Կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծերում աշխատելիս սովորողները ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ: Նրանք ստանում են այս կամ այն առաջադրանքը, ձևավորում խմբեր, ապա դասարանում և տանը՝ առկա, առցանց կերպով, կազմակերպում են նախագծի կատարման աշխատանքները: Որպես նախագծի ամփոփում՝ ներկայացնում են կոնկրետ արդյունքներ՝ տեսանյութ, աշխատանքի ցուցադրություն, համակարգչային ծրագրի յուրացում, հետազոտության փորձ և այլն: Նախագծի կատարման ընթացքը վերահսկվում է դասավանդողի կողմից, ով առկա և առցանց հետևում և մասնակցում է աշխատանքներին: Նախագծային աշխատանք կատարելը հարմար է հատկապես նախագծեր իրականացնելիս, որովհետև ժամանակ կա ուսումնասիրություն անելու։
Վերջնական արդյունքները հրապարակվում են դպրոցի կայքի «Նախագիծ» ենթաբաժնում, ենթակայքում, սովորողների բլոգներում:
Անցյալ տարվա քիչումիչ փորձն ունենալով՝ արդեն այս տարի «Վիկտոր Համբարձումյան» նախագիծն իրականացվեց բացառապես բլոգների միջոցով: Ինչո՞ւ բլոգների, որովհետև հատկապես նախագծային աշխատանքի ընթացքում բլոգները՝ որպես կրթական գործիքներ, շատ հարմար են. կատարված աշխատանքը, ամբողջական փաթեթի տեսքով, տեսանելի է ու թափանցիկ: Բնականաբար, աշխատանքի ընթացքում կարիք զգացվեց հստակեցնելու սովորողի բլոգի վարմանը ներկայացվող պահանջները: Ահա դրանք.
- տեսանելի է հեղինակային դիրքորոշումը. նյութերը բովանդակային առումով ամբողջական են և թարմացվում են հաճախակի.
- նյութերը մատուցվում են հնարավորինս գրագետ կերպով. կոպիտ ուղղագրական-կետադրական սխալներ, ընդհանուր առմամբ, չկան, տեքստերը զերծ են ոչ հայեցի կետադրական նշաններից և ինտերնետային այլևայլ սիմվոլներից.
- զգացվում է համացանցային մշակույթի առկայություն. պահպանվում են հեղինակային իրավունքի նորմերը, էթիկայի կանոնները:
Նախագծին ներկայացվող պահանջներ
Նախագիծը պիտի ունենա.
- թեմա և ուսումնասիրման ենթակա թեմայի հետ կապված հարցադրումներ
- աշխատաքի փուլեր (նախնական պլանավորում, գործողությունների ծրագիր, ժամկետներ, միջանկյալ հաշվետվություններ)
- աշխատանքի վերջնաժամկետ
- ակնկալվող արդյունք (հրապարակախոսություն, տեսաֆիլմ, ձեռնարկ, փաթեթ, շտեմարան, հոդված, ներկայացում, և այլն)։
Նախագիծն իրականացնելիս պարզվեց, որ պիտի հստակեցվի նաև սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջները: Ահա դրանք.
- տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում
- ասված խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողության առկայություն
- մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում
- կարդացած տեքստերի համադրում, դրանց տարբերությունների քննարկում, եզրակացություն-հետևություն անելու առնվազն փորձ։
Ինչպես սկսել նախագիծը
Նախագիծը սկսվում է մասնակիցների մոտիվացիայից։ Մասնակիցներին հնարավորոթյուն տվեք զգալու՝ ինչ ասել է իսկական թիմ, գրի առեք և քննարկեք յուրաքանչյուր մասնակցի արտահայտած գաղափար կամ միտք: Նախագծային աշխատանքներ իրականացնելու ընթացքում այդ երկխոսությունը անհրաժեշտ պայման է։
Սովորողի կարծիքը հաշվի առնելը սկզբունք է, որն անպայման հարկավոր է հաշվի առնել։ Սովորողների հետ միասին աշխատանքային ուղեցույց ստեղծեք, աշխատեք համատեղ ստեղծված աշխատանքային կանոնների համաձայն: Ընդհանուր համաձայնության եկեք աշխատանքի ընթացքում առաջացած դժվարությունները հաղթահարելիս։ Հաշվի առնելով մասնակիցների նախասիրություններն ու բնական հատկությունները՝ կատարեք աշխատանքի հնարավորինս հստակ բաժանում։
Նախագծի ղեկավարը կատարում է նախագծի նախնական պլանավորում, ապահովում է առաջնային գիտելիք պարունակող տեղեկատվությունը, որը կողմնորոշում է սովորողներին՝ ինչպես, ինչ ուղղությամբ սկսել աշխատանքը, տալիս է համացանցային հղումներ, գրքերի անուններ և այլ անհրաժեշտ նախնական տեղեկություն: Հետևում է նախագծի աշխատանքի ընթացքին և ավարտին է հասցնում նախագիծը՝ վերջնական արտադրանքի տեսքով:
Առարկայական ուսուցիչն ապահովում է մասնագիտական խորհրդատավություն սովորողին: Օգնում է որոնել տեղեկատվական գրականություն, այլ նյութեր, մեդիանյութեր, օգնում է կոնկրետ հարցեր լուծելիս առաջացած դժվարությունները հաղթահարել, փոխանցել համապատասխան հմտություններ: Օրինակ՝ «Վիկտոր Համբարձումյան» նախագծի աշխատանքի ընթացքում, երբ 9.2 դասարանի Էրիկն ու Զավենը առաջադրանք ստացան Համբարձումյանի «Կտակը» դիտարկել որպես իրավաբանական փաստաթուղթ, կարիք զգացվեց դիմելու տիար Տիգրանյանի խորհրդատվությանը:
Նախագծային աշխատանքը հետաքրքիր է նաև նրանով, որ ընդհանուր գործ կատարելիս սովորողներն էլ ավելի են մտերմանում, փորձում են օգտակար լինել իրար, ընկերանում են, իրար ուսումնասիրում-բացահայտում են, իրարից սովորում են, գնահատում են «ընկերություն» կոչվածը, հասկանում են դրա առավելությունները: Մի խոսքով՝ նախագծի վրա աշխատելու ընթացքում առավել ցայտուն են դառնում սովորողի ունակությունները:
Նախագծային աշխատանքի առաջին փուլ
Ստեղծվում են աշխատանքային խմբեր: Նախագիծը իրականացնում են խմբով, անդամների միջև աշխատանքի բաժանում է լինում, խումբը ունենում է ղեկավար, որը նաև համակարգում է մյուսների աշխատանքը: Նախագծի կատարումը վերահսկելու համար կազմում են աշխատանքային ժամանակացույց՝ միջանկյալ արդյունքներով.
- գրանցվում են արդյունքին ներկայացվող պահանջները.
- նախագծի խնդիրները արդյունքին հասնելու ճանապարհին հանդիպող դժվարություններն են։
Աշխատանքի երկրորդ փուլ
- նախագծի իրականացման ընթացքում կատարվում են հետազոտական աշխատանքներ
- նախագծի արդյունքի ներկայացում (արդյունքը պետք է ունենա հասարակական արժեք)
- աշխատանքների գնահատում
- ստացված արդյունքի համապատասխանությունը սկզբնական պահանջներին։
Աշխատանքի երրորդ փուլ
- նախագիծը ենթադրում է վերանայում
- ծրագրի կիրառման արդյունքում նկատված թերությունների, ստացված դիտողությունների, առաջարկությունների քննարկում և համապատասխան փոփոխությունների կատարում
Կատարված աշխատանքի ներկայացում
Սովորողը պիտի կարողանա ներկայանալ և ներկայացնել.
- համառոտ նկարագրել կատարված աշխատանքը` ինչ խնդիր են դրել, ինչու են ընտրել հենց այդ թեման, ինչպիսին է աշխատանքի արդյունքը, որն է նախագծի արդյունավետությունը.
- խոսել նախագծի ընթացքում ծագած դժվարությունների և աջակցությունների մասին. պետք է հիմնավորել՝ աշխատանքի ընթացքում ինչն են համարում անարդյունավետ, իսկ ինչը՝ օգտակար.
- վերաբերմունք արտահայտել` կոնկրետ ներկայացնողի համար որքանով է օգտակար այդ նախագծին մասնակցելը, ինչ սովորեց, ինչը ճշտեց, ինչ է կարողանում ավելի լավ անել աշխատանքը կատարելուց հետո, ինչը ինքը կկիրառի հետագայում:
Իրական նախագծային աշխատանքի արդյունքում սովորողները ձեռքբերում պիտի ունենան՝ միասին ստեղծելով շոշափելի արդյունք։
Դասավանդողը սովորողների հետ միասին, նախագծերի արդյունքում, ուսումնական տարվա ընթացքում ստեղծում է ուսումնական նյութեր, առաջադրանքների և հարցաշարերի շտեմարան, ուղեցույցներ, ուսումնական մեդիափաթեթներ, ուսուցման այլ նյութեր, տեսանյութեր՝ դրանք հրապարակելով բլոգում, որպեսզի հասանելի լինի բոլորին: