Գնահատումն անհատի, կոլեկտիվի, էթնոսի, հասարակության, պետության, մարդկության, նաև` իր նկատմամբ անհատի, կոլեկտիվի, էթնոսի, հասարակության, պետության առարկայական և (կամ) ենթակայական վերաբերմունքն է, որի հիմքում համապատասխան արժեքային համակարգն է: Գնահատումն արտահայտվում է գործնական քաղաքականության (լայն իմաստով), վերմիավոր, ոչ վերմիավոր, թվային դրսևորումներով:
Սովորողի գնահատումը հիմնականում ձևավորվում է անհատ-անհատ համակարգում՝ բնականաբար կրելով էթնիկական և հասարակական կաղապարների, ընտանեկան ավանդույթների կամ դրանց բացակայության, արդիականության հարացույցի ազդեցությունը:
Սովորողի գնահատումը դառնում է հիմնախնդիր, եթե սկզբունքային հակասություն կա դասավանդողի ու սովորողի և (կամ) ծնողի կրթական նպատակներում, եթե անհամատեղելի են դասավանդողի և ծնողի թվանշանային գնահատման չափանիշները, եթե ձախողվել են դասավադող – սովորող հարաբերությունները: Եթե երկրորդ դեպքում հնարավոր է փոխզիջում, ապա երրորդ դեպքում դասավանդողը պետք է զրկվի այդ դասարանում դասավանդելու իրավունքից, իսկ առաջին դեպքում` սովորողը տեղափոխվի այլ դասարան կամ կրթական հաստատություն:
Ինչպես եմ ես փորձում խուսափել գնահատման հիմնախնդրայնացումից: Ընդամենը փորձում, որովհետև դպրոցական գնահատումը նվազագույնը եռակողմ է` սովորող–դասավանդող–ծնող: Բնականաբար կարևոր է, որ գնահատման համակարգը լինի առարկայական (չափելի) և ոչ թե ենթակայական (զգացմունքային): Սակայն այդպիսի համակարգն անիմաստ, նույնիսկ վտանգավոր, կդառնա, եթե կառուցված չլինի երկու հիմնասյուների` արդարության և սովորողի առաջընթացի հաշվառման, վրա: Արդարությունը բացառում է միջանձնային հարաբերությունների գործոնի ազդեցությունը թվանշանային գնահատման գործընթացում: Սովորողի առաջընթացի հաշվառումը խրախուսող գնահատման առանցքն է, նրա փոքր քայլերը նկատելու, արձանագրելու և կրթական գործունեությունը խթանելու գրավականը:
Անանուն Իմաստասերը բարբառել է. «Երբ դաշտի ծաղիկները միաժամանակ են բուրում, դժվար է գտնել քո՛ ծաղիկը»: Ես ամեն օր մի քայլ եմ անում դեպի իմ ձնծաղիկը, և այն արդեն երևում է հորիզոնում:
Իսկ չոր իրողությունների լեզվով հետևյալը: Ներկայացնում եմ VI դասարանի համար կազմած երեք այլընտրանքային ծրագրերի գնահատման բաժիննները`
- «Պատմություն» դասընթացի գնահատում` պարտադիր դասարանական աշխատանք – 2-6 միավոր, կամավոր տնային աշխատանք – 1-3 միավոր, նախագծային աշխատանք – 1-3 միավոր, հետազոտական աշխատանք – 2-4 միավոր.
- «Երեխաների համաշխարհային պատմությունը Հին աշխարհի պատմության համատեքստում» դասընթացի գնահատում. սովորողների ուսումնական գործունեության բոլոր ձևերը գնահատվում են շաբաթական պարբերականությամբ` յուրաքանչյուրը 10 միավորանոց համակարգով: Վերջնական գնահատականում ուսումնական գործունեության ձևերն ունեն հետևյալ չափաբաժինները` նախագծային աշխատանք — 50%, դասարանական քննարկում — 5%, ուսումնական ճամփորդություն — 10%, փոխուսուցում — 20%, ձեռք բերած գիտելիքների բանավոր և գրավոր տարածում — 15%.
- «Հայկական լեռնաշխարհ և աշխարհ (նախապատմական ժամանակներից մինչև մ. թ. ա. IV դար)» դասընթացն ուսումնասիրողների գնահատումն հասկանալու համար հարկ է ծանոթանալ ծրագրին:
Այս ուսումական տարում 6-2 դասարանի սովորողներն ընտրել են այլընտրանքային ծրագրի առաջին տարբերակը:
2018-2019 ուսումնական տարվա շեմին ես որոշեցի այլընտրանքային ծրագրաստեղծման ոլորտում ևս մի նորույթ կիրառել` գրել առարկայական ծրագիր կոնկրետ դասարանի համար, նաև հաշվառելով տվյալ դասարանի սովորողների կոգնիտիվ և կրեատիվ որակները և նախորդ ուսումնական տարում իրականացրած ուսումնական գործունեության արդյունքները: Արդյունքում այդ դասարանների առարկայական ծրագրերի գնահատման բաժիններն ունեցան հետևյալ բովանդակությունները։
- 7-1 դասարան
Գնահատում (ամսական, 10 միավորանոց համակարգով)
- Պարտադիր դասարանական աշխատանք – գրավոր (1-4 միավոր), բանավոր (2-8 միավոր)
- Կամավոր տնային աշխատանք – գրավոր (1-3 միավոր), բանավոր (3-9 միավոր)
- Նախագծային աշխատանք – 3-7 միավոր
- Հետազոտական աշխատանք – 4-8 միավոր
- Ստեղծագործական աշխատանք – 4-6 միավոր
Եթե սովորողը գերազանցում է 10 միավորի սահմանը, ապա նա իրավունք ունի իր դասընկերոջը փոխանցելու 1-2 միավոր (փոխուսուցման պայմանով), հավելել 1-2 միավոր այլ ամսվա գնահատման նիշի վրա, ստանալ գիտահանրամատչելի ամսագիր (1 միավորը` 1 համար), առաջարկել ուսումնական ճամփորդության նախագիծ (1 միավորը` 1 օր):
- 7-2 դասարան
Գնահատում (10 միավորանոց համակարգով)
- Պարտադիր դասարանական աշխատանք – գրավոր (1-4 միավոր), գրավոր (2-8 միավոր)
- Կամավոր տնային աշխատանք – գրավոր (1-3 միավոր), (3-9 միավոր)
- Նախագծային աշխատանք – 3-7 միավոր
- Հետազոտական աշխատանք – 4-8 միավոր
- Պատմության վերակառուցում – 6-8 միավոր
Ամսվա վերջում բոլոր միավորների գումարը բաժանվում է 4-ի: Արդյունքը նշանավում է որպես ամսական գնահատական: Եթե արդյունքը գերազանցում է 10 նիշը, սովորողն իրավունք ունի հավելյալ միավորներն օգտագործելու այլ ամսվա գնահատանիշը փոխելու նպատակով կամ առաջարկել ուսումնական ճամփորդության նախագիծ (մեկ ամսվա ընթացքում 13-ից ավելի միավոր հավաքելու դեպքում):
- 8-3 դասարան
Գնահատում
Գնահատումն իրականացվում է 10 միավորանոց համակարգով ամիսը մեկ անգամ, հետևյալ բանաձևով՝ ԴՄ+Տ+ՀԱ+Թ=ամսական գնահատական, որտեղ ԴՄ-ն ամսվա դասարանական աշխատանքների (գնահատվում են յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ դասի ավարտին 6 միավորանոց համակարգով) միջին գնահատականն է, Տ-ն` տնային առաջադրանքների գնահատականը (դրվում է յուրաքանչյուր ամսվա վերջին, 3 միավորանոց համակարգով), ՀԱ-ն` հետազոտական աշխատանքների գնահատումը (5 միավորանոց համակարգով, մեկ ամսում կատարված աշխատանքի հաշվառմամբ), Թ-ն` թարգմանությունների գնահատումը (եվրոպական լեզուներից թարգմանության մեկ էջը՝ 1 միավոր, այլ լեզուներից` 3 միավոր): Եթե ամսվա վերջին սովորողի հավաքած միավորները գերազանցում են 10-ը, ապա նա իրավունք ունի համադասարանցուն փոխանցել 1-2 միավոր (նրա հետ անհատական խորհրդատվություն անցկացնելու պայմանով), 1-3 միավոր գումարել իր այլ ամիսների միավորների քանակին, 2-4 միավորի դիմաց պարգևատրվել անցյալի և ներկայի իրականությունն արտացոլող ամսագրերի նվազագույնը 5 օրինակով, 5-7 միավորն օգտագործել իր առաջարկած բովանդակությամբ և երթուղով, գիշերակացով ուսումնական ճամփորդություն կազմակերպելու համար:
- 9-2 դասարան
Գնահատում
- Դասարանական առաջադրանքների բանավոր կատարում – 1-4 միավոր
- Դասարանական առաջադրանքների գրավոր կատարում – 1-2 միավոր
- Տնային առաջադրանքների բանավոր կատարում – 1-3 միավոր
- Տնային առաջադրանքների գրավոր կատարում – 1-2 միավոր
- Թարգմանական աշխատանք – 1-2 միավոր (1 էջը Arial Unicode 14 ձևաչափով)
- Հետազոտական աշխատանք – 4-8 միավոր (կարևորվում են բովանդակությունը, առաջին հերթին` սեփական կարծիքի դրսևորումները, օգտագործված աղբյուրների քանակը և որակը, օգտագործված լեզուների քանակը և կիրառման մակարդակը)
- Նախագծային աշխատանք – 4-8 միավոր
- Նախաքննական առաջադրանքների կատարում – 1-5 միավոր
Ամսվա վերջում հավաքված միավորների քանակը բաժանվում է 4-ի և ստացված արդյունքը նշանակվում է որպես տվյալ ամսվա գնահատական:
Հարկ եմ համարում ընդգծել, որ վերոշարադրյալ համակարգերը չափելի գնահատում իրականացնելու հնարավորություն են տալիս, ինչի մասին են վկայում նաև սովորողների ինքնագնահատականները. սակայն այս ներդաշնակությունը մի ակնթարթում կփլուզվի, եթե արդարության սկզբունքը լքի դասավանդող – սովորող հարաբերությունների դաշտը:
Սև Իմաստասերն ասել է. «Շահն ու արդարությունն անհամատեղելի են»: Իսկ Անանուն Իմաստասերը հակադարձել է. «Ձնծաղիկի շահը բոլորին գարուն ավետելն է»:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան