Մինչ Հայաստանում մտմտում ենք լեզվի մատչելի ու օգտակար դասընթաց մշակելու մասին, աշխարհում խոսքն ու խոսքի մշակույթն են դարձել կրթության և ուսումնասիրության առարկա, խոսքի մշակույթը հաստատում է իրեն զարգացած երկրներում, դառնում հասարակության քաղաքակրթվածության չափանիշ, մասսայականացվելու հրամայական ներկայացնում։
Անվանի լեզվաբանները տնտղում են խոսքն ու դրա մշակույթը տարբեր տեսանկյուններից, համեմատում են տարբեր մշակույթ ունեցող ժողովուրդների լեզուն, քննարկում քերականական հոմանիշների ոճական արժեքները։
Այնինչ ամենասովորական մարդուն հարկավոր է զարգացնել մտածողությունը։ Եթե մարդ մտքեր ունի, դրանց արտահայտելու ձևը գտնելն անհամեմատ ավելի հեշտ է։
Սրա համար է, որ դպրոցական ծրագրում խոսքի մշակույթի ծավալման դաշտ են դառնում այսպես կոչված «պատմողական», իրականում մտածելու հակող առարկաները՝ պատմությունը, մշակութաբանությունը, իրավագիտությունը, քաղաքագիտությունը, փիլիսոփայությունը և, իհարկե, գրականությունը։
Համաշխարհային գրականությունը մի ասպարեզ է, ուր մարդը հաղորդակցվում է համաշխարհային մտածողության հետ։ Ճանաչում գտած ու բազմաթիվ լեզուներով թարգմանված գրողը անհատի, հասարակության, դրանց հարաբերությունների, երբեմն նույնիսկ մարդու՝ ինքն իր հետ հարաբերվելու մասին է խոսում, ինչպես Կորտասարը՝ անհատի ճնշվածության, Բորխերթը՝ պատերազմի արհավիրքների, Սարտրը՝ վախերից ու կյանքին կառչածությունից ազատվելու մասին, ընթերցողը (սովորողը) հենց այդ թեմաներով էլ մտածում, գրառումներ է անում իր բլոգում` այդպիսով մշակելով իր խոսքը։ Փաստարկներն ու օրինակները, որ բերում են հեղինակները իրենց տեսակետները համոզիչ դարձնելու համար, դեռահասին մղում են կա՛մ ինքնահաստատման ձգտումով հակափաստարկներ բերել՝ հերքելու թելադրվող միտքը, կա´մ խորամուխ լինելու, իրենց կենսափորձում գտնելու համանման օրինակներ, դրանով վստահելու գրողին, ընկերանալու նրա հետ։ Ընթերցանությունը, այսպիսով, շարունակվում է հետազոտությամբ, պատմական ժամանակաշրջանի կարևոր իրադարձությունների և մտածողության վրա դրանց ազդեցության, ժամանակի փիլիսոփայական մտքի ուղղության, այդ համատեքստում գրողի կերպարի, նրա մասին իր ընկերների պատմածի ուսումնասիրությամբ։
Դպրոցում գրականութուն ուսումնասիրելու ավելի լավ մեթոդ կա՞։ Բայց ինչո՞վ սա նաև խոսքի մշակույթ չէ։
Տրամաբանական է, որ թե՛ ընթերցանության, թե՛ դրա թեմայով արտահայտվելու համար հարկավոր է օգտագործել հնարավոր բոլոր տարբերակները՝ գիտական գրականություն, գեղարվեստական, փաստագրական, վերլուծություն, նույն երևույթին տարբեր տեսանկյուններից ուղղված հայացքի դրսևորում։ Եթե, օրինակ, հասարակագիտությունից հանձնարարվում է Օրուելի «Անասնաֆերման», անկասկած, դրա վերլուծությունը հասարակագիտության տեսանկյունից արվում է։ Այս առակի գլխավոր արժանիքը հենց նրա հասարակագիտական լինելն է։ Գրականությունն այստեղ հեղինակի հմտությունն է՝ կերպարներ կերտելիս, դիպվածներ առանձնացնելիս ընթերցողին դրանք համոզիչ ներկայացումն է, դիպուկ արտահայտություններով բնութագրելը։ Շատ արտահայտություններ դարձվածքային արժեք ունեն, որ թվում է՝ պատահաբար են այստեղ հայտնվել։ Երբ ընթերցող սովորողի հետ բացահայտում ես գրողի միտումը՝ բոլորին հասկանալի լեզվով ասել այն, ինչ մեր շուրջը կատարվում է, բայց մնում է աննկատ, սովորողը հայտնաբերում է իր համար, որ խոսքը (ասելիքը) կարող է և պետք է միտումնավոր լինի, նպատակային և մատչելի։ Իսկ սրանք հաղորդակցական հատկանիշներ են ու սովորողի նշված հմտություններն են զարգացնում։
Այս իմաստով նախագծային աշխատանքն էլ հարմար է տարբեր առարկաների համակցումով կատարել, ինչը թույլ է տալիս լայնածավալ ուսումնասիրություն անել, կարդալ տարբեր ոճերի գրականություն, այդ ձևով սովորել ոճերի տարբերությունը, դրանց սահմանների խախտման թույլատրելիության աստիճանը։
Կարդացածի, տեսած-լսածի մասին մտածելը, տեսակետ ձևավորելն ու արտահայտելը, մտքերը գրավոր շարադրելն ու բանավոր ներկայացնեը, սեփական գաղափարները փաստարկներով պաշտպանելը, փաստարկների համադրումը, հակադրումն ու եզրակացություն անելը. սրանք են խոսքի մշակույթի խնդիրները։ Սրանք նաև առարկաների մի զգալի մասի՝ ուսումնական ծրագրերով նախատեսված խնդիրներն են։
Հանրակրթական տարբեր առարկաներից նախագծային աշխատանքները նպաստում են կյանքի համապատասխան բնագավառը ուսումնասիրելուն, կիրառական նպատակներով դրա դիտարկմանը։ Ի վերջո սովորողը, կյանքի բերումով իր առաջ ծառացած խնդիրների լուծմանը, երբեմն էլ հնարավոր լուծումներին է գալիս, հավաքած տեղեկությունների ու մշակած հմտությունների շնորհիվ կարողանում է ավելի լավ կազմակերպել իր կյանքը։ Խոսքն ամենևին էլ երկրորդական չէ կյանքի խնդիրները հաղթահարելու ճանապարհին։ Ցանկացած նախագիծ սովորողն ի վերջո ներկայացնելու է հանրությանը (աշխատանքի արդյունքի ներկայացումը նախագծի պարտադիր պայմաններից է), ապացուցելու է իր կատարած աշխատանքի արժևորությունը, հաղթահարելու է ունկնդիրների, գուցե նաև ժյուրիի՝ իրեն ուղղված շփոթեցնող հայացքները։ Դա, հենց խոսքի մշակույթն է՝ դրա գործընթացը։
Խոսքի մշակույթն այն խմորիչն է, որ պիտի մերի ուսումնական բոլոր առարկաները՝ վաղ թե ուշ կրթությունը մի հունի մեջ ներառելու համար։