Նոյեմբերի 5-9-ը՝ որպես նախագծային ուսուցման ստուգատեսի և Սեբաստացու օրեր, ինձ համար անցան բավականին հետաքրքիր և բազմազբաղ իրավիճակներում: Սեբաստացի սովորողների հետ իրականացրինք տարբեր աշխատանքներ, ունեցանք հյուրեր, տարբեր թեմաներով քննարկումներ: Փորձեմ նախագծային շաբաթն ամփոփել ըստ իրականացրած աշխատանքների ուղղությունների…
«Երևան 2800»
2018-2019 ուսումնական տարվա ընթացում շարունակում ենք «Հին Երևան» նախագծի իրականացումը, որին միացել է նաև անգլերենի դասավանդող Սիլվա Հարությունյանը՝ իր սովորողների խմբով։ Արդյունքում «Հին Երևան» նախագիծը դարձավ համագործակցային: Նախագծային շաբաթվա ընթացքում 10-11-րդ դասարաններում հիմնականում իրականացրել եմ նախագծի քննարկում՝ նպատակ ունենալով նախագծին ծանոթացնել հատկապես նոր սովորողներին և նրանց ընդգրկել նախագծում:
2017-2018 ուսումնական տարվա ընթացքում Միջին դպրոցի 8-րդ դասարանների սովորողների հետ սկսեցինք «Ակտիվ քաղաքացի» նախագիծը, որի նպատակը համայնքային հիմնախնդիրների բացահայտումն ու ուսումնասիրությունն է: Փորձ եմ արել «Ակտիվ քաղաքացի» նախագիծը իրականացնել «Հին Երևան» նախագծի հետ համատեղ, ինչը երկու նախագիծն էլ բավականին հաջողված դարձրեց (Կոնդ և Բուլվար թաղամասեր այցելություն)։ Սվորողները նաև իրենց թաղամասերում էին ուսումնասիրություններ կատարել, վեր հանել հիմնախնդիրներ և ներկայացրել կլոր սեղան-քննարկմանը:
Սակայն ես եկել եմ այն համոզման, որ «Ակտիվ քաղաքացի» նախագիծը ավելի արդյունավետ կլինի, եթե իրականացվի Երևանից դուրս՝ մարզային համայնքների, մասնավորապես գյուղերի խնդիրների բացահայտմամբ և ուսումնասիրությամբ: Գյուղական համայնքներում հիմնախնդիրները և՛ բազմաթիվ են, և՛ բազմատեսակ, և միևնույն ժամանակ, անտեսված: Այնպես որ, նախագծային շաբաթվա ընթացքում «Ակտիվ քաղաքացի» նախագիծը, քննարկելով սովորողների հետ, որոշեցինք տանել մարզեր:
Սեբաստացի սովորող
Կրթահամալիրի տոնը լավագույն առիթ էր սեբաստացիներին կրթահամալիրում հավաքելու, պարզելու՝ ինչ են անում կրթահամալիրից այլ ուսումնական հաստատություն տեղափոխված մեր սովորողները, ինչ հաջողություն ու ձեռքբերումներ ունեն: Եվ այդպիսի հանդիպում մեր սովորողներն ունեցան Կրթահամալիրի նախկին սան, Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանող Միքայել Կամենդատյանի հետ: Հանդիպման ընթացքում Միքայելը բավականին հանգամանորեն ներկայացրեց Դիլիջանի միջազգային դպրոցը, այնտեղ իրականացվող ուսուցումը, ներկայացրեց այս երեք ամսվա ընթացքում իր ձեռք բերած փորձն ու հմտությունը:
Կրթական փոխանակումներ
Սեպտեմբերի 21-ին «Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակում Ավագ դպրոցի սովորողների և դասավանդողների մի մեծ խմբով այցելել էինք Սյունիք՝ հաղթահարելու Իշխանասարը: Այցի ընթացքում կրթական փոխանակումներով եղանք նաև Կոռնիձորի միջնակարգ դպրոցում: Իսկ ահա հոկտեմբերի 28-31-ը Ավագ դպրոցի սովորողների և դասավանդողների մի մեծ խմբով ուսումնահայրենագիտական ճամփորդությամբ և Կրթական փոխանակումներով եղանք Արցախում, այցելեցինք Արցախի Վանք (Մարտակերտ), Հերհեր (Մարտունի) գյուղերի միջնակարգ դպրոցներ, ինչպես նաև Շուշիի՝ Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց: Ի պատասխան մեր այցերին՝ Կրթահամալիրի տոնին մասնակցելու եկան Սյունիքի մարզի Կոռնիձորի և Արցախի Վանքի միջնակարգ դպրոցների սովորողների և ուսուցիչների խմբերը: Նոյեմբերի 9-11-ը Կրթահամալիրում անցկացրած մեր հյուրերը իրենց դպրոցներ վերադարձան վառ տպավորություններով, լավ ընկերական կապեր ձեռք բերած և Կրթահամալիրի հետ իրենց համագործակցությունը շարունակելու պատրաստակամությամբ:
Պետք է նշեմ, որ Սյունիքի մարզի Կոռնիձորի միջնակարգ դպրոցի հետ Կրթահամալիրը կապեր է ստեղծել 2017 թվականին և արդեն երկրորդ անգամ է, ինչ փոխադարձ այցելություններ են իրականացնում երկու կողմերը:
Արցախի Վանք գյուղի, այնտեղի միջնակարգ դպրոցի և Շուշիի՝ Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի հետ կրթահամալիրի կապերը վաղուց են ստեղծվել, որոնք վերջին երկու-երեք տարում ընդհատվել էին, և մենք մեր այցելությամբ վերականգնեցինք համագործակցությունը:
Մեզ համար բոլորովին նոր բացահայտում էր Մարտունի վարչական շրջանի Հերհեր գյուղը՝ իր հրաշք բնությամբ, Ամարասի ամառանոց-եկեղեցիով, Տնջրի ծառով, հետաքրքիր կենցաղով և առօրյայով և, իհարկե, բարեկարգ դպրոցով: Դպրոցը մեզ ընդունեց սիրով և ջերմությամբ, ունեցանք մտերմիկ զրույց-քննարկում, միասնական քայլք գյուղում, որի արդյունքում Հերհերի դպրոցի հետ ևս հաստատեցինք կապեր, որոնք իրենք ևս շատ կարևորեցին և խոստացան պատասխան այցով հաստատել դա։
Կրթական պարտեզ
Մեր կրթահամալիրի ուսումնական գործընթացի կարևոր մաս են կազմում «Կրթական պարտեզ» նախագիծը և դրա շուրջ իրականացվող աշխատանքները: Նախագծային շաբաթվա ընթացքում մեր Միջին և Ավագ դպրոցների սովորողները Քոլեջի ուսանողների հետ իրականացրին խաղողատունկ՝ տնկելով Ուսումնական սարալանջի՝ խաղողի առաջին վազերը: Պետք է նշեմ, որ սեպտեմբերից մինչև հիմա Միջին և Ավագ դպրոցների սովորողների տարբեր խմբեր՝ իրենց կազմակերպիչների ղեկավարությամբ, ինչպես նաև Ավագ դպրոցի աշխատանքային ջոկատը իրականացրել են քարամաքրման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: Այս և նման աշխատանքները նպաստում են սովորողի աշխատասիրության և աշխատանքային դաստիարակության զարգացմանը, նրա մեջ ձևավորում են երկրագործական հմտություններ և, ամենակարևորը, ձևավորում են հարգանք աշխատանքի նկատմամբ:
Այլ
Նախագծային շաբաթվա ընթացքում տարբեր դասարաններում իրականացրել եմ նաև տարբեր թեմաների շուրջ դաս-քննարկումներ և ֆիլմի դիտում, քննարկում-վերլուծություններ.
Միջին դպրոց՝
- 7-րդ դասարան- Դաս-քննարկում, Թեման՝ Արշակ 2-րդ և Պապ թագավորներ— Սովորողի վերլուծությունը
- 8-րդ դասարան— Ֆիլմի դիտում-քննարկում-վերլուծություն— «Դավիթ Բեկ»- Սովորողի վերլուծությունը
Ավագ դպրոց՝
- 11-րդ դասարան- Հասարակագիտական դաս-քննարկումներ «Վարչապետի հրաժարականը և հետագա քայլերը», «Հոկտեմբերի 24-ը՝ ՄԱԿ-ի օր», «Ազգային ժողովի լուծարումը, արտահերթ խորհրդարանական ընտրություններ» թեմաներով։
Նման քննարկումների ընթացքում բացահայտվում են սովորողների զարգացած և ինքնուրույն միտքը, լեզվամտածողությունը, գաղափարական հասունությունը, տրամաբանելու, վերլուծելու, կարծիք հայտնելու հմտությունները, գրագետ խոսքը և մի շարք այլ կարողություններ և որակներ:
Ահա այսպիսին էր ինձ համար նախագծային շաբաթը Սեբաստացու օրերին։
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան