Կրթահամալիրի տնօրենի բլոգի օրագրից
Ծրագրի, դպրոցի ղեկավարն ունի հարմար գործիք (ֆոտոապարատ, ձայնագրիչ), որին (որոնց) նա լավ է տիրապետում. սա մեդիակրթության պարտադիր պահանջ է, որ պիտի ապահովվի կրթահամալիրով մեկ: Դպրոցի հարգելի ղեկավարներ-կազմակերպիչներ, եկեք Մայիսյան հավաքի պատրաստության այս ընթացքում ապահովենք այս ստանդարտը: Ծրագրի ղեկավարը, այսպիսով, մասնակից է դառնում կրթական առօրյային կոնկրետ՝ ամբողջությամբ սուր աչք ու ականջ դառնալով, տեսնում-լսում-գրանցում, մեկնաբանում-տարածում, անդրադառնում, կարևորում, շեշտադրում… Ես մասնակից դարձա ներկայացված պարապմունքին. տեսարան էր, տպավորված եմ, Արմինե ու ընկերներ, այնքան, որ շնորհակալ եմ: Կրթական օբյեկտի ներսի ու դրսի անջրպետները՝ և՛ նյութական, և՛ հոգեբանական, և՛ կազմակերպչական, պիտի հիմնովին-հետևողական ջնջվեն, որ գործուն դառնանք ամբողջական-ներառական կրթական միջավայրի հետ: Ապրիլյան աշխատանքները պիտի Մայիսյան հավաքի օրերի կազմակերպման այսպիսի նպատակ հետապնդեն:
Ընտանիքի ու պարտեզի սահմանները, պատերն այսպես են քանդվում. ահա ինչու եմ պնդում համառորեն, որ ամեն խմբի դաստիարակ ու օգնական, 1-3-րդ դասարանի դասվար կրթական ծրագրի փաստացի ղեկավար է իր 20-25 սան-սովորողների համար, ահա ինչու նրանցից յուրաքանչյուրը պիտի Մայիսյան հավաքին ինքնադրսևորվի-ներկայանա ամբողջական՝ որպես կրթական ծրագրի մշակող, կազմակերպող, տարածող՝ տանը թե դպրոցում, Հայաստանում թե Վրաստանում:
Այսպիսի նախագծային-ակումբային աշխատանքները մեզանում կամավորական աշխատանքի հեղինակային կազմակերպման նոր մշակույթ են ձևավորում կրթահամալիրում, Մարգարիտ Սարգսյան ու ընկերներ. Մայիսյան հավաքին 2014-2015 ուստարվա Վարժարանային-կրթահամալիրային փորձը պիտի ի մի բերվի-պատշաճ ներկայացվի. սա նաև հեղինակային մանկավարժության՝ որպես տեխնոլոգիայի փոխանցում է, որ նման ձևերով գրավիչ ներառվում է ավագ դպրոցականի (վաղվա հոր-մոր, հասարակության ավագ անդամի) անհատական կրթական պլանում…
Կրթահամալիրում, որպես ուսումնական պլանով «Տեխնոլոգիայի» բաղկացուցիչ, ավելի պիտի կարևորվի ազգային խոհանոցի ուսումնասիրումը, որպես մեր կենցաղային մշակույթի յուրացման կարևորագույն տարր: Աչք շոյող խոհանոց-լաբորատորիաներ ունենք մեր բոլոր դպրոցներում՝ 10 խոհանոց՝ չհաշված խմբասենյակների խոհանոցները… Այսպիսի նյութական միջավայրը, գործիքակազմն ինչպիսի՜ ուսումնական-բիզնես-նախաձեռնողական խնդիրներ են լուծում… Բավարա՞ր են ջանքերը, արդյունքները… Զատկական օրերի այս շրջանի պատշաճ հարցադրումներ են, որ պիտի զարգացվեն-ձևի բերվեն մինչև Մայիսյան 10-րդ հավաք…
Նորաստեղծ պտղատու ուսումնական այգու տարածքը՝ ցանցապատ, մաքուր, փոսերը՝ փորված, սևահողը՝ բերված, տնկիները՝ Կարբիի տնկարանից մեկիկ-մեկիկ ջոկված-բերված… պատրաստ է կանգնելու գեղեցիկ ու կենտրոնական, բացառիկ դիրքով ու նշանակությամբ։ Արտեմ Խաչատրյանը՝ ուսումնական պտղատու այգու համակարգողը, Արհեստագործական ավագ դպրոցի-քոլեջի իր ընկերների հետ նոր մշակույթ է բերում բնակելի զանգված, կրթահամալիր… Այգին պտղատու գալիս է կանգնելու կրթահամալիրի գյուղացիական ուսումնական տնտեսության կողքին՝ պարտադրելով 2015-ի հունիսին նախատեսված սեբաստացիական ուսումնական ճամբարները կազմակերպել աշխատանքային-ստեղծական նախագծերի իրականացման տարատարիք ջոկերի-ջոկատների ձևով… Իմ 288-րդ գրով հաստատում եմ 2015-ի հունիսյան այսպիսի բաց, ուսումնական, տարատարիք սովորողներով ճամբարների նախագծման փուլի մեկնարկի մասին։ Կայցելենք մեր նոր գործընկերներին՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ, ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ. մենք պայմանավորվել ենք նախագծման աշխատանքներում ներգրավել ուսանող-դասախոս ճարտարապետներին, մասնագիտական-բարեխիղճ մոտենալ շրջակա միջավայրի բարելավման-բարեկարգման-էսթետացման՝ հունիսին կատարվելիք գործերին։ Երկու հազարի չափ սովորող-ուսուցիչ սեբաստացիներ, մեր ճամբարում ներգրավելով Արցախի, Վրաստանի, Երևանի, Հայաստանի մարզերի սովորողների և ուսուցիչների, ճամբարային գործունեությունը կդառնա իսկապես գրավիչ-ուսումնական-իրական…
Մենք չենք կարող չունենալ մեր տնկարանը՝ որպես ամենախնամված, կրթահամալիրի խորհրդանիշ դարձող ուսումնական տարածք… Երկրագործությունը, որպես ուղիղ ճանապարհ, թե՛ դեպի Հայաստան, թե՛ Հայաստանը փոխելու, ենթադրում է, որ այն պիտի դառնա, չի կարող չդառնալ կապ երկրի ու իր գործչի միջև, կրթության բովանդակություն ու կազմակերպում: Տեսեք՝ մի կողմից «Ես և շրջակա աշխարհը», բնագիտություն, կենսաբանություն, կենդանաբանություն, անատոմիա, աշխարհագրություն դասընթացների ձևով որքա՜ն ժամանակ է հատկացվում մարդու, բույսի և կենդանու ուսումնասիրմանը… մյուս կողմից՝ որքա՜ն անկարող է պետական հանրակրթական ծրագրով անցած մարդը՝ ինքն իրեն խնամելու, առողջ ապրելակերպի, ինքն իր բժիշկը լինելու հարցում… Որքա՜ն թույլ է կապված իր հողի, պարտեզի, կենդանական աշխարհի հետ, չի ճանաչում-չի կարողանում-չի խնամում… Այդքան ժամանակ հատկացնում է գնահատականներ ստանալու, քննություններ հանձնելո՞ւ համար: Սրա այլընտրանքը մեր հեղինակային կրթական ծրագրով կարողություններ ձեռք բերած սովորողն ու մանկավարժն են, մեծահասակը: Ահա ինչու պարտեզները, ջերմոց-լաբորատորիաները, պտղատու այգիները, տնկարանը, գյուղացիական տնտեսությունը, ընտանի կենդանիների խնամքը-բուծման արհեստանոցները, առողջագիտության կաբինետները, տեսեք, իսկական ուսումնական վարժարաններ են դառնում, իսկական ուսումնական-ստեղծական աշխատանքներ: Հեռուն տանող ու ճիշտ հանգրվանի հասցնող նախաձեռնություններ են, որ ուշացած, երբեմն ձախողված, բայց հետևողական, մի գծով շարվում են՝ սեբաստացիների ուղիղ ճանապարհ դառնում: Հետևողական գործենք: Ե՛վ բնապահպանական նախագծերի ապրիլյան ստուգատեսը, և՛ Մայիսյան ստեղծագործական հավաքը, հունիսյան աշխատանքային ջոկատները մի կարևոր հարթակ են մեր կանաչ-կենդանի-խնամված երկրի՝ կրթահամալիրի Բանգլադեշի, ձեռք բերված ինքնազարմանքի համար՝ մեր ուսումնական երկրագործությամբ: Ես որ այսպիսի ինքնազարմանքի պահանջով եմ ապրում… Հետևողականությունը մեր երկրագործի հաջողության պսակն է:
Արտեմ Խաչատրյանը՝ կրթահամալիրի Քոլեջ-արհեստագործականի ղեկավարը, որ նկատելի օգնում է ինձ պարտեզա-պուրակային աշխատանքներում, համակարգում գյուղացիական ուսումնական տնտեսության ստեղծման նախագիծը, կարևոր մի պատմություն արեց Քոլեջին հարող շենքերից մի բնակչի մասին, որ Քոլեջի «Կասկադ» պտղատու այգու տարածքից պարկերով սևահող է տարել իր բոստանի համար… Այգին հանրային է, Աստծունն է, վերևից բարիք է թափվում, ու «պարտավորվածներն» աշխատանք են կատարում ո՛չ իր համար. այգին իրենը չէ, իրենը բոստանն է, ու ինքը՝ բոստանի պատասխանատուն… Ու սա համատարած մտածողություն է, կրթահամալիրի դպրոցներին հարող շենքերով մեկ… Չգնանք մոտակա-հեռավոր անցյալ, օրվա նյութի վրա շարունակեմ ասելիքը. ապրիլին հազարավոր բնակիչների մեջ՝ ունևոր ու չունևոր, զբաղված ու գործազուրկ, տարատարիք, կուսակցական-անկուսակցական, չգտնվեց մեկը (ոչ սեբաստացի ծնողների մասին է խոսքը), որ գար ասեր՝ այս 6-ից 18 տարեկան տղաներն ու աղջիկները, ուսուցչուհիները մեր աչքի առաջ, բոլորիս համար ի՜նչ կարևոր-պայծառ գործ են անում, բարեկարգում-կանաչապատում-ծառապատում, մեր շենքերի շրջակա միջավայրն աչքահաճո ու փոշիազերծ դարձնում, ես էլ միանամ՝ մի բահ, մի փոցխ, մի փոս, մի գործ… մի օգնություն… համերաշխության մի դրսևորում… Չիք:
Առանց տնտեսական ազատության, առանց ինքնուրույն փող աշխատելու, ձևակերպում եմ, առանց քո՝ կյանքով, կրթությամբ ձեռք բերած կարողություններով գործելու-բանելու-նախաձեռնելու-բիզնես անելու՝ տնտեսապես ինքնուրույն լինելու՝ ի՞նչ ազատություն-ինքնորոշում. հարցնում եմ: Այս օրերին իմ հարազատի հետ կապված, իմ հին ընկերոջ տղայի ու ծանոթ մեկի աղջկա հետ կապված՝ ես բախվեցի այս խնդրին, խորությամբ շարունակում եմ ապրել այս ողբերգությունը. լավ, չափահաս են, լավ, սովորել են՝ բարձրագույն կրթություն ստացել, ծառայել բանակում, հեռակայում են, 20-30 տարեկան են, տանը նստել չեն կարող-չեն ուզում-անհնար է, բայց ի՞նչ անեն, ի՞նչ աշխատեն… Մի գործ, մի բան, մի զբաղմունք… Ասեք՝ խորհրդային ավանդության իներցիայով, տիրապետող սպառողի դպրոցով, երկրից փախչող հասարակությամբ ինչպե՞ս ենք հաղթահարելու այս փակ շրջանը…
Արհեստագործականի մեր ջերմոց-լաբորատորիայում՝ դրախտի մի անկյունում, Շողիկ Պողոսյանի հետ սուրճ էինք խմում, ու ես, Շողիկի օրինակով, Շողիկին ներկայացնում էի այս խնդիրը, դրա կարևորությունը, կրթության կազմակերպման համար սկզբունքային նշանակության, մեր առջև հաստատված փակուղին հաղթահարելու առաջնահերթության մասին: Ինչպե՞ս մարդուն պոկես գետնից, ինչպե՞ս նոր՝ այլ ընթացք հաղորդես, ինչպե՞ս անես, որ ձեռքերը քոր գան, ինչպե՞ս երկրագործությունը դառնա հանրակրթություն, ինչպե՞ս երկիրը մշակողի գործիքները դառնան ուսումնական, ինչպե՞ս ուսուցիչ ու սովորող, հանրակրթական դպրոցի շրջանավարտը երկրագործությամբ փող աշխատեն… Ասել եմ, չէ՞, հաստատելով Միքայել Նալբանդյանին՝ երկրագործությունը ուղիղ ճանապարհ է։ Այո, ես խոսում եմ քաղաքային դպրոցի մասին. քաղաքաբնակ սովորողի համար երկիր է ոչ միայն դպրոցը, դպրոցական բակը, տունը-տնամերձը, սեփական բիզնեսը, այլև շրջակա միջավայրը, փողոցը, քաղաքը, հանրապետությունը…
Կարո՞ղ է լինել ավելի պատշաճ-համապատասխան արձագանք իմ 300-րդ հոբելյանական գրին, քան «Բանգլադեշ անիվների վրա» ապրիլի 17-ի երթ-ակցիան… Մեռել է հանրային, անծանոթին, պարզապե՛ս աջակցությունը, ապրումակցությունը, ոգևորվածությունը, խանդավառությունը… Ահա ինչու մեր բոլոր ծրագրերի, անելիքի աղբյուրը մեր մեջ, մեր երեխաների՝ սովորողների մեջ փնտրեք… Տեղեկացնենք, իհարկե, հարգանքով դիմենք, պատկան կոնկրետ ու անհասցե, ալամ աշխարհի ու հայաստանյան հասարակությունը, ինչպես «Բանգլադեշն անիվների վրա» նախաձեռնության ակտիվիստները՝ Արմինե Թոփչյանի համակարգմամբ, բայց… գործներիդ մնացեք, չշեղվեք, մաճը ձեռից բաց չթողնեք, ինչպես ես, որ երեկ իմ նոր հեծանվով ու երթով ամենուր տարածեցի… Մեր գործընկերոջ՝ Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանի զանգն ամենասպասվածն էր՝ Արմինե Թոփչյանի ու ընկերների «Բանգլադեշն անիվների վրա» նախագծի իրագործման հաջորդ քայլի համար. մենք պիտի միջթաղային-ներթաղային-միջդպրոցական-ներդպրոցական անվավոր երթուղին նախագծենք՝ մաս-մաս իրագործելու համար… Պատվիրատուն երթուղու նախաձեռնող խմբերը կլինեն, անշուշտ, բայց նախագծումը պիտի մասնագետներն անեն… Ճարտարապետության ֆակուլտետի երիտասարդ դասախոս-ճարտարապետը մի խումբ նախագծող ուսանողների հետ կայցելի մեզ՝ նախաձեռնությանը ծանոթանալու, երթուղու նախագծումը սկսելու համար…Ես, անկասկած, մասնակցելու եմ երթին իմ նոր ամերիկյան հեծանվով: Ինձ համար սկզբունքային նշանակություն ունի, որ «Բանգլադեշ անիվների վրա» ուսումնական նախագծի նախաձեռնողները՝ Մարիետը, Ռոզան, Դավիթը… Գեղարվեստի կրտսերի 4-րդ դասարանից, Արմինե Թոփչյանը, ոչ մեկից ոչինչ չեն պահանջում-հիշեցնում. նախագծի իրականացումը քայլ առ քայլ սկսել են, ամեն օր տեղից շարժում են, գործում են՝ բաց, հավեսով, թեթև… ճիշտ-ճիշտ անիվների վրա…
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան