեռնություն, ներկված խողովակաշար, նոր գցված կամ նորոգված կամուրջ, անգամ, խանութ նոր, կամ ժամանցի վայր… Դեբեդի ողջ հովիտը՝ Փամբակ գետով շարունակած, մռայլ տրամադրություններով է օրորում: Ավա՜ղ:
Թիֆլիսյան մեր ուղևորությանն անդրադարձներ հետո էլի կունենանք, ինչպես ես, այնպես և իմ ճամփի ընկերները, բայց հետաքրքրվածներն ամբողջական տպավորություն կունենան մարտի 25-28-ի կրթա-մշակութային նախագծից՝ իմ օրագրում կարդալով մարտի 26-29-ի գրերը.
- Մենք, այո, Թիֆլիս նշանավոր քաղաքի կենտրոնում ենք. մարտի 26
- Համերգից առաջ, համերգին ու համերգից հետո. մարտի 27
- Մեդիաուրբաթ-համերգների փունջ-շարք Գլդանում եղավ… տիար ջան. մարտի 28
- Իսկական երգը ժողովուրդների բանուկ կամուրջ այսօր. մարտի 29
Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ոգևորվածությունն անափ է, խոսքը՝ հայրական ասելիքով-կյանքով… Թեմին կից գործող «Հայարտան» բազմամարդությունը, Հավլաբարի Նոր Էջմիածին եկեղեցու ներսի-դրսի մարդկային մեծ աշխույժն այնքան տպավորիչ են. չգիտեմ՝ այսպե՞ս պիտի լիներ հրաժեշտի մեր համերգը, բայց իսկական-տպավորիչ-որևէ մեկին անհաղորդ չթողնող տոնախմբություն եղավ: Ուղիղ 10-ին, առավոտվա եկեղեցական ժամերգությունից, Սրբազան հոր և իմ կարճ ողջույնի խոսքերից հետո Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբին արտոնվեց խորանից ելույթ ունենալ. խմբավարի արդուզարդով, իր ստեղծած կարմիր-խորոտիկ երգչախմբով մաեստրո Թոփիկյանը ներկայանալի է, վեհ ու լսելի: Հայ եկեղեցական, հոգևոր երգեր եկեղեցում՝ լեցուն հավատացյալ ժողովրդի քար կտրած ներկայությամբ: Համերգ-հաղորդակցությունից հետո սրբազան հայրը, ով լավ է ճանաչում և՛ պարոն Թոփիկյանին, և՛ ինձ, և՛ կրթահամալիրը, շռայլ է իր գնահատանքի մեջ: Ուզում էի, ու այսպես եղավ. մարտի 25-ին մեկնարկած մեր քառօրյա ուսումնական նախագծի ավարտը նման միջավայրում եղավ, հանդիսավոր նվերներ հանձնվեցին Վիկտորյա Բալավաձեին, Քեթևան Աբեսաձեին, Գեորգի Մոմցելիձեին, Սրբազանին… Իսկ այն, ինչ հետո կատարվեց եկեղեցու հարևանությամբ գործող, միշտ կենդանի «Հայարտուն» մշակութային կենտրոնում, տեսնելու, մասնակից լինելու բան էր… իր ուժը-կենսունակությունը ցուցադրեց «Բրոյի-բրոյի» նորաստեղծ հայ-վրացական համույթը։ Մասնակիցներն էին նախակրթարանի սաները՝ 40-ի չափ 3-6 տարեկան հայ մանչեր, ու նրանց ծնողները, եկեղեցու կիրակնօրյա դպրոցի 30-ի չափ տարատարիք դեռահասներ, առաջնորդարանն ու «Հայարտունը»՝ ողջ կազմով, հյուրեր, ծանոթ-անծանոթ: Կարդացեք իմ կիրակնօրյա ձոնը՝ շարան-շարան ընտրված բառեր են, կապեր: Մեր ուսուցիչները՝ համակված իսկական հայ երգի ուժով, հրաշք գործեցին՝ կենդանացրին, ցնցեցին, աշխույժով լցրին Հավլաբարը…
Ի՞նչ պիտի նվիրեի մասնակից մեր հայրենակիցներին՝ օրով, մեզանով խանդավառ, որ և՛ ավարտվեր հանդիպումը (մենք ճամփա ունեինք անցնելու), և՛ հեռանկար ունենար մեր կապը: Լուծում գտնվեց, իհարկե. համեցեք Երևան, մեր կրթահամալիրի Բանգլադեշ, համեցեք կիրակնօրյա դպրոցի սաներով, ուսուցիչներով, նախակրթարանի դաստիարակներով-ծնողներով… Համեցե՛ք, Սրբազան հայր, որպես 2015-ի շրջանավարտների պարգևատրում, թող Վրաստանում բնակվող մեր հայրենակիցներն իսկական հայ երգի, իսկական հայ մշակույթի, մայրենի գրական խոսքի ու մարդկային շփման՝ մանկավարժության հետ հարաբերվեն… Համեցեք՝ Հայաստանին մեր աչքերով նայելու, մեր Հայաստանը մեզնով ճանաչելու. դուք մեր թանկագին հյուրն եք, մեր սպասված գործընկերները: Սրբազանը խոստացավ անձամբ ընտրել մասնակիցներին, միացնել նաև թեմի Ջավախքի, Ախալցխայի կազմին՝ կիրակնօրյա դպրոցի սաներին, մասնակիցներին… Քանի մարդ ու խումբ լինի, սիրով, Սրբազան հայր, մեր հաստատած հայ-վրացական կամուրջներից, հայրենի սեբաստացիական աշխարհից լիուլի պիտի օգտվեն մեր հայրենակիցները՝ Վրաստանում բնակվող: Եվ լավ է, որ Սրբազան հայրը կանգնում է այսպիսի գործի գլուխ՝ իսկական հայապահպան, հայ և վրաց ժողովրդասեր, մարդուց եկող ու մարդուն ուղղված առաքելության…
Ապրիլի 8-10-ի «Վրացերենի տոն կրթահամալիրում» պարատոնի 2-րդ օրվա վերջում ընտանեկան հարկի ներքո հյուրընկալվել էր իմ վրաց ընկեր Թբիլիսիի թիվ 98 դպրոցի տնօրեն Գեորգի Մոմցելիձեն՝ իր 8-ամյա Նիկոլոզի հետ: Առնոլդ, Աննա, Դանիել Բլեյանների հետ փառավոր երեկո անցկացրինք: Գիտեք, Դավիթ Բլեյանն ու Նիկոլոզ Մոմցելիձեն արդեն վաղեմի ընկերներ են և գոնե տարին մեկ անգամ հանդիպում են. լավ է, որ Դանիելն ավագություն կանի, իսկ Առնոլդի ու Գեորգիի՝ հասակակիցների ընկերությունն էլ կամրապնդի «հայ-վրացական» կամուրջները. մարդկային հարազատությամբ կամրապնդվեն-ավելի բանուկ-կենսական կդառնան: Լավ է, որ «Սեբաստացի TV»-ն, ռադիոն, դպրոցական ու անհատական TV-ներն ավելի ու ավելի մոբիլ, բազմազան-անհատական-հետաքրքիր են լուսաբանում մեր տոն-ստուգատեսները… Նիկոլոզ Մոմցելիձեն, Բլեյան Դանիելն ու Դավիթը՝ տարատարիք, առանց որևէ լեզվական խոչընդոտի, կենդանի-անմիջական շփմամբ այնքան հեշտացրին, մարդկային շփման տոնի-վայելքի վերածեցին մեր երեկոն, որին մասնակցեց և Վրաստանի լավ բարեկամ Շուշան Բլեյանը` Վիեննայի նշանավոր օպերայից… Իսկ Արմինե Սեբաստացի տիրուհին ցույց տվեց, որ մենք խոհանոցում էլ կարող ենք (պարտավոր ենք) առաջինը լինել… Բա հո երկրորդը չե՞նք լինի…
Իսկ ապրիլի 13-ից հայ-վրացական երկարատև ստեղծագործական համագործակցության նոր շրջան է… Թբիլիսիում. մեր համերգ-ելույթների ընթացքում ձեռք բերեցինք նոր պայմանավորվածություններ նոր գործընկերների հետ: Բեկում՝ Վրաստանի հետ մեր հարաբերություններում. դրանք, նախ և առաջ, ուսումնական են՝ համատեղ կրթամշակութային նախագծերի-խնդիրների ձևով, որ վրացի և սեբաստացի սովորողներն ու ուսուցիչները միասին ձևակերպում, լուծում և տարածում՝ հանրայնացնում են Թիֆլիսում և Երևանում… Խնդրեմ. Թբիլիսիի դպրոցների երաժշտության ուսուցիչների խումբը կաշխատի մեր դասվար-դաստիարակների «Շրխկան» համույթի հետ, որ պատրաստվում է համերգային շրջագայության… Խոստացել եմ, կլինի…
Ապրիլի 15-ին Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սովորական մի համերգի էի իմ վրաց ընկերների հետ. լսեցի Էդգար Հովհաննիսյանի խմբերգերն ամբողջական՝ Երևանի կամերային երգչախմբի կատարմամբ: Ի՜նչ անզուգական տպավորություն էր. վրացի մի ուսանող երգիչ ամեն համարից հետո ոտքի էր կանգնում ու ապշահար ծափահարում…
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան