Ծրագրային երգերի, ինչպես նաև ունկնդրման համար նախատեսված ստեղծագործությունների ընտրությունը, շատ կարևոր, ես կասեի, ամենակարևոր գործն է հանրակրթական դպրոցի երաժշտության ծրագիրը կազմելիս: Եթե երաժշտության դասավանդման հիմնական նպատակը սովորողների երաժշտական կրթությունն է, նրանց երաժշտական մշակույթի ձևավորումը, ուրեմն նյութի ընտրությունը պետք է համապատասխանի և կատարի իր գլխավոր դերը: Բացի դասաժամերին ծրագրային երգերի ուսուցումից, առավոտյան ընդհանուր պարապմունքներին, մեդիաուրբաթներին դրանք կատարելուց, կրթահամալիրում կան, գործում են նախագծեր, որոնք ուղղված են այդ նպատակի իրագործմանը. ահա մի քանիը`
- «Կոմիտաս»,
- «Կոմիտասի գրառած երգերի ձայնագրություն»,
- Ծրագրային երգերի ձայնագրություն,
- Ազգային ծեսերին, երգերին, խաղերին՝ նոր կյանք:
Ծրագրային երգերի ձայնագրման գաղափարը ոչ միայն եղել է, այլև անընդհատ ի կատար է ածվել: Այժմ մենք ունենք մեծ թվով ծրագրային երգերի ձայնագրություններ: Սակայն առանց նվագակցության կատարելու միտքը եղել է Արթուր Շահնազարյանինը: Յուրաքանչյուր երաժիշտ շատ լավ պատկերացնում է, թե ինչ դժվար է ակապելլա՝ առանց նվագակցության երգի կատարումը, մանավանդ սովորողների հետ, ովքեր պրոֆեսիոնալ չեն այս հարցում: Երբ առաջին անգամ գնացինք Արթուր Շահնազարյանի նախագծով ծրագրային երգերը ձայնագրելու, երևի անփորձությունից, անսպասելի պահանջկոտությունից մեր փոքրիկ երգիչները կաշկանդվեցին, ձայնագրությունը մեզ չգոհացրեց: Ձայնագրությունը շատ է տարբերվում համերգային կատարումից: Համերգային կատարման ժամանակ աննշան սխալ կատարված հնչյունները այնքան էլ նկատելի չեն ունկնդրի կողմից, դրանք կարող են ընկալել հիմնականում մասնագետները: Երգի կատարման ընթացքում կարող է փոխվել տոնայնությունը՝ բարձրանալով կամ իջնելով: Բայց նույն ունկնդիրը ձայնագրության մեջ նկատում է դրանք, բավական է միացնել սկզբից և վերջից, և տոնայնության փոփոխությունն անմիջապես երևում է: Ձայնագրման սարքերը կարող են անգամ երգի ընթացքում վերցված սովորական մարդկային շունչը բավական արտահայտիչ, ուժեղ հնչեցնել: Ձեռքի թեթև շարժումը, երգի ազդեցության տակ գլխի թեթև տարուբերումը, երգի ռիթմով ծնկածալեր կատարելու պատճառով մարմնի վերուվար շարժումները փոխում են ձայնի հնչողությունը, ուժգնությունը: Այս ամենը գիտի այն երաժիշտ մասնագետը, ով կատարում է ձայնագրություններ և մասնակցում է մոնտաժման աշխատանքներին: Երբ ձայնագրվում է մասնագետ երգիչը, նրա հետ հեշտ է աշխատել, բայց սովորողի դեպքում դա բավական բարդ է: Երբ ասում ես, որ տվյալ հնչյունը սխալ է կատարվել, նա զարմացած կարող է հայացքով հարցնել՝ ո՞նց թե, բայց ես… Ու ստիպված ես լինում մի քանի անգամ ունկնդրել տալ սխալը, որ նա կարողանա ըմբռնել այդ երաժշտական սխալը («ֆալշ» կոչվածը): Հենց դա էր պատճառը, որ յուրաքանչյուր սխալ կատարված թեկուզ մեկ հնչյունի դեպքում ստիպված էինք լինում դադարեցնել ձայնագրությունը և ամեն ինչ սկսել նորից: Դե, եթե պատկերացնենք, թե որքան էին հոգնել մեր փոքրիկ երգիչները, կհասկանաք, թե ինչպես էին երգում վերջում: Կատարման ընթացքում ձայնագրվողը չի նկատում՝ ինչպես է արագացնում կամ չի պահում համաչափ արագություն, ինչպես է երգի տրամադրությունը սխալ հաղորդում: Ուրախ, պայծառ երգը երբեմն հնչում է հոգնած մարդու բողոքող հնչերանգով, որքան էլ բացատրես, չի ընկալվի: Նորից լսել է պետք կատարումը, և այսպես շարունակ:
Հուսահատված վերադարձանք. թվաց, թե գործը կանգնելու է: Բայց, ես այնքան էլ շուտ հանձնվողներից չեմ: Հասկացա, որ հարկավոր է փոխել աշխատելու ձևը, նախ` ընտրել առավելագույնս մաքուր ինտոնացիայով երգողների, աշխատել ինչպես առանձին, այնպես էլ խմբով: Այդ աշխատանքը կատարելուց հետո համոզվել, որ այնքան մաքուր, հստակ են կատարում, որ յուրաքանչյուր երգ կկատարեն լավագույն դեպքում երկու անգամ: Տասը երգ կատարելու դեպքում կկարողանան պահել «մարզական վիճակը» և կատարել մաքուր ինտոնացիայով, երգի արագությունը պահել նույնը, չհոգնել: Այդպես էլ եղավ, ձայնագրվեցինք, հաջողվեց, խորը շունչ քաշեցինք՝ պրծանք: Բայց մնում էր էլի տասը երգ: Դե, այս անգամ արդեն փորձ ունեինք, ավելի արագ կազմակերպեցինք: Չեմ ասի՝ հեշտ աշխատանք էր, բայց, երբ գիտես գործդ, անելիքդ, թիմն էլ սարի պես կանգնած է կողքիդ, պետք է որ ստացվի:
Ես որոշեցի մեր դպրոցի ձայնագրման ստուդիայում էլ կատարել այդ երգերի ձայնագրությունը, առայժմ ութ երգ լավ է ստացվել, մյուսներն էլ շուտով կկատարենք և կհանձնենք կրթահամալիրի «Ձայնադարանին»:
Ի՞նչ դասեր առանք մենք.
- նախագծի մասնակից յուրաքանչյուրը վերջապես կարողացավ ձեռք բերել իր երգածը լսելու, առանց նվագակցության մաքուր ինտոնացիայով երգելու կարողություն,
- երգի արագությունը չփոխելու, ազգային երգը ճիշտ ընկալելու, ազատ, անկաշկանդ, մանկական անկեղծ անմիջականությամբ կատարելու ունակություն,
- ձայնագրվելու փորձ:
Այս ամենից բացի, բոլորը մտերմացան, միմյանց տեսնելու, շփվելու պահանջ ունեին, որոշ սովորողների բնավորության մեջ փոփոխություն նկատվեց՝ դարձել էին աշխատանքի նկատմամբ շատ բարեխիղճ, լուրջ և արված դիտողությանը վերաբերվում էին առանց անձնացնելու (ինչը չեմ կարող ասել գործի սկզբի վերաբերմունքի մասին), սիրով ու պատասխանատվության զգացումով էին. խոսեց թիմային աշխատելու սկզբունքը:
Մեր ազգային երգերն ունեն տարբերակներ, կան երգեր էլ, հատկապես ծիսական, որոնք Հայաստանի տարբեր վայրերում կատարվում են՝ նույն բովանդակությամբ, բայց փոփոխության ենթարկված տեքստով և երաժշտությամբ: Անձամբ Հառիճում մեծացած` իմ երկու տատերից լսել և սովորել եմ «Աման, Մարո» երգը, որոնք տարբեր են իրենց տեմպով, տեքստով, արագությամբ և մեղեդիական կառույցով: Ճակատագրի բերումով ես գիտեմ բավական մեծ թվով ազգային երգեր, որոնք լսել և սովորել եմ երգը ստեղծող, կրող կատարողներից: Ինքս զբաղվել եմ դրանց ձայնագրությամբ, կատարել եմ, տարածել: Հիմա իմ հիշողության մեջ այնքան ազգային երգի մեղեդիներ կան, որ շատ անգամ մտածում եմ՝ մի՞թե դրանք կկորչեն ինձ հետ, ինչպես տարիների ընթացքում կորել են շատերը: Եկավ մի պահ, երբ պահանջ զգացի մեղեդային կառույցով իրար նման, նույն երգի տարբերակներ միացնել և կատարել բազմաձայն: Առաջին փորձը եղավ 2002 թվին, երբ մեկնել էի Արցախի «Եղնիկներ» կոչվող վայրում ծառայող իմ զիվոր տղայի նոտ: Եղբայրս, որն այդ ժամանակ ապրում էր Ստեփանակերտում, և որի տանն էի հյուրնկալվել, խնդրեց բազմաձայնեցնել մեր ազգային երգերից՝ իր «Վերնատուն» Pop-folk խմբի համար, որոնցից երկուսը կարծես բավական հաջող ստացվեց: Հետո ես այլևս չզբաղվեցի այդ գործով:
Մի օր նորից հիշեցի, մեր երաժշտության դասավանդող Տաթև Ստեփանյանի նման մենակատարի առկայությունը, մեր գրագետ, սիրով արձագանքող երաժշտության դասավանդողները նպաստեցին, ու ես սկսեցի գործել: Ստեղծեցինք վոկալ համույթ: Հասկացա, որ ազգային երգերի կատարման այս ձևը կարող է նպաստել դրանց տարածմանը: Ձայնամասերը ստեղծված են ազգային երգերի մեղեդային կառույցով, աշխատում եմ ընդհանրապես չշեղվել ազգայինից: Բազմաձայնությունը կատարում եմ՝ նախ հենվելով նույն երգի տարբերակների մեղեդային կառույցի, ապա՝ նմանատիպ կառույց ունեցող մեղեդիների վրա: Ձայնամասերից յուրաքանչյուրը ինքնուրույն մեղեդի է, նրանք պետք է իրար լրացնեն, իրար հետ «խոսեն», չխանգարեն մայր մեղեդուն և, միևնույն ժամանակ լրացնեն, ստեղծեն ամբողջական ստեղծագործություն: Երաժշտական լեզվով ասած՝ ստացվում է պոլիֆոնիկ բազմաձայնություն:
Ո՞րն է մեր գործի հաջողության գրավականը. լինելով երաժիշտներ` մենք գործում ենք համախմբված, ինձ համար անչափ կարևոր է յուրաքանչյուրի կարծիքը, փորձում ենք, ենթարկում փոփոխության, նոր արտահայտչամիջոցներ գտնում: Հաճելի անակնկալ էր Արթուր Շահնազարյանի, Գոհար Առաքելյանի, Հարություն Թոփիկյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Մարգարիտ Սարգսյանի մասնագիտական դրական կարծիքները լսելը:
Կարծում եմ՝ ծրագրային, ազգային երգերի մատուցման այս ձևը ունկնդրին հասցնելու, տարածման արդյունավետ ճանապարհ է, հարկավոր է միայն լինել հետևողական:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան