— Էն ի՞նչն է, որ սև է ու …
— Խարտոցը։
— Չէ՜, լսի. սև է, թևեր ունի ու …
— Խարտոցը։
— …. ծառից ծառ է թռչում։
— Խարտոցը չէ՞։
— Ագռավն է…
— Հա՜, ես էլ ասում էի՝ խարտոցը ոնց է ծառից ծառ թռչելու…
Տարիներ շարունակ դպրոցներում կրթական ծրագրերի կատարման գնահատման, ավարտական և պետական ավարտական քննությունների արդյունքների վերլուծության պատմությունները այս անեկդոտն են հիշեցնում։
Ամեն տարի հանկարծ պարզվում է, որ մեր դպրոցներում սովորողների մեծ մասը մայրենի լեզուն «չգիտի», քննությունների արդյունքները չեն համապատասխանում դրանք կազմակերպողների՝ ԿԳՆ-ի, առարկայական ծրագրերի հեղինակների, ԳԹԿ-ի, հասարակության ակնկալիքներին… Եվ ի՞նչն է պատճառը։ Իհարկե, դպրոցը, որ չի ապահովում որակ։ Ո՞վ է մեղավորը. իհարկե, ուսուցիչը, որ չի սովորեցնում։ Կամ էլ հերթական անգամ արձանագրում են, որ «հաստագլուխ» սերունդ է մեծանում, պատանիները սովորել չեն սիրում, չեն ուզում, չեն կարողանում։ Իսկական խարտոցի անեկդոտը։
Ցավոք, հայաստանյան բրենդը՝ մեր թավշյա հեղափոխությունը, այս հարցում որևէ բան չփոխեց։ Ոչ մի ռոմանտիկա… Հերթական ԿԳ նախարարը հերթական անգամ հիասթափված է. «…. երկու օր առաջ են իրեն տվել արտաքին գնահատման արդյունքները հայերենից և մաթեմատիկայից, որոնք ունեն ցավալի արդյունքներ: Ըստ նրա՝ իրենք նախատեսում էին, որ այս տարի կարող են հայերեն առարկայից անցկացնել մեկակական քննություն 9-րդ և 12-րդ դասարաններում, բայց փորձագետները պնդում են, որ լուրջ խնդիր է լինելու կտրված աշակերտների թվի առումով», «Արտաքին գնահատումը վեր հանեց այն վատ սպասելիքները, որ կարող ենք ունենալ: Այս արտաքին գնահատումը, որը ոչ շատ խիստ է անցկացվում, նույնիսկ այդ դեպքում 12-րդ դասարանում 30-40 տոկոս կտրվածներ ունենք»,- ասում է նախարարը (12-րդ դասարանում 30-40 տոկոս կտրվածներ ունենք. Հարությունյանը՝ արտաքին գնահատման արդյունքների մասին)։ Եվ սրանից բխող խնդիրն էլ կապվում է միայն զորակոչի հետ… Ափսո՜ս։
Այդ նույն արտաքին գնահատումն ու նրա իրավականությունը գնահատել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը, կրթահամալիրի խորհրդի նախագահ, 12-րդ դասարանցու ծնող Արամազդ Ղալամքարյանը, ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը, բաց նամակներով, բլոգային հրապարակումներով։ Ծանոթացեք, խնդրեմ։
- Համագործակցություն՝ կրթության ոլորտի բարելավման, գնահատման նոր գործիքների մշակման հարցերում
- Երբ անճարը կերել է…
- Ո՛չ առճակատում է, ո՛չ մասնավոր վեճ…
- Մեր Տոնի խորհրդանիշը հենց ուսումնական աշխատանքն է…
- Չարենցի «մոմենտի» փնտրտուքով իմ գիրը…
- Դուրս հանեք մեզ խոչընդոտների լաբիրինթոսից
Հանրակրթության պետական չափորոշչով ավագ դպրոցի շրջանավարտին ներկայացվող ընդհանրական պահանջներից մեջբերում. «Միջնակարգ (ավագ) դպրոցի, վարժարանի շրջանավարտը պետք է`1) լիարժեք տիրապետի գրական հայերենին՝ ա. խոսի և գրի գրագետ, սեփական մտքերն ու տեսակետներն արտահայտի հակիրճ և դիպուկ, զերծ զանազան ավելորդաբանություններից, բ. հասկանա, բացատրի, վերլուծի և ներկայացնի տարբեր բարդության, ծավալուն գրավոր տեքստեր, գ. գրագետ շարադրի սեփական մտքերն ու կարդացած անծանոթ տեքստերը, դ. ինքնուրույն պատրաստի զանազան նյութերի սեղմագրեր, գրի ռեֆերատներ, ե. կատարի ընթերցած գրականության, տարբեր ժանրերի ստեղծագործությունների վերլուծություններ, զ. զանազանի և գնահատի գեղարվեստական բարձրարժեք գրականությունը»։
Դեռ մի կողմ թողնենք, որ «լիարժեք տիրապետի»-ն չափազանց հավակնոտ է որպես պահանջ («լիարժեք»-ը պիտի որ ենթադրեր ամենաբարձր գնահատականը) կամ բավականին մշուշոտ։ Ո՞ւր է մայրենի լեզվից շրջանավարտին ներկայացվող ընդհանրական պահանջներում թեստերի բովանդակությանը, բաժիններին վերաբերող մասը։
Ավարտական քննություններն ընդհանրապես հակասում են ՀՀ օրենքով որոշված պահանջներին։ Կարող եք պնդել, որ քննություններով ապահովվում է յուրաքանչյուրի կրթության սահմանադրական իրավո՞ւնքը: «Ոչ շատ խիստ անցկացվող» ստուգումներից 30-40 տոկոսի անբավարարը չի՞ խոսում այն մասին, որ ծրագիրն այդ 30-40 տոկոսի համար անմատչելի է։ Իսկ նախարարն իմացե՞լ է, որ ստուգվող դպրոցներում սովորողներին թեստերը նախօրոք հայտնի են դարձել, փոխանցվել են ձեռքից ձեռք, հակառակ դեպքում պատկերն ավելի «մտահոգիչ» կլիներ։ Իրականում հանրակրթության պետական լիազորված մարմնին պիտի մտահոգի այն, որ թեև պետական կրթական ծրագիրը յուրաքանչյուրի համար է, բայց առարկայական ծրագիրը շահառուների զգալի մասին չի հասնում, որ պետական չափորոշիչների և առարկայական չափորոշիչների միջև հակասություններ կան։ Սա փաստ է, որի հետ հաշվի չեն ուզում նստել ու տարիներ շարունակ անտեսում են՝ ժամանակ առ ժամանակ վեր թռչելով, թե հայոց լեզվի քննությունից շատ մարդ է կտրվել, միջին գնահատականը ցածր է, որ օտար լեզուներից մեր բուհերի դիմորդներն ավելի լավ արդյունքներ են ցուցաբերում և այլն։ Եվ ինչու է պետական ավարտական քննությունը բուհի ընդունելության հետ կապվում։ Ինչո՞ւ չի կարող բուհը որոշել դիմորդին ներկայացվող պայմանները, հայտի բովանդակությունը, ինչպես դա անում է, օրինակ, ամերիկյան համալսարանը։
Արտաքին ստուգումներն ու քննություններն ստիպում են, որ սովորողներն ու ուսուցիչները «30-40 տոկոս» բացասական արդյունքից խուսափելու համար կեղծիքի գնան։ Էլ չխոսենք միջնորդությունների, քննությունները որպես հարաբերությունների ճշտման միջոց օգտագործելու, կոռուպցիայի մասին։ Մի խոսքով՝ ոչ միայն ստրեսի են ենթարկում սովորողներին, ուսուցիչներին, այլև փչացնում մարդուն, համակարգը։ Արտաքին գնահատման փորձությունն անցած դպրոցներից, ուսուցիչների, սովորողների, ծնողների որևէ արձագանքի չեմ հանդիպել ո՛չ ստուգումների և դրանց արդյունքների մասին, ո՛չ կրթահամալիրի՝ վերը նշված պարզաբանումների։
Նույնիսկ սովորական համարվող, ընթացիկ թե ամփոփիչ գնահատումով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով որոշված համընդհանուր ներառական կրթության (հոդված 4, կետ 2.1) փոխարեն հանգում ենք սովորող մարդկանց տեսակավորմանը, ոտնահարվում են հանրակրթության պետական քաղաքականության՝ օրենքով հռչակված նպատակներն ու սկզբունքները (հոդված 5, կետ 1, 2)՝ մարդկային արժանապատվության պահպանման, հանրակրթության մարդասիրական բնույթի, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնության, անհատի և նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքի մասին։ Էլ չխոսենք ստեղծագործ անհատից ու իր կրթական նպատակներից-սկզբունքներից։ Վկայակոչեմ Էյնշտեյնին. «Բոլորս էլ հանճար ենք: Բայց եթե ձկանը դատեք իր՝ ծառ ելնելու կարողությամբ, ապա նա ամբողջ կյանքը կապրի՝ իրեն համարելով հիմար»։
Եվ վերջում՝ «Հանրակրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր սովորողի մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական զարգացմանը» սկզբունքից («Հանրակրթության մասին» ՀՕ, հոդված 5, կետ 1.1) ի՞նչ է մնում, երբ գնահատումով անհաջողակի-անընդունակի-անպետքի բարդույթ «զարգացրած», դասով-ուսումնական համարվող աշխատանքով չհետաքրքրվող պատանիներին (սովորողների 30-40 տոկո՞սը) 12-ամյա պարտադիր հանրակրթությամբ վարժեցնում են օրերը աննպատակ-պարապ վատնելուն։ Սա՞ է «ապագա քաղաքացու ձևավորումը»…
Փակուղի՞ է թվում… Բայց հանրակրթության այս և նման խնդիրների լուծման համար է նաև ՀՀ օրենքը սահմանել պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագիրը։
Լուսանկարը՝ Անի Սարգսյանի