Նախագծային ուսուցումը շատ արդյունավետ, հարմար և զարգացնող ձև է: Նախագծերով աշխատելիս թե՛ սովորողները , թե՛ դասավանդողը ստիպված են սկզբում որոնողական և ստեղծագործական աշխատանքով զբաղվել: Դասավանդողը փնտրում, գտնում է տարբեր թեմաներ և նյութեր, կազմում նախագիծը, իսկ սովորողը արդեն սկսում է այդ նախագծի շրջանակներում հետազոտական և ստեղծական աշխատանք կատարել: Նախագծերը կիրառելի են բոլոր առարկաների համար և սա նախագծի առավելությւոններից մեկն է:
Նախագծային ուսուցումը մի տեսակ կապող օղակ է սովորողների միջև, քանի որ ենթադրում է խմբային աշխատանք, որի ընթացքում սովորողները սկում են լսել իրար, սովորել իրարից, ուղղել մեկը մյուսին և ընդհանուրի համար ջանալ:
Նախագծի կազմակերպման և իրականացման ընթացքում կարևոր է հաշվի առնել սովորողի տարիքային առանձնահատկությունները:Նախագիծը պիտի մատչելի և դյուրին լինի սովորողների համար, սովորողը պիտի կարողանա ինքնուրույն ստեղծագործել, կատարել հետազոտական աշխատանք, համակարգել ձեռք բերած գիտելիքները, զարգացնել ստեղծագործական կարողություններն ու հմտությունները: Դասավանդողը պիտի միայն ուղղորդի, խորհուրդ տա և աշխատանքները ճիշտ ուղու վրա դնի:
Նախագիծը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ, որը պետք է ներկայացնել տարբեր ֆիլմերի, ֆոտոշարքերի և ցուցադրությունների միջոցով։ Դրանք տեղադրվում են մեր կրթահամալիրի կայքում և տարբեր սոցցանցերում: Նախագիծը պետք է ունենա հստակ ձևակերպված խնդիրներ և նպատակներ, որոնց միջոցով կզարգանան սովորողի մի շարք հմտություններ և կարողություններ: Շատ կարևոր է նախագիծ իրակացնելիս գտնել նոր մոտեցումներ, մեթոդներ և կարողանալ դրանք արդյունավետ կիրառել:
Նախագիծը պիտի սկսել աշխատանքի բաժանումով: Սովորողներին բաժանել խմբերի և յուրաքանչյուր խմբին տալ առաջադրանք: Առաջադրանքների կատարման համար կազմել ժամանակացույց, որից հետո սովորողները կկատարեն որոնողական, հետազոտական աշխատանքներ: Որոշակի արդյունք ունենալուց հետո դրանք կհամակարգվեն դասավանդողի կողմից, կգնահատվեն, կխրախուսվեն: Այնուհետև աշխատանքները կներկայացվեն ավարտուն տեսքով՝ որպես հաշվետվություն:
Դասավանդողը պիտի հստակ իմանա իր առջև դրված բոլոր խնդիրների լուծումները:
ինչպե՞ս կարող է ավելի արդյունավետ և հետաքրքիր սկսել ու ավարտին հասցնել տվյալ ուսումնական նախագիծը, սովորողին հետաքրքիր, մատչելի և օգտակար դարձնել այն, հստակեցնել և ձևավորել սովորողի աշխարհաճանաչողությունը:
Ձևավորել և զարգացնել մեդիահմտությունները:
Վերը նշված դրույթներն ուշադիր կարդալով և ամեն կետին ուշադիր հետևելուց հետո կտեսնեք, որ ավելի ուսուցողական է նախագծերով աշխատելը քան սովորական հանձնարարություններով:
Ուսումնական նախագծի թեմաները ընտրվում են ըստ կրթահամալիրում գործող ուսումնական օրացույցի:
Որպես օրինակ ներկայացնեմ «Սեբաստացու օրեր» նախագիծը, որը կրում է հետազոտական, ճանաչողական բնույթ: Նախագծի կարևոր նպատակներից է սովորողի մոտ ձևավորել ինքնաճանաչողական գործունեության ձևավորում: Նախագիծը իրականացրել ենք Նոյեմբերի 1-ից — 16-ը: Ուսումնական նյութերը, ընթացքն ու մեթոդները նկարագրված են նախագծում:
Աշխատանքը սկսել ենք Թթուդրիկի ծեսով: Սկզբում փորձեցինք հասկանալ, թե ինչն են թթու դնում և կոնկրետ, որ բանջարեղենից որքան հարկավոր կլինի մեզ: Կազմեցինք գնացուցակ , որպեսզի հասկանանք, թե մեզ որքան գումար է անհրաժեշտ, և գնացինք շուկա գնումների: Հաջորդ օրը բանջարեղենը լվացինք, կտրտեցինք և թթուն պատրաստ է: Նախորդ տարվա համեմատությամբ այս տարի նրանք շատ հմուտ կտրտեցին բանջարեղենը, աղաջրով և ձվով փորձ կատարեցին: Նրանք այս տարի ավելի ինքնուրույն են, քան անցյալ տարի, այդ իսկ պատճառով ծնողների օգնության կարիքը չունեցանք:
Նույն օրը դասարանում ստեղծեցինք խնդրագիրք:
2-րդ փուլում արդեն սկսեցինք «Սեբաստացիներ» նախագիծը: Ծառատունկ արեցինք՝ տնկեցինք հինգ սերկևիլի ծառ մեր հողակտորում: Քանի- որ մենք առաջին դասարանից սկսած պարբերաբար մշակում և խնամում ենք մեր հողակտորը, մեծ հաճույքով կատարեցինք ծառատունկը:
Հաջորդիվ մտածեցինք հարցեր, որոնք պետք է առաջադրվեին «Մեր սիրելի Սեբաստացիներին»: Այստեղ ընտրությունը սովորողներինն էր, նրանք որոշեցին , որ հարցազրույց պիտի վարեն մեր՝ Հիմնական դպրոցում դասավանդողների հետ:
Կարծում եմ՝ փորձը հաջող էր , նրանք ձեռք բերեցին ևս մեկ՝ հարցազրույց վարելու հմտություն:
Նախագիծը ամփոփեցինք հարիսայի ծեսով: Շատ ուրախ և տոնական օր էր: Հարիսայի հետ հյուրասիրեցինք մեր համեղ թթուն և արժանացանք ծնողների գովեստի և շնորհակալական խոսքերին:
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան