Յուրաքանչյուր ուստարվա աշխատանքային ծրագրերն ստեղծելիս մայրենի լեզվի դասավանդողները միասին քննարկում են, արտահայտում իրենց տեսակետը, ներկայացնում նախորդ տարվա իրենց փորձը: Նման քննարկումներն արդյունավետ են, քանի որ օգնում են հաջորդ տարվա աշխատանքային ծրագրերը կազմելիս: Ընդ որում, յուրաքանչյուր կիսամյակ, տարի ծրագրելիս ինքս նկատի եմ ունենում սովորողների կարողությունները, նախասիրած ուղղությունները, նախորդ տարվա ձեռքբերումներն ու խնդիրները:
Իմ աշխատանքային ծրագրերը կազմելիս ինձ օգնում են կրթահամալիրի ուսումնական օրացույցը, Գեղարվեստի դպրոցի դասավանդողների կազմած ուսումնական օրացույցը, «Դպիր» մանկավարժական հանդեսը, կրթահամալիրի պատանեկան ամսագրերը, բլոգները:
Գրականության և խոսքի մշակույթի իմ ծրագրերը հրապարակվում են Գեղարվեստի ավագ դպրոցի ենթակայքում, իմ բլոգում, հղումներն ուղարկվում են սովորողներին, իրենք էլ հրապարակում են իրենց բլոգներում:
Ծրագրի իրականացումը Գեղարվեստի ավագ դպրոցում: Մի քիչ պատմեմ մեր սովորողների մասին: Մի քանի տարի է՝ աշխատում եմ գեղարվեստի սովորողների հետ և ասեմ, որ տարեցտարի փոխվում են սովորողների հայացքները, լայնանում հետաքրքրությունների շրջանակը, սովորողն ինքը ավելի նախաձեռնող է դառնում: Այսօրվա մեր 12-րդցին պատրաստ է գտնելու իր տեղը կյանքում, իր մասնագիտությունը զարգացնելու բարձրագույն հաստատություններում: Մեր սովորողները ընթերցում են, նկարում, քանդակում, երգում, պարում, ստեղծագործում և այդ ամենի մասին պատմում: Ներկայացնեմ մի քանի բլոգներ.
11-րդ դասարանցիներն էլ այս ուսումնական տարում բավականին նախաձեռնող եղան: Նրանցից մի քանիսի բլոգները.
Ուրախացնող է, որ իրենք՝ սովորողները, սիրով են մասնակցում տարբեր նախագծերի, ցուցաբերում են լրջություն իրենց գործի նկատմամբ, ստեղծագործում են, սիրում են կրթահամալիրը, իրենց դպրոցը:
Մայրենի լեզվի նախագծերը կազմելիս ի նկատի եմ ունեցել նրանց նախասիրությունները, և իմ կարծիքով, իրականացնելիս արդյունքը դրական է եղել: Այդպիսի նախագծեր են «Միքելանջելո», կրթահամալիրի տոնացույցով նախատեսված նախագծերը` «Ես կարողանում եմ», Մայրենի լեզվի օրը, կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց, ընթացքի մեջ է «Խ. Աբովյան» նախագիծը, որը կամփոփենք Աբովյանի տուն-թանգարանում, ապրիլի 2-ին: Առաջադրանքներն ու սովորողների աշխատանքները տեղադրում եմ իմ բլոգում, որոշ աշխատանքներ հրապարակում կայքում, ենթակայքում: Նախագիծը քառափուլ է, առաջին երկու փուլերը կարդալու, ուսումնասիրելու, թանգարան այցելելու, Աբովյան փողոցում քայլելու, նկարելու և տեսանյութեր պատրաստելու փուլերն էին, երրորդը թանգարանի աշխատակիցների այցն էր կրթահամալիր: Նրանց հետաքրքրել էր նախագծի ընթացքը: Պետք է ասեմ, որ նախագիծը սկսելու հուշումը կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանինն էր:
Կարևորում եմ, որ նախագծային ուսուցումն ընթանում է տարբեր առարկաների համագործակցությամբ: Կարևորում եմ, որովհետև սովորողն իր համար ստեղծում է իր սիրած հերոսի կերպարը, իսկ նկարելու համար նա կարդում է, ուսումնասիրում: Կարևորում եմ սովորողի ճամփորդությունը, որովհետև եթե նախկինում սովորողը ճամփորդությունը տեսնում էր որպես հանգստի միջոց (ես կասեի՝ ծուլություն), այսօր արդեն այլ է. գեղարվեստի դպրոցի սովորողը ճամփորդում է՝ իրականացնելով նախագծեր, ուսումնասիրում է, ստեղծում է: Նա գիտակցում է՝ ճամփորդելը սովորելու միջոց է: Այս առումներով դրական արդյունքներ եմ գրանցել:
Անդրադառնալով գնահատմանը, ասեմ, որ սովորողին գնահատում եմ իր ամբողջ գործունեության համար: Մեկ օրինակ. սովորողներից մեկն ասաց, որ երբեք չի կարողացել անգիր սովորել, և խնդրեց իրեն չհարցնել մեր բանաստեղծների ստեղծագործություններից: Ի՞նչ անեի, պատժեի՞ նրան՝ անբավարար գնահատելով: Դրա փոխարեն նա կարողանում է մեկնաբանել, պատմել, լուսանկարել, իր ասելիքը ներկայացնել տեսանյութերի, լուսանկարների միջոցով: Կամ այլ օրինակ. քառօրյա ճամփորդության ընթացքում որոշ սովորողներ, որ պարզապես չեն սիրում գրել, կարդալ, զարմանալի ակտիվ եղան: Նրանք նկարում էին, այլ գործեր ստեղծում իրենց արվեստագետ-ղեկավարի հետ, միաժամանակ, այստեղ արդեն աշակերտներ չէին, այլ ուսուցիչների և դասընկերուհիների պահապաններ, օգնականներ: Զարմանալի են, սիրելի ու անսպասելի մեր սովորողները….
Մայիսյան հավաքը հարմար առիթ դարձավ, որ հաշվետու լինեմ իմ առաջ, անդրադարձ կատարեմ այս ուսումնական տարվա իմ գործունեությանը: Այժմ նախատեսել եմ նախագիծ՝ «Հավաքից հավաք»: 12-րդ դասարանցիները, որպես հաշվետվություն, պետք է ներկայացնեն մայիսյան հավաքի նախորդ և այս ուսումնական տարվա գործունեությունը, պատմեն, թե ինչպես են իրականացրել նախագծերը, անհատական ուսումնական պլանը, խնդիրները,արդյունքը:
Կան սովորողներ, ովքեր չեն փայլում բանավոր խոսքով, բայց դրա փոխարեն նրանց աշխատանքներն այնքա˜ն բան են պատմում: Ունենք սովորողներ էլ, ովքեր իրենց խոսքը գրավոր շարադրում են շատ լավ, բայց ահա, ունեն բարդույթներ՝ բարձրաձայն արտահայտվելու, մանավանդ այլ սովորողների կամ դասավանդողների ներկայությամբ: Իհարկե, ջանում եմ, որ նրանք ազատվեն բարդույթներից՝ շարունակ նրանց դրդելով քննարկման, կիրթ վիճաբանության, ինքնարտահայտման: Յուրաքանչյուր պարապմունք փորձում եմ դարձնել հետաքրքիր, ուշադիր լսում և ուղղորդում եմ նրանց մեկնաբանություններն ու վերլուծությունները:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցիչը ուսումնական ծրագրերի անմիջական մասնակիցն ու ստեղծողն է: Հայաստանյան գրեթե բոլոր դպրոցներում աշխատանքային ծրագիրը պատրաստի վիճակում դրվում է ուսուցչի սեղանին, որով էլ նա առաջնորդվում է: Որքանո՞վ է դա նպատակահարմար, արդյունավետ, ուսանելի: Միանգամից ասեմ, որ այսօրվա դասագրքերը սովորողին ոչինչ չեն տալիս: Իհարկե, ուսուցչի համար երևի հեշտ է այլոց կողմից արդեն ստեղծած ծրագրերը կիրառել, բայց այդ դեպքում անտեսվում են սովորողների հետաքրքրությունները, կոնկրետ պահի նրանց նախասիրությունները. չէ՞ որ նրանց զարգացումը ամեն ժամ ու րոպե է: Չեն կարող նյութերը, որոնք մենք՝ միջին տարիքի ուսուցիչներս, անցել ենք մեր դպրոցներում, հետաքրքրել այսօրվա սովորողին: Ոչ ոք, բացի դասավանդող ուսուցչից, չի կարող ավելի լավ իմանալ իր սովորողի նախասիրությունների, օժտվածության, կարողությունների մասին: Սա արդեն լուրջ խթան է, որպեսզի ուսուցիչը կարողանա կազմել իր ծրագիրը: Այդ աշխատանքը շատ հետաքրքիր է, քանի որ ուսուցիչը այդ կերպ ինքնակրթվում է, հետազոտում, ստեղծում: Նման դեպքում ուսուցչի համար դասավանդումը դառնում է ստեղծական, սիրելի, հեշտ: Ինքս ծրագիրը կազմելիս կարծես տեսնում եմ, թե ինչպես պետք է իրականացնեմ: Որպես օրինակ` իմ բլոգում տեսեք «Խ. Աբովյան» նախագծի աշխատանքների ընթացքը, արդյունքները:
Մի կարևոր հանգամանք էլ. կրթական ծրագրի հեղինակ ուսուցիչն անպայման իր աշխատանքը կհասցնի սովորողին, կփորձի այնպիսի մեթոդներ կիրառել, որոնց շնորհիվ սովորողը ոչ միայն կյուրացնի, այլ կհայտնաբերի, կստեղծի, կսովորի ինքնուրույն և կսովորեցնի, ուսումնական նյութը կկապի իր կյանքի և օրվա հետ: Հեղինակ ուսուցիչը հենց դա է ուզում՝ ունենալ կիրթ, գրագետ, ազատախոհ ու պատասխանատու սովորող:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան