«Նոր ուսուցողական միջավայր» ցուցադրության նախագիծ
Միջավայրը ձևավորում է մարդուն, մարդը ձևավորում է միջավայրը, ձևավորվում է ինքը, կողքինը և հաջորդը՝ ապագայի գանգրահերը:
Այստեղ, ի տարբերություն հավի ու ձվի պատմության, սկիզբը պարզ է, բայց մենք այնքան ենք բնությունից հեռացել, որ ներկայումս ավելի շատ ձևավորվում ենք մարդկանց կողմից և ոչ բնության, իսկ մարդու ձևավորածը սկզբում երկրորդական է, հետո երրորդական, չորրորդական…, չնայած նրա բնության կողմից ստեղծված լինելու վարկածին («Բնությունը մարդ է, մարդը` բնություն». Մ.Սարյան)։
Քաղաքակրթության տված դասերի ստուգումն անց է կացնում բնությունը, բազմաթիվ լեգենդներում, էպոսներում, միֆերում խոսվում է բնությունից հերոսների ստացած ուժերի մասին (հող, ջուր, կրակ, օդ):
Բնության միակ պարգևը ազատությունն է (Լեոնարդո Դա Վինչի), որից զրկելն ամենադաժան պատժաձևերից մեկն է, չորս պատերի միջոցով, որն ավելի լավ, քան կրթահամալիրի տնօրենը, ոչ ոք չգիտի: Որտեղից էլ գալիս է մեզ մեկմեկուց և բնությունից այդպես դաժանորեն բաժանող ֆիզիկական և հոգեբանական պատերի նկատմամբ նրա դոնկիխոտյան պայքարը…
Մեր ձևավորման վրա ավելի մեծ ազդեցություն ունեն, ոչ թե Մոնա Լիզան, Բեթհովենի 7-րդ սիմֆոնիան կամ Գրիգոր Խաչատրյանի չնկարած նկարը, այլ շրջակա միջավայրը, Գեղարվեստից Մայր դպրոց ճանապարհին ընկած շինարարների կողմից լքված և արհամարհված մի թախծոտ անկյունաքար արբեցուցիչ աղբակույտի հարևանությամբ, որի հետ ամենօրյա շփումից առաջացած հարազատությունից կարող ես գրկախառնվել, բարևել, իսկ երբ հավաքում են, կորուստն ես սգում:
Թերևս պատը, նշանային և հոգեբանական առումով, ավելի շատ բացասականի հետ առնչություններ ունի, քան դրականի։ Այն լավ է պատսպարվելու կամ մեզ` նկարիչներիս նվիրելու համար, բայց այն ավելի լավն է, երբ թափանցիկ է և ձայնաջերմամեկուսիչ:
Այն, ինչ արվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների ջանքերով, կրթահամալիրի արտաքին և ներքին միջավայրի բարելավման համար, շարունակական է. շատ է` համեմատած ոչինչ չանելու հետ և հեռու բավարար լինելուց:
«Նոր ուսուցողական միջավայր» ցուցադրությունը կներկայացվի «Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնին»` 2013թ. նոյեմբերի 12-16-ը։